14
05, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլին:

Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Միացյալ Թագավորության օժանդակությունը մեր երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացին: Նախագահ Սարգսյանն ասել է, որ օրերս Պրահայում հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման հեռանկարը քննարկել է Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Դեյվիդ Միլիբենդի հետ:

Սերժ Սարգսյանը միանգամայն դրական եւ օգտակար է համարել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդատվություններ անցկացնելու վերաբերյալ բրիտանական կողմի առաջարկությունը, ինչը, նրա խոսքով` հնարավորություն կտա ծանոթանալ տարբեր հարցերի շուրջ միմյանց մոտեցումներին ու դիրքորոշումներին:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Հյուրի խնդրանքով Նախագահ Սարգսյանը ներկայացրել է Թուրքիայի տարբեր պաշտոնյաների կողմից հնչող հայտարարությունների վերաբերյալ իր կարծիքը: Նախագահն ասել է, որ ինչպես բազմիցս նշվել է հայ-թուրքական շփումների ընթացքում, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը միջամտելու Թուրքիայի ցանկացած փորձ կարող է միայն վնասել այդ գործընթացին: Ըստ երկրի ղեկավարի, եթե Թուրքիան ցանկանում է օգնել հակամարտության խաղաղ կարգավորմանը, ապա դրա ամենաճիշտ ձեւը կլինի այդ գործընթացին ընդհանրապես չխառնվելը:

Նախագահ Սարգսյանը եւ Բրայան Ֆոլը մտքեր են փոխանակել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Հարավային Կովկասում Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչն ասել է, որ Մեծ Բրիտանիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին եւ կարեւորում է հիմնախնդրի կարգավորումը միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի հիման վրա:

← Վերադառնալ