10
10, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզ

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզ` մասնակցելու Ջերմուկում անցկացվող գյուղական համայնքների առաջին համաժողովին, որն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում և նպատակ ունի աջակցել գյուղական համայնքների զարգացմանը:
Նախագահը շնորհավորել է համաժողովի մասնակիցներին ՏԻՄ 15-ամյակի առթիվ, ողջունել համաժողովի անցկացումը, որը, Հանրապետության ղեկավարի խոսքով, թույլ է տալիս ուշադրությունը կենտրոնացնել գյուղի և նրա հիմնախնդիրների վրա, համատեղ քննարկել առկա հարցերը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ պետության համար շարունակում է առաջնային մնալ տարածքների համաչափ զարգացման ապահովումը: Այդ նպատակով մշակվել է ՀՀ տարածքների զարգացման հայեցակարգը, որը թույլ է տալու այս կամ այն ծրագրի իրականացումը դիտարկել տարածքների համաչափ զարգացման տեսանկյունից: Նախագահի խոսքով, համաչափ զարգացումը բազմաթիվ այլ ուղղությունների շարքում ենթադրում է նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների և արդյունավետ գյուղատնտեսության զարգացում: «Ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել, որ այս տարի մեր պետության և ժողովրդի համար շատ կարևոր հոբելյաններ ենք նշում: Մեր անկախության 20-ամյակի տարում լրանում են նաև պետության կարևորագույն ինստիտուտների հոբելյանները, և դրանց թվում ցանկանում եմ առանձնացնել մեր տեղական ինքնակառավարման համակարգի 15-ամյա հոբելյանը: Կարծում եմ, իր նշանակությամբ այն մեր պետության ամենակարևոր հաստատություններից մեկն է:
Կայացած տեղական ինքնակառավարման համակարգը ենթադրում է ամուր ու զարգացած համայնք և հետևապես՝ բարեկեցիկ գյուղ»,-ասել է Նախագահ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարի խոսքով, վերջին տարիներին, հատկապես ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ, նկատելի աշխատանքեր են կատարվել: Իրականացվել են ճանապարհաշինական և ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման բազմաթիվ ծրագրեր, զգալի ջանքեր են գործադրվել գյուղական համայնքների, դրանց տնտեսական հնարավորությունների զարգացման, գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ուղղություններով: Մարզերում շարունակվում են կրթական, սոցիալական, մշակութային ոլորտներում ներդրումները, կառուցվում և արդիականացվում են բուժհաստատություններ` ավելացնելով որակյալ բուժծառայություններ ստանալու հնարավորությունները:
Նշելով, որ այդ աշխատանքների ֆինանսավորման աղբյուրները տարբեր են` դրամաշնորհներ, վարկային միջոցներ, պետության սեփական եկամուտներ, Սերժ Սարգսյանը կարևոր է համարել, որ նշված միջոցներն օգտագործելիս հնարավորինս հաշվի է առնվել հենց շահառուների, տեղական ինքնակառավարման մարմինների կարծիքը:
«Այդպիսի լավագույն օրինակներից մեկը «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի» ծրագրերի իրականացման աշխատանքն էր, երբ ծրագրի բոլոր բաղադրիչների մասով մենք խորհրդակցեցինք մեր բնակչության հետ և կարողացանք ոչ միայն սահմանել առաջնահերթ լուծում պահանջող ամենից կարևոր խնդիրները, այլ նաև հասարակական աջակցություն ապահովել, ինչը նաև օգնեց ծրագրի ոռոգման բաղադրիչը մինչև վերջ իրականացնել: Դա, բնականաբար, իր մեջ նաև հսկողական մեխանիզմներ է պարունակում, և պատահական չէ, որ Միացյալ Նահանգների այդ հիմնադրամի ղեկավարության կարծիքով, Հայաստանում իրականացված ծրագիրը ճանաչվել է լավագույններից մեկը: Ես փոքր-ինչ համեստորեն եմ ասում, որովհետև վերջերս մեզ մոտ էր Հիմնադրամի ծրագրերի իրականացման հարցերով փոխնախագահը, ով ասաց, որ հայաստանյան ծրագիրն աշխարհում «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի» իրականացրած լավագույն ծրագիրն է»,-համաժողովի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում նշել է Նախագահը:
Երկրի ղեկավարի խոսքով, հանրապետական նշանակություն ունեցող ծրագրերը, որոնք հիմնականում իրականացվում են նախարարությունների միջոցով, ևս մշակվում և իրականացվում են՝ խորհրդակցելով ՏԻՄ-երի, մարզպետների և այլ շահագրգիռ կողմերի հետ: «Դրանից զատ, մենք նաև միջոցներ ենք հատկացնում, որպեսզի հենց տեղում մարզպետները և տեղական ինքնակառավարման մարմինները՝ խորհրդակցելով բնակչության հետ, իրականացնեն իրենց առաջնահերթ ծրագրերը: Եվ միայն այս տարի, գիտեք, որ այդ ծրագրերի համար բյուջեից հատկացրել ենք 20 մլրդ դրամ, որպեսզի կարողանանք լուծում տալ այն հրատապ խնդիրներին, որոնք եղել են, կան և տեսանելի ապագայում կլինեն մեր համայնքներում: Այդ ծրագրերի շահառուները 347 գյուղական համայնքներն են, և առաջին հերթին միջոցներն ուղղվում են հենց ենթակառուցվածքների բարելավմանը:
Մեզ համար առաջնային են նաև արդյունավետ գյուղատնտեսության խնդիրները, որոնց լուծումը նպաստելու է գյուղական տարածքների զարգացմանը: Մեր որդեգրած քաղաքականության հիմքում բարեկեցիկ գյուղ, բարեկեցիկ համայնք ունենալն է` նրա բնակչի համար անհրաժեշտ սոցիալական և արտադրական ենթակառուցվածքներով: Մեր հետագա քայլերը ևս ծառայելու են այդ նպատակին:
Այսօր կարող ենք արձանագրել, որ տեղական ինքնակառավարման համակարգի հիմքում գործուն մեխանիզմներ են դրված, և հետագա աշխատանքները պետք է ուղղված լինեն դրանց արդյունավետության, տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատվության բարձրացմանը:
Վերջին տարիներին աշխատանքներ են իրականացվել ֆինանսական համահարթեցման մեխանիզմների կատարելագործման առումով, տեղական ինքնակառավարման մարմիններն ավելի մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում սեփական եկամուտների հավաքագրմանը, թեկուզ փոքր ծավալով, բայց տեղերում սեփական միջոցներով առաջնային ծրագրեր են իրականացվում: Համայնքները վերջին տարիներին հրաժարվել են պարտքեր կուտակելու, այսպես ասած, «ավանդույթից»: Հիշում եք, որ ոչ հեռավոր անցյալում, նույնիսկ՝ 4-5 տարի առաջ, համայնքները կուտակում էին հսկայական պարտքեր, այնուհետև մենք ստիպված էինք լինում արդեն 3-4 տարվա ուշացումով այդ պարտքերը մարել: Իմ խորին համոզմամբ, դրանք միջոցների փոշիացում էին, ինչը մենք կարողացանք հաղթահարել և ինչի համար մարզպետներին, գյուղապետերին և, իհարկե, Տարածքային կառավարման նախարարությանը, անձամբ՝ փոխվարչապետին իմ շնորհակալությունն եմ հայտնում: Սա, իհարկե, առաջընթաց է, բայց մեր նպատակն է ունենալ առավել կենսունակ, խոշոր ու ֆինանսապես կայուն համայնքներ, տեղական մակարդակում թափանցիկ և արդար կառավարում, հասնել նրան, որ բնակչությունն իր կենսագործունեության համար առաջնային խնդիրները կարողանա լուծել հենց տեղերում` տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցաբար»,-ասել է Հանրապետության ղեկավարը:
Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ պետությունը մշտապես սատար է կանգնելու ՏԻՄ-երին, բարձրացնելու է տեղական ինքնակառավարման մարմինների դերակատարությունը՝ համոզվածություն հայտնելով, որ ՏԻՄ-երի ներկայացուցիչները ևս տրամադրված են վճռական և ելնելով իրենց բնակավայրի, գյուղի, համայնքի շահերից, կարողանալու են բարձրացնել տեղական ինքնակառավարման մարմինների հեղինակությունն ու համայնքի ղեկավարի դերը: «Այդ ամենին հասնելու համար մեզ ժամանակ է պետք, պետք է երկար ճանապարհ անցնենք: Բայց ամենից կարևորն այն է, որ մենք ընթանում ենք ճիշտ ճանապարհով, և ես վստահ եմ՝ բոլորս կամք ունենք ու հասնելու ենք մեր նպատակին»,-ընդգծել է Նախագահ Սարգսյանը:
Ջերմուկում Սերժ Սարգսյանն այցելել է նաև համաժողովի շրջանակներում կազմակերպված ցուցահանդես` նվիրված Հանրապետության մարզերում և համայնքներում անցած 20 տարիներին ծրագրեր իրականացրած միջազգային կազմակերպությունների գործունեության արդյունքներին ու ձեռքբերումներին:
Համաժողովից հետո Նախագահը ծանոթացել է Ջերմուկի զարգացման ծրագրի շրջանակում իրականացվող հյուրանոցային նոր համալիրի շինարարության ընթացքին: Շինարարությունն սկսվել է 2009թ. և նախատեսվում է ավարտել 2013 թվականին:
Երեկոյան հանրապետության ղեկավարը շրջայց է կկատարել Ջերմուկում, ծանոթացել է քաղաքային համայնքի գիշերային լուսավորության ցանցի հիմնանորոգման ուղղությամբ կատարված աշխատանքներին, որոնք իրականացվում են Ջերմուկի սոցիալ-տնտեսական զարգացման աջակցության հիմնադրամից հատկացված միջոցների հաշվին:



← Վերադառնալ