27
12, 2011

Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ ԿԱ կադաստրի պետական կոմիտեի «Արաբկիր» սպասարկման գրասենյակ և «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Արաբկիր» սպասարկման գրասենյակ: Հանրապետության ղեկավարը ծանոթացել է 2011թ. ընթացքում կադաստրի համակարգում կատարված աշխատանքներին, այդ թվում՝ իրականացված բարեփոխումներին և 2012թ. նախատեսված ծրագրերին: Նշվել է, որ բարեփոխումները միտված են համակարգի կողմից իրականացվող գործառույթների թափանցիկության բարձրացմանը, վարչարարության պարզեցմանը, պաշտոնյա-քաղաքացի անմիջական շփման հնարավորինս բացառմանը և հետևաբար` համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

Նախագահին զեկուցվել է, որ այդ նպատակով արդեն իսկ բավականին աշխատանքներ են իրականացվել, որոնց արդյունքում 2012թ. հունվարի 1-ից կադաստրի համակարգում կգործեն նոր կառուցվածքային միավորներ` սպասարկման գրասենյակներ, որոնք կապահովեն քաղաքացիներից դիմումների ընդունումն ու ավարտական փաստաթղթերի (վկայականներ, տեղեկանքներ և այլն) տրամադրումը քաղաքացիներին: Կվերացվի նաև դիմումները կադաստրի պետական կոմիտեի տարածքային մարմիններին ըստ գույքի գտնվելու վայրի ներկայացնելու անհրաժեշտությունը: էլեկտրոնային ստորագրություն ունեցող անձինք հնարավորություն կունենան դիմումները կադաստր վարող մարմին ներկայացնել առանց անձամբ այցելելու, կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական վեբ-կայքի միջոցով` առցանց: Իրականացված աշխատանքների արդյունքում, համակարգի գործառույթներից օգտվելու համար դիմումներ ներկայացրած քաղաքացիներին կտրամադրվի նաև դիմումի մուտքագրման համար (բանալի), որի օգնությամբ քաղաքացիները հնարավորություն կունենան կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական վեբ-կայքի միջոցով հետևել իրենց դիմումի քննարկման ընթացքին: Ամբողջությամբ կմասնավորեցվի անշարժ գույքի հաշվառման (չափագրման) գործառույթը, այսինքն` պետական գրանցման նպատակով անշարժ գույքի չափագրման աշխատանքները կիրականացվեն բացառապես մասնավոր հատվածի` համապատասխան որակավորում ստացած մասնագետների կողմից, կվերանա նաև անշարժ գույքի գործարքների պարտադիր նոտարական վավերացման պահանջը, որի այլընտրանքն է հանդիսանալու ստորագրությունների իսկության ճանաչմամբ գործարքների կնքումը կադաստրի համակարգում:

Նախագահն այսօր այցելել է նաև ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն: Այստեղ ևս Հանրապետության ղեկավարին ներկայացրել են ծառայությունում իրականացված բարեփոխումները և զարգացման առաջիկա ծրագրերը: Նշվել է, որ ճանապարհային ոստիկանության վարչական շենքում կահավորվել և շահագործման է հանձնվել խախտումների արձանագրման կենտրոնը, ընթացիկ տարում Երևանում տեղադրվել են 15 արագաչափ տեսախցիկ և 40 դիտարկման տեսախցիկ՝ մայրաքաղաքի 10 խաչմերուկում: Ծրագիրն իրականացնող ընկերության կողմից ՀՀ ոստիկանությանն են տրամադրվել մարդաշատ վայրերի տեսահսկման տեսախցիկներ:

Նշվել է, որ հետագա 6 տարիների ընթացքում համակարգը պետք է ընդլայնվի, որի արդյունքում, ընդհանուր առմամբ, Երևան քաղաքում և միջպետական ավտոճանապարհներին կտեղադրվեն արագության չափման 185 տեսախցիկ և 90 խաչմերուկում՝ տեսադիտարկման տեսախցիկներ:

Մրցույթում հաղթած «Սեքյուրիթի դրիմ» ընկերության պայմանագրային պարտավորությունների մեջ է 2011-2017թթ. համակարգի զարգացման նպատակով 9 մլն. 849 հազար 562 եվրոյի ներդրումների իրականացումը:

Ճանապարհային երթևեկության նկատմամբ վերահսկողության համակարգի ներդրման ուղղությամբ իրականացված և նախատեսվող աշխատանքներին ծանոթանալուց հետո, Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այժմ իրական հիմքեր և հնարավորություններ կան ճանապարհային ոստիկանության աշխատանքում արմատական բարեփոխումներ իրականացնելու համար: Որպես սկիզբ` Նախագահը կարևորել է հիմնական փողոցները հնարավորինս արագ տեխնիկապես հագեցնելը, ինչը զգալիորեն կնպաստի ընդհանուր առմամբ ճանապարհային երթևեկության խախտումների նվազեցմանը:

← Վերադառնալ