23
01, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Սոչի

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Երկկողմ հանդիպմանը հաջորդել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը` նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

Նախագահ Սերժ Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպման ժամանակ քննարկվել են առևտրատնտեսական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում երկու երկրների փոխգործակցությանն ու տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է եղել համագործակցության 2011թ. արդյունքներին ու երկկողմ կապերի առավել ամրապնդմանն ուղղված զարգացման հետագա ծրագրերին:

«Հարգելի՛ Սերժ Ազատի, մեզ մոտ արդեն բարի ավանդույթ է ձևավորվել ձմռանը Սոչիում, լեռներում հանդիպել: Եվ ես դա խորհրդանշական եմ համարում: Մենք այժմ կքննարկենք հայ-ռուսական փոխգործակցության ընթացիկ վիճակը, կխոսենք այն մասին, թե ինչպես ավարտվեց անցած տարին: Այն վատ չի ավարտվել և՛ առևտրաշրջանառության, և՛ մեր համագործակցության տարբեր տեսանկյուններից՝ սկսած տնտեսականից, վերջացրած ռազմատեխնիկականով: Եթե խոսելու լինենք ապագայի մասին, ապա բացի ավանդական բիզնեսի զարգացումից, որն առանց այդ էլ ներթափանցում է հայ-ռուսական փոխգործակցության ամբողջ դաշտը, անհրաժեշտ է մտածել խոշոր նախագծերի մասին:

Երկկողմ հարաբերություններից բացի, առաջարկում եմ քննարկել տարածաշրջանային խնդիրներ: Կյանքը բավականաչափ բարդ է, կան մի ամբողջ շարք ոչ դյուրին մարտահրավերներ, այդ թվում՝ մեր տարածաշրջանում: Հետո մենք Ձեզ հետ կշարունակենք տարածաշրջանային շատ բարդ խնդիրներից մեկի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի քննարկումն արդեն մեր ադրբեջանցի գործընկերոջ ներկայությամբ:

Սրտանց ողջունում եմ Ձեզ և շատ ուրախ եմ Ձեզ կրկին տեսնել Սոչիում»,-Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մեդվեդևին՝ հրավերքի և այն ջանքերի համար, որ ՌԴ նախագահը ներդնում է ղարաբաղյան խնդրի լուծման ուղղությամբ:

«Այս հանդիպումներն իսկապես դարձել են ավանդական, դրանք շատ օգտակար են: Շնորհակալություն Ձեզ այն ջանքերի համար, որոնք Դուք ներդնում եք ղարաբաղյան խնդրի լուծման ուղղությամբ: Իրոք, և՛ այս հանդիպումները, և՛ Ձեր ջանքերը, և՛ այն ժամանակը, որ Դուք հատկացնում եք այս խնդրի լուծմանը, թույլ են տալիս Հարավային Կովկասում ունենալ քիչ թե շատ վերահսկելի իրադրություն: Դրա համար էլ դրանք շատ օգտակար են, և, բնականաբար, սա լավ հնարավորություն է քննարկելու մեր երկկողմ հարցերը:

Ես լիովին կիսում եմ այն տեսակետը, որ անցած տարին մենք վատ չենք ավարտել: Ամեն դեպքում, մոտավորապես 15 տոկոս աճել է առևտրաշրջանառությունը: Դա էական է: Շնորհակալություն մեծ նախագծեր քննարկելու պատրաստակամության համար: Մեզ համար դա շատ կարևոր է»,- ՌԴ նախագահին ասել է Սերժ Սարգսյանը:

Սոչիում քիչ առաջ ավարտվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը` նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, որի արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն:



***



Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանական Հանրապետության նախագահների համատեղ հայտարարությունը
(23 հունվարի, 2012թ.)

Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանական Հանրապետության նախագահները ՌԴ նախագահի հրավերով 2012թ. հունվարի 23-ին հանդիպեցին Սոչիում և քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքն ու հեռանկարները:

Երեք երկրների ղեկավարներն ընդգծեցին ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ իրականացված աշխատանքի մեծ ծավալը՝ սկսած 2008թ. նոյեմբերի 2-ի նրանց հանդիպումից, երբ ընդունվեց մոսկովյան հռչակագիրը: Նախագահները հայտարարեցին, որ ինտենսիվ բանակցութունների արդյունքում առաջընթաց է ձեռք բերվել ԼՂ կարգավորման Հիմնարար սկզբունքների համաձայնեցման շուրջ:

Նկատի առնելով Խաղաղ համաձայնագրի մշակմանն անցնելու կարևորությունը, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության նախագահները պատրաստակամություն հայտնեցին արագացնել Հիմնարար սկզբունքների շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը` հաշվի առնելով մինչ այժմ իրականացված աշխատանքը:

Երկու նախագահները բարձր գնահատեցին Ռուսաստանի Դաշնության և ԵԱՀԿ Մինսկի համանախագահ մյուս երկրների միջնորդական առաքելությունն ու հույս հայտնեցին, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան այդ կարգավիճակում հետագայում ևս ակտիվ դերակատարություն կունենան կարգավորման գործում` ընդհուպ մինչև տարածաշրջանում վերջնական խաղաղության ու կայունության հաստատումը:

Ի զարգացումն 2011թ. մարտի 5-ին Սոչիում արված Համատեղ հայտարարության դրույթի, Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանական Հանրապետության նախագահներն ի գիտություն ընդունեցին համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի՝ շփման գծի երկայնքով միջադեպերի հետաքննության անցկացման մեխանիզմի վերաբերյալ համատեղ մշակած զեկույցը և հանձնարարեցին շարունակել այդ աշխատանքը:

Նախագահները հաստատեցին, որ ԼՂ կարգավորման համատեքստում վստահության ամրապնդման միջոցներից է կողմերի միջև հումանիտար շփումների զարգացումը: Այդ առումով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության նախագահներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին նպաստելու մտավորականության, գիտական և հասարակական շրջանակների ներկայացուցիչների միջև հետագա երկխոսության հաստատմանը:



← Վերադառնալ