23
09, 2010

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանին` ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր, ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Ալեքսանդր Հարությունյանին` ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ:

Հանրապետության ղեկավարի ուղերձում, մասնավորապես, ասված է.

“Ուրախ եմ ողջունել Ձեզ` հռչակավոր կոմպոզիտորին ու մեծանուն հային, ում ստեղծագործական պատկառելի վաստակը նոր հորիզոններ է բացել մեր մշակույթի զարգացման ու միջազգային ճանաչման համար:

Ձեր հարուստ կենսագրությունը վաղուց արդեն իր հաստատուն տեղն է գտել հայ երաժշտարվեստի տարեգրության մեջ, դարձել նրա վառ էջերից մեկը: Վստահ եմ` ստեղծագործական ուղին, որը Ձեզ համաժողովրդական գնահատանք բերեց, ապրելու ու գործելու ուղեցույց է դառնալու արվեստի իսկական նվիրյալների համար: Ձեր ավելի քան 70-ամյա ստեղծագործական գործունեությամբ Դուք բազմիցս ապացուցել եք, որ Ձեզ համար կյանքի բարձրագույն չափանիշը արվեստն է, իսկ արվեստի չափանիշը` կատարելությունը:

Եվ այսօր մենք հպարտությամբ ենք համակվում` շնորհակալական խոսքեր ասելով բազմավաստակ արվեստագետին, հայ մշակույթի մեծ գործչին, ում կերպարն ինքնին լավագույն օրինակ է իր գործը շարունակողների համար:

Հարգելի՛ պարոն Հարությունյան,

Վերստին շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի առթիվ: Մաղթում եմ ամուր առողջություն և սեփական կյանքով վաստակած հռչակն անխռով վայելելու բերկրանք”:

← Վերադառնալ