23
07, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գալյա Նովենցի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազանչյանների ընտանիքին՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գալյա Նովենցի մահվան կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խոր ցավով տեղեկացա մեր ժամանակների մեծ դերասանուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գալյա Նովենցի մահվան մասին: Ցավալիորեն, սա այն բացառիկ դեպքերից է, երբ կարելի է ասել՝ հայ կինոարվեստն անդառնալի կորուստ կրեց: Գալյա Նովենցի ստեղծած տպավորիչ և հուզական կերպարները, նրա խաղացած մեծ ու փոքր դերերը նշանակալի ներդրում են կինոյի պատմության մեջ:

Այս հիրավի ծանր պահին միակ մխիթարությունը արվեստի մնայուն լինելու փաստն է, որը հնարավորություն կտա մեզ և ապագա սերունդներին մշտապես առնչվել այն մեծ ու անկրկնելի երևույթին, որը կրում է Գալյա Նովենց անունը»:

← Վերադառնալ