14
01, 2022

Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցն Արաբական Միացյալ Էմիրություններ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ:

Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում Հանրապետության նախագահին դիմավորել է ԱՄԷ շրջակա միջավայրի և կլիմայական փոփոխությունների նախարար Մարիամ Ալ֊Մուհեյրին։  

***

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը, և հայկական պատվիրակության անդամներն այցելել են Շարժայի ժառանգության ինստիտուտ, հանդիպում ունեցել ինստիտուտի տնօրեն Աբդուլազիզ ալ-Մուսալլամի և «Շարժայի ժառանգության օրեր» մշակութային փառատոնի կազմակերպիչների հետ։

Հայաստանն այս տարի, որպես պատվավոր հյուր, մասնակցելու է Շարժայի ժառանգության ինստիտուտի կողմից անցկացվող ամենամյա հեղինակավոր այս փառատոնին՝ բացառիկ հնարավորություն ունենալով ներկայացնելու մեր երկրի և ժողովրդի մշակութային ժառանգությունը։

«Շարժայի մշակութային ժառանգության օրեր» փառատոնն անցկացվում է 2003 թվականից։ Այն համարվում է ամենահայտնի մշակութային միջոցառումներից մեկը և կազմակերպվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Համաշխարհային ժառանգության օրերի շրջանակում։ Ամեն տարի որևէ երկիր հրավիրում է որպես պատվավոր հյուր, և փառատոնի առանցքում լինում են հենց այդ երկրի ժառանգությունը, արհեստն ու արվեստը, մշակույթն ու ավանդույթները։ Փառատոնին հայկական տաղավարը ներկայանալու է տիկին Նունե Սարգսյանի հովանու ներքո։

Շարժայի ժառանգության ինստիտուտի տնօրեն Աբդուլազիզ ալ-Մուսալլամի հետ հանդիպմանը տիկին Նունե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել՝ Հայաստանին որպես փառատոնի պատվավոր հյուր հրավիրելու համար։ «Մեզ համար մեծ պատիվ է այս գեղեցիկ երկրում և այս հեղինակավոր փառատոնին պատվավոր հյուր լինել։ Մենք մեծապես գնահատում ենք մեր բարեկամությունն ԱՄԷ-ի հետ և հույս ունենք, որ սա մեր երկրների միջև այլ մշակութային ծրագրի մեկնարկ կլինի,- ասել է Նունե Սարգսյանը։ -Մենք պետք է աշխարհին ևս մեկ անգամ ցույց տանք, որ Հայաստանն այն գեղեցիկ երկիրն է, ուր արժե այցելել։ Կարծում ենք, հաջորդ քայլը պետք է լինի արաբական մշակույթի օրերի անցկացումը Հայաստանում»։

Տիկին Նունե Սարգսյանը նշել է, որ ցուցահանդեսը կարող է շրջել նաև արաբական այլ երկրներում և ներկայացնել ոչ միայն Հայաստանի և հայ ժողովրդի արվեստն ու ավանդույթները, այլև՝ մշակութային և գիտակրթական ինստիտուտները, ինչպես, օրինակ՝ Մատենադարանը, պատմության, ժամանակակից արվեստի թանգարանները։

Տիկին Նունե Սարգսյանը Հայաստանի մասնակցությունը փառատոնին կարևորել է նաև զբոսաշրջության զարգացման տեսանկյունից և նշել, որ հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, ինչպես նաև առավել քաջատեղյակությունը մեր երկրի մասին կարող է խթանել զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան:

Աբդուլազիզ ալ-Մուսալլամը գոհունակությամբ է նշել, որ այս տարի հենց բարեկամ Հայաստանն է լինելու փառատոնի պատվավոր հյուրը. «Հայերն ու արաբները պատմական բարեկամական հարաբերություններ ունեն, և մենք միշտ վստահությամբ ենք վերաբերվում հատկապես հայկական մշակույթին, ավանդույթներին, ապրանքներին։ Մշակութային համագործակցության շրջանակում մենք սկսել ենք այս բանակցությունները հայկական կողմի հետ և ներկայացրել ենք Հայաստանը՝ որպես պատվավոր հյուր,- ասել է նա։ -Շարժայի ղեկավարությունը հյուրընկալում է Հայաստանը՝ նրա բոլոր մշակութային ուղղություններով, ժառանգությամբ։

Հայաստանի տաղավարը ցուցադրության կենտրոնական հատվածում է, և մեր ցանկությունն է, որ այն լինի մի փոքր կտոր Հայաստանից: Կարծում ենք՝ այն շատ գրավիչ կլինի, քանի որ բոլորը ցանկանում են տեսնել հայկական ժառանգությունը և պատմությունը, գրավիչ կլինի արաբների և 200 տարբեր ազգերի ներկայացուցիչների համար, որոնք ապրում են ԱՄԷ-ում»։

Հանդիպմանը հայկական և էմիրաթական կողմի ներկայացուցիչները մասնավորապես քննարկել են փառատոնին Հայաստանի մասնակցության նախապատրաստական ընթացքի, ներկայացվելիք ոլորտների հետ կապված կազմակերպչական հարցեր։

***

 

Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է
ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ-Նահյանի հետ:

Հանդիպման օրակարգում առանցքային են եղել տարածաշրջանային անվտանգության և կայունությանը վերաբերող հարցերը: Հայաստանի նախագահն անդրադարձել է Արցախի հարցին, պատերազմից հետո մեր երկրում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, զարգացումներին ու մարտահրավերներին:

Խոսելով պատերազմի հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրների մասին՝ Հայաստանի նախագահը մասնավորապես նշել է, որ Ադրբեջանը շարունակում է անազատության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց: Այս հրատապ խնդրի լուծման գործում Հայաստանն ակնկալում է նաև միջազգային գործընկերների գործնական աջակցությունը:

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ կողմերը նշել են, որ ՀՀ-ԱՄԷ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը նպաստավոր հիմքեր է ստեղծում փոխշահավետ տնտեսական ու ներդրումային համագործակցության համար: Նախագահ Սարգսյանը հայ-էմիրաթական հարաբերությունները կարևորել է նաև Հայաստանի և արաբական երկրների միջև փոխգործակցության համատեքստում:

ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարն ընդգծել է Հայաստանի հետ արդյունավետ և փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու Միացյալ Էմիրությունների շահագրգռությունը: Նա մասնավորապես կարևորել է փոխգործակցության խորացումը էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, սննդի անվտանգության, զբոսաշրջության ոլորտներում:

Նշվել է, որ երկու երկրների միջև հաստատված օդային նոր կամուրջը Հայաստանի և ԱՄԷ միջև առևտրատնտեսական ու գործարար կապերի ամրապնդմանն ուղղված ևս մեկ հուսալի քայլ է:

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում​ էմիրաթական «Մասդար» ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրին՝ կարևորելով դրա ընդլայնումը և նոր ներդրումները:

Կողմերն ընդգծել են երկկողմ փոխայցելությունների կարևորությունը: Այդ համատեքստում նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ-Նահյանը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում այցելել Հայաստան:

Համաձայնելով, որ հայ-էմիրաթական հարաբերությունները, փոխգործակցության հիմնական ուղղություններն ու նախագծերը միտված են ապագային՝ զրուցակիցները նշել են. քանի որ առկա է համագործակցության մեծ ներուժ, հնարավորություն և ավելին անելու ցանկություն, պետք է համատեղ ջանքերով հետևողականորեն շարժվել առաջ:

***

 

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայրաքաղաք Աբու Դաբիում հանդիպել է «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամիլ Ալ Ռամահիի հետ։

Հանդիպմանը քննարկվել են վերականգնվող էներգետիկայի, նորագույն տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները։ Ընդգծելով, որ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներկայումս «Մասդար» ընկերության հետ իրականացվող 200 մեգավատտ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագիրը փոխշահավետ գործակցության առաջին քայլն է՝ նախագահ Սարգսյանը գոհունակություն է հայտնել ևս 200 մեգավատտ հզորության վերաբերյալ այսօր ձեռք բերած պայմանավորվածության առթիվ: Նախագահը նշել է, որ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ընդհանուր առմամբ 400 ՄՎտ ծավալով նախագծերի իրականացումը լավ հիմք է ստեղծում ավելի լայն գործակցության համար և կարևոր քայլ է մեր երկրի էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացման ուղղությամբ: «Ակնկալում եմ, որ այս ծրագրով հիմք կստեղծվի երկարատև համագործակցության համար»,-ասել է նա։

Նախագահ Սարգսյանը գոհունակություն է հայտնել նաև «Այգ-1» ծրագրի իրականացման շուրջ «Մասդար» ընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոդի արդյունավետ համագործակցության վերաբերյալ։

Հանդիպմանը զրուցակիցները խոսել են նաև Հայաստանում հողմային էներգետիկայի ոլորտում նույնպես մեծածավալ ներդրումներ կատարելու
հնարավորությունների մասին:

***

 

Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ընթացքում, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաների հետ նոր պայմանավորվածություն է ձեռք բերել երկու երկրների միջև օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ:

Պայմանավորվածության համաձայն, Wizz Air Abu Dhabi-ն առաջիկայում կսկսի թռիչքներ իրականացնել Երևան: Նախագահ Սարգսյանն ասել է, որ երկու երկրների միջև հաստատվող նոր օդային կամուրջը ևս մեկ կարևոր քայլ է Հայաստանի և ԱՄԷ միջև առևտրատնտեսական ու գործարար կապերի ամրապնդման ուղղությամբ, որն էական խթան կլինի հատկապես զբոսաշրջության զարգացման համար:

***

 

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումի բացման հանդիսավոր արարողությանը, որը տեղի է ունեցել Դուբայում ՝ «Էքսպո 2020 Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսների կենտրոնում։

«Աբու Դաբի կայունության շաբաթվա» բացմանը ներկա են եղել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի Էմիրության կառավարիչ, շեյխ Մուհամմադ Բին Ռաշեդ Ալ Մաքթումը, Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե Ինը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը, տարբեր երկրների կառավարությունների անդամներ, միջազգային կազմակերպությունների և խոշոր կորպորացիաների ղեկավարներ։

«Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային ֆորումի բացման շրջանակում տեղի է ունեցել «Զայեդ կայունության մրցանակ»-ի շնորհման արարողությունը: Մրցանակը շնորհվում է առողջապահության, սննդի, էներգետիկայի, կրթության և ջրային տնտեսության ոլորտների այն կազմակերպություններին, որոնք հանդես են գալիս կայուն զարգացմանը նպաստող նորարար և ոգեշնչող լուծումներով:

«Աբու Դաբի կայունության շաբաթ»-ն անցկացվում է 2008 թվականից: Այն գլոբալ հարթակ է, որը տարբեր միջոցառումների և համաժողովների շրջանակում հյուրընկալում է պետությունների և կառավարությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, հեղինակավոր փորձագետների, գիտնականների, գործարարների՝ կայուն զարգացման գլոբալ մարտահրավերներն ու հրատապ խնդիրները քննարկելու նպատակով:

***

 

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն «Էքսպո 2020 Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսների կենտրոնում այսօր հյուրընկալվել է Հայաստանի տաղավարում։

Նախագահ Սարգսյանը ​շրջել է տաղավարում, ծանոթացել ​ ներկայացված ցուցադրություններին։ «Էքսպո 2020 Դուբայ»-ում մեր երկիրը հանդես է գալիս «Էթնոթեք» կոնցեպտով՝ ներկայացնելով Հայաստանի էթնիկ առանձնահատկությունները և տեխնոլոգիական հավակնությունները: Տաղավարի տնօրեն Լիլիթ Հակոբյանը նախագահին տեղեկություններ է ներկայացրել ցուցադրության, տաղավար այցելությունների, գործարար շփումների մասին։
Նախագահը ​ կարևորել է համաշխարհային այս ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը և հույս հայտնել, որ այն հնարավորություն​ կտա ​ոչ միայն նոր գործարար հարաբերություններ հաստատել, այլև փորձի և գիտելիքների փոխանակման հարթակ դառնալ։

Հանրապետության նախագահ Սարգսյանն այցելել է նաև «Էքսպո 2020»-ը հյուրընկալող՝ Արաբական Միացյալ Էմիրությունների տաղավար, ծանոթացել ցուցադրություններին, գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում։

***

 

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Մուբադալա» ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Քալդուն Խալիֆա Ալ Մուբարաքի հետ։

Mubadala Investment Company-ն խոշոր ներդրումային ընկերություն է, որը կառավարում է ակտիվների և ներդրումների բազմազան պորտֆել Արաբական Միացյալ Էմիրություններում և արտերկրում: Ընկերությունը հիմնականում գործունեություն է ծավալում և ներդրումներ կատարում բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, էներգետիկայի, առողջապահության, անշարժ գույքի, ենթակառուցվածքների, կրթության, գիտության ոլորտներում և ներկայացված է աշխարհի 50-ից ավելի երկրներում։ «Մուբադալայի» կողմից կառավարվող ակտիվների ծավալը գնահատվում է 243 ԱՄՆ միլիարդ դոլար, գլխամասային գրասենյակը Աբու Դաբիում է: «Մուբադալան» գրասենյակներ ունի նաև Լոնդոնում, Ռիո դե Ժանեյրոյում, Մոսկվայում, Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում և Պեկինում:

Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ իր երախտագիտությունն է հայտնել «Մուբադալա» ներդրումային ընկերության մասնաճյուղ հանդիսացող «Մասդար» ընկերության կողմից Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ընդհանուր առմամբ 400 ՄՎտ ծավալով նախագծերի իրականացման պատրաստակամության համար: Նախագահը բարձր է գնահատել «Այգ-1» ծրագրի իրականացման շուրջ «Մասդար» ընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի արդյունավետ համագործակցությունը:

Հանդիպմանը քննարկվել են այլընտրանքային էներգետիկայի, ինչպես նաև այլ ոլորտներում ծավալուն ներդրումներ կատարելու հնարավորությունները: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է էմիրաթական ընկերությունների հնարավոր ներկայությամբ մեր երկրի տնտեսության այլ ոլորտներում նույնպես և պատրաստ է երկարատև համագործակցության:

***

 

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ԱՄԷ շրջակա միջավայրի և կլիմայական​ փոփոխությունների նախարար Մարիամ Ալ-Մուհեյրիի հետ:

Նախարար Ալ- Մուհեյրին շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ ​ «Աբու Դաբի կայունության շաբաթվա» շրջանակում անցկացվող՝​ կայուն զարգացման և կլիմայական փոփոխությունների խնդիրներին նվիրված ​ համաժողովներին մասնակցելու համար։ Նշելով, որ ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովը(COP28) 2023թ տեղի է ունենալու ԱՄԷ-ում, նա ներկայացրել է կլիմայական փոփոխություններին դիմագրավելու​ անհրաժեշտությամբ պայմանավորված՝ իր երկրի կողմից նախատեսվող մի շարք քայլեր։

Նախագահ Սարգսյանը և նախարարը քննարկել են կայուն զարգացում ապահովող մի շարք ոլորտներում հայ-էմիրաթական համագործակցության ընդլայնմանը, համատեղ փոխշահավետ նախագծերի իրականացմանը վերաբերող հարցեր:

***

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել ԱՄԷ առաջատար տեխնոլոգիաների և գիտության հարցերով պետական նախարար Սառա Ալ Ամիրիի հետ։ Նախարարը նաև ԱՄԷ տիեզերական գործակալության և ԱՄԷ գիտնականների խորհրդի նախագահն է, նա համակարգում է նաև ԱՄԷ տնտեսության զարգացման մեջ գիտության և առաջատար տեխնոլոգիաների ներդրման հարցերը:

Հանդիպմանը նախագահ Սարգսյանն ու նախարար Ալ Ամիրին քննարկել են գիտության, տեխնոլոգիաների, ինչպես նաև տիեզերագիտության ոլորտներում համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Նախարար Ալ Ամիրին ներկայացրել է հիմնարար գիտությունների, տիեզերագիտության ոլորտներում Միացյալ Էմիրությունների կողմից իրականացվող աշխատանքները, մասնավորապես անդրադարձել ԱՄԷ-ի «Հույսի զոնդ» արբանյակի պատմական ճանապարհորդությանը դեպի Մարս։

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ նման հավակնոտ ծրագրերը ներդրում են ոչ միայն հանուն ապագայի, այլև երիտասարդների համար գիտությամբ զբաղվելու ոգեշնչման աղբյուր են: Նախագահ Սարգսյանը ԱՄԷ պետնախարարին հրավիրել է մասնակցելու սեպտեմբերին Հայաստանում նախատեսվող՝ գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնին, որի նպատակներից մեկը նույնպես երիտասարդներին դեպի գիտություն, նոր տեխնոլոգիաներ, դեպի ապագա ուղղորդելն է:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը ևս մեծ նշանակություն է տալիս գիտության և տեխնոլոգիաների ոլորտներին՝ դրանք առաջնային համարելով մեր երկրի ապագայի տեսանկյունից։ Այս համատեքստում նախագահ Սարգսյանը խոսել է գիտատեխնոլոգիական զարգացմանն ուղղված՝ նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության և դրա շրջանակներում հնարավոր փոխգործակցության մասին։ Անդրադարձ է եղել նաև երիտասարդ գիտնականների փոխանակման ծրագրերի և համատեղ հետազոտությունների իրականացման հնարավորություններին։

***

 

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը զրույց է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ, երկրի Զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ, շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ:

Հայաստանի նախագահը և Աբու Դաբիի թագաժառանգը քննարկել են հայ-էմիրաթական բարեկամական հարաբերություններին և շարունակական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նրանք անդրադարձել են երկու երկրների միջև ներդրումներին և տնտեսության տարբեր ոլորտներում փոխգործակցության խթանմանը, նախագահ Սարգսյանի՝ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցերի։

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային ու միջազգային մի շարք խնդիրների շուրջ։

***

 

Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումի շրջանակում անցկացվող՝ «Երիտասարդությունը հանուն կայունության» («Youth4Sustainability») համաժողովում հանդես է եկել որպես գլխավոր բանախոս:

Նախագահ Սարգսյանն իր ելույթում խոսել է ժամանակակից աշխարհում կատարվող սրընթաց փոփոխությունների, ներկայիս մարտահրավերների, տեխնոլոգիական զարգացումներն ի շահ շրջակա միջավայրի պահպանության օգտագործելու կարևորության մասին:

«Առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ արդյունաբերական հեղափոխություններից հետո, կարծում եմ, չեն լինի հինգերորդը, վեցերորդը, յոթերորդը, քանի որ մենք ապրելու ենք մշտական հեղափոխության շրջանում, որը ես անվանում եմ սրընթաց հեղափոխություն: Դա կլինի հեղափոխություն, որը տեղի կունենա ամեն ամիս: Նոր տեխնոլոգիական զարգացումները, նոր գաղափարներն այնքան արագ են իրագործվելու, որ մենք դժվարանալու ենք հետևել,- ասել է նախագահ Սարգսյանը: -Փոփոխություններ ու զարգացում լինելու են ամենօրյա ռեժիմով: Սակայն, միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք թունավոր նյութեր արտանետել մթնոլորտ և վնասում ենք ոչ միայն կլիման, այլև՝ մեր շրջակա միջավայրը: Մենք մեր շրջական միջավայրը վնասում ենք նաև քիմիական նյութերի արտանետմամբ, միջուկային փորձարկումների իրականացմամբ: Այս ամենը հանգեցնում է նաև տարատեսակ հիվանդությունների: Եվ ահա ունենք այն, ինչ ունենք: Մենք ապրում ենք մի աշխարհում, որը ոչ միայն խնդիրներ ունի կլիմայի հետ, այլև, ընդհանուր առմամբ, մեծ մարտահրավերների առջև է կանգնած:

Այս աշխարհը դարձել է անկանխատեսելի, փոխկապակցված, որտեղ անկայունության զգացում կա, որտեղ պոպուլիզմը շատ արագ է զարգանում: Սա աշխարհ է, որտեղ շատ անպատասխան հարցեր կան»:

Նախագահ Սարգսյանը կարևոր է համարել, որ ներկայիս արագ փոփոխվող աշխարհում տեխնոլոգիաներն ու բիզնեսն ավելի «կանաչ» վարքագիծ դրսևորեն. «Աշխարհում առկա խնդիրներից մեկը կլիմայի, շրջակա միջավայրի պահպանությունն է: Ինչպե՞ս ենք մենք այդ խնդիրը լուծում: Մենք այս ոլորտում որոշակի առաջընթաց ունենք այն առումով, որ շատ ինստիտուտներ, ընկերություններ, բարեգործական կազմակերպություններ հանձնառություն ունեն՝ աջակցել կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին: Սակայն ո՞րն է վերջնական լուծումը:

Կարծում եմ՝ լուծում կգտնվի, երբ կլիմայի փոփոխություններին առնչվող «դուռը» բացվի տեխնոլոգիաների համար: Մենք օգտագործել ենք տեխնոլոգիաները և վնասել կլիման, խնդրի լուծումը պետք է գտնվի տեխնոլոգիաների միջոցով: Լուծումը կգտնվի նաև այն ժամանակ, երբ կլիմայի փոփոխության լուծման դռները բացվեն բիզնեսի համար: Այսինքն՝ երբ բիզնեսը, արդյունաբերությունն ավելի շատ շահույթ ունենան «կանաչ» վարքագիծ դրսևորելով: Բիզնեսը պետք է շահագրգռված լինի բնությանն ավելի քիչ վնաս հասցնել: Ամբողջ աշխարհում՝ և՛ հանրային, և՛ մասնավոր հատվածում տրիլիոնավոր դոլարների հասանելիություն կա, որոնք կարող են ներդրվել այսպիսի բիզնեսում և այդ կերպ լուծել կլիմայի փոփոխություններ հետ կապված խնդիրները: Դա է առաջ գնալու ուղին:

Կարող եմ ներկայացնել իմ գաղափարը, որը հնչեցրել եմ Գլազգոյում: Մենք բոլորս ապրում ենք նույն մոլորակի վրա, և արդյոք կապ ունի՞, թե որտեղ ենք ծառ տնկում: Երբ թթվածին է արտազատվում, կապ ունի՞, թե որտեղ է դա տեղի ունենում՝ Էմիրություններո՞ւմ, Կատարո՞ւմ, Սիբիրո՞ւմ, թե՞ Չինաստանում, քանի որ թթվածինը արտազատվում է ամբողջ աշխարհի համար: Նույնն է նաև վնասելու դեպքում: Երբ մենք այստեղ վնասում ենք կլիման, դա ազդեցություն է ունենում մնացած երկրների վրա:

Կան շատ երկրներ կամ կազմակերպություններ, որոնք CO2 են արտազատում, սակայն պատրաստ են փոխել դա: Յուրաքանչյուր փոփոխություն ժամանակ է պահանջում: Մեր կյանքը 30, 40, 50 տարի առաջ, կարելի է ասել, սև էր՝ ածուխի, հետագայում նաև՝ նավթի այրման հետևանքով: Այսօր այն մի փոքր ավելի մոխրագույն է դարձել, քանի որ սկսել ենք օգտագործել արևի, քամու էներգիան, ավելի շատ գազ ենք այրում, քան նավթ: Սակայն մեր նպատակն է դառնալ կանաչ: Սևից դեպի կանաչ անցում կատարելու համար մեզ ժամանակ և մեծ ջանքեր են հարկավոր:

Եթե Հայաստանը փոքր երկիր է և կլիմայի հետ կապված մեծ խնդիրներ չունի, կա նաև մեծ երկիր, որն ածուխ է այրում, և այդ երկրին ժամանակ է հարկավոր՝ այն արևի էներգիայի փոխակերպելու համար: Ես այդ երկրին ասում եմ՝ քեզ 100 միլիոն դոլար պարտք ունեմ, կարող եմ առաջարկել, որ այդ գումարը քեզ վերադարձնելու փոխարեն ծառեր տնկեմ, կամ կանաչ գործունեություն ծավալեմ և այդ կերպ վճարեմ իմ պարտքը:

Խնդիրն առաջացել է արդյունաբերական և տեխնոլոգիական մեծ զարգացման հետևանքով, և լուծումն էլ պետք է գտնվի դրանց կիրառման և բաց քաղաքականություն վարելու միջոցով: Առաջին հերթին պետք է փոխել ոչ թե տեխնոլոգիաները, գործիքները, այլ՝ մոտեցումները, թե ինչպես ենք վերաբերվում աշխարհին, մեր բիզնեսին, որ մեր երեխաների համար մենք ցանկանում ենք կանխատեսելի, կայուն, առողջ աշխարհ թողնել:

Եկեք շատ պրագմատիկ լինենք՝ այս աշխարհը կայուն դարձնելու համար»:

 

 

← Վերադառնալ