04
05, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը բրիտանական կողմի հրավերով աշխատանքային այց է կատարել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն՝ Չարլզ Երրորդի թագադրության հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար։

Այցի շրջանակներում նախագահ Խաչատուրյանը դասախոսությամբ է հանդես եկել Քեմբրիջի համալսարանում՝ նվիրված Հայաստանում և մեր տարածաշրջանում առկա մարտահրավերներին և փոփոխվող իրողություններին։ Դասախոսությունից հետո նախագահը շրջայց է կատարել համալսարանում:

Հանրապետության նախագահը կմասնակցի նաև Չարլզ Երրորդի անունից կազմակերպված ընդունելությանը։ Նախատեսվում է նախագահի հանդիպումը բրիտանահայ համայնքի ներկայացուցիչների հետ։

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ Երրորդի թագադրության հանդիսավոր արարողությանը:

Նախագահ Խաչատուրյանը մասնակցել է նաև Չարլզ Երրորդի անունից կազմակերպված ընդունելությանը և կարճ առանձնազրույցներ ունեցել թագավոր Չարլզ Երրորդի, ՄԹ վարչապետ Րիշի Սունակի, ՄԹ ԱԳ նախարար Ջեյմս Քլեվերլի հետ։

Հանրապետության նախագահը կարճատև զրույցներ է ունեցել նաև Ֆրանսիայի, Ավստրիայի, Էստոնիայի, Լիտվայի, Գերմանիայի, Իսրայելի, Թուրքմենստանի, Իրաքի, Լեհաստանի, Սլովենիայի նախագահների և Լիբանանի ու Եգիպտոսի վարչապետների հետ։

← Վերադառնալ