05
03, 2020

Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 61 տարեկան. նախագահ Սարգսյանը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել նրա հիշատակին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ է դրել Վազգեն Սարգսյանի շիրիմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:

Լրագրողների հետ զրույցում նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես ասել է, որ Եռաբլուր է եկել իր ընկերոջ ծննդյան օրվա առիթով: Նա հիշել է մի փոքրիկ դրվագ, թե ինչպես են շատ տարիներ առաջ նշել Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը. «Սրանից մոտավորապես 17, թե 18 տարի առաջ էր, Վազգենի և իմ փոքր տղայի ծննդյան օրը միասին ենք տոնել: Վազգենի նման, վազգենավարի քեֆ արեցինք»:

Նախագահ Սարգսյանը պանթեոնում ծաղիկներ է դրել նաև զորավար Անդրանիկի գերեզմանին և հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշապատին:

← Վերադառնալ