11
12, 2015

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը ՀՅԴ հիմնադրման 125-ամյակի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամներին և ՀՅԴ 125-ամյակի տոնակատարության մասնակիցներին, որում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայ Յեղափոխական Դաշնակցության հիմնադրման 125-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հիմնադրումից ի վեր՝ կուսակցությունը հանդիսացել է հայոց քաղաքական կյանքի առաջատար ուժերից մեկը՝ մշտապես հանդես գալով հայ ժողովրդի ազատագրական պայքարի առաջնագծում և իր ուժերի ներածին չափով ձգտելով նպաստել մեր արդար դատին:

Անուրանալի է կուսակցության դերակատարությունն անկախ հայոց պետականության վերականգնման գործում: Արամ Մանուկյանի և նրա զինակիցների անունը նվիրական է ողջ հայ ժողովրդի համար: Նրանց սխրանքը ոսկե տառերով է գրվել հայոց պատմության էջերում:

1921 թվականին Հայ Յեղափոխական Դաշնակցության երթն ընդհատվեց մայր Հայաստանում: Սակայն դա ամենևին չթուլացրեց այս կազմակերպության շրջանակներում համախմբված ազատատենչ հայորդիների նվիրումը հայրենիքին: Ընդհակառակը, ՀՅԴ-ն ամրապնդվեց սփյուռքում, համառորեն լծվեց հայապահպանության գործին և սերնդեսերունդ փոխանցեց Հայաստանի անկախ պետականության տեսլականը:

Ուրախալի է, որ այսօր ևս Հայ Յեղափոխական Դաշնակցությունը շարունակում է լրջագույն ջանքեր գործադրել սփյուռքում հայապահպանության ուղղությամբ՝ հակազդելով մեր քույրերի և եղբայրների ուծացմանը:

Հայաստանի երրորդ Հանրապետության առաջին իսկ ընձեռած հնարավորությամբ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը վերահաստատվեց հայրենիքում: Չնայած որոշ դժվարություններին և վայրիվերումներին՝ այս ավանդական կուսակցությունը զբաղեցրեց իր արժանի և կայուն տեղը Հայաստանի քաղաքական կյանքում: Դրա վկայությունն է ՀՅԴ շարունակական ներկայությունը Հայաստանի երրորդ Հանրապետության բոլոր գումարումների խորհրդարանում: Այս առումով այն մեր երկրի եզակի քաղաքական ուժերից մեկն է:

Կուսակցության ընդդիմադիր կարգավիճակը բնավ չխոչընդոտեց Հայաստանի իշխող քաղաքական ուժի` Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցության համագործակցությանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխման ընթացքում: Ավելին, բանավիճելով, փոխզիջումներով համաձայնության գալով, մենք բոլորին ի ցույց դրեցինք քաղաքական ուժերի համագործակցության մի օրինակ, որը միտված էր համազգային նշանակության հարցերի լուծմանը:

Կրկին շնորհավորում եմ Հայ Յեղափոխական Դաշնակցության մեր գործընկերներին այս նշանակալի հոբելյանի առթիվ: Հայաստանը հզոր է և ամուր նաև ձեր գործունեության շնորհիվ: Մաղթում եմ ձեզ նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ՝ հանուն մեր ազգային իղձերի իրականացման: Համոզված եմ, որ ձեր ներուժն ու կարողությունները մշտապես պահանջված են լինելու` գտնելով իրենց արժանի կիրառումը»:
 

← Վերադառնալ