18
06, 2014

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան

 

Հունիսի 18-ին Վրաստանի Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Այնուհետև նախագահներ Սերժ Սարգսյանը և Գիորգի Մարգվելաշվիլին առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել են երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները:

Հայաստանի և Վրաստանի նախագահները բանակցությունների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև համատեղ հայտարարությամբ:


***


Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների ներկայացուցիչների առջև Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ բանակցությունների արդյունքներով

***

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 18-ին հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ:

Հայաստանի Նախագահը և Վրաստանի խորհրդարանի նախագահը քննարկել են հայ-վրացական միջպետական փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցներն ընդգծել են միջխորհրդարանական համագործակցության բացառիկ նշանակությունը Հայաստանի և Վրաստանի միջև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման և խորացման գործում:

Սերժ Սարգսյանը և Դավիթ Ուսուպաշվիլին համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է պարբերական դարձնել բարեկամության միջխորհրդարանական խմբերի, խորհրդարանների մշտական հանձնաժողովների հանդիպումները՝ ի նպաստ երկկողմ կապերի առավել սերտացման և երկու երկրների միջև տարբեր մակարդակներում շփումների ակտիվացման:

Միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում մեծապես կարևորելով բարձր մակարդակի փոխայցելությունները՝ Հայաստանի Նախագահը և Վրաստանի խորհրդարանի նախագահը վստահություն են հայտնել, որ ներկայիս հանդիպումը նոր խթան կհաղորդի երկու եղբայրական ժողովուրդների շահերի փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-վրացական ավանդական բարեկամական և բարիդրացիական հարաբերություններին:

Սերժ Սարգսյանը Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական ակադեմիական թատրոնում երեկոյան ներկա է գտնվել նաև Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված գալա համերգին:

Պաշտոնական այցի առաջին օրվա ավարտին Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի անունից ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի տրվել է պաշտոնական ընթրիք:

Արարողակարգի համաձայն, երկու երկրների նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ-վրացական դարավոր բարեկամությանն ու երկու բարեկամ ժողովուրդների պատմական առնչություններին, միջպետական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին և դրանց զարգացման հեռանկարին:

***

Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-վրացական հարաբերություններին և հատկապես այդ հարաբերություններում կարևոր տեղ զբաղեցնող տնտեսական բաղադրիչի մեծ ներուժին վերաբերող հարցեր, անդրադարձել ի շահ երկու երկրների այդ ներուժի լիարժեք օգտագործման հնարավորություններին: Հայաստանի Նախագահը և Վրաստանի վարչապետը համոզվածություն են հայտնել, որ երկկողմ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի առավել ընդլայնել տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության շրջանակները:

Սերժ Սարգսյանը և Իրակլի Ղարիբաշվիլին գոհունակությամբ են արձանագրել, որ Հայաստանը և Վրաստանը վերջին ժամանակահատվածում ձեռքբերումներ են ունեցել առևտրատնտեսական համագործակցության զարգացման գործում՝ ամուր հիմք ստեղծելով այն ավելի բարձր մակարդակի տեղափոխելու համար: Հանրապետության Նախագահը վստահություն է հայտնել, որ ընթացիկ տարում Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության ուղղությամբ միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը նոր խթան կհաղորդի տնտեսական համագործակցությանն ու կնպաստի առևտրաշրջանառության աճն ավելի համակարգված դարձնելուն:

Հանդիպման ավարտին Հայաստանի Նախագահի և Վրաստանի վարչապետի ներկայությամբ ստորագրվել են հայ-վրացական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես՝ ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր» և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև գաղտնի տեղեկատվության փոխանակման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր»:

Վրաստանի մայրաքաղաքում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է նաև «Հերոսների» հրապարակ և ծաղկեպսակ դրել հուշակոթողին: Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հյուրընկալվել է Թբիլիսիի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցում և Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնում:

 

 

← Վերադառնալ