24
02, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանը գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ հանդիպմանը հրատապ է համարել հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց վերադարձի և անհետ կորած անձանց հայտնաբերման հարցերի լուծումը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում ՌԴ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը և Արցախի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Ավագյանը:

Գեներալ Մուրադովը Հայաստանի նախագահին տեղեկացրել է խաղաղապահների առջև դրված խնդիրների իրականացման ընթացքի մասին՝ ընդգծելով այն ջերմ վերաբերմունքը, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ցուցաբերում է ռուսաստանցի զինծառայողների նկատմամբ:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Արցախում ռուս խաղաղապահների գործունեությունն ու հաջողություններ մաղթել իրենց ծառայության մեջ:

Զրուցակիցները քննարկել են ադրբեջանական կողմում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձին, անհետ կորած անձանց հայտնաբերման և հայկական կողմին հանձնմանն առնչվող հարցեր: Արմեն Սարգսյանն անընդունելի է համարել ադրբեջանական կողմից որոնողական աշխատանքների որևէ խոչընդոտում և հրատապ համարել այս չափազանց զգայուն և կենսական հարցերի լուծումը:

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացներին: Նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է Հայաստանի սահմանների պաշտպանությունն ու հատկապես սահմանամերձ համայնքների անվտանգությունն ապահովելու կարևորությունը:

← Վերադառնալ