30
04, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի և Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Իգնացիո Կասսիսին՝ Հայաստանի և Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։

Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղեձում մասնավորապես ասվում է. «Հայաստանի անկախ պետականության վերականգնումից ի վեր հաստատված երկկողմ միջպետական հարաբերություններն ամուր հիմք են մեր ժողովուրդների դարավոր բարեկամության հետագա զարգացման համար՝ խարսխված ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա։

Երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի և Շվեյցարիայի միջև ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, տնտեսական, մշակութային և գիտակրթական ոլորտներում համագործակցությունն ընդլայնվում են՝ համալրվելով նոր նախաձեռնություններով և գրանցելով զգալի առաջընթաց։

30-ամյա հոբելյանը կարևոր հանգրվան է՝ գնահատելու անցած ճանապարհը և ուրվագծելու գործընկերության հետագա հեռանկարները։

Վստահ եմ, որ այն հայ-շվեյցարական հարաբերությունները խորացնելու և փոխգործակցության ավելի լայն հնարավորություններ բացահայտելու նոր սկիզբ կազդարարի՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»։ 

← Վերադառնալ