11
02, 2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Հայաստանի և Իրանի միջև հաստատված բարեկամական կապերը մշտապես խարսխված են եղել փոխադարձ հարգանքի և վստահության վրա:

Վերջին տարիներին հայ-իրանական հարաբերություններում նկատվող աննախադեպ ակտիվությունը զգալիորեն նպաստել է քաղաքական երկխոսության և տնտեսական համագործակցության ամրապնդմանը:

Լիահույս եմ, որ մեր երկրների կառավարություններն առաջիկայում ևս կշարունակեն անհրաժեշտ ջանքեր գործադրել երկկողմ պայմանավորվածությունների կյանքի կոչման համար՝ միաժամանակ նախանշելով փոխգործակցության նոր ուղղություններ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»
,- մասնավորապես ասվում է ուղերձում:

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի կապակցությամբ:

Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Իրանի միջև բազմաշերտ հարաբերությունները շարունակում են զարգացման վերընթաց ուղին՝ նշանակալի ձեռքբերումներ արձանագրելով տարբեր ոլորտներում:

Հավատարիմ լինելով մեր ժողովուրդների բարեկամության հարուստ ավանդույթներին՝ Հայաստանը շարունակելու է ջանքեր գործադրել արդյունավետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ՝ ի նպաստ մեր երկրների առաջընթացի:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»
,- մասնավորապես ասվում է ուղերձում:

 

← Վերադառնալ