30
09, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ֆրանսիայի Հանրապետություն

 

Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 1-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Հանդիպման սկզբում Սերժ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Նախագահին ջերմ հյուրընկալության համար և նշել, որ իր համար մեծ հաճույք է վերստին այցելել բարեկամ Ֆրանսիա:

Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է նշել, որ երկու ժողովուրդների պատմական սերտ կապերից սնուցվող հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունները վերջին քսան տարիների ընթացքում շարունակական զարգացում են ապրել` հասնելով պատմականորեն ամենաբարձր մակարդակին: Հայ-ֆրանսիական բարեկամությունը, Նախագահի բնորոշմամբ, այնքան խորը, ընդգրկուն և բազմաշերտ է, որ դժվար է մի քանի նախադասությամբ բնութագրել այն:

Սերժ Սարգսյանի խոսքով, հարաբերությունների նման որակի երկու երկրները հասել են բարձրաստիճան քաղաքական երկխոսության պարբերականության` այդ թվում Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների փոխայցերի, միջխորհրդարանական սերտ համագործակցության, մշակութային, կրթական, գիտական սերտ կապերի, ինչպես նաև տարբեր ոլորտների պատասխանատուների բնականոն շփումների շնորհիվ:

Նախագահը նշել է, որ հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերություններում վերջին տարիներին բարձր մակարդակի այդ երկխոսությունը պահպանելու հրաշալի ավանդույթ է ձևավորվել՝ տարեկան առնվազն մեկ հանդիպում ունենալ նախագահների մակարդակով, որի ժամանակ քննարկվում են հայ-ֆրանսիական, ինչպես նաև Հայաստան-ԵՄ համագործակցության հարցերը, տարածաշրջանային և գլոբալ հրատապ խնդիրները:

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներն այսօրվա հանդիպմանը ևս հանգամանորեն անդրադարձել են վերոնշյալ թեմաներին:

Առևտրատնտեսական հարաբերությունների առումով Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել Հայաստանում ֆրանսիական գործարար ստվար համայնքի առկայությունն այնպիսի առաջատար ընկերություններով, ինչպիսիք են «Քարֆուրը», «Պեռնո Ռիկարը», «Օրանժը», «Կրեդիտ Ագրեկոլը», «Ալկատելը», «Վեոլիան», որոնց շուտով կավելանան նաև նորերը:

Նախագահը կարևորել է ընթացիկ տարվանից մեկնարկած Զարգացման ֆրանսիական գործակալության աջակցության ծրագրերը: Նա ընդգծել է, որ հաջողությամբ է զարգանում նաև ապակենտրոնացված համագործակցությունը` գործընկերային սերտ կապեր են հաստատվել Հայաստանի և Ֆրանսիայի 30-ից ավելի տեղական իշխանությունների միջև: Այդ համատեքստում Ֆրանսիայի Նախագահը հատկապես կարևորել է ս.թ. հոկտեմբերի 15-17-ին Վալանսում կայանալիք ապակենտրոնացված համագործակցության 3-րդ համագումարը:

Անդրադառնալով միջխորհրդարանական կապերին` Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները գոհունակությամբ են արձանագրել, որ երկու երկրների խորհրդարաններում ակտիվ գործում են բարեկամության պատգամավորական խմբերը: Արդեն մեկ տարի է, որ Հայաստանը դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ, և հաջողությամբ են զարգանում նաև հայ-ֆրանսիական մշակութային-կրթական կապերը:

Հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը վերստին շնորհակալություն է հայտնել Ֆրանսուա Օլանդին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ֆրանսիական կողմի երկարամյա հետևողական ջանքերի համար: Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները ևս մեկ անգամ ընդգծել են, որ այլընտրանք չեն տեսնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում առանձնակի կարևորում են Ֆրանսիայի Նախագահի անձնական ներգրավվածությունն այս հարցում:

Զրուցակիցները մանրամասնորեն քննարկել են նաև Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության հեռանկարները: Նրանք համակարծիք են եղել այն հարցում, որ պետք է առավելագույն ջանքեր գործադրել պահպանելու համագործակցության տեմպը և որակը, շարունակելու Հայաստանում բարեփոխումների գործընթացը, ինչի վերաբերյալ Նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը: Նախագահ Օլանդը վստահեցրել է, որ Ֆրանսիան` որպես Հայաստանի բարեկամ և ԵՄ առաջատար պետություններից մեկը, որպես միջազգային խոշոր դերակատար, կշարունակի այսուհետ ևս աջակցել Հայաստանի եվրոպական օրակարգի առաջմղմանը:

Հանդիպման ժամանակ ՀՀ Նախագահը վերստին իր երախտագիտությունն է հայտնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում Ֆրանսիայի նշանակալի ներդրման համար:

Երկու բարեկամ երկրների միջև ձևավորված բարձր մակարդակի երկխոսության շարունակականությունն ապահովելու նպատակով, Նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստան պետական այց կատարելու Նախագահ Ֆրանսուա Օլանդին ուղղված հրավերը:

***

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 1-ին Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելի հետ:

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ հայ և ֆրանսիացի ժողովուրդների հարաբերությունները մշտապես առանձնացել են ջերմությամբ ու փոխվստահությամբ: Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը Ֆրանսիան դիտարկում է որպես հայ ժողովրդի անկեղծ բարեկամ և հուսալի գործընկեր, որը միշտ սրտացավորեն է մոտեցել հայ ժողովրդի խնդիրներին, և դա թանկ է գնահատվում յուրաքանչյուր հայի կողմից: Նախագահն օրինաչափ է համարել, որ Հայաստանի անկախության առաջին իսկ օրվանից հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրում:

Հայաստանի Նախագահը և Ֆրանսիայի Սենատի նախագահը համակարծիք են եղել, որ հարաբերությունների նման հանգրվանի երկու երկրները հասել են բարձր մակարդակի քաղաքական կանոնավոր երկխոսության, միջխորհրդարանական ակտիվ համագործակցության, մշակութային, կրթական, գիտական սերտ կապերի, Հայաստանի և Ֆրանսիայի տեղական իշխանությունների միջև ծավալված արդյունավետ գործընկերության և այլ համատեղ ձեռքբերումների շնորհիվ: Զրուցակիցների համոզմամբ, հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկայիս մակարդակն անշուշտ գոհացնում է, սակայն նաև պարտավորեցնում է չբավարարվել եղածով, այլ անել հնարավորը երկկողմ համագործակցության շարունակական խորացման և ընդլայնման համար:

Սերժ Սարգսյանը և Ժան-Պիեռ Բելը երկուստեք ընդգծել են միջխորհրդարանական կապերի մեծ նշանակությունը երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում: Հայաստանի Նախագահը նշել է, որ հայ-ֆրանսիական միջխորհրդարանական համագործակցությունը մշտապես եղել և շարունակում է մնալ երկկողմ օրակարգի ամենակարևոր բաղադրիչներից մեկը: Այս գործում, ըստ նրա, անշուշտ, նշանակալի ավանդ ունեն երկու երկրների խորհրդարաններում ձևավորված հայ-ֆրանսիական բարեկամության խմբերը, Ազգային ժողովի և Սենատի բարեկամության խմբերում ընդգրկված պատգամավորները, որոնցից շատերը նաև քույր քաղաքների ու շրջանների ղեկավարներ են:

Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունների կողմից արդեն ավանդական դարձած այցելությունները Լեռնային Ղարաբաղ: Նա բարձր է գնահատել նաև ս.թ. մարտին Ֆրանսիայի հասարակական-քաղաքական շրջանակների կողմից ձևավորված «Արցախի հետ բարեկամության խմբի» ստեղծումը: Այս խմբում միջազգային հանրության անաչառ ու համապարփակ տեղեկացվածությունը, Նախագահի համոզմամբ, շատ կարևոր է:

Հանդիպմանը մասնակցող սենատորների խնդրանքով, Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին, Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցության զարգացման հեռանկարներին, Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակի:

Հանդիպման ավարտին Հանրապետության Նախագահը նաև գրառում է կատարել Սենատի պատվավոր հյուրերի Ոսկե գրքում:

***

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 2-ին Ստրասբուրգում հանդիպումներ է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի հետ:

Զրուցակիցները բարձր են գնահատել ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանի աշխատանքը` այն համարելով արդյունավետ և հաջողված: Նրանք գոհունակությամբ են խոսել նաև Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչության և ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության հետ համագործակցության մասին: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը ԵԽ նախարարների կոմիտեում նախագահությունն ստանձնել է մեծ պատասխանատվությամբ՝ հաշվի առնելով բոլոր այն մարտահրավերները, որոնք այսօր ծառացել են եվրոպական հասարակությունների առջև, ինչպես նաև կարևորելով կազմակերպության դերի ու արդյունավետության բարձրացմանն ուղղված խորքային բարեփոխումների հրամայականը: Նախագահության շրջանի իր գերակայությունները որոշելիս մեր երկիրը փորձել է համատեղել ԵԽ կարևոր օրակարգային և Հայաստանի համար առաջնային հանդիսացող հարցերը` ցանկանալով ներառել ԵԽ բոլոր երեք հիմնասյուները` մարդու իրավունքներ, իրավունքի գերակայություն և ժողովրդավարություն:

ԵԽ վերոնշյալ կառույցների ղեկավարները Հանրապետության Նախագահի հետ խոսել են ԵԽԽՎ օրակարգային հարցերի, կազմակերպության առաջնահերթությունների և խնդիրների մասին:

Հանդիպումների ժամանակ անդրադարձ է եղել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին, տարածաշրջանային մարտահրավերներին, Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը, ՀՀ-ԵՄ համագործակցության խորացման հեռանկարներին, մեր երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքին, այդ թվում` վերջերս մեկնարկած սահմանադրական բարեփոխումների:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ժողովրդավարության խորացման ուղղությամբ վերջին տարիներին Հայաստանում իրականացված բարեփոխումները եղել են հետևողական և վստահեցրել է, որ դրանց արդյունքները տեսանելի են ու անշրջելի: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողների կատարած աշխատանքի և կառուցողական համագործակցության համար:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը վճռական է շարունակելու մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության խորացման ուղղությամբ ջանքերն ու մեծապես կարևորում է Եվրոպայի խորհրդի աջակցությունն այդ գործընթացին: Նախագահի հավաստմամբ, այս ուղղությամբ մեր երկիրը շարունակելու է սերտ համագործակցությունը նաև Եվրոպական Միության հետ՝ Արևելյան գործընկերության շրջանակներում:

Հանրապետության Նախագահն անդրադարձել է նաև Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի առանցքային հարցերից մեկին` ցեղասպանությունների կանխարգելմանը, այդ թվում ռասայական խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքարի ճանապարհով, ինչի ուղղությամբ Հայաստանը ԵԽ նախագահության շրջանում նախատեսում է մի շարք միջոցառումներ իրականացնել: ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպմանն այս համատեքստում կարևորվել է ս.թ. հոկտեմբերի 21-22-ը Երևանում կայանալիք ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դեմ պայքարի թեմայով խորհրդաժողովը, որի կապակցությամբ ԵԽ գլխավոր քարտուղարն ու մարդու իրավունքների հանձնակատարն այցելելու են Հայաստան:

ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման ավարտին Հայաստանի Նախագահը և ԵԽ գլխավոր քարտուղարը հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով և պատասխանել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:

Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետև մասնակցել է ԵԽԽՎ լիագումար նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով և պատասխանել վեհաժողովի անդամներին հետաքրքրող հարցերին:



***
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում

 

***

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 2-ին ներկա է գտնվել ԵԽ-ում ՀՀ նախագահության նվերի՝ լիագումար նիստերի դահլիճի «Միասնության ուժը» կոչվող ապակեպատկեր ստեղծագործության հանձնման պաշտոնական արարողությանը:

Այս կապակցությամբ Հանրապետության Նախագահն իր խոսքում շնորհակալություն է հայտնել սիրված և տաղանդաշատ նկարչուհի Արև Պետրոսյանին՝ նրա ստեղծագործական մտահղացման և տպավորիչ աշխատանքի համար, նաև՝ Եվրոպայի խորհրդի այն բոլոր ատյաններին ու անձանց, ովքեր հնարավոր դարձրին ապակեպատկերի տեղադրումը: «Մոտ 13 տարի առաջ՝ 2001թ. հունվարի 25-ին Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ՝ մաս կազմելով եվրոպական մեծ ընտանիքի: Ինչպես 800 մլն եվրոպացիների համար, ժողովրդավարության այս տաճարը դարձավ նաև մեր՝ հայերիս տունը:

2001թ. Հայաստանը 10 տարեկան էր, հիմա արդեն՝ 22: Ավելի քան մեկ տասնամյակ այս ընտանիքում «մեծանալով», Հայաստանն ստեղծել է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ապահովման ամուր հիմքեր ու կառուցակարգեր:

Հարգելի բարեկամներ,

Հայաստանի կողմից նվիրաբերված այս ապակեպատկերն ընդունեք իբրև համեստ ներդրում մեր ընդհանուր տան կառուցմանը: Եվրոպայի խորհրդում համախմբված ժողովուրդները տարբեր են իրենց պատմությամբ ու անցյալով, սակայն միավորված են միասնական համամարդկային արժեքների շուրջ: Նրանք հատիկ առ հատիկ կերտել են այդ արժեքները՝ հարթելով դեպի միասնական ապագայի տեսլականը տանող ուղին: Ապակեպատկեր հեղինակային այս աշխատանքը խորհրդանշում է մեր հավաքական ուժը՝ իր միասնականության ու ներդաշնակ բազմազանության մեջ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության նվերի հանձնման արարողության ժամանակ:

Այնուհետև Նախագահը ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի հետ դիտել է ԵԽ նախարարների կոմիտեի նախասրահում Արև Պետրոսյանի եռանկարը՝ «Սեր», «Ազատություն», «Գիտակցություն», որը ևս խորհրդանշում է միասնության ուժը, որոնք Հանրապետության Նախագահն այնուհետև նվիրել է պարոնայք Ժան-Կլոդ Մինյոնին, Թորբյորն Յագլանդին և Նիլս Մուիժնիկսին:

Այցի ավարտին Եվրոպայի խորհրդում Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրության ստորագրման արարողությանը, որը Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:


 

← Վերադառնալ