31
08, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Հաղթանակ համայնքում Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել «Նոյեմբերյան 1» պոմպակայանի բացման արարողությանը, ծանոթացել կատարված աշխատանքներին:

Պոմպակայանը ոռոգման ջրով կապահովի Տավուշի մարզի մի շարք համայնքների 2400 ջրօգտագործողներին պատկանող 1900 հա հողատարածք: Այն վերակառուցվել է ԱՄՆ կառավարության Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի (ՀՄԿ) ֆինանսավորմամբ` Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ (ՀՄՀ)-Հայաստան ծրագրի շրջանակում: Պոմպակայանի աշխատանքները ներառել են նաև ջրաթափային պատվարի վերակառուցումը: Պատվարի և պոմպակայանի վերականգնումից հետո, առաջիկա տարիներին ակնկալվում է ոռոգում ապահովել շուրջ հինգ հազար ջրօգտագործողների 3850 հա հողատարածքներում:

Մարզի մեկ այլ՝ Ոսկեվան համայնքում Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Ոսկեվան, Ոսկեպար, Բաղանիս և Կոթի համայնքների ոռոգման համակարգի խորհրդանշական գործարկմանը (2011թ. հունիսի 15-ից համակարգում իրականացվել են փորձարկման աշխատանքներ, և ներկայումս այն լիարժեք գործում է):

Հանրապետության ղեկավարին ներկայացվել են ջրամատակարարման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Նշվել է, որ հիշյալ համայնքների 2613 հա հողերը ժամանակին ոռոգվել են Ջողազի ջրամբարից` Կոթիի (Շավարշավան) և Ոսկեպարի պոմպակայանների միջոցով: 1991թ.-ից այդ պոմպակայնները չեն գործել և աստիճանաբար շարքից դուրս են եկել, ինչի հետևանքով տարիներով չոռոգված հողերը վերածվել են խոտհարքի: Խնդիր էր առաջացել վերականգնել հողերի ոռոգումը`արդեն ինքնահոս եղանակով, որը իրականություն դարձավ ՀՀ կառավարության և Գյուղատնտեսության Զարգացման Միջազգային Հիմնադրամի վարկային ծրագրի շրջանակում: Կառույցի շինարարության արդյունքում վերականգնվել է 1100 հա հողերի ոռոգման հնարավորությունը:

Այցի ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացվել են նաև 2011-2012 թվականներին ՀՀ Տավուշի մարզի համայնքներում նախատեսվող գազաֆիկացման ծրագրերը, որոնց համաձայն ընթացիկ տարում արդեն մեկնարկել է Ոսկեպար, Բաղանիս, Կոթի և Ոսկեվան, իսկ 2012թ. կսկսվեն Բարեկամավան և Ջուջևան համայնքների գազաֆիկացման աշխատանքները: Ընդգծվել է, որ ծրագրի իրականացումը նպատակ ունի բարելավել մարզի սոցիալ-կենցաղային պայմանները, ինչպես նաև լուծել բնապահպանական խնդիրներ` նկատի առնելով, որ համայնքների բնակիչները ջեռուցման նպատակով օգտագործում են հարակից անտառային ծածկույթը:

Նշվել է, որ Տավուշի մարզում 2007թ-ից մինչ այսօր գազաֆիկացման աշխատանքներ են իրականացվել Աչաջուր, Արծվաբերդ, Վերին Կարմիր աղբյուր և Չինարի համայնքներում:

Տավուշի մարզ կատարած այցի ավարտին Նախագահը հանդիպել է Ոսկեվանի և հարևան գյուղերի բնակիչների հետ:

Նշելով, որ պետությունն ընտրել է գյուղացուն օժանդակելու քաղաքականություն, Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է գյուղական տարածքների նկատմամբ առավել ուշադրության անհրաժեշտությունը: Սերժ Սարգսյանը կարևորել է ոռոգելի դարձած հողատարածքների մշակումը, շնորհակալություն հայտնել հեռավոր սահմանամերձ այդ համայնքների բնակչությանը՝ լավատեսության, հույսի և գյուղում սեփական աշխատանքով իրենց բարեկեցությունն ապահովելու հաստատակամության համար:

← Վերադառնալ