29
10, 2014

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Հորդանանի Հաշիմյան Թագավորություն


Հորդանանի Հաշիմյան Թագավորության Թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 29-ին պաշտոնական այցով ժամանել է Հորդանան:

Թագավորի նստավայրում տեղի է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի և Հորդանանի Թագավոր Աբդալլահ Երկրորդի առանձնազրույցը:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հորդանանի Հաշիմյան Թագավորություն կատարած իր այցի ընթացքում Հայաստանի պատվիրակությանը ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար:

Հայաստանի Նախագահը և Հորդանանի Թագավորն անկեղծ բարեկամական մթնոլորտում անդրադարձել են երկու երկրների հարաբերությունների զարգացման և փոխշահավետ ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարին: Զրուցակիցները երկուստեք հանձնառություն են ստանձնել քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցությունը բարձրացնելու որակական նոր մակարդակի: Հանդիպմանն անդրադարձ է եղել տնտեսական համագործակցության խորացմանն ու առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը, երկուստեք վերահաստատվել է, որ երկու երկրների միջև փոխհարաբերությունները հիմնված են բարի կամքի, փոխադարձ հարգանքի և փոխվստահության, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամության վրա:

Նախագահ Սերժ Սարգսյանի և Թագավոր Աբդալլահ Երկրորդի առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ մի շարք ոլորտներում հայ-հորդանանյան համագործակցության խորացմանն ու ամրապնդմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Մասնավորապես ստորագրվել են՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման նպատակով համագործակցության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև դիվանագիտական անձնագիր կրող անձանց մուտքի վիզա ստանալու պահանջից ազատելու մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության Ամման քաղաքի միջև քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի, Հորդանանի Հաշիմյան Թագավորության առևտրի պալատի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության արդյունաբերական պալատի միջև համագործակցության մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի, Հորդանանի Հաշիմյան Թագավորության առևտրի պալատի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության արդյունաբերական պալատի միջև Հայ-հորդանանական գործարար խորհրդի ստեղծման մասին, Երևանի առևտրաարդյունաբերական պալատի (Հայաստանի Հանրապետություն), Ամմանի առևտրի պալատի և Ամմանի արդյունաբերական պալատի (Հորդանանի Հաշիմյան Թագավորություն) միջև փոխըմբռնման հուշագիր:

Ի պատիվ պաշտոնական այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հորդանանի Թագավոր Աբդալլահ Երկրորդի անունից տրվել է աշխատանքային ճաշ:

Արարողակարգի համաձայն, Հայաստանի Նախագահը և Հորդանանի Թագավորը հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ-հորդանանյան բարեկամությանն ու երկու բարեկամ ժողովուրդների պատմական առնչություններին, միջպետական հարաբերությունների ներկայիս մակարդակին և դրանց զարգացման հեռանկարին:

Հորդանանի Թագավոր Աբդալլահ Երկրորդն անձամբ իր և բոլոր հորդանանցիների անունից ողջունել է Հայաստանի Նախագահի և նրա գլխավորած պատվիրակության այցը Հորդանան: Նա ընդգծել, որ իր երկրում մեծ հպարտությամբ են ընդունում Հորդանանի և Հայաստանի միջև առկա առանձնահատուկ հարաբերությունները: Երկու երկրների և բարեկամ ժողովուրդների միջև, ըստ Հորդանանի Թագավորի, եղել են շատ խորը կապեր: Այդ համատեքստում նա հիշատակել է իր հոր և պապի ջերմ ու բարյացակամ վերաբերմունքը հայերի նկատմամբ և նրանց օժանդակությունը հայ ժողովրդին: Թագավորն ընդգծել է, թե ոչինչ ավելի լավ չի խորհրդանշում հայ-հորդանանյան բարեկամությունը, քան Հորդանան գետի ափին վաղը կայանալիք հայկական եկեղեցու բացումը: Հորդանանի Թագավորը նշել է, որ Նախագահ Սերժ Սարգսյանի այցով նոր գլուխ է բացվում հայ-հորդանանյան երկկողմ հարաբերություններում և հույս է հայտնել, որ այս այցն ավելի կամրապնդի միջպետական հարաբերություններն ու երկու ժողովուրդների բարեկամությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում մեկ անգամ ևս շեշտել է, որ հայ և արաբ ժողովուրդների բարեկամությունը գալիս է դարերի խորքից, և այն հատկապես դրսևորվել է հայ ժողովրդի համար ողբերգական պահին, երբ Օսմանյան կայսրությունում իրականացվում էր Հայոց ցեղասպանությունը: Նախագահը երախտագիտություն է հայտնել արաբ ժողովրդին, որ առաջիններից ապաստան տվեց ցեղասպանությունից փրկված հայ ժողովրդի մի հատվածին՝ դժբախտության ժամանակ դառնալով մեր ամենամեծ բարեկամներից մեկը: Այդ առումով Նախագահն առանձնահատուկ հիշատակել է Արաբական Մեծ հեղափոխության առաջնորդ էմիր Հուսեյն Իբն Ալի ալ Հաշիմիի դերը, որի անունը հավերժացել է մեր պատմության մեջ և ընթերցել է 1917 թվականին իր որդիներին՝ Էմիր Ֆեյսալին և Էմիր Աբդալլահին էմիր Հուսեյն Իբն Ալի ալ Հաշիմիի ուղղած ուղերձը, որում նա հորդորում է՝ «Ըստ ամենայնի աջակցե՛ք հայ գաղթականներին, պաշտպանե՛ք նրանց այնպես, ինչպես կպաշտպանեիք ձեր անձը, ձեր երեխաներին, ձեր ունեցվածքը»: Ըստ Հանրապետության Նախագահի, այդ ուղերձը տարածվեց և փրկեց հազարավոր հայերի կյանքը:

Սերժ Սարգսյանը ներկայացրել է հայ և արաբ ժողովուրդների բարեկամության մասին ևս մեկ դրվագ, երբ 1988թ. Հայաստանը պատուհասած աղետալի երկրաշարժի ժամանակ Թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի հայրը որդուց՝ Նորին Մեծությունից իմանալով այդ սարսափելի դժբախտության մասին, անմիջապես օժանդակություն ուղարկեց Հայաստան: Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ահա այսպիսի պահերն են, որ այսօր երկու կողմերին վստահություն են հաղորդում ամրապնդելու մեր միջպետական հարաբերությունները:

ՀՀ Նախագահն իր խոսքում կարևորել է նաև մարդասիրությունը, կրոնական հանդուրժողականությունն ու համերաշխությունը, որոնք, նրա համոզմամբ, համամարդկային արժեքներ են: Ի հավաստումն ասվածի, Նախագահը մեջբերել է Հորդանանի երջանկահիշատակ Հուսեյն Առաջին թագավորի խոսքը. «Անկախ այն բոլոր դեպքերից և դեմքերից, որ սպառնացել են, նույնիսկ փորձել են խանգարել, քրիստոնյա-իսլամական հանդուրժողականությունը ու համակեցությունը կարողացել են դիմակայել … Այս մշակութային խաչաձևումը մեծապես նպաստել է փիլիսոփայության, գրականության գիտության և արվեստի բնագավառում մարդկության առաջընթացին, հետագայում նաև մեծ դեր խաղալով եվրոպական վերածննդի ծագման գործում»:

Հայաստանի Նախագահը և Հորդանանի Թագավորը մտքեր են փոխանակել նաև միջազգային, մասնավորապես՝ մերձավորարևելյան և հարավկովկասյան տարածաշրջանների զարգացումների շուրջ: Նրանք իրենց մտահոգությունն են արտահայտել ծայրահեղականության և նրա բոլոր դրսևորումների կապակցությամբ, կարևորել այդ մարտահրավերներին դիմակայելու գործում շահագրգիռ բոլոր ուժերի համախմբումը:

Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպումներ է ունեցել նաև Հորդանանի վարչապետ Աբդալլահ ալ-Նուսուրի, Սենատի նախագահ Աբդել Ռաուֆ ալ-Ռավաբեհի և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ատեֆ Յուսեֆ Սալահ ալ-Տարաունայի հետ:

***

 

Հորդանանի Հաշիմյան Թագավորություն պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 29-ին հանդիպում է ունեցել Հորդանանի վարչապետ Աբդալլահ ալ-Նուսուրի հետ:

Զրուցակիցները հայ-հորդանանյան քաղաքական երկխոսության զարգացման հետ միասին կարևորել են տնտեսական ակտիվ համագործակցությունը՝ նկատի առնելով առկա մեծ ներուժը: Հայաստանի Նախագահը և Հորդանանի վարչապետն ընդգծել են փոխգործակցության զարգացմանն ուղղված իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը և այդ առումով ողջունելի համարել երկու երկրների ղեկավարների ներկայությամբ այսօր ստորագրված ավելի քան մեկ տասնյակ փաստաթղթերը, ինչպես նաև երկու երկրների գործարարների միջև շփումները խրախուսելու երկկողմ պատրաստակամությունը: Նախագահը նշել է, որ վարչապետ Աբդալլահ ալ-Նուսուրիի գլխավորած կառավարության իրականացրած սոցիալ-տնտեսական բարեփոխումները տեսանելի են և վկայում են երկրի վարչապետի՝ որպես իմաստուն ղեկավարի, հարուստ փորձառության և արդյունավետ կառավարման մասին:

Սերժ Սարգսյանի խոսքով, Հորդանանի բաց տնտեսությունը գրավիչ է ցանկացած երկրի գործարարների համար, ներդրումային բարենպաստ միջավայր է ստեղծված նաև Հայաստանում: Հանրապետության Նախագահը ուրախալի է համարել, որ չնայած բոլոր դժվարություններին, երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալներում որոշակի դրական տեղաշարժ կա: Նախագահ Սերժ Սարգսյանը և Հորդանանի վարչապետ Աբդալլահ ալ-Նուսուրին համակարծիք են եղել, որ զբոսաշրջության, էներգետիկայի, գյուղատնտեսության, առողջապահության և մի շարք այլ ոլորտներում անհրաժեշտ է ակտիվացնել համագործակցությունը, ինչին կարող է մեծապես նպաստել երկու երկրների միջև ուղիղ չվերթների բացումը:

Զրուցակիցները տնտեսական ոլորտում փոխգործակցության զարգացման համար մեծապես կարևորել են նաև մերձավորարևելյան և հարավկովկասյան տարածաշրջաններում հակամարտությունների կարգավորումը, խաղաղության ու կայունության հաստատումը:

Վարչապետ Աբդալլահ ալ-Նուսուրին մեծագույն հարգանքով է խոսել հայ ժողովրդի մասին՝ ընդգծելով, որ թեև փոքրաթիվ, բայց իր մեջ մեծ ուժ ունեցող և տոկուն ժողովուրդ է, որը համաշխարհային քաղաքակրթության մեջ իր մեծ ներդրումն ունի: Հորդանանի վարչապետն իր խոսքում կարևորել է կրոնական հանդուրժողականությունը, շեշտել, որ և՛ իսլամը, և՛ քրիստոնեությունը քարոզում են համատեղ խաղաղ գոյակցություն՝ զերծ արյունահեղություններից ու բարբարոսությունից:

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի օրինակը, որը շատ լավ հարաբերություններ ունի հարևան Իրանի, արաբական բազմաթիվ երկրների հետ, որոնք հայ ժողովրդի համար դժվարին պահերին ձեռք են մեկնել և այսօր էլ այդ երկրներում ապրող հայկական համայնքների նկատմամբ ջերմ ու բարյացակամ վերաբերմունք են ցուցաբերում: Կրոնական հակամարտություն քարոզողները, Նախագահի համոզմամբ, հաջողություն ունենալ չեն կարող:

***

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 29-ին հանդիպումներ է ունեցել Սենատի նախագահ Աբդել Ռաուֆ ալ-Ռավաբեհի և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ատեֆ Յուսեֆ Սալահ ալ-Տարաունայի հետ:

Երկու պետությունների միջև հարաբերությունների ակտիվացման և համագործակցության լայն օրակարգի ձևավորման գործում երկուստեք կարևորվել է հայ-հորդանանյան միջխորհրդարանական կապերի դերը: Զրուցակիցներն ափսոսանք են հայտնել, որ օրենսդիր մարմինների միջև այդ հարաբերությունները դեռևս ցանկալի մակարդակի վրա չեն: Հայաստանի Նախագահի պաշտոնական այցը լավ հնարավորություն է համարվել խորհրդարանների միջև համագործակցության զարգացման հնարավորություններն ու հեռանկարը քննարկելու համար: Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի անունից պատրաստակամություն է հայտնել ակտիվ քայլեր ձեռնարկել միջխորհրդարանական կապերի ինտենսիվացման ուղղությամբ և կարևորել խորհրդարանական տարբեր մակարդակի պատվիրակությունների փոխայցելություններն ու միջխորհրդարանական բարեկամության խմբերի ստեղծումը:

Սերժ Սարգսյանն Ամմանում նաև այցելել է Հորդանանի ազգային թանգարան, ծանոթացել երկրի դարավոր պատմությունը ներկայացնող ցուցանմուշներին և շրջայցի ավարտին գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում. «Հիրավի համոզվեցի, որ գտնվում եմ աշխարհի ամենահնագույն երկրներից մեկում։ Հորդանանի Հաշիմյան Թագավորության պատմությունը, որը ներկայացված է այս վսեմաշուք թանգարանում, դրա վառ ապացույցն է։ Այս հրաշալի կառույցի տանիքի տակ բարձր ճաշակով և հոգատարությամբ ձեր երկիրը ներկայանում է պատվով և պարծանքով՝ իր հիասքանչ մշակույթով և դարերի խորքից եկող պատմությամբ։ Այն իրապես լի է հանդուրժողականության և տարատեսակ քաղաքակրթությունների երկխոսության լուռ նմուշներով։ Շնորհակալություն Հորդանանի իշխանություններին և ժողովրդին այս թանգարան այցելելու հնարավորություն ընձեռելու համար», - գրել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

***

 

Նախագահ Սերժ Սարգսյանը Հորդանան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հոկտեմբերի 29-ին հյուրընկալվել է մայրաքաղաք Ամմանի քաղաքապետարանում: Ողջունելով Հայաստանի Նախագահին և նրա գլխավորած պատվիրակության կազմում Հորդանան ժամանած Երևանի քաղաքապետին ու պաշտոնական պատվիրակության բոլոր անդամներին՝ Ամմանի քաղաքապետ Ակել Բիլթաջին իր խոսքում անդրադարձել է հայ-արաբական պատմական առնչություններին ու բարեկամությանը՝ վկայակոչելով այդ բարեկամության հաստատման գործում մեծ դերակատարում ունեցած մի շարք անհատների: Քաղաքապետ Բիլթաջին դրվատանքով է խոսել հայ ժողովրդի մասին՝ ընդգծելով, որ հայերը բոլոր ոլորտներում շատ հմուտ և որակյալ մասնագետներ են, գիտնականներ, բժիշկներ, արվեստագետներ… Նա գոհունակությամբ է նշել, որ Հայաստանի Նախագահի այցի կապակցությամբ կազմակերպված հանդիպմանը քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցներից բացի, ներկա են նաև Ամմանի հարգված և պատվարժան հայ գործիչներ: «Սա՛ է Հորդանանը, որ գրկաբաց ընդունում է իր քույրերին ու եղբայրներին, գաղթի ճանապարհը բռնած և աջակցության կարիք ունեցող մարդկանց, սիրով հոգում նրանց ընտանիքների կեցության և անվտանգության խնդիրները», - ասել է Ամմանի քաղաքապետը և ընդգծել, որ իսլամը չի ընդունում ատելություն, արյունահեղություն, հակակրանք, իսլամի առաքելությունը սիրո, գթասրտության և խաղաղության մեջ է:

Ակել Բիլթաջին մեծ պատիվ է համարել քաղաքապետարանում բարեկամ Հայաստանի Նախագահին հյուրընկալելը և երեքուկես միլիոն ամմանցիների անունից Նախագահ Սերժ Սարգսյանին է հանձնել Ամման քաղաքի բանալին, որը, նրա խոսքով, խորհրդանշում է արդեն քույր քաղաքներ դարձած Ամմանի և Երևանի հավերժ բարեկամությունը:

Նախագահը շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Բիլթաջիին՝ ջերմ ընդունելության համար և գոհունակությամբ խոսել իր պաշտոնական այցի շրջանակներում կայացած հայ-հորդանանյան բարձր մակարդակի բանակցությունների մասին՝ ընդգծելով, որ ի դեմս Հորդանանի Թագավոր Աբդալլահ Երկրորդի՝ հանդիպել է քաղաքական շատ լայն տեսադաշտ ունեցող ղեկավարի և անկեղծորեն ուրախ է, ուրախ է նաև Հայաստանի ու Հորդանանի՝ դարավոր պատմություն ունեցող բարեկամության համար: Ամմանի քաղաքապետարանում ևս Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ արաբ ժողովրդին՝ անցած դարասկզբին ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի հարյուր հազարավոր զավակների կյանքը փրկելու և ապաստան տրամադրելու համար: Նախագահի խոսքով, հայերն այդ բարի վերաբերմունքին խորը հարգանքով և երախտագիտությամբ պատասխանեցին՝ իրենց ողջ հնարավորությունները ներդնելով այդ երկրի զարգացման գործում և ուրախ է, որ այդ մասին լսում է նաև Ամմանի հարգարժան քաղաքապետից: «Այսօր կրկնակի ուրախ եմ, որ Ամմանն ու Երևանը դարձան քույր քաղաքներ: Մենք սիրով սպասում ենք Ամմանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը մայրաքաղաք Երևանում»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հոկտեմբերի 29-ի երեկոյան Հանրապետության Նախագահը հանդիպում է ունեցել նաև Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 

← Վերադառնալ