07
10, 2012

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգարժա՛ն Վլադիմիր Վլադիմիրի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ 60-ամյակի առթիվ:

Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և նոր հաջողություններ Ձեր պետական ծառայության մեջ՝ ի նպաստ Ռուսաստանի Դաշնության բարգավաճման, համաշխարհային ասպարեզում նրա հեղինակության և դերի առավել բարձրացման:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ Ձեզ՝ Հայաստանի հավատարիմ բարեկամին, ամենախորին երախտագիտություն հայտնել դաշնակցային փոխգործակցության հունով այսօր վստահորեն զարգացող հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում Ձեր անձնական ներդրման համար: Կարևոր է, որ այդ փոխգործակցությունը կրում է ռազմավարական բնույթ, իսկ մեր երկրների գործընկերությունը մշտապես հարստանում է առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային-հումանիտար ոլորտներում համատեղ նախագծերով: Վստահ եմ, որ փոխադարձ աջակցության և փոխօգնության բարի ավանդույթների վրա հիմնված միջպետական հարաբերությունների զարգացումը բխում է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների շահերից, նպաստում Հարավային Կովկասում կայունության և անվտանգության պահպանմանը:

Բարձր եմ գնահատում մեր միջև ձևավորված անձնական հարաբերությունները և համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Ռուսաստանի բազմաբնույթ հարաբերություններն այսուհետ ևս վերընթաց կզարգանան՝ ի նպաստ մեր երկրների ժողովուրդների:

Սրտանց ցանկանում եմ Ձե՛զ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, բարօրություն և հաջողություններ Ձեր գործունեության մեջ»:
 

← Վերադառնալ