04
02, 2009

ՀԱՊԿ Կոլեկտիվ անվտանգության խորհրդի եւ ԵվրԱզԷՍ միջպետական խորհրդի արտահերթ նիստերը Մոսկվայում

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Մոսկվայում այսօր տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայամանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Կոլեկտիվ անվտանգության խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է Կազմակերպությունում նախագահող երկրի` Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀԱՊԿ պետությունների ղեկավարների նեղ կազմով բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարների, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների մասնակցությամբ:

Դեկտեմբերին Ղազախստանում` Բորովոյում տեղի ունեցած ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովում ձեռք բերված պայամանավորվածության համաձայն` պետությունների ղեկավարները մոսկովյան նիստի ընթացքում քննարկել եւ ստորագրել են ՀԱՊԿ արագ արձագանքման կոլեկտիվ ուժեր ստեղծելու վերաբերյալ որոշումը: Ներկայացնելով կայացված որոշումը` Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն այն բնութագրել է որպես կարեւոր քայլ` "ուղղված կազմակերպության ռազմական բաղադրիչի ուժեղացմանը": Ընդունված որոշումը պայմանավորված է անդամ երկրների կոլեկտիվ անվտանգության ամրապնդման եւ դրա պոտենցիալի հետագա բարձրացման, ինչպես նաեւ ռազմական ագրեսիայի պարագայում համատեղ մասնակցությամբ հետ մղելու եւ այլ մարտահրավերների անհրաժեշտությամբ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին եւ Կազմակերպության միացյալ շտաբին հանձնարարվել է եռամսյա ժամկետում մշակել եւ կանոնադրական մարմիններին ներկայացնել արագ արձագանքման կոլեկտիվ ուժերի ստեղծման վերաբերյալ որոշումից բխող նորմատիվ իրավական ակտերի փաթեթ: Ստորագրված որոշման համաձայն, ՀԱՊԿ արագ արձագանքման կոլեկտիվ ուժերի կիրառման մասին որոշում կայացվում է Կազմակերպության կոլեկտիվ անվտանգության խորհրդի կողմից կոնսենսուսի սկզբունքով: Մեկ այլ կետով նախատեսվում է, որ ՀԱՊԿ արագ արձագանքման կոլեկտիվ ուժերի կազմում գործող` անդամ երկրների կողմից տրամադրված զինուժը, մինչ իրենց վերապահված հավաքական առաքելությանն անցնելը, գտնվում են տվյալ երկրների բացառիկ իրավազորության ներքո` իրենց մշտական տեղակայման վայրերում:

Արտահերթ նիստում քննարկվել եւ որոշում է ընդունվել նաեւ Կազմակերպության հաջորդ նիստի անցկացման տեղի եւ ժամկետի վերաբերյալ, ըստ որի Կոլեկտիվ անվտանգության խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2009թ-ի հունիսին Մոսկվայում: Նիստում հաստատվել է նաեւ Կազմակերպության 2009թ-ի բյուջեն:

Կոլեկտիվ անվտանգության խորհրդի արտահերթ նիստում Նիկոլայ Բորդյուժան վերահաստատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: ՀԱՊԿ Կոլեկտիվ անվտանգության խորհրդի արտահերթ նիստին հաջորդած աշխատանքային ճաշից հետո, երկրների ղեկավարները մասնակցել են Եվրասիական տնտեսական ընկերակցության Միջպետական խորհրդի արտահերթ նիստին, որտեղ քննարկվել են համատեղ հակաճգնաժամային հիմնադրամ եւ բարձր տեխնոլոգիաների կենտրոն ստեղծելու վերաբերյալ հարցեր:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Կոլեկտիվ անվտանգության խորհրդի նիստի ավարտից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի արտահերթ նիստի աշխատանքներին:

Բանակցությունները ընթացել են պետությունների ղեկավարների մակարդակով, ապա շարունակվել ընդլայնված կազմով: Հայաստանի Հանրապետությունն այդ կառույցում ունի դիտորդի կարգավիճակ: ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի նիստում քննարկվել եւ անդամ պետությունների ղեկավարների կողմից ստորագրվել են 10 մլրդ դոլար կապիտալով հակաճգնաժամային հիմնադրամ ստեղծելու, ինչպես նաեւ բարձրագույն տեխնոլոգիաների միջազգային կենտրոն հիմնադրելու մասին որոշումները:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` ՀԱՊԿ-ի եւ ԵվրԱզԷս-ի նիստերի աշխատանքն ամփոփող համատեղ մամուլի ասուլիսով ավարտվել է Հանրապետության Նախագահի աշխատանքային այցը Մոսկվա:

← Վերադառնալ