21
01, 2020

Այս աշխարհը չի լինելու գործարանների երկիր, այն երիտասարդների աշխարհ է լինելու․ նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսի համաժողովում որպես բանախոս մասնակցել է «Հավասարակշռելով ներքին և գլոբալ անհավասարությունը» թեմայով քննարկմանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում որպես բանախոս մասնակցել է «Հավասարակշռելով ներքին և գլոբալ անհավասարությունը» թեմայով քննարկմանը:

Հայաստանի նախագահի հետ որպես բանախոս հանդես է եկել տնտեսագիտության նոբելյան մրցանակի դափնեկիր, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ժոզեֆ Ստիգլիցը: Նա եղել է ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի տնտեսական խորհրդատուների խորհրդի նախագահը, Համաշխարհային բանկի ավագ փոխնախագահը և գլխավոր տնտեսագետը, մի շարք հետազոտությունների հեղինակ է։ Նրա վերջին գիրքը կոչվում է՝ «Անհավասարության գինը. ինչպես է այսօրվա բաժանված հասարակությունը վտանգում մեր ապագան»:

Հաշվի առնելով, որ համաժողովի՝ 2020-ի համաշխարհային ռիսկերի զեկույցում անհավասարությունը նշվում է որպես ռիսկի գլխավոր գործոն, քննարկվել է, թե ինչպես որոշում կայացնողները կարող են բարելավել հավասարակշռությունը ներքին քաղաքական առաջնահերթությունների ու գլոբալ տնտեսական իրավիճակի միջև։

Մինչ քննարկման մեկնարկը նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել պրոֆեսոր Ստիգլիցին իր կյանքում ունեցած դերակատարման համար, պարզաբանելով, որ 1996 թվականին որպես Հայաստանի վարչապետ պաշտոնավարելիս աղքատության հաղթահարման հարցում անհամաձայնություն է ունեցել Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ։ «Աղքատության հաղթահարման ձևն ինձ համար՝ որպես վարչապետ, զարգացումն էր,- պատմել է նախագահ Սարգսյանը։- Համաշխարհային բանկի նախագահի հետ մենք եկանք ընդհանուր հայտարարի՝ Հայաստանը դարձնել ոչ թե աղքատության դեմ պայքարող երկիր, այլ զարգացնել այն։ Այդ «մարտում» ինձ քաջալերում էին գլոբալիզացիայի վերաբերյալ պրոֆեսոր Ստիգլիցի հոդվածները»։

Անդրադառնալով համաշխարհային ռիսկերին՝ նախագահ Սարգսյանը խոսել է դրանց քվանտային վարքագծի և քվանտային քաղաքականության հիմքերի մասին։ «Ես այդ տեսությունը ներկայացրել եմ 600 էջանոց գրքում, որը շուտով լույս կտեսնի,-ասել է Արմեն Սարգսյանը ։- Հասկանալու համար, թե որքան հեռու կգնա քո երկիրը, պետք է դիտարկել աշխարհի ներկայիս վիճակը։ Ես սրա մասին մտածում էի նախագահ դառնալուց առաջ։ Որպես քաղաքացի՝ ինձ զարմացնում էր համանմանությունը։ Դա պատկերացնելու համար պետք է 100 տարի հետ գնալ, երբ մենք գործ ունեինք բնական գիտությունների և ֆիզիկայի աշխարհի հետ, երբ գիտնականները կարողանում էին վերլուծել դասական երևույթները մինչև այն պահը, երբ նրանք բախվեցին գործընթացների, որոնք հնարավոր չէր բացատրել։ Դա մեծ իրարանցում առաջացրեց։ Այդ ժամանակ անհրաժեշտ էր փոխել երևույթների ընկալման տրամաբանությունը։ Ալբերտ Այնշտայնի, Վերներ Հայզենբերգի, Ռիչարդ Ֆեյնմանի նման տաղանդները փոխեցին ֆիզիկայի ընկալման փիլիսոփայությունը, այլ ոչ թե ստեղծեցին նոր բան։ Մեր շուրջը կատարվող մեծագույն հայտնագործություններում յուրաքանչյուրն իր մասնիկն ունի։ Ներկայիս սերունդն ապրում է երկու աշխարհներում՝ նյութական և վիրտուալ։ Մենք տարրական մասնիկներ ենք։

Հաջորդ կարևոր կետն այն է, որ բնակչության թիվն աճում է։ Երբ ես ուսումնասիրում եմ բնությունը, հասկանում եմ, որ այն դասական չէ, այլ՝ քվանտային։ Քվանտային օրենքներն են կարգավորում մարմինները։ Ես սկսեցի գիտակցել, որ մենք գնալով ավելի ու ավելի շատ ենք դառնում քվանտային, որ սա նախկին հասարակությունից միանգամայն տարբեր հասարակություն է։

Փոխվում է նաև ժողովրդավարությունը, քանի որ նորմալ ժողովրդավարական երկրներում դու քվեարկում ես քո խորհրդարանի, նախագահի օգտին հաջորդ հինգ տարիների համար, այնուհետև սպասում ես արդյունքներին, հարցերին և այլն։ Այժմ դու ամեն օր քվեարկում ես քո ֆեյսբուքյան էջում։ Մենք այսօր ապրում ենք միանգամայն տարբեր աշխարհում, որը քվանտային է և գնալով դառնում է ավելի բարդ, քանի որ չկան կարգավորումներ ոչ միայն այն իմաստով, որ մենք չենք հասկանում, թե ինչ է կատարվում, այլ՝ չկան կարգավորումներ նաև սոցիալական հարթակում։

Ուստի, բարի գալուստ նոր աշխարհ, որը, ինչպես բնությունը, դասական չէ, այլ՝ քվանտային։ Եվ ես անձնապես ոգևորված եմ դրանից, քանի որ մենք ունենք գիտնականներ, ովքեր պետք է հասկանան՝ ինչպես է այդ քվանտային քաղաքականությունն աշխատում։ Եվ դա հիանալի խնդիր է, ուստի դրա բացահայտումը կլինի ձեռքբերում։

Աշխարհում շատ զարգացող երկրներ պարտքեր ունեն, որոնք պետք է վճարեն։ Ինչքան մեծ է պարտքը, այնքան շատ խնդիրներ են առաջանում: Ինչպե՞ս լուծել այս խնդիրը: Դու կարող ես վերաֆինանսավորել այն, կարող ես բանակցել, կարող ես խթանել քո տնտեսությունը, տնտեսական աճ ունենալ, բայց, միևնույն է, սահմանափակված ես որոշ պարտավորություններով: Բայց եկեք այս հարցը այլ տեսանկյունից դիտարկենք:

Ամենամեծ խնդիրներից մեկը, որն այսօր բոլորը քննարկում են, կապված է շրջակա միջավայրի հետ: Մեզանից յուրաքանչյուրը փոխկապակցված է ոչ միայն այն պարտքով, որը մենք ժառանգել ենք ԱՄՀ-ից կամ Համաշխարհային բանկից, այլ՝ նաև երկկողմ պարտքերով: Եկեք պատկերացնենք, որ կա մի մեծ երկիր, որը կարևորում է կլիմայական փոփոխությունները և համաձայն է ամեն տարի մեկ միլիարդ ԱՄՆ դոլար ներդնել կլիմայական փոփոխությունների բարելավման գործում. ծառեր է տնկում, արտադրությունն ավելի մաքուր է դարձնում և այլն: Եկեք նաև պատկերացնենք, որ կա ավելի փորք երկիր, որն ունի 5 հարյուր միլիոն ԱՄՆ դոլարի պարտք այս երկրին և պետք է ծառայություններ մատուցի նրան:

Պատկերացրեք նաև, որ կան երկու խելացի առաջնորդներ, որոնք համաձայնել են իրենց ջանքերը համատեղել և միջազգային հանրությանը համոզել են, որ ավելի փոքր երկրները այս պարտքի մի մասը կծախսեն իրենց երկիրն ավելի կանաչ դարձնելու վրա, հազարավոր, միլիոնավոր ծառեր կտնկեն և այդ վարկը կփոխանցեն ավելի մեծ երկրին, վերջինս էլ կկարողանա հաստատել, որ նրանք հարյուր միլիոնավոր դոլարներ են ներդրել «կանաչ պարտատոմսերում»: Գաղափարն այն է, թե ինչպես կկարողանանք Երկիր մոլորակն ավելի կանաչ և ավելի քիչ CO2-ով լցված դարձնել, թե ինչպես ազատվենք պարտքերից` ի նպաստ կլիմայի: Արդյունքում՝ ավելի փոքր երկիրն աշխարհի համար շատ օգտակար քայլ անելով ևս մեկ հնարավորություն կունենա վերցնել հինգ հարյուր միլիոն դոլար:

Մենք ապրում ենք անորոշ, անկանխատեսելի աշխարհում: Ես միշտ մտածել եմ, որ անորոշությունը հնարավորություն է ստեղծում: Հնարավորություններ են բացվում փոքր երկրների համար, քանի որ տեխնոլոգիական առումով մենք բոլորս սկսում ենք նույն մակարդակից: Հայաստանը փոքր երկիր է, որտեղ կան շատ գիտնականներ, ֆիզիկոսներ, մաթեմատիկոսներ, հիանալի կրթական համակարգեր ծրագրավորման ոլորտում։ Ամեն ինչ փոխվելու է, քանի որ ապագայում մեքենաշինության համար այլևս գործարաններ անհրաժեշտ չեն լինի: 5, 10, 15 տարի հետո, երբ դուք գնաք առևտրի կենտրոն, մինչև ձեր երեխայի համար սնունդ կգնեք, ձեր մեքենան պատրաստ կլինի: Ձեր մեքենան կունենա երեք հազար բաղադրիչ, այն կլինի էլեկտրական, որը ձեզ համար կպատրաստեն երկու ռոբոտ: Սա է իրականությունը:

Արդյունաբերական ձեռնարկություններում իրականացվող արտադրական գործընթացները կտրուկ կփոխվեն: Մենք այսօր աշխատում ենք գտնել մեծ շուկաներ, որտեղ աշխատուժն ավելի էժան է, իսկ ապագայում մեծ ընկերությունների առավելությունը կլինի այն, որ նրանք նոու հաու կունենան: Սա շատ կարևոր է, քանի որ աշխարհի ապագան մեծապես կախված է ստարտափերից։

Սակայն, ինչպե՞ս ես պատրաստվում նորարարություն անել, երբ արդյունաբերական ամբողջ տրամաբանությունը ասում է, որ դու պետք է գնաս համալսարան, դառնաս ինժեներ, հետո ավագ ինժեներ, վերջում՝ փոխնախագահ: Սա ստեղծում է մեկ այլ խնդիր, քանի որ Հայաստանը դեպի ծով ելք չունի, բայց ես մտածում եմ Հայաստանում նավահանգիստ ստեղծել, Հայաստանը դարձնել միջազգային խոշոր «նավահանգիստ» համաշխարհային տեղեկատվության օվկիանոսում: Այստեղ մենք հանդիպում ենք այլ խնդիրների՝ տվյալների հետ կապված ռիսկեր, կարգավորումներ և այլն: Բայց եթե մենք գնում ենք ստարտափ ունենալու ուղղությամբ, ապա գաղափարն է դառնում ամենահզոր գործիքը: Իսկ ո՞րն է գաղափարը: Կարո՞ղ եք այն վաճառել, այն արժեք ունենալու՞ է, ապագայում կլինե՞ն արդյոք գաղափարների շուկաներ, կկարողանա՞նք դրանք կարգավորել:

Մենք մուտք ենք գործում նոր աշխարհ, և ես չեմ վախենում այդ փաստից: Կարծում եմ՝ այն արագությունը, որ մենք ունենալու ենք, կհանգեցնի նրան, որ չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը կլինի վերջինը, քանի որ այն շատ արագ տեղի կունենա: Չորրորդը, հինգերորդը, վեցերորդը կլինի մեր էվոլյուցիան, հեղափոխությունը, քանի որ մենք ապրելու ենք այս նոր աշխարհում և պետք է սկսենք ստանդարտներից դուրս մտածել:

Պետք է զուգահեռաբար զարգացնել բոլոր ոլորտները, պետք է զարգացնել զբոսաշրջությունը, մշակույթը, պետք է արտադրել և վաճառել ամեն ինչ։ Բայց այս ամենի հիմքում պետք է լինեն նոր տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը: Այս ամենի լավ օրինակներ կան Աֆրիկայում ևս․ նայեք Ռուանդային, որտեղ էլեկտրոնային կառավարման համակարգը մեծ փոխություններ է բերել:

Ես շատ լավատես եմ: Այս աշխարհն ամբողջովին տարբեր է լինելու, այն չի լինելու գործարանների երկիր, այլ՝ երիտասարդների աշխարհ է լինելու»:

← Վերադառնալ