21
09, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը

 

«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և համայն հայությանը՝ Անկախության տոնի առթիվ:

22 տարի առաջ մեր ժողովուրդը կայացրեց պատմական որոշում, որն արմատապես փոխեց նրա հետագա զարգացման ընթացքը: Վերջապես վերականգնվեց հայոց անկախ պետականությունը, որը դարեր շարունակ թվում էր անիրականանալի, վերականգնվեց սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, իր հողում իր երկիրը սեփական ձեռքերով կառուցելու հայի իրավունքը: Դա վճռորոշ քայլ էր, որի ճշմարտացիությունն ու անխուսափելիությունն ապացուցվել է այս բոլոր տարիների ընթացքում:

Հայաստանի Հանրապետությունն այսօր առաջ է ընթանում հաստատուն քայլերով՝ իրականացնելով տարբեր ծրագրեր՝ ուղղված ժողովրդի անվտանգության ապահովմանն ու պաշտպանունակության ամրապնդմանը, մարդկանց սոցիալ-տնտեսական և կենցաղային պայմանների բարելավմանը: Ես ավելի քան վստահ եմ, որ համատեղ ջանքերով, Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնության շնորհիվ հայ ժողովուրդը կարձանագրի նոր ձեռքբերումներ ու կհասնի ազգային նպատակների իրագործմանը:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ ու մեր բոլոր հայրենակիցներին պետական տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք՝ ի փառս Մայր Հայաստանի զորացման ու բարգավաճման»,-ասված է ԼՂՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

 

← Վերադառնալ