05
04, 2019

Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Հորդանանի Հաշիմյան Թագավորություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության մայրաքաղաք Ամման։

Նախագահ Սարգսյանն ապրիլի 6-ին այստեղ կմասնակցի Համաշխարհային տնտեսական համաժողովի՝ Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային նվիրված հանդիպմանը, որին հրավիրված է որպես բանախոս: 

 

***

 

Աշխատանքային այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հորդանան գետի ափին գտնվող Հիսուս Քրիստոսի մկրտության վայր:

Նախագահը շրջել է քրիստոնեական այդ սրբավայրում, գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում։ Նա նշել է, որ Հորդանանի հոգատարությունը նմանատիպ համաշխարհային սրբավայրի նկատմամբ քաղաքակրթությունների համերաշխության և երկխոսության լավագույն վկայությունն է։

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է նաև Հորդանան գետի ափին կառուցված հայկական Սուրբ Կարապետ եկեղեցի և մոմ վառել։

 

***

 

Աշխատանքային այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի՝ Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային նվիրված ֆորումի բացման արարողությանը։

Համաշխարհային տնտեսական համաժողովի տարածաշրջանային ֆորումը տեղի է ունենում Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմի և թագուհի Ռանիա Ալ-Աբդալլահի աջակցությամբ և նրանց բարձր հովանու ներքո:

Ֆորումի բացմանը ներկա են եղել երկրների նախագահներ ու կառավարությունների ղեկավարներ, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, պետական, գործարար ու քաղաքացիական շրջանակը ներկայացնող ավելի քան 1000 առաջնորդներ։

Ֆորումի մասնակիցներին ողջունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմը։ Ելույթ ունեցողներն անդրադարձել են այն խնդիրներին ու մարտահրավերները, որոնց առերեսվում է տարածաշրջանն ու աշխարհը՝ մասնավորապես խոսելով էներգետիկ անվտանգության, մաքուր և վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառման, կլիմայական համակարգի փոփոխությունների և մի շարք այլ հարցերի շուրջ:

 

***

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն հանդիպել է «Մաջիդ Ալ Ֆութաիմ հոլդինգ»-ի (Majid Al Futtaim Holding) գլխավոր գործադիր տնօրեն Ալայն Բեջանիի (Alain Bejjani) հետ: Ընկերությունների այս խմբի մեջ է մտնում նաև Carrefour Armenia ընկերությունը։

Կողմերը քննարկել են Հայաստանում ընկերության ներկայությունն էլ ավելի ընդլայնելու ծրագիրն ու ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև խոսել, թե ինչպես կարելի է ընկերության համաշխարհային ցանցն օգտագործելով արտահանել և վաճառել Հայաստանում արտադրված ապրանքները։ Քննարկվել է նաև ապագայում տարածաշրջանային երկրներ մուտք գործելու համար Հայաստանը որպես գործընկեր դիտարկելու հնարավորությունը։

«Մաջիդ Ալ Ֆութաիմ հոլդինգ»-ը խոշոր էմիրաթական ընկերություն է, որը գործունեություն է իրականացնում 13 երկրներում՝ ԱՄԷ, Լիբանան, Եգիպտոս, Սաուդյան Արաբիա, Օման, Բահրեյն, Քուվեյթ, Կատար, Հորդանան, Պակիստան, Իրաք, Հայաստան և Վրաստան: Ընկերության սեփականություն են համարվում մեծ թվով առևտրի կենտրոններ, հիպերմարկետներ ու սուպերմարկետներ, հյուրանոցներ, կինոթատրոններ և այլն:

 

***

 

Համաշխարհային տնտեսական համաժողովի տարածաշրջանային ֆորումին մասնակցելու նպատակով Հորդանանի Հաշիմյան Թագավորությում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։

Կարևորելով ՄԱԿ-ի հետ մեր երկրի համագործակցությունը՝ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է կազմակերպության և դրա կառույցների աշխատանքներում։ «Ունենք բավականին ընդգրկուն և արդյունավետ համագործակցություն, նաև մեծ ցանկություն այն ավելի ինտենսիվ դարձնելու հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի շրջանակներում»,-նշել է նախագահը։

Արմեն Սարգսյանն ընդգծել է նաև Անտոնիո Գուտերեշի մեծ ներդրումը Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի գործունեության մեջ, որի հոգաբարձուների խորհրդի անդամ է եղել երկար տարիներ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՄԱԿ-ում և դրա կառույցների շրջանակներում փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ։

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել ՄԱԿ-ի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափ։Հանրապետության նախագահը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել են Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի վերջերս կայացած հանդիպումը և ընդգծել, որ ԼՂ հակամարտության խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորումն այլընտրանք չունի։

 

***

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում, այսօր մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի՝ Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային նվիրված հանդիպման քննարկումներից մեկին, որը կրում էր «Նոր էներգիա Մերձավոր Արևելքի համար» խորագիրը:

Քննարկման ընթացքում նախագահը խոսել է ժամանակակից աշխարհում առկա էներգիայի աղբյուրների մասին՝ այս համատեքստում կարևորելով բնական միջավայրը չվնասելու սկզբունքը: Որպես էներգիայի աղբյուր՝ խոսելով ածուխի, նավթի ու գազի մասին՝ նախագահ Արմեն Սարգսյանը կարևորել է վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ պետք է օգտագործել միջուկային էներգետիկան:

«Միջուկային էներգիան կարևոր է: Մեր անցյալը սև էր, քանի որ մենք այրում էինք ածուխը, օրգանական հանածո վառելիքները, այսօրվա մեր մոխրագույն ներկայությանը մենք փորձում ենք վերականգնվող էներգիայի միջոցով կանաչ գույն ավելացնել, որպեսզի ունենանք բացարձակ կանաչ և հիասքանչ ապագա: Հարցն այն է, թե արդյոք միջուկային էներգիան լինելու է դրա մասը, թե ոչ: Իմ անձնական կարծիքով այն պետք է լինի, քանի որ դա կարագացնի այդ գործընթացը: Ոչ ոք մաթեմատիկական հաշվարկ չի արել, թե ինչ վնասներ ենք հասցնում մոլորակին, շրջակա միջավայրին ու կլիմային վառելիք ու ածուխ այրելով: Կլիմային հասցվող վնասները հսկայական ազդեցություն են գործելու մոլորակի վրա»,- նշել է Արմեն Սարգսյանը: Նրա համոզմամբ՝ միջուկային էներգիան ունի ապագա:

«Հայաստանը շատ երկրների նման ունի խիստ հավասարակշռված էներգետիկ պորտֆոլիո`սկսած ատոմային էլեկտրակայանից: Սա Խորհրդային Միության ժամանակներում կառուցված կայան է, որն այս ամբողջ տարիների ընթացքում նորմալ աշխատել է, կանգուն է մնացել երկու մեծ երկրաշարժերից հետո:

Մենք Հայաստանում ևս առաջ ենք մղում վերականգնվող էներգիան: Հայաստանն արտահանում է էլեկտրականություն»,- ներկայացրել է Արմեն Սարգսյանը:

Որպես էներգետիկայի աղբյուր՝ նա խոսել է ջրի մասին: «Ուզում եմ խոսել ջրի մասին՝ որպես բնական ռեսուրս: Այն շատ կարևոր է: Բոլոր երկրները, որոնք խոսում էին հարուստ բնական պաշարներ ունենալու մասին, հարուստ էին արևով, քամիով, նավթով, սակայն ոչ ջրով: Մինչդեռ ջուրը խիստ կարևոր է, քանի որ 50-100 տարի անց այն լինելու է էներգիայի աղբյուր: Այն օգտագործելու ենք ոչ միայն խմելու, այլև էներգիա ստեղծելու համար:

Ես Հայաստանը համարում եմ Մերձավոր Արևելքի մի մաս: Թեպետ Հայաստանը չունի նավթ և գազ, սակայն այն ունի ջրի հսկայական ռեսուրսներ: Ցավոք սրտի, մենք հավանաբար օգտագործում ենք ջրի մեր պաշարների 10-20 տոկոս***ը, իսկ մնացած մասը վատնվում է: Ջուրը կարևոր է»,- ասել է Հանրապետության նախագահը:

Նա հայտարարել է, որ եթե դրամատիկ փոփոխություններ կամ քայլեր չանենք, ճանապարհը ածուխից հրաժարվելու և վերականգնվող էներգիային անցնելու շատ երկար կլինի, և այդ ընթացքում մենք կվնասենք միջավայրն ու կլիման: «Իսկ կլիմային հասցնող վնասները պասիվ վնասներ չեն լինելու, դրանք դրամատիկ են լինելու՝ առաջացնելով երաշտներ, խնդիրներ սննդի հետ կապված, կպակասի ջուրը, ավելի շատ անապատներ ու ցունամիներ կլինեն:

Մենք պետք է փորձենք գտնել այլ լուծումներ և այդ լուծումները կարող են ավելի շատ հիմնված լինել հիդրոէներգիայի, նոր տեխնոլոգիաների վրա: Պետք է օգտագործվեն նոր տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը: Սրանք փոքր դետալներ են, որոնք վաղը՝ 21-րդ դարում կարևոր են լինելու: Մենք չենք կարող ուղղակի անտեսել միջուկային էներգիան միայն այն պատճառով, որ վախենում ենք դրանից: Ես համաձայն եմ այն մտքի հետ, որ մենք չունենք շատ ժամանակ: Մենք պետք է զուգահեռ գործընթացներ իրականացնենք՝ ոչ միայն պայքարենք ածուխի օգտագործման դեմ, այլև ավելի ճիշտ օգտագործենք նավթն ու գազը, օգտագործենք վերականգնվող էներգիան, հիդրոէներգիան, միջուկային էներգիան ու առավելագույնս օգտագործենք նոր տեխնոլոգիաները, տվյալների կառավարումը,քանի որ մենք շատ ժամանակ չունենք»,- ասել է Արմեն Սարգսյանը:


***

 


Համաշխարհային տնտեսական համաժողովի տարածաշրջանային ֆորումին մասնակցելու նպատակով Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր և գործադիր նախագահ, հայտնի տնտեսագետ Կլաուս Շվաբի հետ:

Շնորհակալություն հայտնելով համաժողովին մասնակցելու հրավերի համար՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Համաշխարհային տնտեսական համաժողովին իր երկարամյա մասնակցությունից դրական փորձառություն և տպավորություններ ունի։

Զրուցակիցները խոսել են նորարարությունների և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին։ Նշելով «Չորրորդ արդյունաբերական հեղափոխության կենտրոն» կազմակերպության հետ համագործակցություն սկսելու մտադրության մասին՝ զրուցակիցներն ասել են, որ հաջող մեկնարկը փոխգործակցության նոր հնարավորություններ կբացի։

«Չորրորդ արդյունաբերական հեղափոխության կենտրոն»-ը գլոբալ, բազմակողմ համագործակցության հանգույց է, որի նպատակն է զարգացնել և առաջ մղել գիտության և տեխնոլոգիաների առավելությունների վրա հիմնված գործակցությունը։

 

***

 

Աշխատանքային այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 6-ի երեկոյան հանդիպել է Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Դիմելով տեղի հայերին՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Այն փաստը, որ մենք ապրում ենք աշխարհի տարբեր երկրներում, սփռված ենք աշխարհի տարբեր մասերում, գուցե ոչ թե թերություն է, այլ ընդհակառակը՝ առավելություն, որովհետև մենք աշխարհի այն քիչ ժողովուրդներից ենք, որոնք կարող են շատ հստակ ասել. մենք փոքր պետություն ենք, բայց համաշխարհային ազգ»։

Նախագահի խոսքով՝ «մենք բոլորս հայ ենք և ունենք պարտականություն՝ ծառայելու մեր հայրենիքին»: Հպարտությամբ նշելով, որ Հորդանանի հայ համայնքը լիովին ինտեգրված է երկրի կյանքում՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Սա շատ էական է։ Մեր բոլոր համայնքներում մեր հայրենակիցները պետք է հետևեն մեծ պոետ, երգիչ և երգահան Շառլ Ազնավուրի օրինակին, որը միշտ ասում էր՝ ես հարյուր տոկոսով հայ եմ և հարյուր տոկոսով ֆրանսիացի։Սա այն մոդելն է, որով մեզնից յուրաքանչյուրը պետք է ապրի Սփյուռքում։ Լինել հարյուր տոկոսով հորդանանցի՝ լիովին ներգրավված այս երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքին և միաժամանակ հարյուր տոկոսով հայ։ Սա է հաջողության բանաձևը»։

Նշելով, որ Հորդանանի թագավորական ընտանիքը պատմականորեն միշտ էլ աջակից է եղել և ջերմ վերաբերմունք ունեցել հայ ժողովրդի նկատմամբ՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ դրա վկայությունն է նաև Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի հետ իր հանդիպումը։ «Մենք ունեցանք շատ ջերմ զրույց։ Քննարկեցինք մեր երկու ժողովուրդների պատմությունն ու երկու պետությունների հարաբերությունները՝ նկատելով, որ հսկայական ներուժ ունենք տարբեր ոլորտներում։ Մեր երկու երկրներն ունեն բազմաթիվ ընդհանրություններ, հարուստ չլինելով բնական ռեսուրսներով՝ Հայաստանը և Հորդանանը կարևորում ու գնահատում են մարդկային ռեսուրսը»,- ասել է Արմեն Սարգսյանը և հավելել. «Մեր լավագույն բնական հարստությունը դուք եք՝ հայ ժողովուրդը»։

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ 21-րդ դարում ամենաթանկ արժեքը լինելու է ստեղծագործ մարդը։ «Ես վստահ եմ, որ 21-րդ դարը մեր՝ հայերի դարն է լինելու, որովհետև մենք ստեղծագործ ժողովուրդ ենք, մեր ճանապարհը մտքի հզորության, մտքի արժեքի ճանապարհն է», - ասել է նա։

Նախագահ Սարգսյանը հորդանանահայերին նաև տեղեկացրել է, որ Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիին հրավիրել է այցելել Հայաստան։


 

← Վերադառնալ