12
12, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել "Արմենիա" առագաստանավի անձնակազմին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել "Մեսրոպ Մաշտոց" արշավախմբի ղեկավար Զորի Բալայանին, "Արմենիա" առագաստանավի նավապետ Սամվել Կարապետյանին, "Արմենիա" առագաստանավի անձնակազմին:

Ուղերձում ասված է.

"Սիրելի բարեկամներ,

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ "Արմենիա" առագաստանավով շուրջերկրյա ուղեւորության առաջին փուլի հաջող ավարտի կապակցությամբ:

Արդեն յոթ ամիս է, ինչ դուք նավարկում եք ծովերով եւ օվկիանոսներով: Այդ ընթացքում, մեր ժողովրդի պատմության մեջ առաջին անգամ, հայկական առագաստանավը հատեց Ատլանտյան օվկիանոսը: Անցնելով Պանամայի նեղուցը` դուրս եկաք Խաղաղ օվկիանոս` այցելելու Լոս Անջելեսի մեր հայրենակիցներին: Դուք այցելեցիք Բրազիլիայի, Ուրուգվայի եւ Արգենտինայի հայկական համայնքներ, որտեղ եւ ավարտեցիք ձեր նավարկության առաջին փուլը` հետեւում թողնելով հասարակածին հավասար հեռավորություն:

Խորհրդանշական է, որ նավարկությունն իրականացվում է հայերիս համար նվիրական "Մեսրոպ Մաշտոց" անվան ներքո` մեր ժողովրդի հոգեւոր ու մշակութային ժառանգության շուրջ աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին համախմբելու ազնիվ առաքելությամբ:

Մաղթում եմ ձեզ այս աննախադեպ նավարկության բարեհաջող շարունակություն եւ բարի վերադարձ":

← Վերադառնալ