17
12, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել երիտասարդ գիտնականների հետ

album picture

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամում հանդիպում է ունեցել ավելի քան երկու տասնյակ երիտասարդ գիտնականների հետ:

Հանրապետության ղեկավարն ավելի վաղ նրանց մի մասի հետ Ծաղկաձորում ունեցած հանդիպման ժամանակ խոստացել էր նման հանդիպումները դարձնել պարբերական, որոնք, Նախագահի խոսքով, նպատակ ունեն երիտասարդ գիտնականների հետ անկաշկանդ մթնոլորտում քննարկել մեր երկրում գիտության զարգացմանն աջակցելու երիտասարդների ներուժը, հնարավորություններն ու առկա խնդիրները, նաև՝ դրանց լուծմանն ուղղված առաջարկները:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ներկայացուցիչները:

Երիտասարդները շնորհակալություն են հայտնել Նախագահին՝ հանդիպումները պարբերական դարձնելու, իրենց տեսակետներն ու առաջարկները լսելու պատրաստակամության և գիտության զարգացման գործում երիտասարդների դերի կարևորությունն ընդգծելու համար:

Հանրապետության ղեկավարի հետ նրանք քննարկել են երիտասարդ գիտնականների աշխատանքային պայմանների բարելավման, նրանց առաջխաղացման հնարավորությունների, երիտասարդ գիտնականների կողմից իրականացվող ծրագրերին աջակցության, ինչպես նաև գիտության բնագավառի վերաբերյալ օրենսդրության բարեփոխումների և արդի պահանջներին համապատասխանեցման, հասարակության մեջ գիտնականների հեղինակության բարձրացման ուղղությամբ աշխատանքների իրականացման վերաբերյալ հարցեր:

Սերժ Սարգսյանը պատասխանել է երիտասարդներին հետաքրքրող հարցերին, նրանց առաջարկությունների հետ կապված որոշակի հանձնարարականներ տվել պետական համապատասխան մարմիններին և նշել, որ յուրաքանչյուր տարվա համար երիտասարդ գիտնականներին ֆինանսական աջակցության նպատակով կհատկացվի մոտ 100 մլն. դրամ, որը կտրամադրվի գոյություն ունեցող հիմնադրամներից մեկի միջոցով: Նախագահը հանդիպման մասնակից երիտասարդներին առաջարկել է քննարկել այդ միջոցներն արդյունավետ տնօրինելու սկզբունքները, ծրագրային ուղղություններն ու ընթացակարգերը:



← Վերադառնալ