01
06, 2014

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ:

Հանրապետության Նախագահն այցելել է մարզի սահմանամերձ Ոսկեվան համայնքի նորակառույց մանկապարտեզ, ծանոթացել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով կառուցված նախադպրոցական այդ հաստատության պայմաններին: Մանկապարտեզը նախատեսված է երկու խմբի՝ 50 երեխայի համար, ինչն այժմ բավարարում է գյուղի կարիքները. ներկայումս մանկապարտեզ է հաճախում 31 երեխա: Սերժ Սարգսյանը Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորել է մանկապարտեզի սաներին, նրանց դաստիարակներին ու ծնողներին և ընդհանրապես բոլոր երեխաներին, դիտել օրվա առիթով սահմանամերձ Ոսկեվանի մանկապարտեզում կազմակերպված միջոցառումը:

Ոսկեվանում Նախագահը ծանոթացել է նաև այդ համայնքում, ինչպես նաև Նոյեմբերյանի տարածաշրջանի այլ համայնքներում՝ Ոսկեպարում, Բաղանիսում, Բարեկամավանում, Կոթիում գազաֆիկացման ուղղությամբ կատարված աշխատանքներին, որոնք իրականացվել են ՀՀ կառավարությանն առընթեր «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» ՊՀ-ի «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում՝ 31.08.2012թ.-01.05.2014թ. ժամանակահատվածում: Պատասխանատուների հավաստմամբ, կատարվել են շուրջ 3.53 մլն ԱՄՆ դոլարի աշխատանքներ, անցկացվել է ավելի քան 66 կմ գազատար, որի արդյունքում ծրագրի շահառու են դարձել շուրջ 2300 պոտենցիալ բաժանորդ տնտեսություններ (նշված համայնքների գազաֆիկացման աշխատանքներն ընդգրկված են եղել ՀՀ Նախագահի 30.07.2008թ. ՆԿ-128-Ն կարգադրության միջոցառումների ժամանակացույցում): Նախագահին զեկուցվել է, որ վերոնշյալ շինարարական աշխատանքներն ավարտված են, ներկայումս կատարվում են շահագործման փաստագրման աշխատանքները, որոնք կավարտվեն 2014թ. հունիսին, և հաջորդ երեք ամիսների ընթացքում ծրագրերի պոտենցիալ շահառուների դիմումների համաձայն, կկատարվեն տնտեսությունների փաստացի միացումները։

2014թ. ընթացքում 2012-2013թթ. գազաֆիկացման ենթածրագրերում նախատեսվում են լրացուցիչ շինարարական աշխատանքներ՝ գազաբաշխիչ ցանցերի ընդլայնմամբ։ Ընդհանուր առմամբ, նախնական հաշվարկների համաձայն, նշված համայնքներում պահանջվում է կառուցել լրացուցիչ 11.38 կմ երկարությամբ գազատար՝ շուրջ 421,208 ԱՄՆ դոլար արժեքով։ Լրացուցիչ շինարարական աշխատանքների նախագծերի կատարումն ընթացքի մեջ է, իսկ շինարարական աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ։

Աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել նաև Կողբ համայնքի Սբ. Հովհաննես նորակառույց եկեղեցու օծման արարողությանը, զրուցել համայնքի բնակիչների հետ՝ նրանց հուզող առաջնահերթ խնդիրների և հետաքրքրող հարցերի շուրջ:

 

← Վերադառնալ