19
04, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովի լիագումար նիստին

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է «Դեպի միջտարածաշրջանային համագործակցության նոր ձեռքբերումներ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում» առաջին հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի լիագումար նիստին:

Համաժողովին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, Տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը, երկու երկրների նախարարությունների, գերատեսչությունների, ՌԴ ավելի քան 20 սուբյեկտների և ՀՀ մարզերի ներկայացուցիչներ, գործարարներ, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանրապետության ղեկավարը ողջունել է համաժողովի մասնակիցներին, ընդգծելով, որ այս մասշտաբային միջոցառումը, որը Երևանում է հավաքել երկու երկրների պետական կառավարման կենտրոնական և տարածաշրջանային մարմինների ղեկավարությանը, գործարար համայնքի և հասարակայնության ներկայացուցիչներին, Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: Նախագահի խոսքով, համաժողովի նկատմամբ հետաքրքրությունն այս հանգամանքով չէ միայն պայմանավորված: Այն, առաջին հերթին, թելադրված է հայ-ռուսական գործընկերության առանձնահատուկ դաշնակցային բնույթով և, իհարկե, սերտ կապերը հետագայում ևս զարգացնելու և պարզապես բարեկամություն անելու մարդկանց անկեղծ ձգտումով, ինչպես վայել է հին ու լավ բարեկամներին:

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ մեր հանդիպումների պարբերական բնույթը, միջպետական համագործակցության բոլոր մակարդակներում առկա մշտական կապերը հաստատում են լայն սպեկտրով` և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ հումանիտար ոլորտներում փոխգործակցության զարգացման երկկողմ ձգտումը:

Հայաստանում գործում է շուրջ 1400 ձեռնարկություն` հայ-ռուսական կամ ամբողջովին ռուսական կապիտալով: Ներդրումային պորտֆելի ծավալը մոտենում է երեք մլրդ դոլարի: Եվ այդ ցուցանիշներն աճի միտում ունեն, այն դեպքում, երբ համաշխարհային տնտեսությունը դեռ չի վերականգնվել ճգնաժամի հետևանքներից: Առավել ևս ակնհայտ է, որ պոտենցիալ հնարավորություններն զգալիորեն լայն են, քան այն արդյունքը, որն այսօր մենք ունենք:

Այսպիսի ներուժ և հեռանկարներ մենք տեսնում ենք մեր երկրների տարածաշրջանների միջև կապերի զարգացման մեջ: Այսօր արդեն միջտարածաշրջանային համագործակցության մեջ ներգրավված են Հայաստանի բոլոր մարզերը և Ռուսաստանի Դաշնության ավելի քան 70 սուբյեկտ: Իսկ դա նշանակում է, որ այդպիսի հարթակը պահանջված է, այն օժանդակում է գործնական հարցերի լուծմանը, խթանում` նոր ներդրումների և տեխնոլոգիաների ներգրավումը, նորարարությունների աճը»,-ասել է Հանրապետության ղեկավարը:

Նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինն այցելել են նաև մարզահամերգային համալիրում բացված արդյունաբերական նորարարությունների հայ-ռուսական միջտարածաշրջանային ցուցահանդես, որտեղ առաջին անգամ ներկայացվում են երկու երկրների բազմաթիվ նորարարական նախագծեր և տեխնոլոգիաներ:

Ցուցահանդեսը դիտելուց հետո ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը և ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը ներկա կգտնվեն միջկառավարական և միջտարածաշրջանային մակարդակներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությանը:

Համաժողովի շրջանակներում կազմակերպվել են նաև կլոր սեղաններ, որտեղ քննարկվում են ՀՀ և ՌԴ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման գործում միջտարածաշրջանային կապերի դերին, տրանսպորտի, կապի, հեռահաղորդակցության, տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը, երկկողմ միջտարածաշրջանային կապերի ամրապնդմանն ուղղված համատեղ էներգետիկ ծրագրերին, հումանիտար կապերի ամրապնդմանն ու զբոսաշրջության զարգացման գործում միջտարածաշրջանային համագործակցությանը վերաբերող հարցեր:

← Վերադառնալ