08
04, 2015

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Իտալիայի Հանրապետություն

Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին հանդիպում է ունեցել Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտիի հետ:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև ռազմական ոլորտում ստորագրված երկկողմ համագործակցության համաձայնագրի շրջանակներում փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

ՀՀ Նախագահը և Իտալիայի պաշտպանության նախարարը երկուստեք կարևորել են փաստը, որ ռազմական ոլորտում հայ-իտալական համագործակցությունը չի սահմանափակվում երկկողմ ձևաչափով և ընդգրկում է նաև խաղաղապահության ոլորտը. առաջին միջազգային առաքելությունը, որին միացել է Հայաստանը դեռևս 2004թ., ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությունն է Կոսովոյում, որին հաջորդեցին Աֆղանստանի և Իրաքի առաքելությունները:

Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ անցյալ տարվա նոյեմբերից նաև տիկին Պինոտիի անմիջական ջանքերի շնորհիվ, 32 հայ խաղաղապահ ծառայություն են իրականացնում Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի իտալական հրամանատարության ներքո (Շամա զինավանի անվտանգության ապահովում), ինչը, Նախագահի գնահատմամբ, հիրավի կարելի է համարել այս ոլորտում հայ-իտալական համագործակցության հաջողված մեկնարկ։

Հայ-իտալական ռազմական գործակցության օրակարգում կարևորելով նաև կրթության բնագավառը՝ Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Իտալիայի կողմից տարիներ շարունակ հայ զինծառայողներին կրթաթոշակներ հատկացնելու հանգամանքը, որի շնորհիվ հայ սպաները բարձր որակի կրթություն են ստանում Իտալիայում: Նախագահը որպես համագործակցության հաջողված օրինակ է բերել Իտալիայի ռազմական ակադեմիայի շրջանավարտ Արտաշես Դանիելյանին, ով Լիբանանում մեր խաղաղապահ զորախմբի հրամանատարն է:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի և Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերի շուրջ:

Հանդիպումից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը Իտալիայի պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտիի հետ մասնակցել է պաշտպանության նախարարությունում կազմակերպված տեսակոնֆերանսին, որն անցկացվել է Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո համատեղ խաղաղապահ գործողություն իրականացնող հայ և իտալացի զինվորների հետ:

Ջերմորեն ողջունելով սպաներին ու զինվորներին, Նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է. «Պարոնայք զինվորներ, սպաներ, ուրախ եմ, որ իմ պաշտոնական այցը Իտալիա մեկնարկում է ձեզ հետ այս յուրահատուկ հանդիպմամբ, ինչը նշանակում է, որ հայ-իտալական հարաբերություններում ռազմական փոխգործակցությունն ունի իր յուրահատուկ տեղը: Թերևս ձեզնից շատերը հիշում են, որ 11 տարի առաջ, ղեկավարվելով անվտանգության ոլորտում կոլեկտիվ պատասխանատվության գիտակցումով, մենք սկսեցինք մասնակցել խաղաղապահ առաքելություններում: Առաջինը Կոսովոն էր և, հաշվի առնելով փորձի հաջողված լինելը, մենք շարունակեցինք այն Իրաքում, Աֆղանստանում և հիմա էլ ձեր անմիջական մասնակցությամբ՝ Լիբանանում: Ուզում եմ հատուկ շեշտել Լիբանանում իրականացվող առաքելության կարևորությունը մեզ համար. Լիբանանը ոչ միայն շատ հեռու պատմական ժամանակներում, այլ նաև հիմա մեզ համար բարեկամ երկիր է: Մենք պարտք ունենք լիբանանցիներին վերադարձնելու, թեև երբեք չենք կարողանա փոխհատուցել այն, ինչը նրանք արեցին ցեղասպանությունից մազապուրծ մեր քույրերի և եղբայրների համար. նրանք ոչ միայն հնարավորություն տվեցին մեր հայրենակիցներին ապրելու իրենց երկրում, այլ նաև պահպանելու իրենց ինքնությունը, ազգային արժանապատվությունը: Ես հպարտ եմ ու մի քիչ էլ հուզված, որ այսօր ճակատագիրն այս հնարավորությունը տվել է մեր զինված ուժերին, և այս հնարավորության անմիջական կատարողները դուք եք:

Ես նաև հպարտ եմ, որ իտալացի զինվորականները, իսկ աշխարհին հայտնի է, որ իտալացիները լավ զինվորներ են, լավ սպաներ են, գոհ են ձեր ծառայությունից: Ես շատ ուրախացա, երբ քիչ առաջ Պաշտպանության նախարարն ասաց, որ դուք լավ եք ծառայում: Շնորհակալ եմ:

Մենք հայրենիքում հպարտանում ենք ձեզնով ու մեկ անգամ ևս խնդրում ենք հիշել, որ կատարելով կոնկրետ առաքելություն Լիբանանում՝ դուք ձեր ավանդն եք դնում ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ ամբողջ աշխարհում խաղաղությունը պահպանելու հարցում, իսկ սա շատ կարևոր առաքելություն է:

Մեկ անգամ ևս շեշտում եմ՝ հայրենիքում մենք ձեզնով հպարտանում ենք: Մաղթում եմ, որպեսզի լինեք քաջ, հնարամիտ և խիզախ: Բարի ծառայություն»:

***

Իտալիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին այցելել է Վիտտորիանո թանգարանային համալիր, ծաղկեպսակ դրել Անհայտ զինվորի հուշարձանին, այնուհետև հանդիպում է ունեցել Իտալիայի Հանրապետության Նախագահ Սերջիո Մատարելլայի հետ:

Կարևորելով Իտալիայի Նախագահի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց Սերջիո Մատարելլայի հետ հանդիպումը` ՀՀ Նախագահը հույս է հայտնել, որ այն կնպաստի հետագա երկխոսության և հայ-իտալական օրակարգի հետագա ընդլայնման համար: Նախագահ Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ հագեցած օրակարգով իր պաշտոնական այցը նոր խթան կհաղորդի հայ-իտալական բարեկամական հարաբերություններին:

Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ 20 տարվանից քիչ ավելի պատմություն ունեցող հայ-իտալական դիվանագիտական հարաբերությունները զարգացել են բարեկամության և փոխըմբռնման ոգով, նշանավորվել բազմաթիվ կարևոր ձեռքբերումներով: Երկու երկրների նախագահները դա պատահական չեն համարել, ընդգծելով, որ հայ-իտալական սերտ կապերի հիմքում ընկած են երկու ժողովուրդների պատմական սերտ առնչություններն ու նույնակունք քրիստոնեական արժեհամակարգը։

Նախագահները կարևորել են, որ վերջին տարիների ընթացքում զգալիորեն ակտիվացել է հայ-իտալական համագործակցությունն ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Եվրոպական միության շրջանակներում` առաջընթաց ապահովելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գրեթե բոլոր ոլորտներում։

Երկկողմ համագործակցության կայուն զարգացման համատեքստում կարևորվել է նաև, որ երկու երկրների միջև առկա է համապարփակ երկկողմ իրավապայմանագրային դաշտ, որն ընդգրկում է 3 տասնյակից ավելի իրավական փաստաթուղթ։

ՀՀ Նախագահի խոսքով, ներկա այցը բարեկամ Իտալիա հայ ժողովրդի համար կարևորագույն մի ժամանակահատվածում, երբ Հայաստանի իշխանություններն ու համայն հայությունը ոգեկոչում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, լավագույնս փաստում է մեր երկրի կողմից Իտալիայի հետ երկկողմ կապերին տրվող կարևորությունը։

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել իտալացի ժողովրդին, որը փրկեց, օթևանեց ու նոր հույս տվեց Հայոց ցեղասպանությունից փրկված հայ տարագիրներին, որոնցից վերջինը Իտալիայում ապրեց մինչ անցած տարի։ Նախագահը նաև երախտագիտություն է հայտնել Իտալիային՝ համամարդկային արժեքները կարճաժամկետ շահերից մշտապես վեր դասելու համար, ընդգծելով, մասնավորապես Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից շուրջ 15 տարի առաջ Հայոց ցեղասպանության միաձայն ճանաչումը:

Նախագահները քննարկել են նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Իտալիայի նախագահը նշել է, որ Իտալիան այս հարցում ունի խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված դիրքորոշում` ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում` հիմնված հակամարտությունների խաղաղ կարգավորման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա։

Իտալիայի Նախագահը գոհունակություն է հայտնել առ այն, որ ԵՏՄ անդամակցությունից հետո Հայաստանը շարունակում է Եվրամիության հետ հարաբերությունների զարգացմանը միտված քայլերը և ավելացրել, որ այդ անդամակցությունը նաև նոր հեռանկարներ է բացում Հայաստան - Իտալիա հարաբերությունների զարգացման համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Իտալիայի միջխորհրդարանական համագործակցության զարգացման կարևորությանը, հայ-իտալական առևտրատնտեսական հարաբերություններին, Հայաստանում իտալական հնարավոր ներդրումներին: Երկու երկրների նախագահները գոհունակությամբ են արձանագրել, որ վերջին տարիներին հաճախ են կազմակերպվում գործարար համաժողովներ, կլոր-սեղաններ, ինչպես նաև գործարար ոլորտի ներկայացուցիչների փոխայցելություններ: Նախագահները համակարծիք են եղել, որ առկա ձեռքբերումները ոգևորիչ են, սակայն բոլորովին չեն արտացոլում համագործակցության իրական ներուժը, և դեռևս զգալի աշխատանք կա այն լիարժեքորեն օգտագործելու համար:

Հանդիպմանը մեծապես կարևորվել է երկու երկրների համագործակցությունը զբոսաշրջության բնագավառում: Այս համատեքստում կարևոր նախապայման է համարվել Հայաստանի և Իտալիայի միջև` Երևանից Հռոմ կամ այլ քաղաքներ կանոնավոր ուղիղ օդային կապի վերականգնումը:

Հայաստանի և Իտալիայի նախագահները համակարծիք են եղել, որ հաշվի առնելով առևտրատնտեսական, կրթական, գիտական, մշակութային և այլ ոլորտներում առկա ներուժը` կարելի է քայլեր ձեռնարկել հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ, որն առավել համակարգված կդարձնի աշխատանքները նշված ոլորտներում:

Խոսելով ապակենտրոնացված համագործակցության մասին՝ զրուցակիցները գոհունակությամբ են նշել, որ փոխշահավետ համագործակցություն է առկա նաև Հայաստանի և Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների միջև, որի ակունքները գնում են 1967թ., երբ Երևանն ու Կառարան հռչակվեցին քույր քաղաքներ։ Այդ շարքը տարեցտարի համալրվում է նոր քաղաքներով ու շրջաններով։ Իտալիայի նահանգային և քաղաքային պատվիրակությունների պարբերական այցերը, նախագահների համոզմամբ, նպաստում են շրջանների միջև ուղիղ կապերի, տնտեսական համագործակցության հաստատմանն ու ընդլայնմանը։

Երկու երկրների նախագահները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի և Իտալիայի փոխգործակցությանը, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին վերաբերող հարցերի շուրջ:

Ի պատիվ պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Իտալիայի Նախագահ Սերջիո Մատարելլայի անունից տրվել է պաշտոնական ճաշ:

***

Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին հանդիպումներ է ունեցել Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Լաուրա Բոլդրինիի և Իտալիայի Սենատի նախագահ Պիետրո Գրասսոյի հետ:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և մեծ պատիվ համարել գտնվել հիասքանչ Հռոմում, որը Հայաստանի համար բարեկամ պետության մայրաքաղաք լինելուց զատ, տարածաշրջանի կարևորագույն կենտրոններից է:

ՀՀ Նախագահը կարևորել է իր օտարերկրյա այցերի շրջանակներում օրենսդիր մարմինների ղեկավարների հետ հանդիպումները, քանի որ, ըստ նրա, դժվար է գերագնահատել այն դերը, որ օրենսդիրներն ունեն միջպետական հարաբերությունների զարգացման, փոխվստահության և փոխըմբռնման մթնոլորտ ձևավորելու գործում: Նշելով, որ Հայաստանի Ազգային ժողովը եվրոպական բազմաթիվ երկրների խորհրդարանների հետ բարեկամական կապերի բարի ավանդույթ է ձևավորել, Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ ժամանակն է նոր մակարդակի բարձրացնել նաև հայ-իտալական միջխորհրդարանական համագործակցությունը՝ հատկապես, որ դրա համար առկա են բոլոր նախապայմանները: Հայ-իտալական բազմաբովանդակ հարաբերությունների օրակարգում, ըստ զրուցակիցների, միջխորհրդարանական կապերը վաղուց իրենց հաստատուն տեղն ունեն, ինչի մասին է վկայում երկու երկրների խորհրդարաններում բարեկամության խմբերի առկայությունը:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել Իտալիայի Նախագահ պարոն Մատարելլայի հետ փոխըմբռնման մթնոլորտում կայացած արդյունավետ հանդիպման մասին, որի ընթացքում երկուստեք կարևորվել են կանոնավոր քաղաքական երկխոսության, տնտեսական, մշակութային, գիտական համագործակցության ոլորտներում առկա ձեռքբերումների ընդլայնումը, ինչպես նաև շեշտադրվել է միջխորհրդարանական կապերի խորացման կարևորությունը:

ՀՀ Նախագահի՝ Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Լաուրա Բոլդրինիի ու Իտալիայի Սենատի նախագահ Պիետրո Գրասսոյի հետ հանդիպումների ժամանակ մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ԵՄ հետ հարաբերությունները շարունակում են մնալ ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից, որոնք հիմնվում են առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա: Այդ համատեքստում Նախագահը կարևորել է Իտալիայի դերը ՀՀ-ԵՄ համընդգրկուն համագործակցության զարգացման գործում։ Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ հետ իրականացվող համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, հիմնարար ազատությունների պաշտպանությունը, կայուն զարգացման ու արդյունավետ կառավարման համատեղ ծրագրերը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, Հարավային Կովկասի տարածաշրջանի մարտահրավերներին ու խնդիրներին:

***

 

Իտալիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գլխավոր տնօրեն Ժոզե Գրացիանո դա Սիլվայի հետ:

Նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից մեր երկրի տնտեսության զարգացմանն ուղղված տարաբնույթ ծրագրերի իրականացումը և կարևորել է տարածաշրջանային, ինչպես նաև իրականացվող դոնորական ծրագրերում Հայաստանի ընդգրկումը:

Սերժ Սարգսյանի խոսքով, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ արդյունավետ համագործակցությունը և ՊԳԿ-ին անդամակցելը հնարավորություն է ընձեռել իրականացնել ՀՀ տնտեսության ագրարային հատվածի զարգացմանը նպաստող մի շարք առաջնահերթ ծրագրեր՝ ապահովելով դրանց ֆինանսավորումը:

Հանրապետության Նախագահը նշել է, որ հայկական կողմը պատրաստ է սատարել ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Ժոզե Գրացիանո դա Սիլվայի բոլոր նախաձեռնություններին, այդ թվում՝ կազմակերպությունում իրականացվող բարեփոխումներին: Նախագահի խոսքով, Հայաստանը հետևողականորեն աշխատում է ՊԳԿ-ի հետ՝ իր ներդրումը բերելով աշխարհում պարենային անվտանգության ապահովման գործին:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության ու Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համագործակցության հեռանկարներին: Այս համատեքստում զրուցակիցներն ուրախությամբ են փաստել, որ արդեն իսկ ստորագրվել է ԵՏՄ–ՊԳԿ փոխգործակցության միջոցառումների ծրագիրը և վստահություն են հայտնել, որ դա նոր խթան կհանդիսանա ՀՀ–ՊԳԿ համագործակցության համար:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպման ավարտին հաջողություն է մաղթել ս.թ. հունիսին կայանալիք ՊԳԿ 39-րդ համաժողովի աշխատանքներին, ինչպես նաև գլխավոր տնօրենի մանդատի համար անցկացվելիք ընտրություններին:

***

Նախագահ Սերժ Սարգսյանն  ապրիլի 9-ի երեկոյան ընթրիք է ունեցել իտալացի խորհրդարանականների հետ, որտեղ հանդես է եկել ելույթով:

***

 

Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 11-ին հանդիպում է ունեցել Հռոմի քաղաքապետ Ինյացիո Մարինոյի հետ:

Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ ամեն անգամ հաճույքով է ժամանում «հավերժական քաղաք»՝ Հռոմ, որտեղ յուրաքանչյուր քայլափոխի կարելի է ականատես լինել պատմամշակութային հարուստ ու անկրկնելի ժառանգության: Սերժ Սարգսյանը խորհրդանշական է համարել, որ այդ ժառանգության համայնապատկերում իր ուրույն տեղն ունի նաև հայկական մշակույթը, ինչը, ըստ նրա, պատահական չէ, քանի որ հայ և իտալացի ժողովուրդները պատմական կապերի ու համագործակցության հարուստ անցյալ ունեն: Նախագահը նշել է, որ հաճույքով է հիշում նախորդ այցը Իտալիա, երբ առիթ է ունեցել Հռոմին նվիրել հին հայկական խաչքար՝ ի նշան հայ-իտալական հավերժական բարեկամության:

Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Երևանն ու Հռոմը համագործակցության մեծ ներուժ ունեն և հույս է հայտնել, որ մոտ ապագայում իրավական հիմքեր կստեղծվեն երկու մայրաքաղաքների միջև կապերն առավել զարգացնելու և խորացնելու համար: Նախագահը հույս է հայտնել, որ այդ գործում Հռոմի քաղաքապետն իր անձնական ներդրումը կբերի: Քաղաքապետ Ինյացիո Մարինոյին Հանրապետության հրավիրել է այցելել Երևան:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ միջպետական հարաբերությունների առանցքում կարևոր դերակատարություն ունի ապակենտրոնացված համագործակցությունը, որը տարեցտարի ընդլայնվում է: Հաշվի առնելով աշխարհում ապակենտրոնացված համագործակցության և հանրային դիվանագիտության դերի բարձրացման միտումները՝ զրուցակիցները վստահություն են հայտնել, որ երկու մայրաքաղաքների միջև շփումների ակտիվացումը նոր որակ կհաղորդի երկկողմ կապերին:

Անդրադառնալով հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին՝ Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, թե տեղյակ է, որ ինչպես աշխարհի շատ անկյուններում, Հռոմում ևս անց են կացվում և մինչև տարեվերջ տեղի են ունենալու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազում միջոցառումներ։ Նախագահը բարձր է գնահատել 2000թ. Հռոմի քաղաքային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության միաձայն ճանաչումը: Նախագահի խոսքով, Իտալիայի ավելի քան 60 նահանգային և քաղաքային խորհուրդների մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանը դիտարկում է թե՛ որպես հավատարմություն համամարդկային արժեքներին և թե՛ հայ ժողովրդի հանդեպ համերաշխության դրսևորում: Այս համատեքստում Սերժ Սարգսյանը պատահական չի համարել նաև այն փաստը, որ «հավերժական քաղաքում» տեղադրված է Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշատախտակ:

Հանդիպմանը ՀՀ Նախագահը և Հռոմի քաղաքապետն անդրադարձել են նաև Հայաստանի և Իտալիայի միջև հումանիտար կապերի զարգացմանը՝ ընդգծելով, որ երկու երկրներն էլ հարուստ մշակութային պատմություն ունեն, և օրինաչափ է, որ այս բնագավառը հայ-իտալական հարաբերությունների կարևոր բաղկացուցիչն է։

Անդրադարձ է եղել նաև Իտալիայի հայ համայնքի գործունեությանը: ՀՀ Նախագահը, մասնավորապես, նշել է, որ Իտալիայի իշխանությունների և իտալացի ժողովրդի բարեհաճ վերաբերմունքի շնորհիվ հայերը պատմության ընթացքում մեծ հաջողությունների են հասել իտալական հողի վրա՝ գիտության, արվեստի, սպորտի, գործարարության ոլորտներում` իրենց համեստ ներդրումն ունենալով նաև Իտալիայի բարգավաճման գործում:

Հռոմի քաղաքապետի հետ հանդիպումից հետո, Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Վիտտորիանո թանգարանային համալիր, որտեղ դիտել է «Հայաստան. տապանի ժողովուրդ» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Հայաստանի 3000-ամյա պատմությունն ու Իտալիայում հայերի ներկայությունը փաստող մի շարք նյութեր։ Այս ցուցահանդեսով մեկնարկել են Իտալիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, որտեղ հատուկ բաժնով ներկայացված են նաև այդ ոճրագործության վկայությունները։

Այսօր ՀՀ Նախագահը հարցազրույց է տվել նաև իտալական “Corriere della sera” օրաթերթին` պատասխանելով Հայոց ցեղասպանության ճանաչման և 100-րդ տարելիցի հիշատակման միջոցառումների, հայ-իտալական և Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վերաբերյալ և բազմաթիվ այլ հարցերի:

***

Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 11-ին Իտալիայի Նեապոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ներկա է գտնվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և կարդինալ Սեպեի կողմից մատուցված եկեղեցական արարողությանն ու Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի՝ Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակ խաչքարի բացման և օծման արարողությանը: Հանրապետության Նախագահը խաչքարի բացման և Սբ. Գրիգոր Լուսավորչի մասունքների վերադարձի կապակցությամբ հանդես է եկել ելույթով:

Միջոցառման ընթացքում հասարականան, քաղաքական, տնտեսական հատվածները ներկայացնող մի խումբ հայ և իտալացի գործիչների Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևներ: Պարգևները շնորհվել են Հայոց ցեղասպանության ճանաչման, Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև երկկողմ կապերի ամրապնդման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, հոգևոր արժեքների տարածման, հայ-իտալական մշակութային, բարեկամական կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև հայանպաստ ակտիվ հասարակական-քաղաքական գործունեության, տնտեսության բնագավառում և հայապահպանության գործում ներդրած ավանդի համար:

Հանրապետության Նախագահին շնորհվել է Նեապոլ քաղաքի շքանշան, որը Սերժ Սարգսյանին հանձնել է քաղաքապետ Լուիջի դե Մաջիստրիսը:

 

← Վերադառնալ