14
01, 2019

Նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Արաբական Միացյալ Էմիրություններ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ:

***

 

Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Սուլթան Ալ-Ջաբերի հետ:

Հայաստանի նախագահը և պետնախարարը խոսել են տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության, մասնավորապես համատեղ նախագծեր իրագործելու հնարավորությունների մասին։ Նախագահ Սարգսյանի խոսքով՝ տարիների ընթացքում իհարկե, մեծ և փոքր հաջողություններ գրացնվել են, սակայն ներուժը շատ ավելի մեծ է։

Որպես համագործակցության հեռանկարային ուղղություն Արմեն Սարգսյանն առանձնացրել է տուրիզմի, ենթակառուցվածքների ու սպասարկումների ոլորտը՝ նշելով, որ Հայաստանը կարող է այս ոլորտում տարբերվող առաջարկներ անել՝ մասնավորապես էկո տուրիզմ, պատմական զբոսաշրջություն։

Նախագահը կարևորել է նաև փոխգործակցությունը գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության ոլորտներում։ Նրա խոսքով՝ մեր երկիրը հայտնի է միրգ-բանջարեղենի վերամշակման, պահածոյացման, չրագործության ոլորտներում և այստեղ երկու երկները կարող են փոխշահավետ աշխատել։


Ըստ Արմեն Սարգսյանի, գործակցության արդյունավետ հարթակ կարող են լինել նաև aտեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտները, ֆինանսական սեկտորը, ինչպես նաև էներգետիկայի, մասնավորապես, վերականգնվող էներգիայի բնագավառը։


***

Հանրապետության նախագահի այցը Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնարկել է Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերիգլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հանդիպմամբ։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունները սկիզբ են առել Ձեր հոր,ԱՄԷ լուսահոգի նախագահ Շեյխ Զայեդ բին Սուլթան ալ Նահյանի օրոք։ Մեզ համար շատ թանկ են մերերկրների ու ժողովուրդների միջև ձևավորված ջերմ հարաբերությունները, և մենք պատրաստ ենք դրանք առավելագույնս զարգացնել ու ընդլայնել»։

Ջերմ ու անմիջական հանդիպման ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը և թագաժառանգ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը քննարկել են հայ-էմիրաթական հարաբերությունների ողջ սպեկտորը, առևտրատնտեսական փոխգործակցության ներկայիս տեմպերը խթանելու գործում կարևորել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որը, նրանց համոզմամբ, նպաստավոր հարթակ էմիմյանց շուկաների ուսումնասիրման, տարբեր ոլորտներում շահավետ ներդրումների իրականացման, ինչպես նաև երկու երկրների տնտեսության մեջ տեղի ունեցող բարեփոխումների ու նորարարությունների
ընթացքին հետևելու համար:

Ընդգծելով առևտրատնտեսական ոլորտում առկա մեծ ներուժը՝ նախագահ Սարգսյանը հեռանկարային է համարել համագործակցության հնարավորությունները հատկապես գյուղատնտեսության, վերականգնվող էներգետիկայի, քիմիական արդյունաբերության, տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտներում։

Նշելով, որ Հայաստանն Արաբական Միացյալ Էմիրությունները դիտարկում է կարևոր հանգույց դեպի Ծոցի տարածաշրջան և այլ երկրներ, Արմեն Սարգսյանն ասել է, որ Հայաստանն իր հերթին Միացյալ Էմիրությունների համար կամուրջ կարող է լինել դեպի ԱՊՀ և ԵԱՏՄ երկրներ ու շուկաներ:

Նախագահ Սարգսյանը և շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանը խոսել են նաև մշակույթի, գիտության ու կրթության, զբոսաշրջային ոլորտներում առկա համագործակցության մեծ ներուժի մասին: Երկու բարեկամ երկրների ժողովուրդների միջև շփումներն առավել հաճախակի դարձնելու և փոխճանաչելիության մակարդակը բարձրացնելու համար կարևորվել են մշակութային փոխգործակցության ակտիվացումը, համատեղ ծրագրերի իրականացումը։

 

***

Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայրաքաղաք Աբու Դաբիում մասնակցել է միջազգային խոշոր՝ «Աբու Դաբի կայունության շաբաթ» համաժողովի մասնակից պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընդունելությանը և հանդես եկել ելույթով։

Շնորհակալություն հայտնելով Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարությանն ու կառավարությանը հրավերի և համաժողովին մասնակցելու հնարավորության համար՝ Հանրապետության նախագահը մասնավորապես ասել է.

«Մենք բոլորս գիտակցում ենք, որ ապրում ենք 21-րդ դարում, մի դար, որը շատ յուրահատուկ է, որտեղ աշխարհը փոխկապակցված է, որտեղ ամեն բան տեղի է ունենում լույսի արագությամբ։ Սա բացարձակ ուրիշ աշխարհ է։

Երկու-երեք բանի մասին ցանկանում եմ կարճ խոսել։ Առաջինը՝ գլոբալիզացիան։ Կան քննարկումներ, թե գլոբալիզացիան այսօր կանգ է առել։ Ես բացարձակապես համաձայն չեմ դրա հետ։ Գլոբալիզացիան այլևս մակրոգործընթաց չէ, այն միկրոգործընթաց է։ Աշխարհում մարդիկ, առևտուրը, հարաբերությունները, կապերը, տեղեկությունն այնքան փոխկապակցվածեն, որ գլոբալիզացիան շարունակվելու և աճելու է շատ ավելի մեծ արագությամբ։

Երկրորդը, մենք խոսում ենք ինդուստրիալ հեղափոխության՝ չորրորդ ինդուստրիալ հեղափոխության մասին։ Այն, ինչ մենք կունենանք, լինելու է սրընթաց կամ հաստատուն հեղափոխություն, քանի որ տեղի է ունենալու և՛ գիտության, և՛ տեխնոլոգիաների, և՛ առևտրի ոլորտներում, կենսաբանության մեջ, ինչպես նաև մեր վարքագծում։

Սրընթաց հեղափոխությունները տեղի են ունենալու նաև մեր ամենօրյա կյանքում։ Դրանք աշխարհում տեղի են ունենում նաև այսօր, որի օրինակը Հայաստանն է։

Շուրջ մեկ տարի առաջ՝ ապրիլի 9-ին, ես դարձա Հայասանի Հանրապետության նախագահ։ Դրանից օրեր առաջ սկսվել էր հեղափոխություն, սկսվել էր հինգ անձով, այնուհետև նրանք դարձել էին 100, 500, 1000, 5000… Երկու շաբաթվա ընթացքում մենք ունեինք հեղափոխություն, որին մասնակցում էին հարյուր հազարավոր մարդիկ։ Եվ այս ամենը կազմակերպված չէր, այս ամենը քաղաքական ուժը չէր, որ իրականացրեց: Դա «Ֆեյսբուք»-ի հեղափոխություն էր, 21-րդ դարի հեղափոխություն։ Այսինքն, սրընթաց հեղափոխությունները տեղի են ունենալու նաև քաղաքական կյանքում։ Աշխարհը օր օրի դառնում է ավելի ու ավելի ոչ դասական։

Ցանկանում եմ օրինակ բերել քվանտային ֆիզիկայից։ Հարյուր տարի առաջ ֆիզիկոսները հասկանում էին ամեն բան, ինչ տեղի էր ունենում աշխարհում, և կարող էին ամեն բան բացատրել։ Սակայն աստիճանաբար ի հայտ եկան երևույթներ, որոնք նրանք չէին կարող բացատրել, քանի որ դասական մեխանիկայի գաղափարներն այլևս չէին աշխատում, դասական ֆիզիկայի տրամաբանությունը չէր աշխատում։ Եվ այս ամենը շարունակվեց այնքան, մինչև հսկաներից մեկը` Ալբերտ Այնշտայնը, ստեղծեց մի բան, որն առնչվում էր տարրական մասնիկների վարքագծին, ինչը բացարձակապես դասական չէր։

Դասական ֆիզիկայում, որպեսզի մասնիկներն Ա կետից գնային Բ կետ, պետք է անցնեին հստակ ճանապարհով։ Մինչդեռ քվանտային ֆիզիկայում կամ փոքր մասնիկների ֆիզիկայում այդ մասնիկները հավանականության տեսությամբ կարող էին լինել ցանկացած կետում։ Այսինքն, սա բնական աշխարհը դիտարկելու բացարձակ տարբերվող տեսակ է։

21-րդ դարում մենք մուտք ենք գործում համաշխարհային ռիսկերի, ինչպես նաև քաղաքականության քվանտային վարքագծի ժամանակաշրջան։ Սոցիալական, քաղաքական իրադարձությունները 21-րդ դարում բացարձակապես տարբերվող վարքագիծ են ունենալու։ Համաշխարհային ռիսկերի վարքագիծը տեխնոլոգիաների, համաճարակների կամ ահաբեկչության դեպքում ամբողջովին տարբերվելու է 20 -րդ դարի նրանց վարքագծից։ Ռիսկերը, որոնք լինում են Նյու Յորքում կամ Վաշինգտոնում, կարող են ողջ երկրագնդով մեկ մեծ փոփոխությունների պատճառ դառնալ։ Մարդիկ կարող են միլիարդավոր դոլարներ կորցնել։

Հետևաբար, եթե ռիսկերը քվանտային են, դրանց լուծումները ևս պետք է քվանտային լինեն։ Ուստի, բարի գալուստ 21- րդ դար, որտեղ ձեզնից յուրաքանչյուրը պետք է մտածի տարբեր, որտեղ ձեզնից յուրաքանչյուրը պետք է լինի ստեղծարար, ինչպես նաև՝ քվանտային…

Այստեղ ցանկանում եմ կանգ առնել, քանի որ սրանք պարզապես փոքր հատվածներ են իմ գրքից, որն ավարտում եմ: Այն կհրատարակվի գարնանը և կոչվելու է «Համաշխարհային ռիսկերի քվանտային վարքագիծը»»:

 

***

Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում  ևս մեկ հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Սուլթան Ալ-Ջաբերի հետ՝ քննարկելու տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության կոնկրետ ոլորտները։

Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանը թեև փոքր երկիր է, բայց հայերը գլոբալ և սերտորեն փոխկապակցված ազգ են: Եվ երբ ինքը, որպես նախագահ, խոսում է համագործակցության մասին՝ նկատի ունի ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, որովհետև հայերը, հայկական բիզնեսն աշխարհում ամենուր են, ինչի շնորհիվ համագործակցության ներուժը անհամեմատ մեծանում է։

Զրուցակիցները պայմանավորվել են, որ որպես առաջին քայլ, ԱՄԷ-ից պատվիրակություն այցելի Հայաստան՝ հնարավորություններին տեղում ծանոթանալու, քննարկումներ ունենալու և եղած առաջարկները գործնական հիմքերի վրա դնելու համար։

***

Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Մասդար Սիթի» (Masdar City) նորարարական քաղաք։

«Մասդար Սիթի»-ն Աբու Դաբիի էմիրությունում կառուցվող քաղաք է։ Այն հաճախ անվանում են նաև ապագայի էկո-քաղաք, որն ամբողջությամբ պետք է սնուցվի արևային և վերականգնվող էներգիայի այլ աղբյուրների միջոցով: Մասդարի քաղաքային զարգացման փիլիսոփայությունը հիմնված է տնտեսական, սոցիալական և շրջակա միջավայրի կայունության պահպանման սկզբունքի վրա:

Թափոնների նվազեցման, ջրային պաշարների օգտագործման, էներգաարդյունավետության ոլորտներում նոր լուծումների կիրառման շնորհիվ Մասդարը քաղաքների զարգացման ուղենշային օրինակ է: Միաժամանակ, Մասդարի տեխնոլոգիաների ու կրթության համալիրը, համագործակցելով Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ, կրթական նոր հեռանկարներ է բացում տարբեր երկրների, այդ թվում և հայաստանցի ուսանողների համար։

«Մասդար Սիթի»-ի գործադիր տնօրեն Յուսեֆ Ահմեդ Բասելայբի ուղեկցությամբ նախագահը շրջել է Մասդարի տարածքում, հետաքրքրվել ինովացիոն կենտրոնի նախագծերով ու ծրագրերով, դրանց իրականցման հեռանկարներով և կիրառվող նորարարական գաղափարներով։

Նախագահը հանդիպել է նաև Մասդարում կրթություն ստացող հայ ուսանողներ Մարիայի և Արիկի հետ, հետաքրքրվել նրանց կրթական գործընթացով ու ապագայի հետ կապված ծրագրերով։

«Սա իրականում պարզապես քաղաք չէ, այլ տարբեր գաղափարների, մոտեցումների համադրություն։ Սա և՛ քաղաք է, և՛ գիտահետազոտական, կրթական կենտրոն է, միաժամանակ, նաև բիզնես և հիմնադրամ։ Սա նաև մեծ ներդրում է։ Ժամանակին Հայաստանից այստեղ 10-11 ուսանող ենք ունեցել։ Ցավոք սրտի, հիմա նրանց թիվը շատ քիչ է՝ ընդամենը երեք։ Եվ եթե ճիշտ կազմակերպենք, այդ ուսանողները կարող են մեկ կամ երկու տարի հետո վերադառնալ Հայաստան ու այդ նույն գաղափարները կիրառել Հայաստանում»,- նշել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ ընդգծելով, որ 21-րդ դարում, որտեղ մենք ապրում ենք, նմանատիպ գաղափարները շատ մեծ տեղ են ունենալու։

«Կարծում եմ՝ սա լավ օրինակ է մի կենտրոնի, որի հետ պետք է անպայման համագործակցենք և ստեղծենք հայկական օրինակը, որը նույնը չի լինի, այլ կլինի ավելի լավը»,- ասել է Արմեն Սարգսյանը։

Հանրապետության նախագահը, պատասխանելով լրագրողների հարցերին, կիսվել է նաև ապագայի քաղաքի մասին իր տեսլականով։

«Այն պետք է մի քանի բաղադրիչ ունենա,-նշել է Հայաստանի նախագահը:- Բաղադրիչներից մեկը շատ էական է՝ ունենալ ամենավերջին ժամանակակից տեխնոլոգիաները։ Երկրորդը, պետք է ունենալ տեսլական, որը պետք է տանի 20-40 տարի առաջ, պետք է պատկերացնել` որտեղ է աշխարհը լինելու տարիներ անց և կառուցել այն հիմքերը, որոնք քեզ այդտեղ կհասցնեն։ Եվ երրորդը՝ օգտագործել մեր ժառանգությունը, փորձառությունը, որն ունեցել ես տարիներ ի վեր։ Պետք է գնաս քո արմատներին, հասկանաս, թե քո տարածքում ինչպես են մարդիկ ապրել, ու չարհամարհես այդ փորձառությունը»:

 

***

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է ALNOWAIS Investments ընկերության հիմնադիր անդամ և նախագահ Հուսեին Ալ Նովայիսի հետ։

Ընկերությունը գործունեություն է ծավալում հյուրանոցների և անշարժ գույքի, ենթակառուցվածքների, էներգետիկայի բնագավառներում, ունի վերականգնվող էներգետիկայի տարբեր ոլորտների նախագծերի իրականացման մեծ փորձառություն։

Ընկերության ղեկավարն ասել է, որ հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ, մասնավորապես, վերականգնվող էներգետիկայի ոլորտի համատեղ նախագծերի իրականացմամբ։

Հանրապետության նախագահի հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում այցելել Հայաստան՝ հնարավորություններին ավելի մոտիկից ծանոթանալու և կոնկրետ ծրագրեր մշակելու նպատակով։

 

***

Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՄՈՒԲԱԴԱԼԱ ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Քալդուն Խալիֆա Ալ Մուբարաքի հետ։

ՄՈՒԲԱԴԱԼԱ ներդրումային ընկերությունը հիմնականում գործունեություն է ծավալում բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, էներգետիկայի, առողջապահության, անշարժ գույքի, ենթակառուցվածքների, կրթության, գիտության ոլորտներում։

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել MASDAR–ի տեխնոլոգիաների և գիտության կրթահամալիրում սովորելու համար Հայաստանից ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու համար և ցանկություն հայտնել, որ այդ գործընթացը շարունակական լինի։

Զրուցակիցները ջերմ ու բարեկամական մթնոլորտում քննարկել են երկու երկների միջև առևտրատնտեսական, ներդրումային hամագործակցությանը վերաբերող հարցեր։

Որպես ներդրումների համար գրավիչ և հեռանկարային ուղղություններ, նախագահ Սարգսյանը առաջարկել է դիտարկել վերականգնվող էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, հյուրանոցների ու սպասարկումների ոլորտները, որտեղ, նրա խոսքով, կա փոխգործակցության մեծ ներուժ։

Նախագահ Սարգսյանն առաջարկել է նաև ճանաչողական այց կատարել Հայաստան՝ տեղում հնարավորություններին ծանոթանալու և փոխգործակցության ծրագրեր մշակելու համար։

 

***

 

Պաշտոնական այցով Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ԱՄԷ-ի մայրաքաղաքում տեղի ունեցող «Աբու Դաբի կայունության շաբաթ» (Abu Dhabi Sustainability Week) ֆորումի շրջանակում  մասնակցել է «Ապագայի գագաթնաժողով» (Future Summit) խորագրով համաժողովին։ Այն բացել է ԱՄԷ էներգետիկայի և արդյունաբերության նախարար Սուահիլ Մոհամեդ Ֆարաժ ալ-Մազրուին։

Նախագահ Սարգսյանը համաժողովին հանդես է եկել որպես գլխավոր բանախոս։ Իր խոսքում նախագահը նշել է.

«Սա յուրահատուկ համաժողով է, և պատահական չէ, որ այն տեղի է ունենում հենց այստեղ։ Սա արտացոլումն է այն փաստի, որ կառավարությունը՝ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդի ղեկավարությամբ, նայում է դեպի ապագան։

Այստեղ բարձրացվել են հարցեր, որոնք առնչվում են ապագային ու սպասվող մարտահրավերներին, այն ռիսկերին, որոնց առնչվելու ենք վաղը՝ սկսած սննդից, ջրից, կլիմայական փոփոխություններից մինչև էներգիա։

Եթե պատմականորեն հարյուր տարի հետ գնանք, կտեսնենք, որ ապրում էինք էներգիայի արդյունաբերության աշխարհում, որը կարող էինք «սև» անվանել, քանի որ այրում էինք ածուխը, նավթը և ստանում էներգիա, որն օգտագործում էինք արդյունաբերության մեջ և այդպես շարունակ։ Ավելի ուշ մենք սովորեցինք օգտագործել վերականգնվող էներգիան, սկսեցինք օգտագործել նաև գազը ։ Այսօր այդ «սևը» դարձել է մոխրագույն։

Սակայն մենք բոլորս ակնկալում ենք ունենալ աշխարհ, որը ոչ թե մոխրագույն է, այլ` կանաչ, մինչդեռ այսօրվա մոխրագույն աշխարհից դեպի վաղվա կանաչ աշխարհ տանող ճանապարհը լինելու է ժամանակատար, պահանջելու է տքնաջան աշխատանք ու ջանքեր։

Բոլորը խոսում են կլիմայական փոփոխությունների մասին։ Ես ցանկանում եմ նշել, որ մենք պետք է շատ զգուշավոր լինենք՝ քննարկելու ոչ թե պարզապես կլիմայական փոփոխությունները, այլ նաև դրա ազդեցությունը բնության վրա։

Լավագույն օրինակ է ատոմային էներգիան։ Թեպետ ատոմային էներգիայի ազդեցությունը կլիմայի վրա նվազագույն է, սակայն այն ստեղծում է ատոմային վառելիք, ատոմային թափոններ, որոնց հետ պետք է հաշվի նստենք։ Մենք օգտագործում ենք ստեղծվող ատոմային վառելիքի միայն մի փոքր մասը։ Մենք պետք է այն չեզոքացնենք կամ պահեստավորենք ապագա սերունդների համար։
Մեկ այլ խնդիր են ատոմային թափոնները, որոնք ռադիոակտիվ են։ Ուստի պետք է լինենք շատ ուշադիր՝ հասկանալու, թե ինչ անել դրանց հետ, քանի որ դրանք երկար ժամանակ կարող են վտանգ հանդիսանալ բնության համար։

Մոխրագույնից դեպի կանաչ, պայծառ ապագա տանող ճանապարհին ընկած է մեծ աշխատանք։ Մենք ունենք վերականգնվող էներգիայի մեծ հնարավորություններ, սակայն դա օգտագործելիս անգամ պետք է շատ զգույշ լինենք՝ չվնասելոՎ բնությանը։

Խնդիրներից զատ թույլ տվեք խոսել նաև առավելությունների ու այն մասին, թե որտեղ ենք մենք այսօր։

Ես կկենտրոնանամ երկու խնդրի վրա։

Նախ, կցանկանամ խոսել գլոբալիզացիայի մասին։ Այն շատ կարևոր է մեր կյանքում։ Գլոբալիզացիայի ողջ ազդեցությունը սկսվեց Բեռլինի պատի անկումից հետո, երբ պատնեշները արևելքի ու արևմուտքի, գաղափարախոսությունների միջև կործանվեցին։

Երկրորդ ազդեցությունը եղավ, երբ աշխարհը հասկացավ, որ կա ապագայի միայն մեկ կարևոր ճանապարհ: Դա կառավարման կապիտալիստական տարբերակն է, ազատ ու լիբերալ շուկաների տարբերակը։ Դա դարձավ միջկառավարական հարաբերությունների, ինչպես նաև միջազգային այնպիսի ինստիտուտների ակտիվ ստեղծման պատճառ, ինչպիսին է Առևտրի համաշխարհային կազմակերպությունը։ Այս ամենը հանգեցրեց աշխատանքի, էներգիայի և փողի մեծ հոսքի՝ արևմուտքից արևելք։ Արտադրությունը սկսեց իրականացվել ոչ միայն ԱՄՆ-ում, այլև Վիետնամում, Չինաստանում, Հնդկաստանում... Աշխարհը դարձավ համաշխարհային շուկա։

Երրորդ կարևոր կետը. տարիներ առաջ աշխարհի տարբեր հատվածներ միմյանց հետ կապված էին կապի՝ հեռախոսակապի միջոցով, սակայն երբ այսօր նայում ես աշխարհին, տեսնում ես, որ այն նյարդերի հսկայական ցանցով իրար կապված մի փոքր երկիր է։ Այս մոլորակը փոխկապակցված է։ Այսօր բնական է հեռախոսով զանգել Կալիֆորնիա կամ Ավստրալիա և իրական ժամանակում տեսնել մարդկանց, քննարկում ունենալ, մինչդեռ այս ամենը 20-30 տարի առաջ չկար։ Տեղի ունեցածի պատճառը գլոբալիզացիան է՝ տեխնիկական գլոբալիզացիան։

Գլոբալիզացիան սկսվել է որպես մակրո գործընթաց, սակայն այն շատ հեռու է գնացել՝ վերածվել միկրո գլոբալիզացիայի։ Ես սա անվանում եմ գլոբալիզացիա քվանտային մակարդակով։ Անգամ եթե մենք դնենք որոշակի սահմանափակումներ, չենք կարողանա կանգնեցնել գաղափարների, ստարտափների հոսքը, որոնք արդյունաբերության նոր շարժիչ ուժերն են։ Այսինքն, գուցե մակրոմակարդակի վրա ստեղծվեն արգելքներ, սակայն նոր՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության ինդուստրիան երբեք կանգ չի առնի։ Համաշխարհային քվանտային գլոբալիզացիան անհնար է կանգնեցնել։

Երկրորդը, որի մասին կցանկանայի խոսել, ինդուստրիալ հեղափոխությունն է։ Երբ մոտ հարյուր տարի ետ գնանք, կտեսնենք, որ մոլորակի վրա տեղի է ունեցել դրամատիկ իրադարձություն։ Դա այն հսկայական զարգացումն է, որը կատարվել է ֆիզիկայում։ Նախքան այդ ամեն բան պատկերացնում էինք՝ ելնելով դասական ֆիզիկայի ու մեխանիկայի օրենքներից, որոնք սահմանել էին Իսահակ Նյուտոնը և շատ այլ գիտնականներ: Ամեն բան բացատրելի էր։ Սակայն 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին տեղի ունեցան նոր իրադարձություններ, նոր գիտական հայտնագործություններ, որոնք անհնար էր բացատրել դասական ֆիզիկայի օրենքներով։ Որպես դրա արդյունք հանճարները, ինչպիսին էր Ալբերտ Այնշտայնը, ստեղծեցին հավանականության տեսությունը, մեծ զանգվածի՝ տիեզերքի ֆիզիկան, գրավիտացիայի տեսությունը։ Այդ մեծ գիտնականները ստեղծեցին քվանտային ֆիզիկան։

Սա պարզապես նոր՝ քվանտային ֆիզիկայի հայտնագործում չէր, սա մտածելակերպի, տրամաբանության հեղափոխություն էր։

Այս հանճարները նայեցին իրականությանն ու փոխեցին, հեղափոխեցին իրերի ընկալման ողջ տրամաբանական մտածելակերպը։ Իհարկե, ի սկզբանե գիտնականները վախեցած էին, քանի որ ամեն բան անտրամաբանական էր։ Սակայն երբ փոխում ես տրամաբանությունը և մոտեցումը, սկսում ես հասկանալ, ու ամեն բան տրամաբանական է դառնում նոր գաղափարներով։ Սա շատ կարևոր է գիտության հեղափոխության մեջ։

Մյուս կետը, որին ուզում եմ անդրադառնալ ինդուստրիալ հեղափոխության մասին խոսելով, հետևյալն է. այն, ինչի մասին խոսում ենք, չորրորդ ինդուստրիալ հեղափոխություն չէ։ Ես դա այլ կերպ կմեկնաբանեմ։

Ներկայում բնական գիտություններում՝ ֆիզիկայում ,մաթեմատիկայում, քիմիայում, մեր նվաճումներից է արագացումը, իսկ դրա հիմքում ընկած է արհեստական բանականությունը։ Ցանկացած ուսումնասիրության հիմքում տվյալներն են և այն, թե ինչպես ենք մենք դրանց հետ աշխատում։ Այսօր ունենք տեխնոլոգիաներ, որոնք սկանավորում են մարդու մարմինն ամբողջությամբ, արդյունքում ունենում ենք մեծ թվով տվյալներ։ Չկա բժիշկ, ով կարող է այդ տվյալների ողջ ծավալի հետ աշխատել, սակայն, երբ մենք օգտագործում ենք արհեստական բանականություն՝ կոմպյուտերային համակարգերը, որոնք կարող են ինքնուրույն վերլուծություն անել և սովորել, և այդ համակարգերը կարող են վայրկյանների ընթացքում վերլուծել բոլոր տվյալները և բժշկական խորհուրդ տալ։
Արհեստական բանականությունը կօգնի մեզ ավելի խորը հասկանալ մեր ԴՆԹ-ն, ինչպես նաև վերափոխել այն այնպես, որ մենք ապրենք ավելի երկար ու առողջ, հաղթահարենք այնպիսի հիվանդություններ, ինչպիսին է քաղցկեղը։

Պատահական չէ, որ մենք արդեն իսկ ունենք նվաճումներ. նախորդ տարի Նոբելյան մրցանակը բժշկության մեջ տրվել է երկու անձի, ովքեր քաղցկեղի որոշ տեսակների հաղթահարման լուծումներ են գտել։ Սակայն դա մի քանի տարվա դժվարին աշխատանքի և արհեստական բանականության օգտագործման արդյունք է։

Արհեստական բանականությունը դառնում է ինդուստրիալ հեղափոխության ուղեղը։

Ուզում եմ արձանագրել մի կարևոր բան՝ չկա չորրորդ ինդուստրիալ հեղափոխություն: Այն, ինչին առերեսվում ենք այսօր և այն, ինչին երիտասարդ սերունդը առերեսվելու է վաղը, մշտական հեղափոխություն է, որը տեղի է ունենալու ամեն օր։ Դրա հիմքում գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում հսկայական գիտելիքներն են, սակայն լոկոմոտիվն արհեստական բանականությունն է։ Այն երկրները կամ ընկերությունները, որոնք ներդրումներ են անում արհեստական բանականության գործում, ճիշտ ուղու վրա են, քանի որ արհեստական բանականությունը մեր ունեցած գիտելիքների հետ դրամատիկորեն փոխելու են այս աշխարհը, ինչպես նաև այն, թե ինչպես ենք փորձում լուծել մեր խնդիրները, այդ թվում և` սննդի, ջրի, էներգիայի հարցերը։ Այս ամենը փոխելու է նաև մարդկանց կողմից իրականացվող աշխատանքը։ Օրինակ՝ բժշկի աշխատանքը շատ տարբեր է լինելու, քանի որ արհեստական բանականությունը խորհուրդ է տալու բժշկին։ Տարբեր է լինելու նաև իրավաբանի և մյուսների աշխատանքը։ Կլինեն աշխատանքի շատ տեսակներ, որոնք կվերանան, սակայն կստեղծվեն նաև նորերը։ Եվ դրանց հիմքում լինելու են նորարարությունները։

Մենք ապրում ենք ոչ թե մեծ ինդուստրիալ ընկերությունների ժամանակաշրջանում, այլ` մի դարում, որտեղ երիտասարդ նորարարություններն ու ստարտափերը կառավարում են աշխարհը։ Նայեք աշխարհի խոշորագույն ընկերություններին։ Արդյոք դրանք խոշոր նավթային ընկերություններ են: Ոչ։

Դրանք այն ընկերություններն են, որոնք սկիզբ են առել ավտոտնակներում, երիտասարդ նորարար մարդկանց կողմից՝ վերածվելով միլիարդավոր դոլարներ արժեցող ընկերությունների, որոնք ղեկավարում են աշխարհը։ Մեր խնդիրները գտնելու են լուծումներ, որոնք կապված են լինելու ինդուստրիալ հեղափոխության նոր ձևերի հետ։ Ես այն անվանում եմ սրընթաց էվոլյուցիա՝ էքսպոնենցիալ աճով։
Մենք առերեսվելու ենք էվոլյուցիային ամեն օր։ Երիտասարդ սերունդն ապրելու է հրաշալի մի աշխարհում՝ մի աշխարհում, որտեղ կճանաչվեն նրանց որակներն ու տաղանդը, նրանց նորարական ուժը։

Այս հեղափոխությունը, գլոբալիզացիան ազդելու են մեր ամենօրյա կյանքի վրա։ Դրա ականատեսն ենք լինում ամենուրեք։ Իրադարձությունները, որոնք տեղի են ունենում աշխարհում, թվում են մի փոքր անկանխատեսելի, անկազմակերպ։ Դրանք սրընթաց էվոլյուցիայի և նոր քվանտային աշխարհի արդյունք են։ Օրինակ` իրադարձությունները, որոնք տեղի ունեցան Ֆրանսիայում՝ նախագահ Մակրոնի ընտրությունը, ով եկավ երիտասարդների շարժման արդյունքում և հաղթեց ընտրություններում։ Իրադարձությունները Բրիտանիայում, որտեղ զգացմունքներն ու հասարակությունը, «Ֆեյսբուք»-ը ստեղծեցին «Բրեքսիթ»-ի շարժումը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիանալի օրինակն է նրա, թե ինչպես է հնարավոր 21-րդ դարում քաղաքականությամբ զբաղվել՝ շրջանցելով լրատվամիջոցներն ու ուղղակիորեն դիմելով ընտրողներին, բնակչությանը։

Իմ երկրում մոտ մեկ տարի առաջ, երբ ես նախագահ ընտրվեցի, երիտասարդ լրագրողի ղեկավարած բողոքի ակցիան, որը սկսվել էր երկրի հյուսիսում ընդամենը մի քանի հոգով, վերածվեց 100, 1000, 5000, 10000 մարդուց բաղկացած բողոքի ակցիայի։ Ի վերջո հրապարակում մենք ունեինք 200 հազար մարդ, ինչը երկու շաբաթում Հայաստանում հանգեցրեց հեղափոխության։ Այս ամենը տեղի ունեցավ, քանի որ աշխարհը գլոբալիզացված է, քանի որ մենք փոխկապակցված ենք, ամեն մեկն ունի էջ «Ֆեյսբուք»-ում: Ուստի անհրաժեշտ չէ, որ քաղաքական կուսակցությունը մեծ փոփոխության պատճառ դառնա երկրում կամ առհասարակ աշխարհում։ Ուստի, բարի գալուստ նոր, գլոբալ աշխարհ, որտեղ ապրելու ենք։

Բարի գալուստ քվանտային վարքագծի նոր աշխարհ, որտեղ բիզնեսի, գաղափարների զարգացման, անգամ քաղաքականություն վարելու դասական մեթոդները այլևս չեն լինելու արդյունավետ։ Պետք է լինել շատ նորարար։

Երկու խոսք կամ պարզապես խորհուրդ երիտասարդներին։ Ինձ համար երիտասարդ լինելը կապված չէ այս մոլորակի վրա անցկացրած տարիների հետ, այլ` կապված է նրա հետ, թե ինչքան երիտասարդ ես քո հոգում,արդյոք ունես բավարար էներգիա, արդյոք հետաքրքրված ես նրանով, թե ինչ է տեղի ունենում։
Եթե ես խորհուրդ տալու լինեի իմ թոռնիկին, ում անունը ևս Արմեն է, ես կասեի՝ սիրելի Արմեն, ես չեմ պատրաստվում քեզ խորհուրդ տալ դառնալ բժիշկ, իրավաբան կամ ֆերմեր։ Գուցե 30 տարի անց շատ քիչ լինեն բժիշկներ կամ իրավաբաններ։

Ես նախ և առաջ խորհուրդ կտամ նայել ձեր ներսը, հասկանալ, թե ով ես, քանի որ ցանկացած երեխա ի ծնե ունի տաղանդ։ Մեկը տաղանդավոր է մաթեմատիկայի, մյուսը` երաժշտության, արհեստի, պատմելու, քաղաքականության, մեկն էլ` ուրիշներին լսելու, գուցե նրանց խորհուրդներ տալու գործում։ Խնդիրը ոչ թե այն է, թե ինչ դառնալ, այլ` հասկանալ, թե ով ես դու։

Երկրորդը, որը խորհուրդ կտամ Արմենին, հետևյալն է՝ գտիր քո կյանքի առաքելությունը։ Եթե դու տաղանդավոր ես երաժշտության մեջ, դու պետք է ունենաս առաքելություն՝ դառնալու, օրինակ, լավագույն ջութակահարը։ Գտիր քո կյանքի առաքելությունը, այլ ոչ թե աշխատանքը։ Այն առաքելությունը, որը քո կյանքի տարերքն է։ Դա քո մի մասն է, և այդ երկուսը պետք է ներդաշնակության մեջ լինեն մեկը մյուսի հետ։

Երրորդը՝ մտածիր քո կյանքի մասին 21-րդ դարում, մտածիր քո կյանքի մասին՝ որպես ստարտափի։ Դու պետք է ստեղծես քո սեփական ստարտափը, որը կոչվում է «Ստարտափ Արմեն»։ Կերտի՛ր ինքդ քեզ որպես պրոֆեսիոնալ՝ մեկը, ով ունի ստեղծելու կարողություն։ Իհարկե, մի մոռացիր, որ դա դժվարին աշխատանք է, պետք է ջանասիրաբար գործես: Մի՛ մոռացիր, որ կան պատմական արժեքներ՝ քո ժողովրդի ու ընտանիքի արժեքները: Մի՛ մոռացիր, որ որևէ բանի հասնելու համար պետք է ողջ կյանքում երիտասարդ մնաս։

Հիշի՛ր, որ երիտասարդ լինելը կապված չէ այս մոլորակում անցկացրած տարիների հետ. այն հոգու երիտասարդության հետ է կապված։ Եթե ամեն օր որևէ նոր բան սովորես, ինչպես մանուկները, ապա դու կլինես երիտասարդ։ Անգամ եթե ութսուն տարեկան ես, սակայն շարունակում ես սովորել, զարմանալ աշխարհի վրա, կազմել ապագայի ծրագրեր, ուրեմն` երիտասարդ ես։

Իհարկե, քո կյանքում ունենալու ես դժվարություններ, սակայն պետք է խիզախ լինես։ Քո հաջողությանը հաջորդող ամեն եկող օրվա հետ դու պետք է ապացուցես, որ արժանի ես նրան, ինչին հասել ես։ Ամեն նոր օր ձախողումից, հիասթափությունից հետո դեպրեսիայի առիթ չպետք է լինի։ Պարզապես կանգնի՛ր ու կրկին քայլի՛ր։ Դու քո առջև ունես հրաշալի մի կյանք և այս նոր աշխարհը, որը քվանտային է։ Մի՛ անհանգստացիր, մի՛ վախեցիր, ինչպես չվախեցան գիտնականները հարյուր տարի առաջ։ Նրանք լուրջ դրամա, ողբերգություն էին ապրում, չէին հասկանում, թե ինչպես է գործում այս տիեզերքը, սակայն նրանք փոխեցին իրենց մոտեցումներն ու տրամաբանությունը, նրանք դարձան նորարարներ, սկսեցին Ֆիզիկայի աշխարհի մասին մտածել քվանտային կերպով, և ամեն բան դարձավ ներդաշնակ ու հստակ։

Նայի՛ր քո կյանքին, 21-րդ դարին, ինդուստրիային, բիզնեսին ու քաղաքականությանը նորարարի տեսանկյունից։ Վերաբացահայտի՛ր այս աշխարհը՝ տրամաբանությունը տարբեր է լինելու։ Այս աշխարհը քվանտային է, այն դասական չէ, սակայն, եթե հասկանաս, թե ինչպես է այն գործում, դու կլինես ներդաշնակության մեջ ու կլինես հաջողակ։

Ուստի, հաջողությու՛ն քեզ, հաջողությու՛ն բոլորիդ։

Ինչ-որ առումով ես նախանձում եմ. կցանկանայի լինել 15-20 տարեկան՝ ձեզ պես, քանի որ սպասվող կյանքը լի է լինելու մարտահրավերներով, սակայն լուծումներն այստեղ են»։



***

Արաբական Միացյալ Էմիրություններ պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Աբու Դաբիի Լուվր թանգարան, որը գործում է 2017 թվականից:

Հանրապետության նախագահը տիկնոջ հետ շրջել է թանգարանի տասներկու ցուցասրահներում, որտեղ ներկայացված է համաշխարհային արվեստի զարգացման պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, դիտել ցուցանմուշները և արվեստի գործերը: Թանգարանի ցուցադրություններում ներկայացված են նաև ստեղծագործություններ՝ փոխառնված Ֆրանսիայի հայտնի մշակութային կենտրոններից, ինչպիսիք են` Լուվրը, Ժորժ Պոմպիդու կենտրոնը, Վերսալը, Ռոդենի թանգարանը, Ֆրանսիայի ազգային գրադարանը։

Թանգարանում շրջայցից հետո նախագահը լրագրողների հետ զրույցում նշել է, որ փայլուն տպավորություններ ունի` Աբու Դաբիի Լուվրն առանձնահատուկ թանգարան է։

«Հայկական արվեստն անպայման պետք է ներկայացված լինի այստեղ։ Թանգարանի ղեկավարությունը տեղյակ է, թե հայկական մշակութային ժառանգությանը և ավանդույթներին նվիրված ինչ գեղեցիկ ու յուրահատուկ ցուցահանդես ենք ունեցել Նյու Յորքում՝ «Մետրոպոլիտեն» թանգարանում», - ասել է նախագահ Սարգսյանը եւ նշել, որ Աբու Դաբիի թանգարանի ղեկավարությունը ցանկություն ունի հայկական որևէ գեղեցիկ ցուցանմուշ ունենալ իրենց մշակութային օջախում:

Հրաշալի տպավորություններ է ունեցել նաև տիկին Նունե Սարգսյանը, ով ասել է, որ ցուցադրությունից բացի` թանգարանն աչքի է ընկում նաև հոյակապ ճարտարապետությամբ ու դիզայինով։ «Այստեղ շատ քիչ և ընտրված ցուցանմուշներ են։ Երբ թանգարանը ծանրաբեռնված չէ, դա հնարավորություն է տալիս ավելի լավ ըմբռնել և հասկանալ ներկայացված դարաշրջաններն ու ցուցանմուշները՝ հատկապես առաջին այցի ժամանակ»,-նշել է նա։

 
***

Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Շարժայի կառավարիչ Շեյխ, դոկտոր Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմիի հետ:

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Շեյխ Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմիի ջերմ վերաբերմունքն ու ընդգծված ուշադրությունը հայ ժողովրդի նկատմամբ, որի վառ արտահայտությունն են նրա անմիջական աջակցությամբ ու նվիրատվությամբ իրականացված ծրագրերը։

Հանրապետության նախագահը և Շեյխ Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմին քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները՝ հատկապես կարևորել համագործակցությունը գիտահետազոտական և գիտակրթական բնագավառներում։

«Պատրաստ ենք առավել զարգացնել ու խորացնել մեր բարեկամ երկրների և ժողովուրդների միջև ձևավորված հարաբերությունները»,-շեշտել է Հայաստանի նախագահը:

Քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հատուկ ընտրված գործարարների խումբ կայցելի Հայաստան՝ համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու և կոնկրետ ծրագրեր քննարկելու նպատակով։

Խոսվել է նաև Շարժայի և Հայաստանի քաղաքներից որևէ մեկը քույր քաղաքներ հռչակելու համաձայնագրի ստորագրման հնարավորության մասին։

Նախագահ Արմեն Սարգսյանը հրավիրել է Շարժայի կառավարիչ Շեյխ, դոկտոր Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմին այցելել Հայաստան, ինչը սիրով ընդունվել է նրա կողմից։


   

  ***

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը այցելել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոն և հանդիպել կենտրոնի կառավարիչ Իսսա Աբդուլֆաթթահ Կազիմի ու գործադիր տնօրեն Արիֆ Ամիրիի հետ։

Հանդիպմանը քննարկվել են ֆինանսական սեկտորում համագործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես կարևորվել է եվրասիական տարածաշրջանում առկա ներուժի առավելագույն օգտագործումը։

Խոսվել է նաև Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնի հետ համագործակցությամբ Հայաստանում նմանատիպ համատեղ կառույց ստեղծելու հնարավորության մասին, որը կմատուցի նույնանման ծառայություններ։

Հանդիպումից հետո նախագահ Սարգսյանը շրջայց է կատարել կենտրոնում։

 

***

 Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպելէ ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հետ:

Նախագահ Սարգսյանը և Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը քննարկել են տարբեր բնագավառներում երկու երկրների համագործակցությանը, մասնավորապես գործարար կապերի ընդլայնմանն ու ֆինանսական համագործակցությանը վերաբերող հարցեր, կարևորել զբոսաշրջության ոլորտի զարգացմանը միտված քայլերը։

«Մենք կողջունենք Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների նկատմամբ էմիրաթական ընկերությունների հետաքրքրությունը և կաջակցենք հնարավոր ներդրողներին»-, ընդգծել է նախագահ Սարգսյանը։

Համաձայնություն է ձեռք բերվել համապատասխան պատվիրակություն գործուղել Հայաստան՝ տեղում հնարավորություններին ծանոթանալու ևգ ործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով։

 

***

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանն Արաբական Միացյալ Էմիրություններ պաշտոնական այցի շրջանակում այցելել են Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցի։

Նրանք ծաղիկներ են դրել եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարին և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին:

Եկեղեցում տեղի ունեցած գոհաբանական աղոթքից հետո Հայաստանի նախագահն «Արա Խանոյան» կիրակնօրյա վարժարանում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

«Մեկ տեղում հավաքված է ամեն ինչ՝ հայկական պետականությունն իր դրոշով և զինանշանով, հայ առաքելական եկեղեցին և, իհարկե, մեր ապագան՝ դպրոցը,- ասել է նախագահ Սարգսյանը` շնորհակալություն հայտնելով հայ համայնքին միասնականության, նվիրվածության, հայրենասիրության և ազգային արժեքների պահպանության համար։ - Կուզենայի ձեզ հետ միասին ապրել այն օրը, երբ մենք կմոռանանք «սփյուռք» բառն ու բոլորս հայաստանցի լինենք։ Մեր բոլորի կիզակետն ի վերջո հայրենիքն է, սակայն ուզում եմ ձեզ հետ կիսվել նաև մեկ այլ մտքով։

Այն փաստը, որ մենք ապրում ենք աշխարհի տարբեր երկրներում, սփռված ենք աշխարհի տարբեր մասերում, գուցե ոչ թե թերություն է, այլ ընդհակառակը՝ առավելություն է, որովհետև մենք աշխարհի այն քիչ ժողովուրդներից ենք, որոնք կարող են շատ հստակ ասել, որ մենք փոքր պետություն ենք կամ նույնիսկ ունենք փոքր երկու պետություն, բայց համաշխարհային ազգ ենք` իրար հետ շատ սերտ կապված։ Մենք ստեղծել ենք 21-րդ դարի փոքրիկ տիպարը, որովհետև 21-րդ դարում ամբողջ աշխարհը, ողջ աշխարհի բնակչությունը, անկախ նրանից, թե որտեղ է ապրում՝ Ավստրալիայից մինչև Ռուսաստան, Եվրոպայից մինչև Միացյալ Նահանգներ, ապրելու է որպես մեկ ընդհանուր ընտանիք՝ մարդկության ընտանիք: Աշխարհը գնալով փոքրանում է, քանի որ բնակչությունն է մեծանում: Փոքրանում է, որովհետև բոլորս իրար հետ կապված ենք:

Փոքրանում է, որովհետև եթե քսան տարի առաջ մեկը ասեր, որ Հայաստանում տեղի կունենան փոփոխություններ, զարգացումներ և դուք կարող եք նույնիսկ հեռվից լինել դրա մասնակիցը, գուցե ձեզնից շատերն ասեին, որ հնարավոր չէ։ Եվ ահա, ընդամենը քսան տարի անց այդ ամենը հնարավոր է։

Այս հնարավորությունը թույլ է տալիս մտածել բոլորիս, որ մեր մասնակցությունը Հայաստանին այսօր շատ ավելի խորն է, և հնարավորություններն են շատ ավելի մեծ։ Մենք ոչ միայն հոգով, սրտով, հավատքով ենք հայրենիքի հետ, ձեզնից յուրաքանչյուրը նաև ֆիզիկապես է կապված հայրենիքի հետ։ Ֆիզիկական կապը գուցե ինտերնետային, վիրտուալ կապ է, բայց շատ էական է։ Հայաստանում տեղի ունեցած մեծ փոփոխությունների, այն է՝ թավշյա հեղափոխության կամ հայկական ձևով հեղափոխության մասնակիցները միայն ՀՀ քաղաքացիները կամ Երևանի փողոցներում գտնվողները չէին, հեղափոխության իրադարձություններին մասնակցում էին շատ շատերը։ Ինչ-որ իմաստով մեր ողջ ժողովուրդը՝ Լոս Անջելեսից մինչև Եվրոպա ու Միջին Արևելք, ապրում է հայրենիքի վիճակով, հայրենիքում կատարվող իրադարձություններով ու, ընդհանրապես, հայրենիքով։

Ես համարում եմ, որ մեր ազգը 21-րդ դարի ազգ է, որովհետև 21-րդ դարում շատ արժեքներ փոխվելու են, 21-րդ դարում հզոր է լինելու ոչ թե այն ազգը կամ պետությունը, որն ունենալու է շատ մեծ բնական հարստություն, այլ այն ազգը, որը կարողանալու է փոքր տարածքում փոքր ուժերը միավորել, այն ազգը, որը կարողանալու է իր մտավոր ունակություններն ի մի բերել, ծառայեցնել հայրենիքին։ Կարծում եմ՝ այս բոլորը մենք ունենք, ավելին, ես հավատում եմ, որ մենք Աստծո ընտրյալ ազգ ենք։ Մենք ազգ ենք, որն Աստծո ընտրությամբ անցել է ամենաանհնարին փորձությունների միջով, տեսել աշխարհի վատթարագույն դժոխքը՝ Եղեռնը: Բայց այսօր ոչ միայն կանք, ոչ միայն գոյություն ունենք, այլև ուժեղ ենք, հզոր։ Մենք հաղթող ժողովուրդ ենք։ Հաջորդ հաղթանակներն առջևում են, և այդ հաղթանակները լինելու են ոչ միայն ռազմի դաշտում, այլև մեր ազգային շահերի, պետականության բոլոր ոլորտներում։

Այս երեք-չորս օրվա ընթացքում Արաբական Միացյալ Էմիրություններում իմ յուրաքանչյուր հանդիպման ընթացքում ես մեկ գնահատական եմ լսել հայերի մասին՝ ազնիվ, աշխատասեր, նվիրյալ, բարի, հայրենասեր մարդիկ, ովքեր այսօր սփռված լինելով աշխարհով, աշխարհի բոլոր կետերից կարող են հայրենիք բերել իրենց գիտելիքը, հնարավորությունները, կապերը, ցանկությունն ու աշխատանքը։


Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք և հաղթելուց ու հաջողելուց բացի այլ ճանապարհ չունենք»:

Հայաստանի նախագահն անհրաժեշտ է համարել, որ բոլորս միասին, համախմբված ծառայենք մեր ընդհանուր նպատակին, մեր հայրենիքին, մեր ժողովրդին, աշխարհասփյուռ մեր ժողովրդին։ «Դուք, ձեր ծնողները, ձեր ծնողների ծնողները ծնվել են Հայաստանում։ Հետևաբար, բոլորդ հայաստանցի եք, որ ժամանակավորապես ապրում է դրսում, բայց միևնույնն է, մի օր, Աստծո կամքով, բոլորը վերադառնալու են մեծ, ազատ, անկախ, ժողովրդավար հայրենիք։

Ես վստահ եմ, որ ոչ միայն վերադառնալու ենք, այլև դառնալու ենք աշխարհի առաջավոր երկրներից մեկը, որովհետև 21-րդ դարում ամենամեծ արժեքը լինելու է մարդու գիտելիքը, աշխատելու ունակությունը, որը մենք ունենք։ Հետևաբար, ես կարծում եմ, որ իսկապես 21-րդ դարը մերն է լինելու, բայց այդ ճանապարհին առաջին քայլերն այսօր ենք անելու»,-ասել է նախագահ Սարգսյանը։

 

 

***

Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Սարգսյանն այցելել են ԱՄԷ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն։ Հանրապետության նախագահը ծառ է տնկել դեսպանատան բակում։

Հայաստանի նախագահի այցն Արաբական Միացյալ Էմիրություններ ավարտվել է
ԱՄԷ հիմնադիր նախագահ Շեյխ Զայեդի անվան Մեծ մզկիթ այցելությամբ։

Հայաստանի նախագահը մզկիթում գտնվող դամբարանում հարգանքի տուրք է մատուցել Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի հիշատակին։ Նախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում և նվիրել «Ցուցակ Մատենադարանի ձեռագիր Ղուրանների» գիրքը։


 

← Վերադառնալ