07
04, 2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցն Արաբական Միացյալ Էմիրություններ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել Աբու Դաբիում ընթացող Ամենամյա ներդրումային համաժողովին:

«Նախևառաջ կցանկանայի իմ գոհունակությունը հայտնել էմիրաթական կողմին Ամենամյա ներդրումային համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Ուրախ եմ գտնվել Արաբական Միացյալ Էմիրություններում, որը Հայաստանի համար կայուն զարգացման և նորարարության ոլորտներում առաջընթացի, տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում տեխնոլոգիական հնարավորությունների իրացման համար հուսալի գործընկեր է։

Լիովին կիսում եմ այն տեսլականը, որ ներդրումները կենսական դեր են խաղում գլոբալ հրատապ մարտահրավերներին դիմակայելու հարցում, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, աղքատությունը և անհավասարությունը: Ի վերջո, միջազգային համագործակցության ամրապնդումը կարևոր է համաշխարհային ֆինանսական կայունությունը խթանելու և համաշխարհային շուկայում բոլոր ներդրողների համար հավասար պայմաններ ապահովելու համար:

Կհամաձայնեք, որ այսօր գործող աշխարհակարգը փոխվում է բավականին դինամիկ տեմպերով, իսկ մենք ապրում ենք պատմության բեկումնային, որոշ իմաստով անկանխատեսելիության փուլում: Ցանկացած տեղեկատվություն իր մեջ բացասական երանգ է պարունակում, որն անորոշության զգացում է առաջացնում:

Զինված հակամարտություններ, աշխարհաքաղաքական լարվածություն, ճգնաժամեր, տնտեսական անկայունություն, կլիմայի փոփոխության սպառնալիք, մարդու իրավունքների խախտումներ, սոցիալական ցնցում, աղքատություն և անհավասարություն, թվարկված բոլոր իրադարձությունները մարտահրավեր են նետում համաշխարհային կայունության հիմքերին:

Չմոռանանք նաև արդի պայմաններում անհավանական տեմպերով մեծացող արհեստական բանականության դերի մասին, որը կենսական նշանակնություն ունի բարելավելու մարդկանց կյանքը ու ճկունությունը՝ արձագանքելով առաջացող մարտահրավերներին:Այս մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու համար անհրաժեշտ է հավաքական հանձնառություն՝ երկխոսություն, փոխշահավետ լուծումներ, բանակցություններ: Կցանկանայի մեջբերել ԱՄԷ հիմնադիր-նախագահ լուսահոգի Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ-Նահյանի խոսքերը, որ միասնությունը ճանապարհ է դեպի ուժ, պատիվ և ընդհանուր բարիք:

Աշխարհաքաղաքական փոփոխությունների և նախկին կանոնակարգի վերանայման պայմաններում՝ Հայաստանը, որպես երկխոսության համար բաց, խաղաղասեր, ժողովրդավար ու զարգացող տեխնոլոգիական տեսլականով երկիր, կառուցում է ժամանակակից կենսունակ քաղաքական և մրցունակ տնտեսական համակարգ: Մեր կարևորագույն կապիտալը կրթված, աշխատասեր ու օրինապահ հասարակությունն է: Կառավարությունն իր հերթին, ներդրումներ է կատարում անհրաժեշտ ենթակառուցվածքներում՝ տեխնոլոգիական աճին աջակցելու համար։ Ստեղծվում են տեխնոլոգիական կենտրոններ ու պարկեր, ինչպիսիք են ԿՈԱՖ և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնները, որոնք կենտրոնացած են երիտասարդ տաղանդների զարգացման և մրցունակ սերնդի կրթման վրա։

Նորություն չէ, որ երիտասարդության շրջանում առկա է մեծ հետաքրքրվածություն բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, ռոբոտաշինության և նորարարության հանդեպ:

Մենք առաջարկում ենք տարածաշրջանում ամենաբաց և գրավիչ ներդրումային միջավայրերից մեկը՝ վարելով «բաց դռների» քաղաքականություն։

Ժողովրդավարության զարգացմամբ մենք շարունակաբար ամրապնդում ենք երկրում արդար և մրցունակ տնտեսական միջավայրը, օրենքի գերակայությունը և անկախ դատական համակարգը, ինչն ուղղակիորեն նպաստում է ներդրումային միջավայրի հուսալիությանը, պաշտպանությանն ու զարգացմանը։

Իշխանությունների կողմից իրականացվող գործարար միջավայրի խորը և համապարփակ բարեփոխումներն օտարերկրյա ներդրումների ներգրավման համար նպաստավոր պայմաններ են առաջարկում:

Հայաստանն օրինական երաշխիքներ է տրամադրում օտարերկրյա ներդրողների համար, ներառյալ սեփականության պաշտպանությունը, կապիտալի ազատ տեղաշարժը և թափանցիկ հարկային համակարգը:

Վերջին տարիներին Հայաստանը բարձր վարկանիշներ է գրանցել միջազգային ինդեքսներում, այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են օրինակ՝ ժողովրդավարությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը, կոռուպցիայի դեմ անզիջում պայքարը, տնտեսական ազատությունը, գործարար և ներդրումային ազատական միջավայրը։ Հայաստանն ունի ներդրումների պաշտպանության երկկողմ պայմանագրեր ավելի քան 40 երկրների, այդ թվում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ:

Հայաստանն առաջարկում է մի քանի Ազատ տնտեսական գոտիներ, որոնք բարենպաստ պայմաններ են ապահովում օտարերկրյա ներդրողների համար։ Այս գոտիներն առաջարկում են հարկային արտոնություններ, պարզեցված մաքսային ընթացակարգեր և մուտք դեպի տարածաշրջանային շուկաներ:

Իմ պատվիրակությունն այստեղ է կոնկրետ ներդրումային ծրագրերով, որոնցով իմ գործընկերները կկիսվեն ձեզ հետ: Պատրաստ ենք գործնական բանակցությունների, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, փորձի ու տեխնոլոգիաների փոխանակման։

Միևնույն ժամանակ, կարևոր եմ համարում, որպեսզի, օգտվելով առիթից, մեր գործընկերները տեղեկացված լինեն նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա մարտահրավերների մասին:

Հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի Հանրապետության գլխավոր առաջնահերթություններից է:

Մեր երկիրը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության հասնելու օրակարգին, որի կարևոր մասն է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` որպես տարածաշրջանում խաղաղության հաստատման և տնտեսական կապերի խթանման գործիք: Այս նախաձեռնությունը բացառիկ հնարավորություն է տալիս տարածաշրջանային կայունության, տնտեսական զարգացման և միջազգային առևտրային միջանցքների գործարկման համար:

Նախագծի առանցքային գաղափարը կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, կապի մալուխներ և էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու և, ի վերջո, մարդկանց միջև շփումների հնարավորություններ ստեղծելու միջոցով, ինչը կարևորագույն բաղադրիչ է խաղաղության համար։

Հարավային Կովկասում բոլոր տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա, բացառիկ հնարավորություններ կստեղծի բեռների և քաղաքացիների տեղաշարժի համար:

Վստահ եմ, որ տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի, ավելին, Հարավային Կովկասը պետք է վերածվի մի տարածաշրջանի, որտեղ չկան փակ սահմաններ, ինչն էլ իր հերթին կնպաստի տնտեսական համագործակցության խորացմանը, մարդկանց միջև շփումների ակտիվացմանը՝ միաժամանակ ապահովելով ողջ տարածաշրջանի կայուն տնտեսական աճը»: 

***

 

Աբու Դաբի կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն իր կեցավայրում ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Սուհայիլ Ալ Մազրուին և «Էթիհադ Ռեյլ» ընկերության գործադիր տնօրեն Շադի Մալակին:

Հանդիպման ընթացքում կողմերը համապարփակ քննարկումներ են ունեցել երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ: Հատկապես շեշտվել է ենթակառուցվածքների, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների և այլ առաջնային ոլորտներում առկա համագործակցային ներուժի կյանքի կոչման կարևորությունը:

Կողմերը երկուստեք բարձր են գնահատել Հայաստանի և Էմիրությունների միջև ձևավորված կայուն գործընկերությունն ու տարեցտարի խորացող սերտ համագործակցությունը՝ նշելով երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման վերաբերյալ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև երկրների գործարար համայնքների միջև կապերի ամրապնդման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությանը, ինչը կնպաստի տնտեսական կապերի հետագա ակտիվացմանը:

Զրուցակիցները համաձայնություն են ձեռք բերել համատեղ ջանքեր գործադրել ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ՝ նշելով, որ այդ գործընթացը կարևոր է երկու պետությունների տնտեսական զարգացման համար:

***

 

Միացյալ Արաբական Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Սաքր Ղոբաշի հետ:

Ողջունելով Հանրապետության նախագահին, Դաշնային Ազգային խորհրդի նախագահը նշել է. «Իմ և Դաշնային ազգային խորհրդի բոլոր անդամների անունից թույլ տվեք հայտնել, որ մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը:

Մենք շատ բարձր ենք գնահատում այս այցը մեր երկիր և Դաշնային ազգային խորհուրդ: Նմանատիպ այցերը վկայում են նրա մասին, որ կան ավելի մեծ հնարավորություններ երկու երկրների միջև առկա հարաբերությունների խորացման և ամրապնդման համար: Հայ ժողովուրդը բարեկամ ժողովուրդ է:

Հայերը հայտնի են իրենց խաղաղասիրությամբ, և արաբական տարբեր երկրներում մեծ հեղինակություն և հարգանք ունեն: Մեծաթիվ հայեր կան Շամում, Սիրիայում, Եգիպտոսում և մեձավորարևելյան այլ երկրներում և մշտապես, որտեղ էլ, որ լինում են, իրենք հայտնի են իրենց պրոֆեսիոնալիզմով, իրենց ձեռնահասությամբ և ազնվությամբ:

Ողջունում ենք Ձեզ և Ձեր ղեկավարած երկրի մոտեցումը, քանի որ այն ամենը, ինչը հայտնի է վկայում է նրա մասին, որ Դուք ունեք հստակ մոտեցում դեպի խաղաղություն: Ձեր այդ մոտեցումը միտված է թե Ձեր երկրում, թե տարածաշրջանային առումով խաղաղության և անվտանգության հասնելուն, մենք մշտապես խրախուսում ենք այդ մոտեցումը և մենք ևս ձգտում ենք նմանատիպ դրսևորումների իրագործմանը»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և խոսքերի համար, նախագահ Խաչատուրյանը ասել է. «Ձեր ջերմ ընդունելությունը վկայում է մեր երկրների սերտ բարեկամության և գործընկերության մասին:

1998 թվականից ի վեր, երբ մեր երկրները դիվանագիտական հարաբերություններ են հաստատել, մեր հարաբերությունները շարունակական զարգացում են ապրել, ինչի մասին են խոսում շուրջ երեսուն պայմանագրերը, որոնք մենք մեծապես կարևորում ենք ու նաև բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք միտված են եղել մեր հարաբերությունների զարգացմանը:

Հայաստանի համար Միացյալ Էմիրությունների հետ համագործակցությունը առանձնահատուկ նշանակությունը ունի»:

Զրույցի ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու պետությունների միջև ձևավորված գործընկերային և բարեկամական հարաբերությունները, որոնք դինամիկ զարգացում ունեն:

Հանդիպմանը զրուցակիցները կարևորել են բազմակողմ շփումներն ու փոխգործակցությունը՝ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության առաջմղումը նաև երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի գործակցության ձևաչափով:

Ընդգծվել է տարբեր մակարդակներում փոխայցելությունների խթանումը, ինչը նպաստում է համագործակցության ընդլայնմանը:

Կողմերը երկուստեք շեշտել են տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորությունը: Այս համատեքստում Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանը միանշանակ դիրքորոշում ունի հարևանների հետ հարաբերությունները կառուցել բարիդրացիության և խաղաղ գոյակցության սկզբունքների շուրջ:

***

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄԷ աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցի և հանդիպել Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի և Շրջակայից Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տէր Մեսրոպ Արք. Սարգիսեանի և համայնքի ներկայացուցիչների հետ:

Այցի ընթացքում անմիջական մթնոլորտում նախագահ Խաչատուրյանը ծանոթացել է համայնքի գործունեությանը:

Զրույցի ընթացքում քննարկվել են հայաստանյան և տարածաշրջանային արդի իրողությունները: Հանդիպման ժամանակ կարևորվել է հայ համայնքի դերն ազգային ինքնության պահպանության ու նաև Հայաստան-ԱՄԷ հարաբերությունների զարգացման գործում:

***

 

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն և հանդիպել Աբու Դաբիի՝ Սորբոնի և Նյու Յորքի համալսարանների հայ ուսանողների հետ:

Անմիջական և ջերմ զրույցի ընթացքում նախագահ Խաչատուրյանը հետաքրքրվել է ուսանողների ուսումնառության ընթացքով, ապագայի ծրագրերով և պատասխանել է նրանց հուզող հարցերին:

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև ՀՀ-ԱՄԷ հարաբերությունների զարգացմանը, կրթական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր:

***

 

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

ԱՄԷ նախագահը ողջունել է Հանրապետության նախագահին՝ շնորհակալություն հայտնելով Աբու Դաբիում անցկացվող Ամենամյա ներդրումային համաժողովին մասնակցության համար։ Շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանն ընդգծել է, որ նման բարձր մակարդակի այցերը վկայում են երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների և փոխադարձ վստահության ամրապնդման մասին։

Իր հերթին, նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հրավերի համար՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկկողմ կապերն ապրել են շարունակական զարգացում. որպես դրա վառ օրինակ նա նշել է, այդ թվում՝ ՀՀ և ԱՄԷ միջև շաբաթական իրականացվող շուրջ 30 ուղիղ ավիաչվերթների հանգամանքը։

Հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են տարբեր բնագավառներում, մասնավորապես՝ ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում, փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները։ Ներդրումային միջավայրի խթանման և համատեղ նախաձեռնությունների իրականացումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով անդրադարձ է կատարվել անհրաժեշտ քայլերի ակտիվացմանը։

Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել ԱՄԷ ձեռքբերումները տարբեր ոլորտներում՝ ընդգծելով, որ երկիրն օրինակելի է զարգացման իր մոտեցումներով և ռազմավարական տեսլականով։ Նա նաև նշել է, որ Աբու Ամենամյա ներդրումային համաժողովն արդյունավետ հարթակ է պետությունների ու գործարար համայնքների ներկայացուցիչների, ներդրողների և ոլորտային կազմակերպությունների միջև կապերի ստեղծման և արդյունավետ փոխգործակցության խթանման համար։

Հանդիպման ավարտին նախագահները վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակել խորացնել երկկողմ հարաբերությունները և բացահայտել նոր համագործակցային հնարավորություններ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

***

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դասախոսություն է կարդացել Աբու Դաբիի` Անվար Գարգաշի անվան Դիվանագիտական ակադեմիայում «Հայկական «Խաղաղության խաչմերուկ», ազգային առաջնահերթություն և համընդհանուր օգուտ» խորագրով:

Դասախոսության ընթացքում նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության քաղաքական և տնտեսական իրավիճակը, անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին և դրանց համատեքստում քննարկել «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հնարավորություններն ու հեռանկարները: Նա նշել է, որ այս նախաձեռնությունն ունի մեծ նշանակություն ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի զարգացման համար:

Դասախոսությունից հետո Հանրապետության նախագահը պատասխանել է ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հարցերին:

Հանրապետության նախագահի աշխատանքային այցն Արաբական Միացյալ Էմիրություններ ավարտվել է:

 

← Վերադառնալ