05
03, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Չանչուրյանների ընտանիքին

Հայաստանի ժողովրդական արտիստ, Հայաստանի պարի պետական անսամբլի երկարամյա գեղարվեստական ղեկավար Սուրեն Չանչուրյանի մահվան կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Չանչուրյանների ընտանիքին:

Ուղերձում ասված է.

"Ցավով ստացա Հայաստանի ժողովրդական արտիստ, Հայաստանի պարի պետական անսամբլի երկարամյա գեղարվեստական ղեկավար Սուրեն Չանչուրյանի մահվան լուրը:

Սուրեն Չանչուրյանը մեր մշակույթի երախտավորներից է, որ նշանակալի ներդրում ունի հայ պարարվեստի զարգացման գործում: Նրա արվեստը բարձր է գնահատվել թե մասնագետների, թե հանդիսականների շրջանում, եւ նա արժանիորեն վայելել է մեծ ժողովրդականություն:

Սուրեն Չանչուրյանն իր գործընկերների հետ տասնամյակներ շարունակ աշխարհի ամենատարբեր բեմերում հիացմունքի ու երախտագիտության ծափերի է արժանացել: Ծափեր, որոնք ուղղված են եղել հայ արվեստին ու ժողովրդին:

Խորին ցավակցություն եմ հայտնում Սուրեն Չանչուրյանի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին, ինչպես նաեւ նրա բարձր արվեստի երկրպագուներին":

← Վերադառնալ