24
10, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելառուսի Հանրապետություն

 

Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 24-ին Մինսկում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով՝ Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի նախագահների մասնակցությամբ նիստին:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստում քննարկման է ներկայացվել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի Հանրապետության անդամակցության նախապատրաստման վերաբերյալ երեք փաստաթուղթ, որոնք հաստատվել են: Դրանք են Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի միանալու մասին որոշման նախագիծը, Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին Հայաստանի մասնակցության մասին հայտարարությունն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության միջև փոխգործակցության խորացման մասին հուշագիրը:

 

***

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 25-ին Մինսկում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերին:

Համագործակցության մասնակից պետությունների ղեկավարներն օրակարգի շրջանակներում քննարկել են տարբեր ոլորտներ ներառող 14 հարց, որոնք վերաբերել են առևտրատնտեսական կապերի ընդլայնման հեռանկարներին, իրավապահպանության ոլորտում համագործակցությանը, մշակութային-հումանիտար կապերի հետագա զարգացմանը:

Քննարկված հարցերի թվում են եղել 2014-2016թթ. ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ պայքարում համագործակցության, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարում համագործակցության և 2014-2018թթ. թմրամոլությանը հակազդման մասին ծրագրերը, որոնք հաստատվել են նիստի մասնակիցների կողմից:

Նախագահները քննարկել և հավանության են արժանացրել նաև 2014-2018թթ. հանցավորության դեմ պայքարում համատեղ միջոցառումների միջպետական ծրագիրը, այդ նույն ժամանակահատվածում մարդկանց առևտրի դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին ծրագիրը:

Նիստում հաստատվել են կոռուպցիային հակազդման միջպետական խորհրդի ձևավորման մասին համաձայնագիրը և տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացված հանցավորության դեմ պայքարում համագործակցության մասին հայեցակարգը ևս:

Հումանիտար համագործակցության ոլորտում քննարկվել են 1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակը տոնելու նախապատրաստմանը վերաբերող հարցեր, որոշում է կայացվել 2014թ. ԱՊՀ-ում զբոսաշրջության տարի հայտարարելու և «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագիրը 2014թ. իրականացնելու մասին:

Որոշվել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Կիևում: ԱՊՀ նախագահությունը փոխանցվել է Ուկրաինային:

Նախագահ Սերժ Սարգսյանը Բելառուսի մայրաքաղաքում ԱՊՀ մասնակից պետությունների մյուս նախագահների հետ մասնակցել է նաև Անկախության պալատի բակում պատվավոր հյուրերի ծառուղու հիմնադրման արարողությանը:

← Վերադառնալ