29
01, 2014

Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Չեխիայի Հանրապետություն

 

Պետական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 30-ին հանդիպում է ունեցել Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի հետ: Երկու երկրների նախագահների բանակցությունների ավարտին տեղի է ունեցել մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողություն: Մասնավորապես ստորագրվել՝ են Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ, Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական և արդյունաբերական համագործակցության մասին, Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Չեխիայի Հանրապետության առողջապահության նախարարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին, Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Չեխիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև աղետների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման, հրշեջ ծառայության և բնակչության պաշտպանության մասին, Համատեղ հռչակագիր Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Չեխիայի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության միջև բնապահպանության բնագավառում համագործակցության մասին, Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Չեխիայի Հանրապետության մաքսային գլխավոր տնօրինության միջև համագործակցության մասին:

Բանակցությունների արդյունքները նախագահներ Սերժ Սարգսյանը և Միլոշ Զեմանն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:

 

***
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

 

***

 Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 30-ին հանդիպում է ունեցել Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտեխի հետ: Ի պատիվ ՀՀ Նախագահի տրված աշխատանքային ճաշի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը և Սենատի նախագահ Միլան Շտեխը հանդես են եկել բաժակաճառերով, որտեղ անդրադարձել են հայ-չեխական միջպետական հարաբերություններին, այդ հարաբերություններում կարևոր դեր ունեցող խորհրդարանական մակարդակով համագործակցության զարգացմանը, հայ և չեխ ժողովուրդների բարեկամությանը, տարբեր ոլորտներում՝ առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային, ապակենտրոնացված փոխգործակցությանը, նաև միջազգային կառույցներում և այլ խորհրդարանական վեհաժողովներում երկու երկրների համագործակցությանը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:

Հանդիպման սկզբում Սենատի նախագահ Միլան Շտեխն ընդգծելով, որ հայ-չեխական միջպետական հարաբերությունները բարեկամական են, նշել է, որ Չեխիան ցանկանում է ավելի ամրապնդել և խորացնել երկկողմ կապերը: Սենատի նախագահը խոսել է հայ և չեխ ժողովուրդների պատմական ընդհանրությունների, դարերի ընթացքում նրանց հաղթահարած բազում դժվարությունների և մարտահրավերների մասին, ընդգծել, որ Հայաստանն այսօր էլ շարունակում է ապրել բարդ տարածաշրջանում: Իր երկրի կողմից նա վստահեցրել է, որ Չեխիան ցանկանում է, որ բոլոր խնդիրները տարածաշրջանում լուծվեն խաղաղ, քաղաքակիրթ ճանապարհով, ինչպես ժամանակին դա արել է Չեխիան: Նա նշել է, որ խաղաղության ապահովման կարևոր գրավականներից է երկրի տնտեսության զարգացումը, և Չեխիան պատրաստակամ է ընդլայնել ու սերտացնել բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունները՝ ի նպաստ Հայաստանի ու նրա ժողովրդի: Նա կարևորել է հատկապես ավանդական ոլորտներում՝ սննդարդյունաբերության, էներգետիկայի, մշակույթի, գիտության և այլ, զարգացնել համագործակցությունը և կարևորել նաև խորհրդարանների միջև փոխգործակցությունը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Նախագահ Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ հայ-չեխական հարաբերությունների պատմության ընթացքում առաջին անգամ կայացող Հայաստանի Նախագահի պետական այցը կխթանի երկկողմ հարաբերությունները: Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ վերջին չորս-հինգ տարիներին Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունները բոլոր ոլորտներում զարգացում են ապրում, ինչը, նրա համոզմամբ, բխում է երկու երկրների և ժողովուրդների շահերից: Նախագահը գոհունակությամբ է նշել երկու երկրներում դեսպանությունների բացման մասին, փաստել, որ վերջին շրջանում ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, հաճախակիացել են բարձրաստիճան փոխայցելությունները: Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև այս տարի Երևանում և 2015 թվականին Պրահայում անցկացվելիք չեխական և հայկական մշակույթի օրերին և այն համարել երկու երկրների միջև մշակութային երկխոսության զարգացմանն ուղղված կարևոր քայլ:

Խոսելով Հայաստանի և Չեխիայի միջև առևտրաշրջանառության ծավալի ոչ բավարար ցուցանիշների մասին, Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ չնայած դրան, առևտրաշրջանառության ծավալը 2012-ի համեմատ 2013թ. 40 տոկոսով աճել է:

Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը մաղթել է, որպեսզի Հայաստանի և Չեխիայի միջև խորհրդարանական համագործակցությունը շարունակի զարգանալ ամուր բարեկամության և շարունակական առաջընթացի ոգով՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների հզորացման:

Սենատում կայացած հանդիպումից հետո, Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Պրահայի քաղաքապետարան, որտեղ հանդիպում է ունեցել Պրահայի քաղաքապետ Տոմաշ Հուդեչեկի հետ: Հանրապետության Նախագահը գրառում է կատարել Պրահա քաղաքի պատվավոր այցելուների գրքում և Պրահայի քաղաքապետից ի նշան երկու երկրների և ժողովուրդների բարեկամության ստացել խորհրդանշական նվեր՝ քաղաքի բանալին:

Պրահայի քաղաքապետն իր ողջույնի խոսքում հանգամանորեն անդրադարձել է հայ և չեխ ժողովուրդների դարավոր բարեկամությանը, պատմամշակութային առնչություններին, այդ համատեքստում խոսելով նաև մայրաքաղաք Պրահայում հայկական հետքի մասին: Երկկողմ կապերի ամրապնդման գործում քաղաքապետ Տոմաշ Հուդեչեկը կարևորել է նաև ապակենտրոնացված համագործակցության զարգացումը:

Պատասխան խոսքում Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, թե մեծ բավականությամբ է այցելում հիասքանչ Պրահայի քաղաքապետարան Չեխիայի Հանրապետություն իր պետական այցի շրջանակում: Նա գոհունակությամբ է արձանագրել, որ Հայաստանի և Չեխիայի միջև նորօրյա պատմության ընթացքում նախագահական մակարդակով իրականացվող այս առաջին այցը՝ հագեցած պաշտոնական հանդիպումներով ու գործնական քննարկումներով, ընթանում է հայ-չեխական ավանդական բարեկամության ոգով:

«Միանգամայն վստահ եմ, որ իմ պետական այցի ընթացքում Չեխիայի ղեկավար անձանց հետ արդյունավետ հանդիպումները կծառայեն վերջին տարիներին վերընթաց զարգացում ապրող հայ-չեխական հարաբերությունները որակական ավելի բարձր մակարդակի հասցնելու և փոխշահավետ ու բազմաոլորտ համագործակցություն ծավալելու նպատակին:

Իրոք, ինձ համար շատ ուրախալի է այսպիսի պատվի արժանանալ Եվրոպայի հնամենի մայրաքաղաքներից մեկի՝ հիասքանչ Պրահայի քաղաքապետարանում: Բացի բարեկամ պետության մայրաքաղաք լինելուց, Պրահան իրավամբ համարվում է տարածաշրջանի քաղաքական, տնտեսական ու մշակութային կարևորագույն կենտրոններից մեկը: Մեկ անգամ ևս հիշատակեմ Պրահայի հայկական հետքի մասին մի հետաքրքիր փաստ. դեռևս XVII դարում Պրահայում բացված սրճարաններից մեկի տերը եղել է Գևորգ անունով դամասկոսցի մի հայ: Միաժամանակ 20-րդ դարասկզբին Պրահայում բնակվող ազգությամբ հայ Արթին Ասլանյանին է պատկանել Պրահայի առաջին գորգագործական ֆաբրիկան:

Երևանը և Պրահան, համագործակցության մեծ ներուժ ունեն, և հուսով եմ, որ մոտ ապագայում իրավական հիմքեր կստեղծվեն մեր մայրաքաղաքների միջև կապերն ավելի զարգացնելու և խորացնելու համար:

Թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել ջերմ հյուրընկալության համար: Ակնկալում եմ Ձեզ հետ հանդիպել նաև մայրաքաղաք Երևանում»,-Պրահայի քաղաքապետի հետ հանդիպմանն ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Պետական այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հունվարի 30-ի երեկոյան հանդիպում է ունեցել Չեխիայի հոգևոր առաջնորդ, Պրահայի Կարդինալ-արքեպիսկոպոս Դոմինիկ Կարդինալ Դուկայի հետ

Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ լինելով քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ճանաչած երկրի Նախագահ` իր արտասահմանյան այցերի ժամանակ փորձում է բաց չթողնել տեղի հոգևոր առաջնորդների հետ հանդիպելու հնարավորությունը։ Նախագահը նշել է, որ Հայաստանում էլ կա կաթոլիկների համայնք, և աշխարհով մեկ սփռված հայերի շարքում էլ քիչ չէ կաթոլիկների թիվը։ Սերժ Սարգսյանի համոզմամբ, թերևս դա է պատճառը, որ ջերմ, եղբայրական կապեր են հաստատվել Հայաստանի ու Սուրբ Աթոռի միջև:

Հանդիպման ընթացքում Նախագահը խոսել է նաև հարուստ ընդհանուր ժառանգության մասին՝ բավարար համարելով բազմաթիվ օրինակներից միայն Վիեննայի Մխիթարյանների և Վենետիկի Սուրբ Ղազար կղզու հիշատակումը:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են այդ ընդհանուր ժառանգության հիման վրա հարաբերություններն ամրապնդելու և զարգացնելու հնարավորությունները՝ գոհունակությամբ նշելով, որ համագործակցություն է սկսվել Հայ Առաքելական եկեղեցու, Չեխիայի հոգևոր հովվության և չեխ կաթոլիկ եկեղեցու միջև։

***

Ի պատիվ պետական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի` Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի անունից հունվարի 30-ի երեկոյան տրվել է պետական ընթրիք: Արարողակարգի համաձայն, երկու երկրների նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որտեղ անդրադարձել են ՀՀ Նախագահի Չեխիա կատարած պետական այցի արդյունքներին, միջպետական հարաբերությունների զարգացման հեռանկարին, ամենատարբեր ոլորտներ ընդգրկող հայ-չեխական երկկողմ օրակարգի հարցերին, երկու ժողովուրդների պատմական առնչություններին, ինչպես նաև հայ-չեխական հարաբերություններում բնական կամուրջ հանդիսացող Չեխիայի հայ համայնքին և մի շարք այլ հարցերի:

Երկուստեք ընդգծվել է, որ հայ և չեխ ժողովուրդների բարեկամությունն ամուր հիմք է միջպետական հարաբերությունները զարգացնելու և խորացնելու համար: Նախագահներ Սարգսյանը և Զեմանը կարևորել են ՀՀ Նախագահի պետական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն ու ստորագրված փաստաթղթերը կյանքի կոչելու ուղղությամբ հետագա երկկողմ ակտիվ աշխատանքը:

Իր շնորհակալական խոսքում Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում չեխ ժողովրդի այնպիսի արժանավոր զավակների անունները, որոնցից են առաջին աշխարհամարտից հետո հռչակված Չեխոսլովակիայի Նախագահ Տոմաշ Մասարիկին, նրա ժամանակակից, չեխ գրող և հումանիստ Կարել Հանսային, ովքեր իրենց մարդասիրական և քաղաքական-հասարակական գործունեությամբ լույս սփռեցին 20-րդ դարի առաջին՝ Հայոց ցեղասպանության վրա:

Սերժ Սարգսյանն իր խոսքում հիշատակել է նաև հայագիտական ուսումնասիրություններին նվիրված չեխ ժողովրդի մեծավաստակ զավակներ լեզվաբան-սեպագրագետ Բեդրիխ Հրոզնիին, հայագետ-թարգմանիչներ Վացլավ Չեռնիին, Լյուդմիլա Մոտալովային, որոնց շնորհիվ չեխերեն են թարգմանվել հայ ժամանակակից մեծ բանաստեղծներ Իսահակյանի, Սևակի, Սարյանի և այլոց ստեղծագործությունները:

Ի հավաստումն երկու ժողովուրդների բարեկամության, Հանրապետության Նախագահը նշել է հիշարժան մեկ այլ փաստ ևս. Տոմաշ Մասարիկի նախագահության օրոք և անձամբ նրա որոշմամբ՝ շուրջ 60 հայազգի ուսանողներ հնարավորություն են ստացել չեխական կրթաթոշակներով ուսանել երկրի հեղինակավոր համալսարաններում` հաղորդակցվելով և որդեգրելով եվրոպական մշակույթն ու ժամանակի առաջադեմ հասարակական և քաղաքական հայացքները: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այսօր էլ Չեխիայում շարունակում են ուսանել Հայաստանի քաղաքացիները՝ կրթվելով ու հաղորդակցվելով եվրոպական մշակույթին:

Խոսքի ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Չեխիայի Հանրապետության Նախագահին հրավերի, ջերմ հյուրընկալության ու փոխվստահության մթնոլորտում արդյունավետ քննարկումների համար և մաղթել Չեխիային, բարեկամ չեխ ժողովրդին և հայ-չեխական բարեկամությանը հարատևություն ու բարօրություն:

***

Հունվարի 31-ի առավոտյան Հանրապետության Նախագահը հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի հետ:

Սերժ Սարգսյանը նախ շնորհավորել է Յան Համաչեկին Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք մեծապես կարևորել են խորհրդարանական դիվանագիտության դերը հայ-չեխական համագործակցության զարգացման և կապերի ամրապնդման գործում: Նրանք պատրաստակամություն են հայտնել զարգացնելու փոխգործակցությունը և շփումները՝ փոխադարձ վստահության ու փոխշահավետության հիմքի վրա։

Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ վերջին տարիներին զգալիորեն աշխուժացել են միջխորհրդարանական շփումները երկու երկրների միջև, ակտիվացել են խորհրդարանականների փոխայցերը, ինչը, Նախագահի կարծիքով, լավ նախադրյալներ է ստեղծում Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության շահերին առնչվող արդիական հարցերի վերաբերյալ փոխադարձ ընկալումը խորացնելու, ինչպես նաև միջազգային խորհրդարանական ձևաչափերում համագործակցություն ծավալելու համար: Նշելով, որ 2012թ. Հայաստանի Ազգային ժողովի նախագահն այցելել է Չեխիա, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ուրախ կլիներ Հայաստանում հյուրընկալելու Չեխիայի խորհրդարանի ղեկավարությանը:

Հայաստանի Նախագահը և Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահը համակարծիք են եղել, որ երկուստեք պետք է խրախուսել նաև բարեկամական խմբերի փոխայցելությունները, քանի որ միջխորհրդարանական համագործակցությունն այն հարթակն է, որտեղ պետք է լսելի լինեն միմյանց հուզող և հետաքրքրող հարցերը՝ այդպիսով նպաստելով երկու երկրների և ժողովուրդների բարեկամության սերտացմանը: Այս համատեքստում Յան Համաչեկը գոհունակությամբ է նշել, որ խորհրդարանական վերջին ընտրություններից հետո կարճ ժամանակահատվածում ձևավորվել է մեծաքանակ հայ-չեխական բարեկամության խումբ, որը, նրա համոզմամբ, լավ հիմք է փոխադարձ արդյունավետ աշխատանքի համար:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է նաև 20-րդ դարի Չեխոսլովակիայի և Չեխիայի պետականության համար կարևոր նշանակություն ունեցող կառույցներից մեկը՝ Վիտկովի ազգային հուշահամալիր: Հանրապետության Նախագահը ծաղկեպսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել Անհայտ զինվորի հիշատակին:

***

 

Նախագահ Սերժ Սարգսյանը և Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանը հունվարի 31-ին Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարությունում մասնակցել են հայ-չեխական գործարար համաժողովին:

Նախագահները ողջունել են նման ձևաչափով գործարարների հանդիպումը և դրա շրջանակներում ստորագրվելիք փաստաթղթերը: Նախագահ Զեմանը կարևորել է հատկապես Հայաստանի և Չեխիայի առանձին տարածաշրջանների միջև ստորագրվելիք համաձայնագրերը, որոնք լավ հիմք են ստեղծում ապակենտրոնացված համագործակցությունը զարգացնելու համար: Սերժ Սարգսյանը և Միլոշ Զեմանը համակարծիք են եղել, որ հայ-չեխական տնտեսական հարաբերությունները մեծ ներուժ ունեն, և այն լիարժեք օգտագործելու համար զգալի դեր են վերապահել գործարարներին՝ վստահեցնելով, որ երկուստեք պետականորեն հնարավորինս կխրախուսեն գործարարների միջև կապերի ընդլայնումն ու փոխգործակցության զարգացումը:

Նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում ներկայացրել է նաև Հայաստանի տնտեսական հնարավորությունները, գործարար և ներդրումային միջավայրի շարունակական բարելավման ուղղությամբ աշխատանքները, նախաձեռնված լայնամասշտաբ տնտեսական բարեփոխումները, որոնց արդյունքներն իրենց արտացոլումն են գտել նաև միջազգային վարկանիշային զեկույցներում: Դրանց համաձայն, Հայաստանը մասնավորապես` Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից հրապարակված «Դուինգ Բիզնես»-2014 տարեկան զեկույցում 185 երկրների շարքում գրավում է 37-րդ տեղը: Անդրադառնալով ՀՀ տնտեսական հնարավորություններին՝ Հանրապետության Նախագահն ասել է. «Ես կարծում եմ, որ վերջին մի քանի ամիսներին տեղի ունեցած իրադարձություններն ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծում գործարարության համար: Առաջինը 2013թ. սեպտեմբերի 3-ի մեր որոշումն էր միանալ Մաքսային միությանը, այլ կերպ ասած՝ դա մեր որոշումն էր միանալ 200 միլիոնանոց շուկային: Երկրորդը դեկտեմբերին Եվրոպական խորհրդարանի կողմից արտոնյալ առևտրային ռեժիմի վերահաստատումն էր, ի թիվս 9 երկրների, նաև Հայաստանի Հանրապետության հետ: Այսինքն մենք կարող ենք լինել կապող կամուրջ՝ ունենալով ազատ տեղաշարժ ապրանքի, աշխատուժի, ֆինանսների Մաքսային միության հետ, մյուս կողմից ունենալով առևտրի արտոնյալ պայմաններ Եվրամիության անդամ երկրների հետ: Ես կարծում եմ, որ չափազանց կարևոր հանգամանք է, որ և՛ պարոն Զեմանը, և՛ ես խորապես շահագրգռված ենք, որպեսզի մեր երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններն ունենան արագ աճ»:

Գործարար համաժողովի ժամանակ Հայաստանի և Չեխիայի նախագահները հանգամանորեն անդրադարձել են նաև զարգացման հեռանկար ունեցող համագործակցության ոլորտներին, այդ թվում՝ նշելով էներգետիկան, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, սննդարդյունաբերությունը, ոսկերչությունը և այլն:

Նախագահ Զեմանը նշել է, որ շնորհակալությամբ է ընդունել Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը՝ այցելել Հայաստան և վստահեցրել է, որ այդ այցի ժամանակ իրեն կուղեկցի չեխ գործարարների ներկայանալի պատվիրակություն, և երկու երկրների գործարարների հաջորդ հանդիպումը կկայանա Երևանում:

Չեխիայի մայրաքաղաքում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Չեխիայի ամենահին վանքերից մեկը՝ Ստրահովի վանական համալիր: Այստեղ Նախագահին ծանոթացրել են համալիրի հիմնադրման պատմությանը, վանքի տարածքում տեղակայված ազգային գրականության թանգարանին, Ստրահովի գեղարվեստական ցուցասրահին և վանքում շուրջ 800 տարի գոյություն ունեցող հսկայական գրադարանին, որտեղ պահվում են ավելի քան 2500 ձեռագրեր և 130.000 գրքեր: Հանրապետության Նախագահը եղել է նաև համալիրի 1140-1143թթ. հիմնադրված Մարիամ Աստվածածնի համբարձման տաճարում:

***

Չեխիայի Հանրապետություն պետական այցի վերջին օրը Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել երկրի վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի հետ:

Հանդիպման սկզբում Սերժ Սարգսյանը նախ շնորհավորել է պարոն Սոբոտկային՝ ՉՀ վարչապետի պաշտոնն ստանձնելու և նոր կառավարություն ձևավորելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:

Կողմերը հանգամանորեն անդրադարձել են հայ-չեխական տնտեսական համագործակցության զարգացման հնարավորություններին, հեռանկարային ոլորտներին, երկու երկրներում գործարար և ներդրումային միջավայրի առավելություններին և խնդիրներին: ՀՀ Նախագահը և ՉՀ վարչապետը առևտրատնտեսական հարաբերությունների խորացման գործում մեծապես կարևորել են գործարար համայնքների միջև շփումները: Այդ համատեքստում երկուստեք գոհունակությամբ է նշվել Պրահայում այսօր կայացած հայ-չեխական գործարար համաժողովը, ՀՀ Նախագահի այցի ընթացքում ստորագրված՝ տնտեսական ոլորտը կանոնակարգող համաձայնագրերը, որոնք, կողմերի համոզմամբ, հիմք են հանդիսանում բազմաթիվ ոլորտներում տնտեսական փոխշահավետ համագործակցություն ծավալելու համար:

Նախագահ Սերժ Սարգսյանը Պրահայում հանդիպում է ունեցել նաև Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Բաց և անկաշկանդ մթնոլորտում կայացած զրույցի ընթացքում Հանրապետության Նախագահը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին:

 

← Վերադառնալ