14
08, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը

album picture
album picture
album picture
album picture

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է մայրաքաղաքի Աջափնյակ համայնքում գտնվող Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը:

Հանրապետության ղեկավարը շրջել է նորաստեղծ կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին:

Սերժ Սարգսյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ ստեղծարար տեխնոլոգիաների այսպիսի կենտրոնի բացումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն: Հանրապետության ղեկավարի խոսքով, հայ երիտասարդների մտավոր ունակությունների բացահայտումը և դրա հետևանքով մրցունակության բարձրացումը մեր երկրի կարևորագույն խնդիրներից է:

Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բնական քիչ պաշարներ ունի և պետք է նախ՝ շատ զգուշորեն և խնայողաբար վերաբերվել այդ պաշարներին և երկրորդ՝ կարողանալ մտավոր ծառայություններ մատուցել և՛ մեր հասարակությանը, և՛ տարածաշրջանին, և՛ աշխարհին, ինչն անհնար է առանց այսպիսի կենտրոնների գործունեության: Հանրապետության ղեկավարը նշել է, որ ոգևորված է կենտրոնի բացմամբ և վստահություն է հայտնել, որ ծրագիրն ունենալու է շատ կոնկրետ արդյունքներ և նշանակություն Հայաստանի համար:

Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ տեր և տիկին Սիմոնյանների աշխատանքը ոչ միայն շնորհակալության, այլ նաև խրախուսանքի է արժանի, որովհետև բացի իր կիրառական նշանակությունից այն նաև շատ լավ օրինակ է բոլոր նրանց համար, ովքեր մեծ ջանքերի շնորհիվ կարողացել են հաջողությունների հասնել իրենց ոլորտում և հիմա ժամանակն է, որ իրենց հաջողություններից մի փոքրիկ մասնիկ փորձեն կիսել հայրենիքի հետ:

Թումո կենտրոնում Հանրապետության ղեկավարը հանդիպել է նաև ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան, աշխարհահռչակ “System of a Down” խմբի մեներգիչ Սերժ Թանգյանի հետ:

Նախագահ Սերժ Սարգսյանը և Սերժ Թանգյանը խոսել են երգչի ստեղծագործական և հասարակական գործունեության մասին: Ամերիկահայ ռոք երաժիշտը վստահեցրել է, որ շարունակելու է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված իր ջանքերը: Երգիչը նաև հույս է հայտնել, որ մոտ ապագայում Հայաստանում կկայանա “System of a Down” խմբի համերգը:

Հանրապետության ղեկավարը Սերժ Թանգյանին մաղթել է ստեղծագործական հետագա հաջողություններ և շնորհակալություն հայտնել նրա հայանպաստ գործունեության համար:

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նաև Թումո կենտրոնի բացման առթիվ կազմակերպված համերգին:



← Վերադառնալ