10
08, 2016

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել նաև բոլոր ուղղություններով համագործակցության զարգացման, բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարին: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին, առկա խնդիրներին և այդ գործընթացն առաջ մղելու հնարավորություններին վերաբերող հարցեր, մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ: 


Հանդիպմանը ներկա են եղել նաև երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչները:

«Հարգելի Սերժ Ազատի, հարգելի բարեկամներ, 

շատ հաճելի է ձեզ բոլորիդ տեսնել Մոսկվայում: Հայաստանը մեզ համար ռազմավարական գործընկեր է Անդրկովկասում, և մենք հետևողականորեն կառուցում ենք դաշնակցային հարաբերություններ, ընդ որում` բոլոր ամենազգայուն ուղղություններով և միջազգային հարթակում: Նկատի ունեմ առաջին հերթին ԱՊՀ տարածքը. մենք այստեղ համագործակցում ենք և ՀԱՊԿ և այժմ արդեն Եվրասիական միություն շրջանակներում: Ի դեպ, ինձ շատ հաճելի է արձանագրել և ուզում եմ Ձեզ շնորհավորել այդ առիթով, ես նայել եմ անցյալ տարվա տվյալները` ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ՀՆԱ-ն ձեզ մոտ աճել է 10 տոկոսով, ինչպես երևում է փաստաթղթերից: Դա, իհարկե, շատ դրական ցուցանիշ է: Հույս ունեմ, որ այս դրական դինամիկան կշարունակվի: Մենք ունենք նաև երկկողմ բնույթի բազմաթիվ այլ հարցեր: Այդ իսկ պատճառով ես շատ ուրախ եմ Ձեզ տեսնել: Բարով եք եկել»,-Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Շնորհակալություն, Վլադիմիր Վլադիմիրի: Ես շատ ուրախ եմ մեր հերթական հանդիպման համար, և ավանդաբար այնպես է ստացվել, որ տարվա այս նույն ժամանակահատվածում հանդիպում ենք՝ քննարկելու հայ-ռուսական դաշնակցային գործընկերության վիճակը, երկկողմ և տարածաշրջանային օրակարգի առավել արդիական հարցերի շուրջ մտքեր փոխանակելու և, իհարկե, քննարկելու նախկինում մեր ձեռքբերած պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Ես գոհունակությամբ եմ ուզում փաստել, որ չնայած համաշխարհային և տարածաշրջանային տնտեսական խնդիրներին, վեց ամսվա ընթացքում մեր առևտրաշրջանառությունն աճել է 12 տոկոսով, իսկ Հայաստանից արտահանումը Ռուսաստան աճել է գրեթե 90 տոկոսով և, փաստորեն, հասել է կիսամյակի ընթացքում իր պատմական առավելագույնին: Դա, իհարկե, նաև ԵԱՏՄ կողմից տրամադրվող հնարավորությունների շնորհիվ է, ինչը, անշուշտ, շատ լավ է: Այս ժամանակահատվածում, իհարկե, տեղի են ունեցել բարձրաստիճան պաշտոնատար անձանց ինտենսիվ փոխայցելություններ: Եվ, սկզբունքորեն, մենք չունենք որևէ լուրջ խնդիր երկկողմ հարաբերություններում, բոլոր հարցերը օպերատիվ կերպով լուծվում են: Վլադիմիր Վլադիմիրի, ես ուզում եմ անձնական երախտագիտությունս հայտնել Ձեզ` Լեռնային Ղարաբաղի խնդրի դիվանագիտական ճանապարհով լուծման գործում Ռուսաստանի կողմից ներդրվող ջանքերի համար: Եվ իհարկե, այստեղ շատ և շատ կարևոր է, որպեսզի իրականացվեն ձեռքբերված պայմանավորվածությունները: Մենք պատրաստ ենք դրան: Շնորհակալություն Ձեզ այս հանդիպման համար, շատ հաճելի է»,-ՌԴ Նախագահի հետ հանդիպմանն ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

ՌԴ Նախագահը հավելել է, որ հաճույքով կտեղեկացնի Նախագահ Սերժ Սարգսյանին Ադրբեջանի Նախագահի հետ Բաքվում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ԼՂ հակամարտության շուրջ զրույցի արդյունքների մասին: 

Հանդիպման ավարտին Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը ԶԼՄ-ների առջև հանդես են եկել բանակցությունների արդյունքները ամփոփող հայտարարություններով, նաև պատասխանել լրագրողներին հետաքրքրող հարցերին:

Հայկական կողմի՝ իբրև թե հինգ, ապա երեք շրջաններ հանձնելու մասին Ադրբեջանի Նախագահի հայտարարությանը, ՌԴ-ի կողմից Ադրբեջանին սպառազինության մատակարարմանը և ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի ոգուն դրանց համապատասխանությանը վերաբերող հարցին ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, պատասխանել է.

«Նախևառաջ, ես ենթադրում եմ, որ իմ պարտականությունների մեջ չի մտնում մեկնաբանել իմ գործընկերների արտահայտությունները, այդ թվում՝ նաև Ադրբեջանում և Հայաստանում, և որտեղ էլ որ դա լինի: Ես կարծում եմ, որ եթե Դուք ցանկանում եք ստանալ խորքային տեղեկանք, պետք է դիմել այս կամ այն արտահայտությունների հեղինակներին: Սակայն մյուս կողմից, կարծում եմ, բոլորին հասկանալի է, որ երբ ընթանում է դիրքորոշումների համաձայնեցման և փոխզիջումների որոնման բարդ գործընթաց, այդ բավականին դժվար աշխատանքի ընթացքում կիրառվում են բոլոր քաղաքական, դիվանագիտական միջոցները, այդ թվում նաև զանգվածային լրատվամիջոցների օգտագործումը, որպեսզի ձևակերպվեն որոշակի հավակնոտ դիրքորոշումներ: Այստեղ որևէ արտառոց բան չկա: Դա, ըստ էության, սովորական պրակտիկա է: Իրականում, ես կարծում եմ, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը իրապես ցանկանում են գտնել ելք այս խնդրից, որպեսզի ապրեն խաղաղության և համաձայնության մթնոլորտում, որպեսզի համագործակցեն, զարգացնեն տնտեսությունը, դրանում ոչ պակաս հետաքրքրված է նաև Հայաստանը՝ հանեն բոլոր սահմանափակումները՝ ենթակառուցվածքային և տնտեսական, որպեսզի տնտեսությունը զարգանա ու մարդիկ, ի վերջո, ապրեն ավելի լավ և որպեսզի ամրապնդվի հայկական պետականությունը: Կարգավորման հարցում դա է մեր նպատակը, մեր ձգտումը: Նպատակն է հասնել այդպիսի արդյունքների: Դրան ձգտում է նաև ադրբեջանական կողմը: Իմ վերջին շփումները Նախագահ Ալիևի հետ Բաքվում դա են հաստատում: Պետք է գտնել այնպիսի մոտեցումներ, այնպիսի ուրվագծեր, որոնց դեպքում, ինչպես ես արդեն ասել եմ, ոչ ոք իրենց չի զգա հաղթող կամ պարտվող, այլ որպեսզի դա լինի այնպիսի լուծում, որը մշակված կլինի Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից, ընդունված կլինի երկու երկրների հասարակությունների կողմից, դա ամենակարևորն է: Իսկ Ռուսաստանը, ինչպես և Մինսկի խմբի որոշ այլ երկրներ, կարող է հանդես գալ որպես երաշխավոր՝ ընդունելով, եթե հարկ լինի, Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևեր: Ինչ վերաբերում է սպառազինություններին, ապա մեզ մոտ գոյություն ունի ծրագիր՝ այդ ուղղությամբ Հայաստանի հետ աշխատելու ծրագիր: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Հայաստանը մեր դաշնակիցն է: Մեզ մոտ կան որոշակի փոխադարձ պարտավորություններ և Ռուսաստանը միշտ հավատարիմ է իր պարտավորություններին, Ռուսաստանը միշտ իր պարտավորությունները կատարում է: Սպառազինությունների ժամանակակից շուկայում ցանկացած երկիր կարող է գործնականում ձեռք բերել գրեթե ցանկացած զենք: Օրինակ՝ այնպիսի երկիր, ինչպիսին է Ադրբեջանը՝ նավթ արտահանող երկիր, գրեթե 10 միլիոն բնակչությամբ, արագ աճող տնտեսությամբ և բավականին մեծ արժույթի և ոսկու պաշարներ ունեցող երկիր, իհարկե, ի վիճակի է գնել սպառազինություն ամենուրեք, հասկանու՞մ եք՝ վ: Ես այժմ ուշադրություն չէի դարձնի գործի ռազմական կողմին: Եթե մենք ուզում ենք լուծել խնդիրը, մենք պետք է այն լուծենք խաղաղ միջոցներով»:

 

***

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների առջև` ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքներով

 

Հարգելի' տիկնայք և պարոնայք,
Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին ջերմ հյուրընկալության համար:

Բարձր մակարդակի ակտիվ քաղաքական երկխոսությունը համապատասխանում է մեր երկրների միջև հարաբերությունների մակարդակին: Այդ հարաբերություններն ընդգրկում են մեր պետությունների կենսագործունեության բոլոր ոլորտները` սկսած ՀԱՊԿ ուղղությամբ դաշնակցային գործընկերությունից մինչև տնտեսական ինտեգրացում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում և սերտ համագործակցություն հումանիտար ոլորտում: Մեր տարածաշրջանների միջև կապերն ընդլայնվում են, և դրա մեջ մեծ դեր են խաղում պարբերական դարձած միջտարածաշրջանային հայ-ռուսական համաժողովները, Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների և Հայաստանի Հանրապետության մարզերի միջև ուղիղ կապերը:
Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի դերը աշխարհում և, մասնավորապես, մեր տարածաշրջանում, որտեղ զուգահեռ ընթանում են կայունության և անվտանգության վրա ազդող բազմաթիվ գործընթացներ: Հայաստանում ուշադիր հետևում էին վերջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանի Նախագահի ինտենսիվ արտաքին քաղաքական շփումներին, ինչը լիովին հասկանալի է՝ հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը, Իրանը և Թուրքիան Հայաստանի սահմանակից պետություններ են: Ես շնորհակալ եմ Ռուսաստանի Նախագահին այդ հանդիպումների ընթացքի մասին մանրամասն տեղեկատվության համար և համոզված եմ, որ Հայաստանը միայն շահում է մեր տարածաշրջանում Ռուսաստանի դերի ակտիվացումից:
Մենք այսօր քննարկել ենք նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության աճի էական հաջողությունները: Դա ուղիղ պատասխան է այն թերահավատներին, ովքեր կանխագուշակում էին, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը չի տա Հայաստանին ոչ մի առավելություն: Բավական է նշել, որ չնայած բոլոր միջազգային դժվարություններին և խոչընդոտներին, մեր առևտրաշրջանառությունը զգալի աճել է, իսկ Հայաստանից Ռուսաստան արտահանումը ընթացիկ տարվա առաջին վեց ամիսների ընթացքում աճել է գրեթե 90 տոկոսով՝ հասնելով իր պատմական առավելագույնին կիսամյակի ընթացքում: Համոզված եմ, որ մենք կկարողանանք պահպանել և զարգացնել այդ դինամիկան, քանի որ մեր երկրների միջև առկա առևտրատնտեսական ներուժը նույնիսկ այսօր ոչ լիարժեք է օգտագործվում:

Բնականաբար, մեր այսօրվա բանակցությունների գլխավոր թեման Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հարցն էր, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Դա, նախևառաջ, 1994-1995թթ. հրադադարի ռեժիմի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարումն է, միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելությունների ընդլայնումը:

Ես ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնել Ռուսաստանի Նախագահին այն ջանքերի համար, որոնք Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ համագործակցությամբ գործադրում է խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ, և այդ գործընթացում Նախագահ Պուտինի մեծ անձնական ներդրման համար: Դեռևս երկու տարի առաջ Սոչիում մենք մանրամասն քննարկել ենք այս բարդ խնդրի լուծման հիմնական սկզբունքներն ու մոտեցումները: Այդ սկզբունքներն անփոփոխ են: Նման հակամարտությունը անհնար է լուծել` հղում կատարելով հետևանքների, այլ ոչ թե պատճառների վերացմանը: Ղարաբաղյան խնդրի էությունը Ղարաբաղի ժողովրդի պայքարն է ինքնորոշման համար: Դա բոլոր ժողովուրդների անքակտելի իրավունքն է: Խնդրի լուծումը այդ իրավունքի հարգումն ու ապահովումն է: Հենց դրա մասին էլ այսօր մենք մանրամասն զրուցել ենք Ռուսաստանի Դաշնության Նախագահի հետ:
Նման զգայուն թեմայի հետ կապված խաղաղ գործընթացը, բանակցությունները երբեք հեշտ չեն լինում: Բոլոր այն փորձերը, որոնց արդյունքում կարող են խախտվել ուժերի հավասարակշռությունը, առաջանալ հաղթողներ ու պարտվողներ, դատապարտված են ձախողման և նոր լարվածության: Պետք է բոլորը շահեն իրատեսական, հստակ և իրագործվող որոշումների արդյունքում, որոնց հիմքում փոխադարձ հարգանքն ու վստահությունն է, այլ ոչ թե ատելությունն ու այլատյացությունը:

Վլադիմիր Վլադիմիրի, խաղաղության և համերաշխության թեմաները հատկապես արդիական են Օլիմպիական խաղերի օրերին: Մենք ևս մեկ անգամ հաջողություններ կմաղթենք Ռուսաստանի և Հայաստանի հավաքականներին և ցանկանում ենք միասին ուրախանալ մեր և ձեր մարզիկների նվաճած հաջողություններով: Մենք շատ հպարտանում ենք, որ հայկական ծագում ունեցող ռուսաստանցի մարզիկները հասել են շատ լավ արդյունքների: Մի քանի ամիս առաջ Երևանում բացվել է համաշխարհային գեղասահքի լեգենդ Իրինա Ռոդնինայի անվան դպրոց: Ես համոզված եմ, որ համատեղ սպորտային հաղթանակները և նվաճումները լիովին արտացոլում են մեր ժողովուրդների փոխադարձ զգացմունքները: Ինչպես ասվում է՝ առողջ մարմնում՝ առողջ հոգի:

← Վերադառնալ