19
04, 2012

Սերժ Սարգսյանն այցելել է Շենգավիթի թիվ 141 գիշերօթիկ մսուր-մանկապարտեզ և «Արարատ» սննդի կոմբինատ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող հիմնանորոգված և կահավորված թիվ 141 գիշերօթիկ մսուր-մանկապարտեզ:

Հանրապետության ղեկավարը ծանոթացել է սոցիալապես անապահով և ծնողազուրկ ընտանիքների երեխաների համար մայրաքաղաքում գործող միակ մսուր-մանկապարտեզի նոր պայմաններին: Մանկապարտեզը 1965թ. կառույց է, որը մինչ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրի շրջանակներում հիմնանորոգումը, գործել է խիստ անբարենպաստ պայմաններում: Գիշերօթիկ մանկապարտեզում այսօր ապրում է 140 երեխա` 2-6 տարեկան, որոնցից 70-ը գիշերակացով:

Շենգավիթ վարչական շրջանում Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաև «Արարատ» սննդի կոմբինատ: Հանրապետության ղեկավարին ներկայացրել են 2011թ. ապրիլին կոմբինատ իր այցի ժամանակ բացված հյութերի արտադրության գործարանի անցած մեկ տարվա գործունեության արդյունքները, ընկերության ընթացիկ աշխատանքներն ու զարգացման ծրագրերը:

 

← Վերադառնալ