Ներհանրապետական այցեր
Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցն Արագածոտնի մարզ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 1-ին այցելել է Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրի նորակառույց դպրոց։
Հանրապետության նախագահը մասնակցել է դպրոցի բացման արարողությանը, շրջել ուսումնական հաստատությունում, ծանոթացել ստեղծված պայմաններին և կատարված աշխատանքներին։ Հանրապետության նախագահը շնորհավորել է Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ՝ ընդգծելով կրթության առաջնահերթությունը Հայաստանի համար:
«Ժամանակակից աշխարհում Հայաստանի Հանրապետությունը կարող է մրցունակ լինել միայն գիտելիքով և կրթության որակով։ Պատահական չէ, որ կառավարությունը վարչապետի գլխավորությամբ 2021 թվականից իրականացնում է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը, որով կառուցվում, վերակառուցվում և հիմնանորոգվում են կրթական հաստատություններ։ Վստահ եղեք՝ մեր հաջողությունները կախված են նրանից, թե ինչպիսի կրթություն ենք տալիս ապագա սերունդներին»։
Վահագն Խաչատուրյանը կարևորել է կրթության դերը ոչ միայն մասնագիտական զարգացման, այլև Հայաստանի Հանրապետության ազատ ու ինքնավստահ քաղաքացի ձևավորելու գործում: «Իմ հորդորն ու խնդրանքն է՝ մեր երեխաների համար ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ նրանք կզգան ազատությունը, կգնահատեն այն և նվիրված կլինեն մեր պետությանը։ Մեր նպատակն է, որ նրանք կառուցեն այնպիսի Հայաստան, որի հարատևության ու հզորության հարցում որևէ մեկը կասկած չունենա»։
Ամփոփելով խոսքը՝ Հանրապետության նախագահը նշել է, որ պետք է պատրաստ լինել խաղաղության մեծ գաղափարի իրականացմանը, և մաղթել է բոլորին նոր ձեռքբերումներ և հաջողություններ։
***
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Արագածոտնի մարզ կատարած այցի շրջանակներում այցելել է «Ավալանժ» ջերմատնային համալիր։
Հանրապետության նախագահն Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի և ջերմատնային համալիրի հիմնադիր Վահագն Խաչատրյանի ուղեկցությամբ շրջել է տարածքում, ծանոթացել համալիրի աշխատանքին, արտադրական գործունեությանը, ինչպես նաև ընթացիկ ու նախատեսվող ծրագրերին։
***
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Արագածոտնի մարզ կատարած այցի շրջանակներում այցելել է «Արմենիա Վայն» գինու գործարան։
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի և գործարանի հիմնադիր Վահագն Մկրտչյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել արտադրական հարթակներում, ծանոթացել ընկերության գործունեությանը և գինու արտադրության ամբողջական ցիկլին։
Հանրապետության նախագահը եղել է նաև Հայաստանում գինու պատմության առաջին թանգարանում, որտեղ ներկայացված է մեր բազմադարյա գինեգործական ավանդույթների ժառանգությունը։ Վահագն Խաչատուրյանը հետաքրքրվել է գործարանի զարգացման ծրագրերով և բարձր գնահատել ոլորտում իրականացվող աշխատանքները։











































