15
05, 2015

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Կոտայքի մարզ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ: Հանրապետության Նախագահն այցելել է մարզի Գողթ համայնքում գտնվող «Էկոտոմատո» ՓԲԸ վարդերի ջերմատնային համալիր, ծանոթացել վերջին շրջանում ընկերության կողմից արտադրական ծավալների ընդլայնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, ներդրումային ու զարգացման ծրագրերին, ստեղծված աշխատատեղերին և ժամանակակից տեխնոլոգիաներով կազմակերպված արտադրական գործընթացին:

Նախագահին ներկայացրել են, որ ներկայումս «Էկոտոմատո» ՓԲԸ կառավարման ներքո է գտնվում 8 հա ընդհանուր մակերեսով ջերմատնային համալիր, որի կառուցման համար ներդրվել է շուրջ 7.7 մլրդ դրամ, ստեղծվել է շուրջ 120 աշխատատեղ՝ 140,000 դրամ միջին աշխատավարձով: Համալիրում աճեցվում են 24 տեսակի հոլանդական վարդեր, արտադրանքի 70-80%-ն արտահանվում է ՌԴ, Բելառուս, Վրաստան, 20-30%-ը՝ սպառվում է ներքին շուկայում: Ընկերության պատասխանատուների հավաստմամբ, 2015թ. առաջին 4 ամիսների տվյալների հիման վրա «Էկոտոմատո» ՓԲԸ-ն կանխատեսում է տարեկան արտադրական ծավալները հասցնել 10-13 մլն հատ ծաղկի:

Նախագահն այցելել է նաև նույն համայնքում գտնվող «Արմյանսկիյ Ուրաժայ» ՍՊԸ-ի վարունգի աճեցման ջերմատնային տնտեսություն, որտեղ ներկա է գտնվել ջերմոցային տնտեսության բացման արարողությանը: Այստեղ Հանրապետության Նախագահին տեղեկացրել են, որ 2014թ. փետրվարին հիմնված «Արմյանսկիյ Ուրաժայ» ՍՊԸ-ի կողմից մինչ այժմ կատարվել է մոտ 10 մլրդ ՀՀ դրամի ներդրում, նորագույն տեխնոլոգիաներով կառուցվել է 10.5 հա ընդհանուր մակերեսով ջերմոցային համալիր, որտեղ ստանում են էկոլոգիապես մաքուր և անվտանգ մթերք: 2015թ. ապրիլի 30-ի դրությամբ ընկերությունն արտահանել է շուրջ 1,300 տ արտադրանք, որն իրացվել է հիմնականում ՌԴ-ում և Վրաստանում: Այժմ ընկերությունն ունի մոտ 280 աշխատակից՝ շուրջ 125,000 դրամ միջին աշխատավարձով:

Հանրապետության Նախագահն այնուհետև այցելել է մարզի Նոր Գեղի համայնքում գտնվող «Պրոգրես Ագրո» ՍՊԸ վարունգի աճեցման ջերմատնային տնտեսություն, որտեղ շուրջ 50 հա հողատարածքի վրա նախաձեռնվել է ջերմոցային համալիրի հիմնում: Սերժ Սարգսյանը ծանոթացել է իրականացված աշխատանքներին և ընկերության առաջիկա ծրագրերին: Նախագահին ներկայացրել են, որ շահագործման հանձնված 4.36 հա ջերմատնային այս տնտեսությունը ևս կառուցվել է նորագույն տեխնոլոգիաներով: Ջերմատան կառուցման նպատակով ներդրվել է շուրջ 7 մլն ԱՄՆ դոլար: Ընկերությունն ունի շուրջ 70 աշխատակից՝ 135,000 դրամ միջին ամսական աշխատավարձով: Պատասխանատուների հավաստմամբ, ընկերությունը նախատեսում է մինչև տարեվերջ գործարկել ևս 16 հա մակերեսով ջերմատան նոր բլոկներ, որի արդյունքում կստեղծվեն հավելյալ շուրջ 200 աշխատատեղեր: «Պրոգրես Ագրո»-ն ծրագրում է առաջիկա տարիներին ընդլայնել ջերմոցային տնեսությունը: Այցի ընթացքում գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները Նախագահին զեկուցել են նաև Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսության ընդհանուր վիճակի, զարգացման միտումների և դրան նպաստող պետական քաղաքականության իրականացման ընթացքի մասին:

← Վերադառնալ