04
08, 2019

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Վահագն Տատրյանի մահվան կապակցությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ճանաչված գիտնական, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Զորյան հաստատության՝ Ցեղասպանության ուսումնասիրման գծով տնօրեն Վահագն Տատրյանի մահվան կապակցությամբ, որում ասված է.

«Խոր վշտով տեղեկացա ճանաչված գիտնական, հայոց ցեղասպանության նշանավոր հետազոտող, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Զորյան հաստատության՝ Ցեղասպանության ուսումնասիրման գծով տնօրեն Վահագն Տատրյանի մահվան մասին:

Վահագն Տատրյանը ծնվել է հայոց ցեղասպանությունից տասը տարի անց, Ստամբուլում: Եվ, թերևս, պատահական չէր, որ նա իր կյանքի մեծ մասը նվիրեց ցեղասպանությունների և հատկապես հայոց ցեղասպանության ուսումնասիրությանը՝ իր հեղինակած արժեքավոր մենագրություններով ու աշխատություններով մեծ ներդրում ունենալով հայոց ցեղասպանության միջազգայնացման և ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարի գործում: Վահագն Տատրյանը գիտնական էր այդ բառի ամենալայն իմաստով. նա Բեռլինի համալսարանում ուսումնասիրել էր մաթեմատիկա, Վիեննայի համալսարանում՝ պատմություն, այնուհետև`միջազգային հարաբերություններ Ցյուրիխի համալսարանում, իսկ արդեն Չիկագոյի համալսարանում՝ սոցիոլոգիա: Մայրենի հայերենից բացի հրաշալի տիրապետելով ժամանակակից թուրքերենին և օսմաներենին, ինչպես նաև գերմաներենին, անգլերենին և ֆրանսերենին՝ Տատրյանը տարբեր երկրների արխիվների ուսումնասիրմամբ գիտական շրջանառության մեջ դրեց նոր փաստաթղթեր հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Ի թիվս այլ պարգևների՝ 2009թ. Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում ունեցած ծանրակշիռ վաստակի համար նա արժանացել է Հանրապետության նախագահի մրցանակի:

Դոկտոր Տատրյանին ճանաչել եմ ոչ միայն որպես փայլուն գիտնականի, այլև միջազգային հարաբերությունների ոլորտի հրաշալի մասնագետի և մարդու, ում հետ շփվելը պատվաբեր էր և ուսանելի: Այդ հիշողությունները և նրա հիշատակը միշտ վառ կմնան նրան ճանաչողների և նրա վաստակը գնահատողների մեջ:

Անկեղծ ցավակցություններս եմ հղում Տատրյանների ընտանիքին, նրանց հարազատներին ու մերձավորներին և կիսում նրանց վիշտը»:

 

← Վերադառնալ