28
09, 2019

Նախագահ Արմեն Սարգսյանը 90-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլայ Ռիժկովին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ռուս անվանի պետական գործիչ, Հայաստանի Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովին՝ հոբելյանի առթիվ:

Նախագահի ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանի, ողջ հայ ժողովրդի համար Դուք անկեղծ և հուսալի բարեկամ եք, որը մեզ հետ է թե՛ ուրախության, թե՛ դժվար փորձությունների պահին: Մենք միշտ հիշում ենք Ձեր սխրանքը՝ 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի առաջին շաբաթներին և ամիսներին, երբ Դուք գտվում էիք աղետից տուժած շրջաններում և գիշերուզօր ղեկավարում էիք փրկարարական ու վերականգնողական աշխատանքները: Ձեր անկեղծ սրտացավությամբ, ջերմությամբ ու նրբազգացությամբ Դուք արժանացել եք համընդհանուր սիրո ու երախտագիտության: Հայաստանի Ազգային հերոսի բարձրագույն կոչումի շնորհումը Ձեր կատարած աշխատանքի արժանի գնահատականն էր:

Վերջին տարիներին նույնպես Դուք եղել և մնում եք Հայաստանի կողքին»:

Նախագահը Նիկոլայ Ռիժկովին մաղթել է քաջառողջություն, եռանդ և հաջողություններ իր պետական գործունեության մեջ:  

← Վերադառնալ