01
05, 2013

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովրդական արտիստ Վալերի Գերգիևին՝ ծննդյան 60-ամյակի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովրդական արտիստ, Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիևին՝ ծննդյան 60-ամյակի առթիվ:

«Ձեր արվեստը, որը լի է ջերմությամբ, անկեղծությամբ և մարդկայնությամբ, ստեղծում է բարության յուրահատուկ կոլորիտ և նպաստավոր մթնոլորտ, որին առնչվելով, իրոք, զգում ես արվեստի հրաշագործ ուժը:

Երաժշտարվեստի բազմաթիվ ներկայացուցիչներ և երկրպագուներ ամբողջ աշխարհում Ձեզ գիտեն և սիրում են որպես մշակույթի ականավոր գործչի, միջազգային կարևորագույն նախաձեռնությունների ներշնչողի: Ձեր փայլուն ելույթները մշտապես պահանջված են ոչ միայն խստապահանջ քննադատների, այլև հանդիսատեսի ամենալայն շրջանակների կողմից:

Առանձնահատուկ ցանկանում եմ նշել Ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջև հումանիտար և մշակութային դինամիկ փոխգործակցության զարգացման գործում:

Մաղթում եմ Ձեզ հետագա հաջողություններ արվեստի բարդ և ազնիվ ասպարեզում: Թող Ձեզ միշտ ուղեկցի հաջողությունը բոլոր ձեռնարկումներում, ստեղծագործական մտքի թռիչքը, արվեստի անծայրածիր հորիզոնները նվաճելու ուրախությունը»,-ասված է Նախագահի շնորհավորական ուղերձում:

 

← Վերադառնալ