23
10, 2018

Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Շվեյցարիայի Համադաշնություն

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է այդ կազմակերպության Առևտրի և զարգացման կոնֆերանսի (UNCTAD)` երկամյա պարբերականությամբ կազմակերպվող Համաշխարհային ներդրումային համաժողովի (World Investment Forum 2018) բացման հանդիսավոր արարողությանը։ Հոբելյանական` տասներորդ համաժողովն այս տարի անցկացվում է «Ներդրումներ՝ հանուն կայուն զարգացման» խորագրով:

Մինչ համաժողովի բացումը, Հանրապետության նախագահը կարճատև զրույց է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ալան Բերսեի հետ, որին հանդիպել էր նաև վերջերս Երևանում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում։

Համաժողովի բացմանը ներկա են եղել Շվեյցարիայի, ինչպես նաև ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման կոնֆերանսի անդամ պետությունների, համաշխարհային գործարար համայնքի, ներդրողների ու միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ: Համաժողովի մասնակիցներին ողջունել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ալան Բերսեն։

Համաշխարհային ներդրումային համաժողովը ներդրումների և կայուն զարգացման ոլորտին նվիրված միջազգային առաջատար և ներկայացուցչական համաժողովներից է, բարձր մակարդակի հարթակ, որտեղ քննարկվում են գլոբալիզացիայի և ինդուստրալիզացիայի նոր դարաշրջանում ներդրումային ոլորտում առկա համաշխարհային մարտահրավերները և դրանք հաղթահարելու հնարավորությունները:

Համաժողովն այս տարի իր հարկի տակ է հավաքել 160 երկրների ավելի քան 4000 ներկայացուցիչների, այդ թվում՝ տարբեր երկրների բազմաթիվ անդրազգային կորպորացիաների, ազդեցիկ ներդրումային ֆոնդերի, խոշոր ընկերությունների ղեկավարների:

Համաշխարհային ներդրումային համաժողովի բացմանը հետևել է ՄԱԿ-ի Ներդրումների խրախուսման մրցանակաբաշխության արարողությունը, որին մասնակցել է նաև նախագահ Սարգսյանը։

Մրցանակների արժանացել են այն ընկերությունները, որոնք գերազանց արդյունքներ են գրանցել ՄԱԿ-ի կողմից հռչակված կայուն զարգացման նպատակների, մասնավորապես՝ աղքատության դեմ պայքարի, որակյալ կրթության ու առողջապահության ապահովման, կլիմայական փոփոխության դեմ պայքարի ծրագրերի իրականացման գործում։ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մրցանակ է հանձնել հնդկական «Invest India» ընկերությանը։

Հայաստանի Հանրապետության նախագահն այնուհետեւ այցելել է Համաշխարհային ներդրումային hամաժողովի «Ներդրումային ավանում» բացված Հայաստանի տաղավար, որտեղ մեր երկրի ներդրումային միջավայրին, գրավչությանն ու մրցակցային առավելություններին զուգահեռ` ներկայացված են նաև Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններն ու առանձնահատկությունները։

Նախագահը ծանոթացել է տաղավարում ներկայացված նյութերին, զրուցել այցելուների հետ: 

 

***

Աշխատանքային այցով Ժնևում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության գլխամասային ձեռնարկություն և հանդիպել ընկերության նախագահ, շվեյցարահայ հայտնի գործարար և բարերար Վարդան Սրմաքեշի հետ։ Նրա ուղեկցությամբ Հանրապետության նախագահը շրջել է «Ֆրանկ Մյուլլեր»-ի տարբեր մասնաբաժիններում, եղել ցուցահանդեսների և միջոցառումների կենտրոնում, ծանոթացել ընկերության զարգացման հավակնոտ ծրագրերին:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Վարդան Սրմաքեշի ներդրումը Հայաստանի տնտեսության զարգացման գործում, մասնավորապես՝ նրա կողմից Հայաստանում և Արցախում իրականացվող ծրագրերը։

Շվեյցարահայ գործարարն իր հերթին ասել է, որ ինքն ու որդիները պատրաստ են տարբեր ծրագրերի միջոցով ընդլայնել իրենց մասնակցությունը Հայաստանի և Արցախի զարգացմանը:

Նշելով, որ արտասահմանյան այցերի ընթացքում իր պարտքն է համարում մշտապես խոսել ու պատմել Հայաստանի մասին, նախագահ Սարգսյանը գերխնդիր է դիտարկել Հայաստանը ներդրողների համար գրավիչ երկիր դարձնելը։ «Մենք պետք է կարողանանք կառուցել կայուն և կանխատեսելի երկիր, որտեղ հնարավոր է երկարաժամկետ ծրագրեր պլանավորել ու հաջողությամբ իրագործել»,-ընդգծել է Հանրապետության նախագահը։ Նա նաև կարևորել է սփյուռքի երիտասարդ սերնդի ակտիվ կապը հայրենիքի հետ, նրա ներգրավվածությունը Հայաստանի զարգացման ծրագրերին։ 

 

***

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում աշխատանքային հանդիպում է ունեցել սինգապուրյան խոշորագույն «Vertex Venture Holdings» վենչուրային ընկերության, շվեյցարական «Swiss Sustainable Finance», գերմանական հանրահայտ «Siemens» ընկերությունների խմբի մեջ մտնող «Siemens Financial Services» կազմակերպության ղեկավարության հետ։

Հանդիպման նպատակն արտերկրի գործարարներին Հայաստանի ներդրումային դաշտին, տարբեր ոլորտներում համագործակցության ծավալման հեռանկարներին ծանոթացնելն էր:

Քննարկվել են նշված ընկերությունների հետ փոխշահավետ համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նրանց փորձը մեր երկրում ներդնելու, ինչպես նաև հայաստանյան ընկերությունների հետ նախագծեր իրականացնելու հնարավորություններին։

Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան այցելելու և համագործակցության շուրջ կառավարության հետ քննարկումներ ծավալելու վերաբերյալ։

Հանրապետության նախագահը ներկայացրել է Հայաստանի տնտեսության առավել արագ զարգացող և հեռանկարային ուղղությունները: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը, հանդիսանալով ԵԱՏՄ անդամ, կարող է շատ կարևոր հանգույց հանդիսանալ ԵՄ-ԵԱՏՄ անդամ երկրների միջև, հատկապես որ դրա համար առկա են բոլոր պայմանները:

«Vertex Venture Holdings»-ը վենչուրային ֆոնդերի համաշխարհային ընկերություն է, որը գլխավորապես կենտրոնացած է տեղեկատվական տեխնոլոգիաների ու առողջապահության ոլորտներում վենչուրային ներդրումների հնարավորությունների վրա:

«Swiss Sustainable Finance»- ը միավորում է 110 անդամ և գործընկեր կազմակերպություններ, այդ թվում՝ շվեյցարական բանկերը։ Նրա գործունեությունն ուղղված է «մաքուր տնտեսության» գաղափարին և մաքուր ինդուստրիայի զարգացմանը, ինչն այսօր արդիական խնդիր է Հայաստանի համար։

 

«Siemens Financial Services» ընկերության հետ քննարկվել է էներգետիկայի, արդյունաբերության, ենթակառուցվածքների ոլորտներում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ նշվել է, որ Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ, կարող է կամուրջ լինել դեպի եվրասիական շուկաներ։ 

 

***
 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում հանդիպել է գերմանացի ձեռնարկատեր, Շվեյցարիայում գործող «Horasis» կենտրոնի հիմնադիր նախագահ Ֆրանկ-Յուրգեն Ռիխտերի հետ: 

«Horasis»-ն անկախ վերլուծական կենտրոն է, որը կազմակերպում է հանդիպումներ՝ առաջարկելու ռազմավարական լուծումներ այն մարտահրավերների համար, որոնց մեր օրերում առերեսվում են աշխարհը և կորպորացիաները: «Horasis»-ի հանդիպումների մասնակիցների շարքում են հայտնի հանրային դեմքեր, այդ թվում՝ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, միջազգային կորպորացիաների տնօրեններ։

Ֆրանկ-Յուրգեն Ռիխտերն առաջարկել է Հանրապետության նախագահին հաջորդ տարի Պորտուգալիայում կայանալիք  «Horasis»-ի տարեկան հանդիպմանը հանդես գալ որպես հատուկ բանախոս։ Նախագահ Սարգսյանն իր հերթին առաջարկել է դիտարկել «Horasis»-ի գալիք հանդիպումներից մեկը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը։ 

Զրուցակիցները կարևորել են նաև համագործակցությունը հայաստանյան վերլուծական կենտրոնների հետ, ինչպես նաև համատեղ ծրագրերը կրթության ոլորտում:

 

***

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 24-ին Ժնևում հանդիպել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) գլխավոր քարտուղար Մուքիսա Քիթուիի հետ:

Հանրապետության նախագահը կարևորել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի օժանդակությունը մեր երկրի տնտեսությանը։

Նշելով, որ տնտեսությունը տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, կրթություն, գյուղատնտեսություն, Հայաստանն ունի մեծ ներուժ և հավակնոտ ծրագրեր, նախագահ Սարգսյանն ասել է, որ մեր երկիրն ակնկալում է միջազգային ֆինանսական ինստիտուտների ակտիվ մասնակցությունը տարբեր ծրագրերի իրականացմանը։

ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղարն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի աճող ներգրավվածությունը տարբեր ծրագրերում:

Հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են Հայաստանի ներդրումային քաղաքականությանը, արտաքին պարտքի կառավարմանը և համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

 

***

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը ելույթով hանդես է եկել Համաշխարհային ներդրումային համաժողովի շրջանակում կայացած՝ Գլոբալ առաջնորդների վեհաժողովում:

Հանրապետության նախագահն իր ելույթում մասնավորապես նշել է, որ մեր երկիրը դարեր շարունակ եղել է քաղաքակրթությունների, կրոնների, հետաքրքրությունների ու առևտրի խաչմերուկում, կարևոր դերակատարում է ունեցել ժողովուրդների միջև համագործակցության մեջ:

Խոսելով Հայաստանում տնտեսության զարգացման հեռանկարների և ներդրումային գրավչության մասին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ տարիներ առաջ Հայաստանում սկսվեց չորրորդ ինդուստրիալ հեղափոխությունը կամ թվային հեղափոխությունը, և այսօր կարելի է վստահաբար ասել, որ Հայաստանն ունի լավագույն տեղեկատվական տեխնոլոգիաների սեկտորը ողջ նախկին Խորհրդային Միության տարածքում: Մի շարք խոշոր ընկերություններ Սիլիկոնային հովտից, Եվրոպայից իրենց ներկայացուցչություններն ունեն Հայաստանում:

Այնուհետև նա իր խոսքում անդրադարձել է ներդրումների ներգրավմանը.

«Ինչո՞ւ պետք է որևէ մեկը մտածի Հայաստանում ներդրումներ անելու մասին, որը փոքր երկիր է՝ 3.5 մլն բնակչությամբ: 

Կցանկանայի հիշեցնել, որ իրականությունը հետևյալն է. մենք փոքր երկիր ենք, բայց համաշխարհային ազգ: 4-5 անգամ ավելի շատ հայեր բնակվում են արտասահմանում: Ռուսաստանի Դաշնությունում բնակվում են նույնքան հայեր, որքան Հայաստանում: Հայաստանի մայրաքաղաք Երևանում բնակվում են նույնքան հայեր, որքան Լոս Անջելեսում կամ Ֆրանսիայում, Մերձավոր Արևելքում: Սա փոքր պետություն է, բայց համաշխարհային ազգ, ինչը 21-րդ դարում մեծ առավելություն է: Քսանմեկերորդ դարում, երբ աշխարհը դառնում է ավելի ու ավելի փոքր, փոխկապակցված ու ակտիվ, շատ քիչ պետություններ ու ժողովուրդներ կան, որ ունեն այս՝ համաշխարհային ցանց ունենալու առավելությունը:

Երկրորդը՝ մենք այն պետությունն ենք, որը մշակութային, տնտեսական, քաղաքական շատ լավ հարաբերություններ ունի. 2017 թ. նոյեմբերին մենք ստորագրեցինք համաձայնագիր Եվրամիության հետ: Միևնույն ժամանակ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության մաս է: Փաստացիորեն, Հայաստանը միակ պետությունն է, որը տնտեսական առումով կամրջում է Եվրասիան ու Եվրոպան: Եվ մենք ցանկանում ենք շարունակել լինել այդպիսին:

Երրորդ գործոնն այն է, որ, ինչպես արդեն ասացի, մենք համաշխարհային ազգ ենք: 21-րդ դարում այս համաշխարհային ազգն ամբողջությամբ ներգրավված է երկրում տեղի ունեցող իրադարձություններում: Անգամ հեղափոխության ժամանակ, որն իրականում դասական ոճի հեղափոխություն չէր քաղաքական կուսակցությունների, կազմակերպման տեսանկյունից, մասնակիցները միայն ՀՀ քաղաքացիները չէին, այլև Արգենտինայում, Ֆրանսիայում, Միացյալ Թագավորությունում, Բեյրութում կամ Մադրասում բնակվող հայերը: Ողջ հայ ժողովուրդը, որը 12-15 մլն է, ներգրավված էր քաղաքական փոփոխության գործընթացում: Այս նույն մարդիկ կմասնակցեն Հայաստանի ինդուստրիալ հեղափոխությանը և տնտեսական զարգացմանը:

Չորրորդ գործոնը, որը կցանկանայի շեշտել, կրթության կարևորությունն է: Խորհրդրային ժամանակաշրջանում Հայաստանն ուներ կրթության շատ բարձր մակարդակ: Պատահական չէ, որ երկրում առկա շատ լավ համալսարաններից, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության բնագավառներում առկա հետազոտական կենտրոններից բացի, Հայաստանում՝ Բյուրականում գործում էր աստղաֆիզիկայի աշխարահռչակ կենտրոն: Այս ավանդույթն այսօր էլ շարունակվում է, և մենք հպարտ ենք ասել, որ Հայաստանում ունենք կրթական ֆանտաստիկ կենտրոններ և անգամ կրթական նոր գաղափարներ ու թեմաներ ենք արտահանում Արևմուտք: Շաբաթներ առաջ Փարիզում բացվեց «ԹՈՒՄՈ» կենտրոն, որն արտադպրոցական բարձր տեխնոլոգիաների ու թվային կրթություն է տալիս: Սա 21-րդ դարի ավանգարդ է, թե ինչպես է պետք սովորեցնել երեխաներին դառնալ ՏՏ փորձագետներ:

Կրթությունը կարևոր է:

Եվ իհարկե՝ տնտեսության կայունությունը: Նախորդ տարի Հայաստանը գրանցեց 7.5 տոկոս տնտեսական աճ: Մենք ունեցանք հեղափոխություն, սակայն այս տարի գրանցում ենք գրեթե նույն արդյունքը: Այսինքն, ոչինչ չփոխվեց: Մեծ քաղաքական փոփոխությունից հետո անգամ տնտեսությունը կայուն մնաց:

Հայաստանն ունի լավագույն ֆինանսական ու բանկային սեկտորը նախկին Խորհրդային Միության տարածքում: Մեր երկրում գործում են եվրոպական, լիբանանյան, կիպրոսյան, հունական, իրանական բանկեր, այսինքն, այստեղ գործում է միջազգային բանկային համակարգ, որը կրկին շատ կայուն է:

Հայաստանը տնտեսապես ու ֆինանսապես կայուն երկիր է: Երբ ուսումնասիրում ես Հայաստանի ցուցանիշներն արդյունահանման, գյուղատնտեսության կամ զբոսաշրջության ոլորտներում, նոր կառավարությունը, Հայաստանը հետամուտ է կայուն, մաքուր արդյունահանմանը, բնական գյուղատնտեսությանը: Ակնկալում ենք մի քանի անգամ ավելացնել զբոսաշրջիկների թիվը:

Ամփոփելով ու ներկայացնելով 21-րդ դարի Հայաստանը՝ պետք է ասեմ, որ մեր երկիրը ոչ միայն նոր է, ունի նոր կառավարություն կամ ղեկավարություն կամ գաղափարներ, այլև նոր է իր ոգով: Ես այս հեղափոխությունը կանվանեմ ոչ միայն «թավշյա հեղափոխություն», այլև «հայկական ոճի հեղափոխություն»: Իսկ երկիրը զարգացման առումով կանվանեմ «երիտասարդ Հայաստան»՝ երիտասարդ ոչ թե տարիների, տարիքի, այլ՝ ոգու երիտասարդության առումով, որը մասնակցում է ինդուստրիալ հեղափոխությանը»:

Ելույթի ավարտին նախագահը հրավիրել է ներդրումներ անել նոր Հայաստանում՝ 21-րդ դարի Հայաստանում: 

 

***

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում հանդիպել է Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսի հետ։ Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին՝ հոգևոր գործունեության 50-ամյակի առթիվ և առողջություն ու երկար տարիների ծառայություն մաղթել:

«Հիսուն տարի է՝ նվիրված ծառայում եք մեր Առաքելական եկեղեցուն, մեր հայրենիքին ու ողջ հայ ժողովրդին»,- ասել է նախագահը` համոզմունք հայտնելով, որ Արամ Առաջինը դեռ շատ անելիք ունի, որովհետև Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը նրա ակտիվ գործունեության անհրաժեշտությունն ունեն ոչ միայն Անթիլիասում, Հայ Առաքելական եկեղեցու տարբեր օջախներում, այլև հայկական հարցերի դիվանագիտական ու քաղաքական լուծումների շրջանակում:

Նախագահը վստահություն է հայտնել, որ ինչպես 50 տարի առաջ, այնպես էլ այսօր և հետագա տարիներին Արամ Առաջին կաթողիկոսը նույն եռանդով, ոգով ու երիտասարդական ավյունով է ծառայելու եկեղեցուն, հայրենիքին և մեր ժողովրդին:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ նշել է, որ իր հիսնամյա ծառայության մեջ հայրենիքը, հոգևոր, ազգային, մշակութային արժեքները, Հայ դատը մշտապես առանցքային են եղել: Արամ Առաջինն իր հերթին բարձր է գնահատել հանրապետության նախագահի ծառայությունը հայրենիքին: «Հայաստանի նախագահը, վարչապետը, հայրենիքին ծառայողները որոշ իմաստով առաքյալներ են՝ կոչումի գիտակցությունն ունեցող»: Վեհափառը ասել է, որ Հայաստանը յուրաքանչյուր հոգևորականի ծառայության մեջ առաջնային տեղ պետք է ունենա: «Վստահեցնում եմ, որ նույն հանձնառությամբ, առավել թափով պետք է շարունակեմ ծառայությունս Հայաստանին ու հայ ժողովրդին»,- նշել է Արամ Ա կաթողիկոսը:

Նախագահն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն անդրադարձել են առաքելական եկեղեցու դերին՝ այն համարելով ազգային ինքնության կարևորագույն սյուներից մեկը:

«Համաձայն եմ, որ եթե ունենք ազգային ինքնության, պետականության մի քանի կարևորագույն սյուներ, ապա առաջինը Հայ առաքելական եկեղեցին է, որը 700 տարուց ավելի փոխարինել է պետականությունը, պահպանել է մեր ազգային ինքնությունը, հավաքել է ժողովրդին իր շուրջը, օգնել է ժողովրդին չմոռանալ լեզուն, մշակույթը, ապրել հույսով ու այդ հույսը դարձնել առաքելություն՝ ունենալու սեփական անկախ պետությունն ու պետականությունը,-ասել է նախագահ Սարգսյանը:- Ինչպես նշեցիք՝ և պետական ծառայության մեջ ներգրավված անհատները, և եկեղեցու սպասավորներն առաքյալներ են, մարդիկ, ովքեր ունեն առաքելություն, և այդ առաքելությունն ունի տարբեր ճյուղեր: Դրանցից մեկին մենք հասել ենք՝ մեր պատմական Հայաստանի փոքր մասում ստեղծել ենք պետականություն, ընդ որում` ոչ թե մեկը, այլ երկուսը, սակայն առաքելությունը դրանով դեռ չի ավարտվելու: Առաքելությունները մեծ են, հետևաբար, շատ էական է, որ ոչ միայն մեր բոլոր հայրենակիցները հարգանքով լցվեն մեր երկու պետությունների՝ Հայաստանի և Արցախի հանրապետությունների հանդեպ, այլև հպարտությամբ լցվեն իրենց ազգային էության նկատմամբ, գնահատեն այն առաքելությունը, որը պետությունը և մեր ժողովուրդն ունեն, ու գնահատեն Առաքելական եկեղեցու դերը, որը մեր ազգային սյունն է»:

Արամ Ա կաթողիկոսի խոսքով՝ պետականության բացակայության պայմաններում եկեղեցին դարձել է մեր հոգևոր հայրենիքը, և եկեղեցի-պետություն հարաբերությունը, գործակցությունը միշտ սերտ է եղել. «Բնականաբար, յուրաքանչյուրն ունեն տարբեր դերակատարություններ, բայց, ի վերջո, դրանք մի կետում հատվում են: Այդ կետը ժողովուրդն է, հայրենիքը: Հետևաբար ես հավատում եմ, որ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում հայրենիքի հետ եկեղեցու գործակցությունը պետք է լինի ամբողջական և անվերապահ: Հայրենիքը պատկանում է բոլորիս, և մենք հայրենիքի հզորացման առաջ պարտավորություն ունենք»:

Նախագահ Արմեն Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել կաթողիկոսին՝ իր նվիրումի համար: 

 

***

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում հանդիպել է շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ մենք ազգային նպատակների իրագործման նոր փուլ ենք մտնում աշխարհում տեղի ունեցող տնտեսական և, հատկապես, արդյունաբերական ու տեխնոլոգիական շատ արագ զարգացումների համապատկերում:

Կարևորելով համազգային ներուժի համախմբումը համահայկական օրակարգի շուրջ՝ Հանրապետության նախագահն ասել է. «Մենք մի կարեւոր առավելություն ունենք՝ մեր փոքր պետությունն իրականում իրենից ներկայացնում է մի հսկա ժողովրդի երազանքները, նպատակներն ու շահերը։ Ձեր երեխաները, թոռները հպարտ պետք է լինեն, որ իրենք հայ են, և պատկանում են փայլուն ժողովրդի, որն այս կյանքում ունի շատ մեծ առաքելություն ու նպատակ»։

«Մեր իրական ուժն ու հարստությունը մեր ժողովուրդն է»,-ասել է նախագահ Սարգսյանը եւ հավելել. «Այսօրվա Հայաստանը, որ նոր ու երիտասարդ Հայաստան է, շարժվում է, և հույս ունեմ, կշարունակի շարժվել ճիշտ ուղղությամբ՝ ազատության, մարդկային արժանապատվության ճանապարհով: Եկել է ժամանակը, որ յուրաքանչյուր հայ անպայման ներգրավված լինի իր երկրի գործերում՝ յուրաքանչուրն իր տեղում, իր ուժերի ներածին չափով իր նպաստը բերելով հայրենանվեր ծրագրերի իրագործմանն ու հայրենիքի զարգացմանը»։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը ու դրանք նորովի զարգացնելուն, հայապահպանության խնդիրներին և Հայաստանի կյանքում արտերկրի մեր հայրենակիցների՝ ավելի ակտիվ ներգրավման հնարավորություններին:

 

***

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շվեյցարիայի Ժնև քաղաքում մասնակցել է Crans Montana ֆորումի «Հայրենիք և համաշխարհային անվտանգություն» համաժողովի ամենամյա նստաշրջանին:

Crans Montana ֆորումը համագործակցում է ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրամիության, ՆԱՏՕ-ի, Եվրոպայի խորհրդի և այլ միջազգային կազմակերպությունների հետ ու նպատակ ունի խրախուսել միջազգային համագործակցությունը:

Ֆորումի շրջանակում տարեկան կազմակերպվում է չորս միջոցառում, որոնց ընթացքում ավելի քան 100 երկրի առանցքային դերակատարներ հավաքվում են՝ ոչ պաշտոնական մթնոլորտում քննարկելու կարևոր սոցիալական, տնտեսական և անվտանգությանն առնչվող հարցեր:

«Հայրենիք և համաշխարհային անվտանգություն» համաժողովի ամենամյա նիստաշրջանի քննարկման թեմաներն են միջազգային հարաբերություններում առկա խնդիրներն ու ռիսկերը, առողջապահությանը, կիբերանվտանգությանը և տեղեկատվության կառավարմանը վերաբերող հարցերը:

Նախագահ Արմեն Սարգսյանը նստաշրջանի ընթացքում հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես անդրադարձել է է համաշխարհային անվտանգության ռիսկերը կառավարելու նոր մեթոդների որոնման կարևորությանը:

«Մենք այսօր կանգնած ենք քաղաքակրթությունների պատմության խաչմերուկում,- ասել է Հայաստանի նախագահը:- Սա խաչմերուկ է, որտեղ մարդկային հասարակության ընկալման հին, դասական տարբերակները կամ ռիսկերի կառավարման, աշխարհը ղեկավարելու դասական տարբերակները բավականաչափ արդյունավետ չեն: Ես այս ամենն անվանում եմ նոր ժամանակաշրջան՝ քվանտային ռիկսերի, քվանտային անվտանգության և քվանտային քաղաքականության ժամանակաշրջան:

Սա չի նշանակում, որ ես ցանկանում եմ քվանտային մեխանիկայի օրենքներն օգտագործել մարդկային հասարակություններում: Ո՛չ, դա պարզապես ցույց է տալիս, որ աշխարհը, անվտանգությունը, համաշխարհային ռիսկերը կառավարելու հին տարբերակները, ըստ ամենայնի, այլևս արդյունավետ չեն լինելու, ուստի մենք պետք է փնտրենք նոր, ստեղծարար լուծումներ»:

Նախագահ Սարգսյանի խոսքով՝ «Պատմականորեն հասկանալու համար ապագայի 50 կամ 100 տարիները, պետք է 50, 100 տարի հետ նայենք՝ հասկանալու համար, թե ուր ենք շարժվում: Մաթեմատիկորեն դա նշանակում է՝ որպեսզի շարունակենք պատմության զարգացման գիծը, պետք է ունենանք պատմական ուղեգիծ, այնուհետև շարունակենք և ունենանք կանխատեսում՝ թե դեպի ուր ենք շարժվում:

Այս ամենն ավելի պարզ դարձնելու համար թույլ տվեք առանձնացնել մարդկային վարքագծի 4 տեսակ` գիտությունը, տեխնոլոգիաները, մարդկային էությունը և մարդկային հասարակությունը:

Բոլորի համար ակնհայտ է, որ նախորդ երկու հարյուր տարիներին մենք հսկայական նվաճումներ ենք ունեցել գիտության ոլորտում: Ես խոսում եմ Իսաhակ Նյուտոնից, Մաքսվելից մինչև 20-րդ դարի մեծ գիտնականներ, ինչպես՝ Ալբերտ Էյնշտեյնը` քվանտային մեխանիկայի հիմնադիրներից մեկը, և այդպես շարունակ: Նրանց բացահայտումները կապված էին նոր տեխնոլոգիաների, նոր ինդուստրիալ հեղափոխության և հասարակության ներսում առաջացած փոփոխությունների հետ:

Երկրորդն այն է, ինչ մենք անվանում ենք ինդուստրիալ հեղափոխություն: Շատ կարևոր է հասկանալ, որ այն, ինչ մենք անվանում ենք ինդուստրիալ հեղափոխություններ, իրականում ոչ թե հեղափոխություններ են, այլ էվոլուցիաներ: Ընդ որում, այդ էվոլուցիոն գիծը, որն ամենասկզբում ավելի դանդաղ էր, 20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբում մեծ թափ հավաքեց:

Սկզբնական շրջանում 100 տարի պահանջվեց, որպեսզի այդ ամենը մեծ փոփոխություն մտնցնի հասարակ մարդկանց կյանքում: Մյուս փոփոխությունը սկսվեց 50 տարի անց, իսկ հաջորդը չորրորդ ինդուստրիալ հեղափոխությունն է, թեպետ այն իրականում հեղափոխություն չէր. 25-30 տարում մենք տեսանք, որ մեր կյանքն այնքան է փոխվել, որ այն անվանեցինք հեղափոխություն, մինչդեռ իրականում դա արագընթաց էվոլյուցիայի ճանաչումն է:

Մեր վարքագծի չորրորդ բաղադրիչը մարդն է ՝մարդ արարածը: Հետևյալ օրինակը բերեմ. ընդամենը մի քանի շաբաթ առաջ Նոբելյան մրցանակ հանձնվեց երկու գիտնականի՝ մեկն ԱՄՆ-ից, մյուսը Ճապոնիայից՝ քաղցկեղի դեմ պայքարելու հրաշալի բացահայտման համար: Այդ բացահայտումը շատ գիտնականների 50 տարվա ուսումնասիրությունների արդյունք էր, նրանք գտան տարբերակ, թե ինչպես պետք է մեր իմունային համակարգը ճանաչի քաղցկեղն ու պայքարի դրա դեմ: Սա մարդկային կյանքերի վրա մեծ ազդեցություն է գործելու:

Ժամանակի ընթացքում այն իր հսկայական ազդեցությունը կունենա նաև չորրորդ գծի վրա, որի մասին ցանկանում եմ հակիրճ խոսել՝ դա մարդկային հասարակությունն է:

Եթե հետ գնանք, կտեսնենք, որ գիտությունն ու ինդուստրիալ հեղափոխությունը հսկայական ազդեցություն են թողել: Դրանք հնարավորություն տվեցին փոխարինել ֆեոդալիզմը կապիտալիզմով, որն այդ ժամանակ աճի շարժիչ ուժն էր: Սակայն միևնույն ժամանակ, զուգահեռ սկսվեց մի գործընթաց, որը վերաբերում էր սոցիալական արդարությանը, հավասարությանը: Այդ գործընթացը մենք անվանում ենք սոցիալիզմ: Աշխարհը սկսեց բաժանվել երկու բևեռների՝ կապիտալիզմի ու սոցիալիզմի կամ կոմունիզմի, որոնք զուգահեռաբար գոյություն ունեին մինչև վերջերս:

Նոր ֆենոմենը, որն այսօր վերելք է ապրում և որն ավելի կապված է սոցիալական արդարության ու հավասարության հետ, քաղաքացիական հասարակությունն է: Քաղաքացիների անհատական ձայներն արդեն նշանակություն ունեն: Այդ պատճառով ողջ աշխարհը դառնում է ավելի ու ավելի քվանտային: Անհատական ձայները կարող են մեծ ազդեցություն ունենալ քաղաքականության վրա:

Դառնանք մեր նոր՝ 21-րդ դարի հասարակությանը: Թույլ տվեք օրինակ բերել հենց իմ երկրից: Ես գալիս եմ մի երկրից, որտեղ իմ երդմնակալության արարողությունից երկու շաբաթ անց տեղի ունեցավ հեղափոխություն: Մենք այստեղ ունեինք մարդկանց կրիտիկական զանգված, ովքեր դեմ էին կոռուպցիային, անարդարություններին և այլն: Մարդկանց համբերությունը հասել էր կրիտիկական մակարդակի: Գործընթացն ինձ համար նման էր ջերմամիջուկային ռեակցիայի: Գաղափարը այն է, որ մեծ էներգիայով և կոնկրետ թիրախով անհատը կամ խումբը կամ քաղաքական կուսակցությունը առաջացրեց փոփոխության ռեակցիա՝ հեղափոխություն»:

Իր ելույթում Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև ահաբեկչությանն ու դրա դեմ պայքարին: «Ահաբեկչությունը համաշխարհային ռիսկ է, -նշել է Արմեն Սարգսյանը: - Կարո՞ղ ենք ուղարկել զորքեր ողջ աշխարհում ահաբեկչությունը կանգնեցնելու համար: Պատասխանը մեկն է՝ ոչ: Կարծում եմ, մենք պետք է փոխենք միջավայրը: Մենք պետք է գտնենք ահաբեկչության դեմ պայքարի նոր ճանապարհներ: Նոր ճանապարներ՝ պայքարելու համաճարակի դեմ, քանի որ համաճարակը դասական չէ: Այսօր այն սկսվում է Հոնկոնգում, իսկ հաջորդ զոհը գրանցվում է Արգենտինայում, այլ ոչ թե հարևան Չինաստանում: Քանի որ մենք գլոբալիզացված աշխարհ ենք:

Սա նաև գլոբալիզացիայի նոր ժամանակաշրջան է, քանի որ գլոբալիզացիան կանգ չի առնի: Այն այսօր ավելի արագ է ընթանում, սակայն դրան զուգահեռ՝ մենք ականատեսն ենք լինում քաղաքացիական հասարակության վերելքին: Մենք պետք է գտնենք գլոբալ անվտանգության, գլոբալ ռիսկերի կառավարման նոր ուղիներ և ունենանք երկիրը առաջ մղելու նոր գաղափարներ, որպեսզի այն դարձնենք կայուն ու կանխատեսելի, քանի որ այս երկու գործոնները ու ռիսկերը փոխկապակցված են:

Որքան ավելի լավ հասկանանք, թե ուր ենք շարժվում, որքան ավելի կառավարելի լինի այդ ամենը, այնքան ավելի փոքր կլինեն ռիսկերը»:

Հայաստանի նախագահը նշել է, որ 21-րդ դարը համաշխարհային անվտանգության, կայունության, նոր քաղաքականության, մեր հասարակությունների քվանտային պահվածքի, ինչպես նաև ռիսկերի ու անվտանգության նոր դար է, որը սկսվում է 2020 թվականին: «Մենք նոր աշխարհի դարպասների մոտ ենք և պետք է վերափոխենք մեր մտածելակերպը մեր մոտեցումների, արժեհամակարգի առումով,- ասել է նախագահ Սարգսյանը:-Ինձ համար Հայաստանը 21-րդ դարում ապրող երկրի օրինակ է, քանի որ մենք արտացոլում ենք աշխարհում առկա միտումները: Մենք փոքր երկիր ենք, բայց համաշխարհային ազգ: Այնքան, որքան հայեր են բնակվում Հայաստանում, նույնքան բնակվում են նաև Ռուսաստանում: Երևանը՝ աշխարհի հնագույն քաղաքներից մեկը, որը 2800 տարեկան է, ունի այնքան հայ բնակչություն, որքան Լոս Անջելեսը: Մի շարք ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաների, բանկային ոլորտները, Հայաստանը տարածաշրջանային առաջատար է:

Ուստի, լինելով փոքր երկրի նախագահ՝ ես փորձում եմ միևնույն ժամանակ լինել նաև համաշխարհային ազգի առաջնորդ»,- եզրափակել է նախագահ Սարգսյանը:  

 

← Վերադառնալ