11
10, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Վատիկան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Սուրբ Աթոռ մեկնարկել է Ֆրանցիսկոս Պապի հետ տեղի ունեցած առանձնազրույցով:

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Սրբազան քահանայապետին՝ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև ձևավորված բարձր մակարդակի ու կառուցողական երկխոսության համար: «Որպես Սուրբ Աթոռում Հայաստանի առաջին դեսպան՝ ինձ համար հոգեկան մեծ բավարարվածություն և պատիվ է Առաքելական պալատ վերադառնալը»,-ասել է Հայաստանի նախագահը, նշելով, որ առանձնակի հպարտությամբ ու ջերմությամբ է հիշում 1999 թ. մարտին Վատիկանի գրադարանի Սիքստինյան սրահում Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարության շրջանակներում բացված «Հայաստան-Հռոմ. երկու հազար տարվա հարաբերություններ» խորագրով ցուցահանդեսը՝ ի նշանավորում պատմական ու մշակութային հարուստ անցյալի:

Նախագահ Սարգսյանի խոսքով՝ 2021-ը հատուկ տարի է հայ-վատիկանյան հարաբերությունների համար՝ հաշվի առնելով Սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդի և Նորին Սրբության՝ Հայաստան այցերի հոբելյանական՝ համապատասխանաբար 20-րդ ու 5-րդ տարիները: «Այդ պատմական այցելությունները մշտապես վառ կմնան հայ ժողովրդի սրտում և մտքում»,- մասնավորապես ասել է նախագահ Սարգսյանն ու ընդգծել Ֆրանցիսկոս Պապի սկզբունքային դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Նախագահը երախտագիտությամբ նշել է, որ մեր երկրի համար ծանր ու դժվարին մարտահրավերների այս փուլում Վատիկանը համերաշխության ձեռք մեկնեց մեր պետությանն ու ժողովրդին: Դրա լավագույն վկայությունն են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի օրերին ու դրանից հետո Ֆրանցիսկոս Պապի հնչեցրած խաղաղության ուղերձները, ինչպես նաև հայ ռազմագերիներին ազատ արձակելու կոչը:

Հայաստանի նախագահը նշել է, որ Արցախի հարցը մարդու իրավունքների խնդիր է, հայ ժողովրդի՝ իր հինավուրց քրիստոնեական բնօրրանում ապրելու, արարելու ու իր ինքնորոշման անքակտելի իրավունքը իրացնելու պահանջ։ 

***

 

Պաշտոնական այցով Վատիկանում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև պետությունների հետ հարաբերությունների քարտուղար արք․ Փոլ Ռիչարդ Գալագերը:

Հանրապետության նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջպետական հարաբերությունների շարունակական զարգացումը` կարևորելով նաև պետքարտուղարի նշանակալի ներդրումն այդ գործում: «Մենք բարձր ենք գնահատում անցած տարի հայ ժողովրդին պատուհասած պատերազմի ընթացքում և դրանից հետո Սրբազան քահանայապետի հնչեցրած ուղերձները, ինչպես նաև մարդասիրական օգնությունն Աշոցքի հիվանդանոցին»,-նշել է նախագահ Սարգսյանը:

Նախագահը վերահաստատել է Սուրբ Աթոռի հետ միջպետական հարաբերություններն առավել խորացնելու՝ Հայաստանի շահագրգռությունն ու հանձնառությունը՝ նշելով, որ այդ հարաբերությունները մշտապես աչքի են ընկել բարձր քաղաքական երկխոսությամբ և հիմնված են ոչ միայն քրիստոնեական արժեքների, այլև ընդհանուր պատմական և հոգևոր ժառանգության, ժամանակակից աշխարհի մարտահրավերների վերաբերյալ համանման մոտեցումների վրա:

Հայաստանի նախագահը ողջունել է Երևանում Առաքելական նվիրակություն հիմնելու՝ Սրբազան քահանայապետի որոշումը, որը պաշտոնապես կբացվի շուտով և որը մեկ անգամ ևս փաստում է Հայաստան-Սուրբ Աթոռ միջպետական կապերը զարգացնելու և համագործակցությունը խորացնելու երկուստեք հանձնառությունը:

Նախագահ Սարգսյանը և կարդինալ Պարոլինը խոսել են նաև մշակութային փոխգործակցության մասին: Զրուցակիցներն ընդգծել են Հռոմի կաթոլիկ, Հայաստանյայց առաքելական և Հայ կաթողիկե եկեղեցիների միջև գոյություն ունեցող եղբայրական հարաբերություններն ու ամուր կապը:

***

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ Վատիկանում այցելել է Սուրբ Պետրոսի Մայր տաճար, շրջել տաճարում, դիտել տաճարի արտաքին որմնախորշում տեղադրված Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանը:

Նախագահ Սարգսյանը այցելել է նաև Վատիկանի թանգարաններ, դիտել Հռոմի պապերի արվեստի հավաքածուները, որոնք ընդգրկում են ամենահայտնի դասական քանդակներն ու Վերածննդի դարաշրջանի արվեստի գլուխգործոցները։

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել և ծաղիկներ է դրել կաթոլիկ աշխարհի սրտում՝ Վատիկանի պարտեզներում, մեծ սրբերի կողքին վեր խոյացող, հայ ժողովրդի մեծ զավակ, Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանին: Նախագահը նշել է, որ Գրիգոր Նարեկացին ու նրա թողած ժառանգությունը քրիստոնյա երկու համայնքների համերաշխության հավերժական խորհրդանիշ են:

Նախագահ Սարգսյանը եղել է նաև Վատիկանի պարտեզների այն հատվածում, որտեղ տեղադրված է Ամենայն Հայոց Գարեգին Ա կաթողիկոսի կողմից Հովհաննես Պողոս Բ Սրբազան Պապին 1996 թվականին նվիրած հայկական խաչքարը։

***

 

Պաշտոնական այցով Վատիկանում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհուրդ, հանդիպում ունեցել քահանայապետական այդ խորհրդի նախագահ, կարդինալ Ջանֆրանկո Ռավազիի հետ:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև մշակութային, կրթական և պատմական ժառանգության պահպանման ու վերականգնման ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների պատմամշակութային ու քաղաքակրթական ընդհանրություններն արտացոլող համատեղ ձեռնարկների իրականացումը։

Անդրադառնալով Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև միջպետական հարաբերությունների զարգացմանը՝ Հայաստանի նախագահն ու կարդինալին նշել են, որ այցի շրջանակում ստորագրվող՝ մշակույթի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը հնարավորություն կտա համատեղ հետազոտություններ իրականացնել պատմական և մշակութային կարևոր նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ։ «Հուսով ենք, որ այն կխթանի ու առավել կսերտացնի Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև կապերը մշակույթի, գիտության, հնագիտության, և այլ ոլորտներում»,- ասել է նախագահ Սարգսյանը։

Հանդիպմանը հաջորդել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդի միջև մշակույթի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, որը հայկական կողմից ստորագրել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը, Սուրբ Աթոռի կողմից՝ Մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ, կարդինալ Ջանֆրանկո Ռավազին։

 

***

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Սուրբ Աթոռ կատարած պաշտոնական այցի առթիվ և ի պատիվ Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինի՝ հոկտեմբերի 11-ի երեկոյան տեղի է ունեցել պաշտոնական ընթրիք:

Ողջունելով նախագահ Սարգսյանի պաշտոնական այցը՝ Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանը, բարձր է գնահատել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի ու կարդինալ Պիետրո Պարոլինի վերաբերմունքը Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ և նրանց դերը Հայաստանի և Վատիկանի միջև միջպետական հարաբերությունների զարգացման մեջ:

Հայաստանի դեսպանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Մենք մեծապես երախտապարտ ենք՝ այսօր միասին լինելու առիթի համար, որի շրջանակում հանդիսավոր կերպով նշվում է Երևանի և Վատիկանի հարաբերություններում նոր էջի բացումը՝ նշանավորված Հայաստանի նախագահի պաշտոնական այցով:

Պարո՛ն նախագահ, Դուք լավ գիտեք, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի շուրջ 30 տարվա դիվանագիտական կապերը նշանավորվել են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, որը մշտապես եղել է փոխադարձ հոգածության կենտրոնում: Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ՝ Ձեր անձնական դերի համար՝ որպես Հայաստանի առաջին բանագնաց Վատիկանի առաքելական պալատ, ինչպես նաև այսօրվա և մեր երկկողմ օրակարգը շարունակաբար հարստացնելու համար»:

Հայաստանի և Վատիկանի միջև միջպետական հարաբերությունների զարգացման և բարեկամական կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինը Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է Հայաստանի պետական պարգևով՝ Պատվո շքանշանով:

Հանձնելով պետական բարձր պարգևը՝ նախագահ Սարգսյանը շնորհավորել է պետքարտուղար Պարոլինին և մասնավորապես ասել. «Կա երկու բան, որ շատ ներդաշնակորեն համատեղվում են: Մեկը երկու պետությունների միջև հարաբերություններն են, այս դեպքում՝ Վատիկանի և Հայաստանի, մեր երկու ժողովուրդների, հայերի և կաթոլիկների և երկու հավատքների հարաբերությունները: Մյուսը պայմանավորված է նրանով, որ մենք որպես պետություններ հին քրիստոնյաներ ենք: Մեր երկու երկրներն էլ փոքր են, բայց համաշխարհային ազգ: Վատիկանը փոքր պետություն է, բայց համաշխարհային ազգ է, որը ներկայացնում են ամբողջ աշխարհի կաթոլիկները: Հայաստանը ևս փոքր երկիր է, բայց ամբողջ աշխարհում ունի հայկական սփյուռք: Ի թիվս այլ ընդհանրությունների՝ մեր ժողովուրդներն ուժեղ հավատք ունեն խաչի նկատմամբ, որն իմաստավորվում է ոչ միայն այսօր, այլև մշտապես ապացուցվել է մեր գործողություններով:

Այն մի քանի տարիների ընթացքում, որ Դուք զբաղեցնում եք Սուրբ Աթոռի պետքարտուղարի պաշտոնը, մենք զգացել ենք Վատիկանի և կաթոլիկ եկեղեցու աջակցությունը Հայաստանին: Շնորհակալություն: Եկեք չմոռանանք, որ ավելի քան հինգ տարի առաջ Հռոմի ներկայիս Պապն այցելել է Հայաստան: Դա պատմական այց էր և՛ Հայաստանի, և՛ բոլոր հայերի, և՛ ամբողջ քրիստոնյա աշխարհի համար: Հռոմի Պապն այցելեց մի երկիր, որն առաջին էր ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն:

Անցյալ տարի մենք կարիքի մեջ էինք: Համավարակով պայմանավորված՝ ամբողջ աշխարհն էր այդ վիճակում, սակայն Հայաստանն առանձնահատուկ էր զգում աջակցության կարիք՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմի պատճառով, որը մեզ պարտադրվել էր Ադրբեջանի և Թուրքիայի կողմից: Հռոմի Պապի, Վատիկանի, պետքարտուղարության և Ձեր գործընկերների կողմից ստացված աջակցությունը մեծապես գնահատելի է: Ես շատ ուրախ եմ, որ շուտով Վատիկանից պատվիրակություն է այցելելու Հայաստան, և մենք բոլորս ուրախությամբ կողջունենք Երևանում Սուրբ Աթոռի Առաքելական նվիրակության բացումը: Դա մեր հարաբերություններն ավելի սերտացնելու մեկ այլ քայլ կլինի:

Կցանկանայի ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Հռոմի Պապին: Նա շատ հատուկ տեղ և դեր ունի աշխարհի բոլոր հայերի համար: Ամբողջ աշխարհում յուրաքանչյուր հայ շատ հուզված էր, աղոթում էր, երբ 2015 թվականին Վատիկանում հարգանքի տուրք մատուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Հռոմի Պապի, Ձեր ներկայությամբ: Կրկին անչափ շնորհակալ ենք:

Մեր 30 տարվա գործակցությունը հիմնված է մեր 2000-ամյա հարաբերությունների վրա, և այսօր մենք գիտենք՝ ինչպես կառավարել դժվարությունները և, որ ամենակարևորն է, իսկապես առաջ շարժվել՝ հաջողություններ գրանցելու համար:

Հույս ունեմ, որ Դուք առաջիկայում կայցելեք Հայաստան, և ինձ համար մեծ պատիվ կլինի ոչ միայն հյուրընկալել Ձեզ, այլև մեծագույն հաճույքով ցույց տալ մի երկիր, որն առաջինն էր, որ դարձավ քրիստոնյա: Մեր երկիրն առաջինն է, որ սովորեց սիրել և գնահատել բարեկամությունը»:

Կարդինալ Պարոլինը շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահին՝ ջերմ խոսքերի համար փոխանցել իր «սրտագին խոսքերը, որոնք վերահաստատում են Սուրբ Աթոռի աջակցությունը Հայաստանին, որը հայտնի է որպես առաջինը պաշտոնապես քրիստոնեություն ընդունած երկիր»: «Ուրախ եմ տեսնել, թե ինչպես քրիստոնեական հավատքի սերմերը, որոնք ցանվել են Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից, զարգացել և դարձել են հասուն պտուղներ: Իսկ Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակը Ֆրանցիսկոս պապի կողմից վերջերս ավելացել է Հռոմեական գլխավոր օրացույցում,- ասել է կարդինալը: -Հայաստանի քրիստոնեական սկիզբը շարունակում է լինել այն հիմնաքարը, որի շուրջ զարգանում են հասարակությունները և որի հիման վրա նրանք ընդունում են սեփական ինքնությունը:

Քրիստոնեական հավատը Հայաստանի պատմության անգամ ամենաողբերգական պահերին դարձել է Ձեր ժողովրդի վերածննդի գրավականը: Մեր հարաբերությունների շատ ոլորտներ կապված են Կաթոլիկ եկեղեցու և Հայ առաքելական եկեղեցու միջև հարգալից երկխոսությամբ,որը հերթական անգամ արտահայտվեց Հռոմի Ֆրանցիսկոս պապի և Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի միջև վերջին հանդիպման ընթացքում:

Պարոն նախագահ, իմ ջերմագին շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ այս այցի համար՝ վստահ լինելով, որ այն կունենա շատ դրական զարգացումներ մեր հարաբերություններում:

Թող Ձեր ազնիվ ժողովուրդը վայելի խաղաղությունը` հաղթահարելով վերջին մարտահրավերները»:

← Վերադառնալ