01
10, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորությունը սփյուռքահայ գաղթօջախներ

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Հոկտեմբերի 2-ին` Փարիզում, Եվրոպայի հայաշատ գաղթօջախների հայկական կազմակերպությունների ու կառույցների շուրջ հարյուր ներկայացուցիչների հետ հանդիպմամբ մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի մեկշաբաթյա համահայկական ուղևորությունը:

Մինչ այդ` հոկտեմբերի 2-ի առավոտյան, Հանրապետության Նախագահը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ: Մեծանուն երգահանը բարձր է գնահատել Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ ծավալված հանրային քննարկումների համատեքստում լսելու համազգային նշանակության այս խնդրի վերաբերյալ Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների կարծիքներն ու մոտեցումները, փարատելու առկա մտահոգությունները, մտքեր փոխանակելու գործընթացի հաջորդ փուլերում աշխարհասփյուռ հայության ու նրա տարբեր հատվածների անելիքների վերաբերալ:

Կեսօրին Նախագահ Սերժ Սարգսյանը Փարիզի Կանադայի հրապարակում ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Կոմիտասի հուշարձանին, զրուցել Հայաստանի ու Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունների մասին իրենց մտահոգությունները արտահայտելու համար բողոքի ցույց կազմակերպած մեր հայրենակիցների ներկայացուցիչների հետ:

Նույն օրը երեկոյան Հանրապետության Նախագահը հանդիպում է ունեցել Փարիզ ժամանած եվրոպական տարբեր հայաշատ համայնքների կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչների հետ, հանդես եկել ելույթով: Իր խոսքում Նախագահ Սարգսյանն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ու նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ հայաստանյան ու սփյուռքահայ շրջանակներում այս ընթացքում շրջանառված հիմնական տեսակետներին ու արտահայտված մտահոգություններին:

Նշելով, որ նման ձևաչափով հանդիպումն ինքնին նոր երևույթ է` լսելու մեր աշխարհասփյուռ ժողովրդի տարբեր հատվածների կարծիքն ու մոտեցումները քննարկվող համազգային նշանակության թեմաների շուրջ, Նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. "Այս դահլիճը հավաքական ուժ է ներկայացնում, հարյուր հազարավոր եվրոպահայերի զորության խորհուրդն ունի, և դա ես արձանագրում եմ անթաքույց հպարտությամբ: Այդ ուժը համահայկական բազում խնդիրներ է լուծել տասնամյակների ընթացքում, մշտապես եղել և մնում է Հայաստանի կողքին: Եվ կմնա, քանզի դարեր շարունակ Հայաստանը եղել է հայության երազանքների հանգրվանը: Այսօր էլ մենք միասին ենք, այս անգամ որոշումների կայացման հարցում խորհրդակցելու, կարևոր ճանապարհից առաջ աշխատանքի բաժանում կատարելու համար":

Նշելով, որ ինքն էլ մեկն է մեր հարյուր հազարավոր այն հայրենակիցներից, ովքեր ամեն օր արթնանում են հայացքն Արարատին ուղղած կամ ակամա ընդվզում որևէ համատեքստում 1915 թիվը լսելիս, Նախագահ Սերժ Սարգսյանը եվրոպահայ համայնքի ներկայացուցիչներին հրավիրել է բաց երկխոսության հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ու դրա հեռանկարների շուրջ: "Ուզում եմ լսել աշխարհասփյուռ հայերի մտահոգությունները, որովհետև այսօրինակ ցավոտ հարցում այդպիսիք չլինել չեն կարող, ուզում եմ մտովի համադրել դրանք իմ սեփական մտահոգությունների հետ, ստուգել` արդյո՞ք կան կողմեր, որ հաշվի չեն առնվել կամ բաց են մնացել, արդյո՞ք կան հարցեր, որոնց լուծման համար հնարավորությունների ստեղծման փոխարեն հնարավոր է անզգուշաբար դռներ փակենք այս փուլում",- ասել է Նախագահ Սարգսյանը:

Հանրապետության Նախագահը մեկ անգամ ևս բացառել է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման հարցում որևէ նախապայմանի հնարավորությունը և ընդգծել, որ բանակցություններն ընթացել և ընթանում են բացառապես այդ տրամաբանությամբ:

Խոսելով նախաստորագրված արձանագրությունների մասին` Սերժ Սարգսյանն ասել է.
"Այդ արձանագրությունները Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված սկզբնաքայլեր են լոկ: Դրանք բանակցությունների համար նվազագույն տանելի միջավայր ձևավորելուց բացի, որևէ այլ խնդիր այս պահին չեն լուծում, փոխարենը` մեխանիզմներ են նախատեսում առկա խնդիրները քննարկելու և ժամանակի ընթացքում հանգուցալուծելու համար: Դրանց նպատակն է ճանապարհ հարթել հարաբերությունների կարգավորման բարդ, բայց միևնույն ժամանակ անհրաժեշտ ուղու համար և անել դա արժանապատվորեն, ինչպես վայել է 21-րդ դարի քաղաքակիրթ երկրներին":

Այնուհետև Նախագահ Սերժ Սարգսյանը մանրամասնորեն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացին, նախաստորագրված արձանագրությունների ընձեռած հնարավորություններին ու դրանց վերաբերյալ առկա հիմնական մտահոգություններին: Անդրադառնալով այն տեսակետին, թե արձանագրությունների ստորագրումն ու հարաբերությունների հաստատումը Թուրքիայի հետ կարող է կասկածի տակ դնել Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց Ցեղասպանության փաստը, Նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. "Առանց եթեների միանշանակ պնդում եմ, որ նման բան գոյություն չունի":

Անդրադառնալով նախաստորագրված արձանագրություններով ենթադրվող պատմական հարթության խնդիրներով զբաղվող ենթահանձնաժողովում Թուրքիայի կողմից Ցեղասպանության եղելությունը քննարկելու և կասկածի տակ առնելու հնարավորությանը` Նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. "Հայոց Ցեղասպանության եղելությունը ապացուցման անհրաժեշտություն չունի: Եվ Թուրքիայի իշխանությունները ստիպված են լինելու վաղ թե ուշ հաշվի նստել 1.5 միլիոն անմեղ զոհերի ու տարագրված մի ողջ ժողովրդի սերունդների ցավի ու կատարված եղեռնագործության փաստի հետ: Միակ խնդիրը, որ մենք կարող ենք քննարկել, դա այն է, թե ինչպե՞ս կարող ենք օգնել Թուրքիայի ժողովրդին ավելի անաչառ լինելու սեփական պատմության էջերը թերթելու հարցում: Ավելի հստակ, թե ինչպես կարելի է վերացնել Ցեղասպանության հետևանքները":

Մեկ այլ մտահոգության առնչությամբ, թե հարաբերությունների հաստատումը Թուրքիայի հետ կարող է հարվածել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին` Նախագահ Սարգսյանն ասել է. "Անշուշտ կհարվածի, եթե աշխարհասփյուռ հայերն իրենք սկսեն հավատալ դրան: Եվ հակառակը. նոր որակ կհաղորդի գործընթացին, եթե հայությունը տեսնի բացվող հնարավորությունները և նոր եռանդով գործի անցնի":

Խոսելով առավել հաճախ հնչող մեկ այլ մտահոգության մասին, թե Թուրքիան հարաբերությունների կարգավորումը կարող է օգտագործել Արցախի հարցում ճնշում գործադրելու համար, Նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. "Ղարաբաղի հարցում գոյություն ունի բանակցությունների հստակ ձևաչափ, որով այն ընթանում է: Նախաստորագրված արձանագրությունները ոչ մի կապ չունեն Արցախի խնդրի հետ: Ակնհայտ է, որ այնտեղ ակնարկ անգամ չկա Ղարաբաղի մասին: Մեր դիրքորոշումը հստակ է. արցախյան կարգավորման հարցը չի գտնվում և չի կարող գտնվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների տիրույթում: Սա Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն է: Ասեմ ավելին, արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացը դեռևս բավականին աշխատանք է պահանջում, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ մոտակա ժամանակաշրջանում այդ խնդրի կարգավորման համաձայնագրի ստորագրումը իրատեսական չէ":

Խոսելով նախաստորագրված փաստաթղթերի մասին` Սերժ Սարգսյանն ասել է. "Ես քաջ գիտակցում եմ, թե ինչ դռներ են բացում այս արձանագրություններն ու ընթացող գործընթացը: Իմ վերջին շրջանի ելույթներում ես անընդհատ նույն հարցն եմ բարձրացնում. արդյո՞ք մենք դռներ ենք փակում: Վստահ եմ` ոչ: Իրականությունն այն է, որ սա համաձայնություն է երկու սուվերեն երկրների միջև, հետևաբար` ընդունելի և չընդունելի է երկու կողմի համար էլ: Բայց, իրականում մեզ հաջողվել է շարժվել առկա խնդիրների լուծման համար մեխանիզմների կայացման ճանապարհով` բուն լուծումները թողնելով ապագա համատեղ աշխատանքի դաշտում: Կարծում եմ, որ մեզ հաջողվել է ստանալ փաստաթուղթ, որը ոչինչ անդառնալի չի դարձնում, փոխարենը հնարավորություններ է բացում աշխատելու բոլոր նպատակների ուղղությամբ":

Ելույթի ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է. "Մենք ապրում ենք նոր քաղաքական և աշխարհաքաղաքական միջավայրում: Մենք պետք է լինենք այդ միջավայրը ձևավորողներից մեկը և չենք կարող լինել մի կողմ քաշված պասիվ դիտորդ: Մենք պետք է վարենք ակտիվ ու նախաձեռնող քաղաքականություն: Իմ հիմնական հորդորն է. եկեք հավատանք մեր ուժերին, եկեք ընդունենք, որ միասին իսկապես ուժեղ ենք և միասին էլ առաջ գնանք: Հայրենիքը չի կատարի որևէ քայլ, որը չբխի համահայկական շահերից: Մեր ռազմավարական, հեռանկարային նպատակները նույնն են, և հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը այդ ճանապարհին ոչ միայն դուռ չի փակում, այլև նոր հնարավորություններ է բացում":

Նախագահ Սարգսյանի ելույթից հետո մտքերի շահագրգիռ փոխանակում է ծավալվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Հանդիպման բոլոր մասնակիցները հնարավորություն են ունեցել արտահայտելու իրենց և իրենց ներկայացրած կազմակերպությունների ու կառույցների տեսակետները նախաստորագրված փաստաթղթերի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Հանդիպման մասնակիցներն ընդգծել են, որ, անկախ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ ունեցած տարբեր մոտեցումներից, հայկական Սփյուռքը, որպես հավաքականություն, մշտապես եղել է և պարտավոր է լինել մայր Հայրենիքի կողքին, զորավիգ լինել Հայաստանին ու Արցախին:

Հանրապետության Նախագահն իր եզրափակիչ խոսքում ամփոփել է հանդիպման ընթացքում հնչած հիմնական կարծիքները և տեսակետները, իր մոտեցումները ներկայացրել հնչած բոլոր մտահոգությունների վերաբերյալ, պատասխանել հանդիպման մասնակիցների հարցերին: "Չեմ կարծում, թե եկել է ժամանակը խոսելու հայության տարբեր հատվածների միջև պառակտման մասին: Վստահ եմ, որ երբեք նման ժամանակ չի գալու",- վստահեցրել է Հանրապետության Նախագահը:

Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համատեքստում որոշ քաղաքական ուժերի կողմից արվող հայտարարություններին ու ձեռնարկված անընդունելի քայլերին, Նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. "Ես խորը հարգանքով եմ վերաբերում գործընթացի շուրջ առկա բոլոր տեսակետներին ու հնչող բոլոր կարծիքներին: Բայց, եթե որևէ մեկն իր գործողություններով փորձում է ինձ սպառնալ, ապա նա, հավանաբար, շատ միամիտ է":

Հանդիպման ավարտից հետո, հոկտեմբերի 2-ի ուշ երեկոյան Հանրապետության Նախագահը պատասխանել է նաև լրագրողների հարցերին:

* * *

Համահայկական ուղեւորության շրջանակում Նախագահի երկրորդ կանգառը Նյու Յորքն էր: Այստեղ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 3-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի Արեւելյան ափի, ինչպես նաեւ Կանադայի հայաշատ համայնքների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ "Հայաստան" համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի տեղակալ Գագիկ Հարությունյանը, ՀՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, ԼՂՀ նախկին Նախագահ Արկադի Ղուկասյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Քննարկման մասնակիցները ողջունել են հայաշատ գաղթօջախներ այցելելու Հանրապետության Նախագահի նախաձեռնությունը: Նրանք նշել են, որ չնայած Հայաստան-Սփյուռք փոխգործակցության տասնամյակների պատմությանն ու հարուստ փորձին, Նախագահի համահայկական ուղեւորությունն ու նման ձեւաչափով հանդիպումները, ծավալվող խորքային, բազմակողմանի ու բազմակարծ քննարկումները նոր ինստիտուտ են ձեւավորում` համազգային նշանակության որոշումներ կայացնելուց առաջ աշխարհասփյուռ հայության տարբեր հատվածների ձայնը լսելու, մեկտեղելու եւ մայր Հայրենիքի մոտեցումները Սփյուռքի մեր հայրենակիցներին մանրամասն ներկայացնելու տեսակետից:

Նախագահ Սերժ Սարգսյանն իր բացման խոսքում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ու նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ հնչող հիմնական մտահոգություններին եւ մեկ անգամ եւս ընդգծել, որ Հայաստանն առաջ է գնում Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու առանց որեւէ նախապայմանի:

"Ես կարծում եմ, որ տվյալ ժամանակի համար մենք կարողացել ենք ստանալ առավելագույնը",- նշել է Նախագահ Սարգսյանն` անդրադառնալով այն մտահոգությանը, թե հնարավոր էր հայ-թուրքական բանակցությունների արդյունքում հանգել առավել հայանպաստ փաստաթղթերի:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ անցյալ օգոստոսին տարածաշրջանում տեղի ունեցած հայտնի իրադաձություններից հետո, ըստ էության, ստեղծվել է նոր իրավիճակ, ինչն իր հերթին որոշակիորեն նպաստել է հայ-թուրքական քաղաքական երկխոսության առաջմղմանը, քանզի բոլորի համար ակնհայտ է, թե ինչպիսի մեծ մարտահրավերներ են պարունակում չկարգավորված խնդիրները ժողովուրդների անվտանգության, խաղաղ ու բարգավաճ ապագայի համար: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը կնպաստի նաեւ տարածաշրջանում ընդհանուր լարվածության թուլացմանը եւ փոխվստահության մթնոլորտի մեծացմանը:

Անդրադառնալով հնչող այն մտահոգությանը, թե մեզանում մինչեւ վերջ հաշվարկված չեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ սահմանի բացման հնարավոր ազդեցությունն ու հետեւանքները, Հանրապետության Նախագահն ասել է, որ այդ առումով մասնագիտացված կառույցների ու հաստատությունների կողմից կատարվել է բավականին աշխատանք, իսկ որոշ ուղղություններով դրանք ընթացքի մեջ են, տրված են համապատասխան հանձնարարություններ: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ իրականում անհնար է զարգացման բոլոր սցենարների համար մինչեւ վերջ հաշվարկել հնարավոր բոլոր մարտահրավերներն ու ռիսկերը, բայց եւ նկատել, որ մեր շատ հայրենակիցների մոտ` Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում, նույնպիսի մտավախություններ եղել են նաեւ մեր ժողովրդի կյանքում մեծ կարեւորություն ունեցող այլ իրադարձությունների ժամանակ. "Երբ մենք քվեարկում էինք Հայաստանի անկախացման օգտին, այդ ժամանակ էլ շատերի մոտ կային մտահոգություններ ապագայի մասին, այդ ժամանակ էլ ոչ ամեն ինչ էր մինչեւ վերջ ու զարգացման բոլոր սցենարների համար հաշվարկված: Նույն կերպ, երբ Արցախին պարտադրված պատերազմում պայքարում էինք Լեռնային Ղարաբաղի ազատության եւ ինքնորոշման իրավունքի համար, կարծեք, այդ ժամանակ եւս չկային բոլոր հաշվարկներն ու կրկին կային տարբեր մտահոգություններ: Բայց մենք հավատում էինք մեր նպատակներին ու հաջողության հասանք",-նշել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Տնտեսական էքսպանսիայի մասին մտավախությունները Հանրապետության ղեկավարը համարել է անհիմն` հայտարարելով, որ պետությունն ունի բավարար գործիքներ ու մեխանիզմներ, այդ թվում` օրենսդրական, լուծումներ տալու այդ ուղղությամբ առաջ եկող խնդիրներին ու մարտահրավերներին:

Արեւելյան ափի եւ Կանադայի հայաշատ գաղթօջախների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում չի կարող քննարկվել Ցեղասպանության փաստը: "Ցեղասպանության հետ կապված միակ խնդիրը, որ կարող է քննարկման առարկա լինել, այն է, թե ինչպես կարող ենք օգնել թուրք ժողովրդին ավելի անաչառ լինելու սեփական պատմության էջերը թերթելիս կամ ավելի ճիշտ` ինչպես հաղթահարել Ցեղասպանության հետեւանքները",- նշել է երկրի ղեկավարը:

Հանդիպման մասնակիցներն իրենց կարծիքներն ու մոտեցումներն են արտահայտել նախաստորագրված արձանագրությունների, հարաբերությունների կարգավորմամբ բացվող հնարավորությունների ու առաջացող մարտահրավերների վերաբերյալ: Նրանք համակարծիք են եղել, որ անկախ գործընթացի եւ նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ ունեցած տարբեր տեսակետներից, մեկ բան ակնհայտ է` Սփյուռքը եղել եւ պարտավոր է լինել Հայաստանի ու Արցախի կողքին:

Ամփոփելով նյույորքյան հանդիպումը` Նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. "Ամենակարեւորն այն է, որ մենք որոշումների կայացման այս պատասխանատու փուլում ուժ գտնենք մեկս մյուսին հասկանալու: Ես հավատում եմ Հայաստանի լավ ապագային: Հավատում եմ, որովհետեւ տեսնում եմ ճիշտ ճանապարհը",- նշել է երկրի ղեկավարը եւ կոչ արել սփյուռքահայ մեր քույրերին ու եղբայրներին` սատար կանգնել հաստատուն քայլերով առաջ տանելու մայր Հայրենիքը:

* * *

Շարունակելով համահայկական ուղեւորությունը` Նախագահ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի եւ նախաստորագրված արձանագրությունների շուրջ ծավալված քննարկումների համատեքստում հոկտեմբերի 4-ին Լոս Անջելեսի "Հիլթոն" հյուրանոցի սրահում հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի Արեւմտյան ափի եւ Լատինական Ամերիկայի երկրների հայաշատ համայնքների ազգային տարբեր կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչների հետ:

Ինչպես եւ համահայկական ուղեւորության ընթացքում տեղի ունեցած մյուս հանդիպումների ժամանակ, Հանրապետության Նախագահը հանդես է եկել բացման խոսքով, որտեղ հանգամանորեն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ նախաստորագրված արձանագրություններին, փաստաթղթերի ընձեռած հնարավորություններին, առկա հիմնական մտահոգություններին, լսել հանդիպման մասնակիցների տեսակետները խնդրի վերաբերյալ, պատասխանել նրանց հարցերին:

Հանդիպման մասնակիցները ողջունել են Հանրապետության Նախագահի նախաձեռնությունը` համազգային նշանակության այս խնդրի վերաբերյալ լսելու Սփյուռքի մեր հայրենակիցների կարծիքը եւ առաջին ձեռքից ստանալու տեղեկություններ գործընթացի մասին: Կարեւորվել է Հանրապետության Նախագահի կողմից տրվող տեղեկությունների ու տեսակետների պատշաճ փոխանցումը հանդիպմանը մասնակից կազմակերպությունների անդամներին եւ Սփյուռքի մեր բոլոր քույրերին ու եղբայրներին:

Նախագահ Սարգսյանը` խոսելով հայ-թուրքական քաղաքական երկխոսության մասին, նշել է, որ Թուրքիայի հետ բանակցություններ վարվել են Հայաստանի անկախացումից ի վեր եւ վերջին շրջանում միայն դրանք հրապարակայնացվել են: Սերժ Սարգսյանը ցանկացած բանակցության համար կարեւոր է համարել ոչ միայն դրված նպատակներին հետամուտ լինելու կամքը, այլեւ այն ժամանակային ու իրավիճակային միջավայրը, որում ընթանում են դրանք` վստահություն հայտնելով, որ այն հայկական կողմի համար բարենպաստ է եղել ` ամրագրելու իր առջեւ դրված նպատակները: Խոսելով նախաստորագրված արձանագրությունների մասին` Նախագահ Սարգսյանը նշել է. "Այո՛, ես հավատում եմ, որ հնարավոր է նորմալ բանակցել, նորմալ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ եւ այդ ամենից ոչ միայն չտուժել, այլեւ` օգուտներ քաղել":

Հանդիպման ավարտից հետո "Հիլթոն" հյուրանոցի սրահում` ի պատիվ Հայաստանի Հանրապետության Նախագահի այցելության, Հայ բարեգործական ընդհանուր միության կողմից տրվել է ընթրիք, որին մասնակցել են ԱՄՆ-ի Արեւմտյան ափի ու Լատինական Ամերիկայի երկրների հայաշատ համայնքների ավելի քան 500 ներկայացուցիչներ: Ընթրիքի սկզբում սրահ են բերվել Հայաստանի Հանրապետության, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Կալիֆորնիա նահանգի դրոշները, հնչել են երկու երկրների օրհներգերը:

Դիմելով ընթրիքին մասնակից սփյուռքահայ մեր քույրերին ու եղբայրներին` Հայաստանի Հանրապետության Նախագահն ասել է.

"Սրբազա՛ն հայրեր, սիրելի՛ հայրենակիցներ, տիկնա՛յք եւ պարոնա՛յք:

Ողջունում եմ բոլորիդ եւ շնորհակալություն հայտնում այս երեկոն միասին անցկացնելու հնարավորության համար:

Այսօր մենք բավականաչափ արդյունավետ ու կարեւոր քննարկում ծավալեցինք, քննության առանք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա փուլը, դիտարկեցինք հեռանկարները, վերաամրագրեցինք ազգային երկարաժամկետ մեր նպատակները: Սա իմ կողմից նախաձեռնված համահայկական ուղեւորության երրորդ հանգրվանն ու քննարկումն էր, որին մասնակցեցին հայորդիներ ԱՄՆ Արեւմտյան ափից եւ Լատինական Ամերիկայի երկրներից:

Պատճառներից մեկը, թե ինչու այսօր "հայ" բառարմատից առաջ ունենք ավելի քան 120 տարբեր երկրների անուններով սկսվող այլ արմատներ (ամերիկահայ, արգենտինահայ, բրազիլահայ եւ այլն), Թուրքիան է: 19-րդ, 20-րդ դարերի Թուրքիան: Սակայն ցավը` սեր, ընտանիք, օջախ կորցնելու ցավը, թերեւս, հազարամյակներով է չափվում... Բայց այսօր մենք դեռ զղջում չենք տեսնում, ավելին` մերժողականություն ենք տեսնում: Ժամանակի միջոցով մեր ձայնը ցածրանալու սին սպասում ենք տեսնում: Իզուր: Մեր ցավը խորն է: Մեր կորուստը` անամոքիչ: Մեր ձայնը` անլռելի: Մեր ոգին` անկոտրում: Այս ամենը կա: Բայց պակասող բաներ էլ ունենք: Մեզ շատ է խանգարում թերահավատությունը սեփական ուժերի նկատմամբ:

Այս գեղեցիկ դահլիճում եւ ողջ աշխարհում մեզ բոլորիս միավորում են հայոց իղձերն ու Հայաստանի ճակատագիրը, որ ամենաուղղակի կերպով կապված է աշխարհասփյուռ հայության ճակատագրի հետ: Մեր բոլոր մտքերը, ապրումները, երբեմն զայրույթն ու պոռթկումը, թեժ բանավեճերն ու հանդարտ քննարկումները, լուռ աշխատանքն ու բողոքի դրսեւորումները մեծ հաշվով ունեն մեկ նպատակ` տեսնել վաղվա Հայաստանը ավելի հզոր, ավելի գեղեցիկ, ավելի բարեշեն, տեսնել հայությունն ավելի համախումբ, ավելի կուռ ու կազմակերպված: Մեզ միավորում են ոչ միայն մեր արմատները, այլեւ ազգային երազանքները:

Ապագա Հայաստանը լինելու է այնպիսին, ինչպիսին մենք այն կերազենք, կծրագրենք ու կսկսենք կերտել այսօր: Ալեքսանդր Թամանյանը երազում, ծրագրում ու սկսում էր կառուցել համայն հայության մայրաքաղաք Երեւանը: Հաջորդ սերունդներն իսկապես ապրեցին թամանյանական քաղաքում: Իհարկե, ժամանակն իր անխուսափելի սրբագրումներն արեց, բայց, կրկնում եմ, մենք ապրեցինք այդ քաղաքում: Նույն վիճակն է այսօր: Ինչպիսին մենք մեր մտքի ուժով կպատկերացնենք, այնպիսին էլ կլինի մեր վաղվա երկիրը: Դրա համար անհրաժեշտ է առաջին հերթին այն հավատը, որ ուներ Թամանյանը. նախ` իր, ապա հայության ապագայի հանդեպ: Ես այստեղ եմ նաեւ նրա համար, որ մենք միասին նորոգենք մեր հավատը սեփական ուժերի եւ գալիքի նկատմամբ":

* * *

Ավարտելով հանդիպումները Լոս Անջելեսում Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լիբանան: Հոկտեմբերի 6-ին Հայաստանի Նախագահը Բեյրութում հանդիպում է ունեցել Մերձավոր Արեւելքի, Եգիպտոսի, Իրանի եւ Ծոցի երկրների հայաշատ համայնքների, ազգային կազմակերպությունների ու կառույցների ավելի քան հարյուր ներկայացուցիչների հետ:

Մինչ հանդիպումը Հայաստանի Հանրապետության Նախագահին է այցելել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը: Սերժ Սարգսյանն ու Արամ Առաջինը զրուցել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ նախաստորագրված արձանագրություններին վերաբերող հարցերի մասին:

Բեյրության հանդիպման մասնակիցները եւս բարձր են գնահատել Նախագահ Սարգսյանի նախաձեռնությունը` այցելելու սփյուռքահայ գաղթօջախներ, լսելու աշխարհասփյուռ հայության ներկայացուցիչների տեսակետները կարգավորման գործընթացի ու նախաստորագրված փաստաթղթերի վերաբերյալ ու փաստել, որ Նախագահի ուղեւորությունը համազգային քննարկումների նոր ինստիտուտի հիմք է դնում` աշխարհասփյուռ մեր ժողովրդի տարբեր հատվածների մասնակցությամբ համահայկական նշանակության խնդիրները քննարկման առարկա դարձնելու առումով:

Նախագահ Սարգսյանը Բեյրութում եւս հանդիպման սկզբում հանդես է եկել ելույթով եւ անդրադարձել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ու նախաստորագրված փաստաթղթերի վերաբերյալ հնչեցված հիմնական տեսակետներին ու մտահոգություններին: Ծավալվել է աշխույժ եւ բաց երկխոսություն, այնուհետեւ Հանրապետության Նախագահը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին:

Սերժ Սարգսյանն օգտակար է գնահատել համահայկական ուղեւորության ընթացքում տեղի ունեցած հանդիպումները եւ նշել, որ բացի հնչող կողմ կամ դեմ փաստարկներից, եղել են նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ կապված շատ արժեքավոր առաջարկություններ: "Հայաստանի ու Թուրքիայի միջեւ այժմ գոյություն ունեցող անբնական վիճակը օգտակար չէ ո'չ մեզ, եւ ո'չ էլ Թուրքիայի համար: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանների բացումը հնարավորություն կտա ստեղծել մի հարթակ, շատ թե քիչ տանելի մի միջավայր` երկխոսությունն ու բանակցություններն առաջ տանելու համար",- նշել է երկրի ղեկավարը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հնչող մտահոգություններին` Հանրապետության Նախագահը շեշտել է. "Ինձ մոտ էլ կան մտահոգություններ: Ես ինքս էլ շատ պարագաներում փորձում եմ իմ հույզերը համադրել այն մարդկանց հույզերի հետ, ովքեր վատատես են, ովքեր անցյալի դառը փորձից ելնելով` համարում են, որ Թուրքիայի հետ, ընդհանրապես, որեւէ պարագայում չի կարելի խոսել կամ բանակցել: Այս ամենն օբյեկտիվ է: Մյուս կողմից կան արդյո՞ք մտահոգություններ: Իհարկե` կան: Բայց, արդյո՞ք այդ մտահոգությունները կարող են պատճառ լինել, որ խոչընդոտ հանդիսանան հարաբերությունների հաստատման համար":

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ նման մտահոգություններ եղել են նաեւ մեր ժողովրդի վերջին քսանամյակի պատմության երկու կարեւորագույն զարգացումների` անկախության հռչակման եւ Արցախի ազատության ու ինքնորոշման իրավունքի համար մղված զինված պայքարի ժամանակ: "Ու չնայած գոյություն ունեցած մտահոգություններին` վստահությունն ու հավատը սեփական ուժերի նկատմամբ բերեց ցանկալի արդյունքի",- ընդգծել է մեր երկրի ղեկավարը:

Նախագահ Սարգսյանը մանրամասնորեն անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առնչությամբ հնչող բոլոր հիմնական մտահոգություններին, տվել լրացուցիչ պարզաբանումներ: "Մենք բազմիցս շեշտել ենք, որ Ցեղասպանության ճանաչումը ոչ միայն արդարության վերականգնման խնդիր է, այլեւ կարեւոր հանգամանք Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգության տեսանկյունից: Այն անհրաժեշտություն է",- նշել է Սերժ Սարգսյանը:


Հանրապետության Նախագահը նկատել է նաեւ, որ հայ-թուրքական գործընթացի արդյունքում վերջին մեկ տարում էականորեն աճել է Հայոց Ցեղասպանությունը փաստարկող հիշատակումներն ու լուսաբանման ծավալը համաշխարհային առաջատար լրատվության միջոցներում:


Անդրադառնալով հնչող մտահոգությանը, թե գործընթացի արդյունքում Թուրքիան կարող է դերակատարություն ստանձնել Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում, Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ "Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծում կստանա միայն այն դեպքում, երբ տեսնենք, որ ունենք այն, ինչի համար մենք` մեր ժողովուրդը, պայքարել է 1988 թ. սկսած": Նախագահ Սարգսյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ Արցախի հիմնախնդրի հանգուցալուծումն ու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը որեւէ կերպ փոխշաղկապված չեն, ինչի մասին բազմիցս հայտարարվել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից:



***



Հանդիպման ավարտից հետո Հանրապետության Նախագահը մասնակցել է իր` Բեյրութ կատարած այցելության առիթով տրված ընթրիքին: Դիմելով ընթրիքի մասնակիցներին` Սերժ Սարգսյանն ասել է.


"Սիրելի՛ հայրենակիցներ,


Այսօր ես ցանկանում եմ լիբանանահայության օրինակով խոսել մի երեւույթի մասին, որին դուք տեղյակ եք ինձնից ավելի լավ: Խոսքն այն մասին է, թե ցեղասպանություն վերապրած հայերը ինչպես, ինչ վիճակով հասան Լիբանան եւ մեկ-երկու սերունդ հետո ինչ արդյունքներ արձանագրեցին: Իրենց տնից, հողից, գույքից զրկած, կիսաքաղց ու կիսամեռ մեր ժողովրդի բեկորները, որոնց մեջ մեծաթիվ էին նաեւ որբերը, շատ կարճ ժամանակահատվածում ստեղծեցին մի ծաղկուն հայկական գաղթօջախ իր ենթակառուցվածքներով` եկեղեցիներով, դպրոցներով, մամուլով, մշակութային, մարզական, բարեսիրական կառույցներով եւ աճեցրին հայախոս ու հայրենասեր նոր սերունդներ:

Վերապրելու այս բացառիկ կամքն ու կարողությունը հետագայում պիտի կոչվեր "հայկական ֆենոմեն": Այս նույն պատմության կրկնությունը մենք տեսանք աշխարհով մեկ սփռված հայության նաեւ մյուս կղզյակներում, ինչը կարող են վկայել այստեղ ներկա տարբեր համայնքների ներկայացուցիչները:

Համեմատեք. ինչ էր իրենից ներկայացնում լիբանանահայությունը 1915 թվականին, եւ ինչ էր իրենից ներկայացնում նույն գաղթօջախը ընդամենը կես դար անց` 1965 թվականին: Ես ուզում եմ, որ այս նույն զուգահեռով դուք պատկերացնեք, թե ինչ էր Հայաստանը 1991 թվականին, երբ հռչակեց իր անկախությունը, եւ ինչ է լինելու Հայաստանը կես դար անց` 2041 թվականին: Սրան գումարեք Հայաստանի զարգացման երեք բացառիկ առավելությունները` մեծաքանակ հայություն, հայրենի հող եւ անկախ պետականություն: Իմ խոսքը երազանքների եւ անուրջների մասին չէ, այլ այն իրական ճանապարհի, որ անցել են ձեր հայրերի ու պապերի սերունդները ձեր աչքի առաջ այստեղ` Լիբանանի հյուրընկալ հողի վրա եւ տարածաշրջանի մյուս երկրներում: Նույն այդ ճանապարհը` ոտքի կանգնելու, գործ դնելու, հարմարավետ տուն կառուցելու, բարեկարգ գյուղեր ու քաղաքներ ձեւավորելու, երեխաներին պատշաճ կրթություն տալու ճանապարհն անցնում ու անցնելու է նոր Հայաստանը: Չեմ կասկածում` հաջողելու ենք, եւ ուզում եմ, որ դուք էլ չկասկածեք, որովհետեւ մեր ժողովրդի տարբեր հատվածներ եւ ողջ հայությունը հավաքաբար պատմության ընթացքում դա արել է բազմիցս:

Այսօր Հայաստանի եւ հայության առաջ ծառացել են բազում խնդիրներ ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական, ե՛ւ այլ բնույթի: Բայց երբ դիտում ենք համեմատության մեջ, ակնհայտ է դառնում, որ վերջին հարյուրամյակների ընթացքում մենք զարգացման ավելի բարենպաստ պայմաններ չենք ունեցել:

Երբ մենք անկախություն էինք հռչակում, Հայաստանի մեկ երրորդը, բառի ուղղակի իմաստով, հողին էր հավասարված երկրաշարժի արդյունքում: Մենք ընդունել էինք հարյուր հազարավոր փախստականներ Ադրբեջանից: Մենք գիտակցում էինք, որ կանգնած ենք դաժան եւ հյուծիչ պատերազմի շեմին, բայց մենք հավատացինք մեզ, հավատացինք ձեզ, հավատացինք "հայկական ֆենոմենին": Անցած տարիները ցույց տվեցին, որ այդ փորձությունները մենք կարողացանք հաղթահարել. անշուշտ` համատեղ ուժերով:

Ես այստեղ եմ, որովհետեւ ձեր մտահոգություններին իրազեկ լինելու, ձեզ լսելու կարիքն ունեմ: Դա իսկապես ինձ օգնելու է իմ աշխատանքում: Բայց ես այստեղ եմ նաեւ հորդորելու ձեզ հավատալ ու վստահել Հայաստանին: "Հավատալ ու վստահել" չի նշանակում ձեռքերը ծալած նստել կամ սպասել հրահանգների: Մեր պարագայում դա բացառված է: "Հավատալ ու վստահել Հայաստանին" նշանակում է ակտիվորեն արձագանքել Երեւանի նախաձեռնություններին եւ միաժամանակ նրանից պահանջել այն, ինչ պարտավոր է անել համայն հայության հայրենիքը իր հայրենազուրկ զավակների համար:

Մենք աշխարհում ունենք բազմաթիվ բարեկամներ, բայց կան նաեւ թշնամաբար տրամադրված ուժեր, որոնք երազում են անվստահության եւ անհասկացողության պատեր ստեղծել հայության տարբեր հատվածների միջեւ, պառակտել ոչ միայն առանձին գաղութներ, այլեւ պառակտել Հայաստանն ու Արցախը, Հայաստանն ու Սփյուռքը: Այդ ուժերը պարզապես երազելով չեն զբաղված, նրանք ակտիվորեն գործում են: Նրանք գիտեն, թե որն է մեր ամենահզոր զենքը: Դա միասնության ուժն է, որ կարող է սարեր շարժել: Մնում է, որ մե՛նք դա գիտակցենք եւ պարբերաբար նորոգենք մեր ուխտը` ընդհանուր արմատների, ընդհանուր նպատակների, ընդհանուր ապագայի մեր ուխտը:

Հայաստանն առաջ է ընթանում: Այսօր բոլորիս պարտքն է անել առավելագույնը այդ ընթացքն արագացնելու համար, այդ առաջընթացին նոր խթաններ հաղորդելու համար, որովհետեւ, ինչպես Պարույր Սեւակն էր ասում. "Մենք իրավունք չունենք ուշանալու պատմության գնացքից կամ օդանավից":

Մեզ անհրաժեշտ են արդիական, ժամանակակից աշխարհին հասկանալի, բայց նաեւ հայ իրականության համար ընդունելի լուծումներ: Համոզված եմ, որ մեր հավաքական միտքը գտնելու է այդ լուծումները, ինչպես եղել է նախկինում, երբ մենք շատ ավելի բարդ իրավիճակներում գտել ենք ճիշտ ու դիպուկ ելքեր: Մենք այսօր ունենք պայքարի բազում ճակատներ, բայց մենք` Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը, կազմում ենք կուռ եւ միասնական ճակատ: Այսպիսի ճակատ ունենալով մենք անհաղթ ենք եւ անմահ:

Ուրեմն կեցցե՛ Հայաստանը եւ փա՛ռք հայ ժողովրդին":

* * *

Հոկտեմբերի 7-ին Դոնի Ռոստովում Ռուսաստանի եւ ԱՊՀ այլ երկրների հայաշատ համայնքների, կազմակերպությունների ու կառույցների ավելի քան 250 մասնակիցների հետ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլին նվիրված հանդիպմամբ ավարտվել է Նախագահ Սերժ Սարգսյանի մեկշաբաթյա համահայկական ուղեւորությունը: Նույն օրն ուշ երեկոյան երկրի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երեւան:



***


Դոնի Ռոստովում կայացած հանդիպմանը Նախագահ Սարգսյանը դիմելով արտերկրաբնակ մեր հայրենակիցներին` ասել է. "Սա մեր համահայկական ուղեւորության վերջին կանգառն է: Մենք այստեղ ենք եկել Եվրոպայի, Ամերիկայի, Մերձավոր Արեւելքի գաղթօջախների ներկայացուցիչների հետ հանդիպումներից ստացած հարուստ տպավորություններով: Բնականաբար տարբեր երկրներում կան տեղական առանձնահատկություններ, բայց ամենուրեք ես տեսել եմ Հայրենիքի կարոտով ու հոգսերով ապրող մեր հայրենակիցների. այդ թվում` նաեւ ինձ քննադատողների մեջ£ Ամենուրեք նրանց կոչ եմ արել բազմապատկել ջանքերը Հայաստանին քաղաքականապես, տնտեսապես ու ամեն կերպ զորակցելու ուղղությամբ, չթուլացնել, ընդհակառակն ավելացնել ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման ուղղությամբ: Աշխարհում չկա մեկ հայ, որ երկրորդ կարծիք ունենա ցեղասպանության կամ Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ: Այսպիսի միասնականությունը կարող է սարեր շարժել եւ, որքան էլ որոշ թուրք ղեկավարներ փորձեն մեր հայրենակիցների շահագրգիռ վերաբերմունքը, սրտացավությունը մեր երկրի նկատմամբ ներկայացնել որպես պարտադրանքի փորձ, դա նրանց չի հաջողվի: Նրանց չի հաջողվի սեպ խրել Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ:

Ես նախաձեռնեցի այս ուղեւորությունը, որովհետեւ ունեմ աշխարհասփյուռ մեր քույրերի եւ եղբայրների սատարման կարիքը: Ընդ որում այդ սատարումը պարտադիր չէ, որ արտահայտվի նախաստորագրված արձանագրություններին միաձայն հավանություն տալու ձեւով: Շատ ավելի կարեւոր է մեր ժողովրդի ոգին, հավաքական հիշողությունն ու գործելու պատրաստակամությունը:

Ես այս մեկ շաբաթվա ընթացքում տեսա բազմաթիվ հայերի, ովքեր ապրում են աշխարհի ամենատարբեր անկյուններում, անդամակցում տարբեր կուսակցությունների, կամ` անկուսակցական են, ովքեր սովորում են կամ ավարտել են աշխարհի լավագույն բուհերը, եւ նրանց, ում ուսումը միջնակարգ է կամ նույնիսկ թերի միջնակարգ: Կային տարբեր կարողության, տարբեր աշխարհընկալման, տարբեր համոզմունքների տեր մարդիկ: Կային ինձ սատարողներ եւ համոզված ընդդիմախոսներ: Բայց մեզ բոլորիս միավորում էր մեկ բան` անսահման սերը դեպի մեր Հայրենիքը, մեր անկեղծ ցանկությունը, որ մեր երկիրը ներկայանա արժանապատիվ կերպով, լինի պաշտպանված բոլոր վտանգներից, եւ մեր ժողովուրդն ապրի բարեկեցիկ կյանքով: Եվ վստահեցնում եմ Ձեզ, որ դրա ճանապարհը առաջընթացն է:

Եթե հետադարձ հայացք գցեք պատմությանը, կտեսնեք, որ աշխարհում որեւէ կարեւոր բան տեղի չի ունենում լճացման պայմաններում: Ուրեմն եւ մեր Հայրենիքի առաջխաղացումը կախված է արդիականանալու, զարգանալու, ջանք ներդնելու մեր պատրաստակամությունից: Եվ դա հանուն, եւ ոչ թե ընդդեմ ինչ-որ մի բանի գործընթաց է:

Հատկապես այս դահլիճում ես ուզում եմ կանգ առնել մի կարեւոր հարցի վրա: Ոմանք այս օրերին փորձում են կարծիք տարածել, թե իբր հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման նպատակը Հայաստանը Ռուսաստանից հեռացնելն է: Անհիմն, թյուր եւ անտեղյակության գոհարներ են իրականում նման մտքեր, որոնք երբեմն հրամցվում են նաեւ որպես վերլուծությունների արդյունք: Հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը զարգանում է լայն թափով, այդ թվում նաեւ ՀԱՊկ շրջանակներում, իսկ մոտ ապագայում, ես կարծում եմ, դուք բոլորդ ականատեսը կլինեք զարգացումների, որոնք վերջակետ կդնենք նույնիսկ ամենաթերահավատների կասկածանքներին:

Ես ընդունում եմ, որ յուրաքանչյուր նորի մեջ կա ռիսկի գործոն: Երբ մենք անկախություն էինք հռչակում, այն ժամանակ էլ կային մտավախություններ Հայաստանի եւ հայ ժողովրդի ճանապարհի վերաբերյալ: Երբ մենք սկսում էինք Արցախյան շարժումը, որ պիտի հանգեցներ նոր իրողությունների, մենք կրկին ունեինք լուրջ մտահոգություններ: Բայց մենք երկու դեպքում էլ որոշում ենք ընդունել եւ շարժվել ենք առաջ: Որոշում ենք ընդունել հավատալով մեր ուժերին, հավատալով, որ մենք ճիշտ ենք արձագանքում ժամանակի հրամայականին: Այսօր էլ պիտի կարողանանք որոշում ընդունել ու շարժվել առաջ: Գիտակցել վտանգները չի նշանակում հետ կանգնել ճիշտ ճանապարհից, ընդհակառակը` նշանակում է առաջ ընթանալ զգույշ, բայց հաստատակամ, խոչընդոտները հաղթահարելով կամ խելամտորեն շրջանցելով:

Այս օրերին, իմ ուղեւորության շրջանակներում եւ հայրենիքում շատ է խոսվել նախաստորագրված արձանագրությունների դրական ու բացասական կողմերի մասին: Չեմ ուզում կրկնվել, որովհետեւ լսել եք փաստարկներն ու դիրքորոշումները: Ես մեծ սիրով կպատասխանեմ Ձեր հարցերին: Բայց ունեմ մի խնդրանք` բավական է առաջնորդվենք նրանով, թե ինչ է ուզում տեսնել այս արձանագրություններում թուրքական կողմը: Ի վերջո, այս նախաձեռնության մեկնարկը մենք ենք տվել, եւ մենք պետք է լինենք այս գործընթացն առաջնորդողը: Իհարկե՛, հնարավոր են, եղել են եւ լինելու են սադրանքներ, գործընթացը վիժեցնելու փորձեր, բազմաթիվ թաքնված եւ ակնհայտ վտանգներ: Բայց եթե այդ ամենը չլիներ, չէր լինի եւ մեր այս ջանքերի կարիքը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մենք թեւակոխում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության նոր` ավելի բազմաշերտ փուլ: Ցանկացած նոր գաղափար կամ իրողություն հանդիպում է դիմադրության: Դա բնական է: Իսկ խնդիրները, որոնք կապ ունեն տասնամյակներով մեզ ուղեկցող ցավին, հատկապես զգայուն եւ զգացական մոտեցում են պահանջում:

Այսօր մենք գտնվում ենք Դոնի Ռոստովում, կարելի է ասել` Նոր Նախիջանում, որ հիմնել են հիմնականում արեւմտահայերը: Նրանց, այսինքն` մեզանից շատերի պատմական հայրենիքը Արարատից այն կողմն է, Հայաստան-Թուրքիա սահմանագծից այն կողմ: Տեսնել այդ սահմանը` չի նշանակում մոռանալ կամ ուրանալ իրողությունը:

Այս օրերի ընթացքում ես ողջ աշխարհից հավաքված հայորդիների հետ եմ շփվել, բազում լուրջ աչքեր եմ տեսել` խելամիտ, խոսուն ու խիզախ հայացքներ եմ տարբերել, վստահություն ու կայացած մարդու խորություն եմ տեսել, հայոց հավաքական ոգին ու ուժն եմ շոշափել: Նայե՛ք խնդրում եմ միմյանց: Մենք ուժեղ ենք: Սրանք լոկ խոսքեր չեն: Սա պետք է զգալ: Հենց մենք զգացինք, այլ կերպ կգործենք: Վստահեցնում եմ: Պետք չէ թերահավատ լինել սեփական ուժերի նկատմամբ:

Ժամանակն աշխատում է նրանց օգտին, ովքեր խելամտորեն են օգտագործում այդ ժամանակը, ովքեր ճիշտ են բաշխում իրենց ուժերը: Աշխատենք ձեռքձեռքի տված` Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ, աշխատենք ճիշտ, եւ ժամանակը կաշխատի մեր օգտին, կդառնա մեր դաշնակիցը":

Բացման խոսքից հետո Հանրապետության Նախագահը լսել է հանդիպման մասնակիցների կարծիքն ու տեսակետները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլի եւ նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ, պատասխանել նրանց բարձրացրած հարցերին:

Ներկաները ողջունել են Նախագահ Սարգսյանի համահայկական ուղեւորության նախաձեռնությունը եւ նշել, որ նման հանդիպումը լավ հնարավորություն է առաջին ձեռքից լրացուցիչ եւ օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու գործըն

← Վերադառնալ