04
07, 2016

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադիին

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Հեյդար ալ Աբադիին՝ Բաղդադի Ալ Քարադե թաղամասում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են հարյուրավոր անմեղ քաղաքացիներ։

«Հայաստանը խստորեն դատապարտում է այդ ահաբեկչությունը, որի նպատակը ինչպես Իրաքում, այնպես էլ տարածաշրջանում անկայունության նոր ալիք հրահրելն է: Մարտի դաշտում իրաքյան բանակի տարած հաղթանակներից խուճապահար ահաբեկիչները նենգորեն իրենց թիրախն են դարձնում քաղաքացիական անձանց: Ռամադան սուրբ ամսվա ընթացքում խաղաղ բնակչության նկատմամբ այս սոսկալի հանցագործությունները որևէ արդարացում չունեն: Մեր զորակցությունն ենք հայտնում բարեկամ Իրաքին՝ երկրի տարածքում ահաբեկչությունը վերջնականապես արմատախիլ անելուն ուղղված վճռական ջանքերում։
Վշտի և կորստյան այս ծանր պահին խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Իրաքի բարեկամ ժողովրդին, զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

← Վերադառնալ