23
08, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Անկախության հռչակագրի 19-րդ տարեդարձի առթիվ

Սիրելի հայրենակիցներ,

19 տարի առաջ` այս օրը Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը, որը պատմական եւ ուղենշային փաստաթուղթ էր մեր երկրի ապագայի համար: Այն բազում տառապանքների միջով անցած, խաչով, գրչով ու քրտինքով, հարկ եղած դեպքում նաեւ սուրը ձեռքին պատմական իր ուղին հարթած ժողովրդի կամարտահայտումն էր, սեփական հողի վրա սեփական երկիրը կառուցելու նրա վճռականության դրսեւորումը:

Անկախության հռչակագիրը համայն հայության կողմից ընդունվեց մեծ ոգևորությամբ, քանզի կոչված էր իրողություն դարձնելու հայոց դարավոր երազանքը` անկախ պետականության վերականգնումը:

Հայաստանի ժողովրդի քաղաքական ազատության մասին ի լուր աշխարհի բարձրաձայնող այս փաստաթղթով մենք հռչակեցինք վերելքի մեր ճանապարհը, որով մեր հանրապետությունն ու ժողովուրդն ընթացել են անցած տարիների ընթացքում` նրանում ամրագրված սկզբունքներին հավատարիմ:

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Անկախության հռչակագրի տարեդարձի կապակցությամբ եւ մաղթում բարօրություն:

← Վերադառնալ