01
12, 2008

Ազդարարվել է Քաջարան-Արարատ մայրուղային գազատարի գծային հատվածի կառուցման ավարտը

Արարատ քաղաքի մոտակայքում այսօր հանդիսավորությամբ ազդարարվել է 186,3 կիլոմետր երկարությամբ Քաջարան-Արարատ մայրուղային գազատարի գծային հատվածի կառուցման ավարտը: Տվյալ հատվածը Իրան-Հայաստան գաղատարի շարունակությունն է, որը 2004թ-ին նախաձեռնել է ՀՀ կառավարությունը` երկիր բնական գազի մատակարարման ռեսուրսային բազան ընդլայնելու եւ տեխնոլոգիական երկրորդ մուտքային գիծ ստեղծելու նպատակով:

Խողովակների խորհրդանշանական զոդման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նախագահ Սերժ Սարգսյանը:

Ավելի քան 130 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի իրականացումը 2007թ-ին սկսել է հայ-ռուսական համատեղ "Հայռուսգազարդ" ընկերությունը: Ծրագրի ֆինանսավորումն իրականացվել է "Գազպրոմ" ԲԲ ընկերության օգտին "Հայռուսգազարդ" ՓԲ ընկերության բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման միջոցների հաշվին:

Քաջարան-Արարատ գազատարը մասնակցելու է Հայաստանի կենտրոնական շրջաններ իրանական գազի փոխադրմանը` ՋԷԿ-երում էլեկտրաէներգիա արտադրելու նպատակով: Մատակարարվող գազի դիմաց վճարումներն իրականացվելու են "գազ` էլեկտրաէներգիայի դիմաց" սկզբունքով:

← Վերադառնալ