03
10, 2010

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Ջիգարխանյանին` ծննդյան 75-ամյակի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Արմեն Ջիգարխանյանին` ծննդյան 75-ամյակի առթիվ:

Ուղերձում ասված է.

“Հարգելի պարոն Ջիգարխանյան,

Սիրելի վարպետ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-ամյակի կապակցությամբ, մաղթում առողջություն և երկար տարիների կյանք:

Բեմեր ու դահլիճներ նվաճելու Ձեր բացառիկ տաղանդով, անձնական անսահման հմայքով, անսպառ աշխատունակությամբ ու աշխատասիրությամբ ավելի քան հինգ տասնամյակ Դուք բարության ու իմաստնության սերմեր եք ցանում թատրոնի և կինոարվեստի անդաստանում, վայելում համաժողովրդական սեր ու համակրանք: Ամուր կապված լինելով ազգային արմատներին` Դուք ծառայում եք համամարդկային արժեքներին և ժամանակակից կինոյի ամենաակնառու դեմքերից մեկն եք:

Ձեր արգասաբեր ստեղծագործական կյանքն արվեստի նվիրյալի վառ օրինակ է և ուղենիշ երիտասարդ արվեստագետների համար: Մենք հպարտ ենք և ավելի ուժեղ Ձեզանով:

Կրկին շնորհավորում եմ և մաղթում արևշատություն և նորանոր ստեղծագործական հաջողությունների բերկրանք”:



***


Հանրապետության ղեկավարի հրամանագրով ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Արմեն Ջիգարխանյանը պարգեւատրվել է Պատվո շքանշանով:

← Վերադառնալ