09
06, 2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցը Ֆրանսիա

Ֆրանսիայի Նիցցա քաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի բացման նիստում:

Նախագահի ելույթը.

«Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել Օվկիանոսի հարցերով ՄԱԿ-ի 2025 թվականի համաժողովին, որն անցկացվում է այս գեղեցիկ քաղաքում։

Թույլ տվեք շնորհավորել հյուրընկալող Ֆրանսիայի կառավարությանը և համանախագահող Կոստա Ռիկային այս համաժողովի անցկացման կապակցությամբ և դրա հաջողությանն ուղղված բոլոր ջանքերի համար։

Կայուն զարգացման նպատակներին հասնելուն ուղղված քայլերի այս տասնամյակում, չնայած պետությունների և այլ շահագրգիռ կողմերի կլիմայի և կենսաբազմազանության հանձնառությունների կատարմանը, այս համաժողովի անցկացումը և՛ հրատապ է, և՛ ճիշտ ժամանակին։ Շրջակա միջավայրին ուղղված համաշխարհային գործընթացներում կարելի է վստահությամբ նշել, որ օվկիանոսի էկոհամակարգերն առանձնահատուկ են իրենց բնույթով, միևնույն ժամանակ դրանք սերտորեն փոխկապակցված են այլ էկոհամակարգերի հետ։

Օվկիանոսների դերը կենսական է ծովափնյա երկրների և կղզիների համար։ Դրանք կենսաբազմազանության կարևոր աղբյուր են և ծառայում են որպես ածխածնի հսկայական կլանիչ՝ թույլ տալով մեղմացնել ջերմոցային գազերի արտանետման բացասական ազդեցությունը կլիմայի փոփոխության վրա։

Այդուհանդերձ, օվկիանոսները, ինչպես շրջակա միջավայրի մյուս էկոհամակարգերը, անկախ ցամաքային կյանքից իրենց հեռավորությունից և հսկայական խորությունից, կրում են մարդկանց ոչ կայուն գործելաոճի բացասական հետևանքները։

Կլիմայի փոփոխությունը, աղտոտվածությունը և էկոհամակարգերի վատթարացումն ուղղակիորեն ազդում են մեր օվկիանոսների վրա՝ հանգեցնելով պլաստիկ աղտոտվածության, թթվայնացման և ծովային կենսաբազմազանության ու պարենային համակարգերի վրա անդառնալի վնասի։

Միևնույն ժամանակ սառցաշերտերի հալքը հանգեցնում է ծովի մակարդակի բարձրացման՝ առաջացնելով գոյաբանական մարտահրավերներ փոքր, զարգացող կղզի-պետությունների համար։ Հայաստանն աջակցում է միջազգային բոլոր ջանքերին՝ ուղղված օվկիանոսային էկոհամակարգերի պահպանմանն ու պաշտպանությանը, որպես շրջակա միջավայրի մեր համաշխարհային ժառանգության անբաժանելի մաս։ Անհամբերությամբ սպասում ենք Պլաստիկ աղտոտման մասին կոնվենցիայի ընդունմանը, ինչը կարող է օվկիանոսի պահպանման համաշխարհային ջանքերի կարևոր հիմնասյուն հանդիսանալ։

Մենք նմանօրինակ դրական մոտեցում ունենք վերջերս ընդունված Ազգային իրավազորությունից վեր ծովային կենսաբազմազանության մասին համաձայնագրի (BBNJ) նկատմամբ և արդեն նախաձեռնել ենք ներքին գործընթացներ՝ դրա վավերացման համար։ Չնայած Հայաստանը դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր է՝ օվկիանոսներին վերաբերող խնդիրները շատ ակտուալ են մեր երկրի համար։ Մենք աջակցում ենք օվկիանոսի հարցերով համագործակցությանը, քանի որ հավատում ենք բազմակողմ համագործակցությանը, բնական էկոհամակարգերի փոխկապակցվածությանը և ընդհանուր պատասխանատվությանը՝ ուղղված մոլորակի կենսաբազմազանության պահպանմանը։

Ցամաքային և ծովային էկոհամակարգերի միջև կապը հստակ է։ Մեր օվկիանոսների առողջությունը կախված է մեր վերաբերմունքից առ մեր գետեր, լճեր և լեռնային միջավայրեր։

ԻՆչպես հաճախ ասում են․ ինչ կատարվում է լեռներում չի մնում լեռներում։ Սառցաշերտերի հալքը, հողի որակի վատթարացումը և աղտոտվածությունը բարձրադիր գոտիներում անխուսափելիորեն իրենց արտացոլումն են գտնում ցածրադիր գոտիներում՝ ուղղակիորեն ազդելով մեր օվկիանոսների էկոհամակարգերի վրա։ Հետևաբար, օվկիանոսի ճգնաժամը ոչ միայն ափամերձ բնակավայրերի, այլ նաև մայրցամաքային խնդիր է։

Լուծումները պետք է սկսեն սարերում և տարածվեն մայրցամաքներում, նախքան կհասնեն ափամերձ շրջաններին ու կղզիներին։ Այս համատեքստում ակնհայտ է ներառական և հասանելի ֆինանսավորման անհրաժեշտությունը, հատկապես դեպի ծով ելք չունեցող և խոցելի երկրների համար, որպեսզի բոլոր երկրները կարողանան իմաստալից լումա ունենալ շրջակա միջավայրի օրակարգում։

Ավելին, որպես Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախագահող, Հայաստանը շահագրգռված է այս համաշխարհային օրակարգի առաջխաղացմամբ։ Այս կապակցությամբ, մենք հավատացած ենք, որ Ազգային իրավազորությունից վեր ծովային կենսաբազմազանության մասին համաձայնագիրը (BBNJ) կարող է համաշխարհային կենսաբազմազանության պահպանմանն ուղղված մեր ընդհանուր ջանքերի կարևորագույն բաղադրիչ դառնալ։

Հայաստանը նաև սպասում է Օվկիանոսի հարցերով ՄԱԿ-ի համաժողովի քաղաքական հայտարարության կոնսենսուսով ընդունմանը, որպես օվկիանոսային էկոհամակարգերի պաշտպանության համար ներքին համագործակցության ամրապնդման և ընդհանուր հանձնառությունների համար ևս մի կարևոր քայլ։

Վերջում, ցանկանում եմ բոլոր երկրներին՝ զարգացող, թե զարգացած, ծովափնյա, կղզի, թե դեպի ծով ելք չունեցող, կոչ անել վերահաստատել իրենց հանձնառությունը մեր մոլորակի պաշտպանության և պահպանման հարցում, որպեսզի ապագայի սերունդները նույնպես կարողանան օգտվել մեր Մայր Մոլորակի բարիքներից»: 

***

 

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է հաջորդ տարի Երևանում կայանալիք Կենսաբազմազանության մասին ՄԱԿ կոնվենցիայի COP-17 համաժողովի կազմակերպչական և բովանդակային հարցերը։ Անդրադարձ է կատարվել նման խոշոր միջազգային միջոցառումների կարևորությանը՝ բնապահպանական և գլոբալ մարտահրավերների համատեքստում միջազգային համագործակցության խթանման առումով։

Նախագահը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու հարցում՝ ընդգծելով, որ նման հարթակի հյուրընկալումը միաժամանակ մեծ պատիվ, սակայն նաև պատասխանատու և պարտավորեցնող առաքելություն է երկրի համար։

***

 

Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրաք երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։ Երկուստեք ընդգծվել է հայ-իրաքյան հարաբերությունների դինամիկ զարգացման և փոխադարձ շահագրգռվածության հիման վրա կառուցվող քաղաքական երկխոսության ու գործնական համագործակցության խորացման անհրաժեշտությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին, խաղաղությանն ու կայունությանը վերաբերող հարցերին՝ ընդգծելով արդյունավետ գործընկերության և փոխվստահության ձևավորման կարևորությունը։

Կողմերը կարևորել են երկկողմ տնտեսական փոխգործակցության ընդլայնումը՝ հատկապես առևտրի, ներդրումների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Այս համատեքստում ընդգծվել է Երևան-Բաղդադ ուղիղ թռիչքների ներդրման անհրաժեշտությունը՝ որպես քաղաքական, տնտեսական և զբոսաշրջային կապերի խթանման կարևոր գործիք։

Նախագահներն անդրադարձել են նաև միջկառավարական հանձնաժողովների աշխատանքների ակտիվացման հնարավորություններին՝ նպատակ ունենալով խորացնել ոլորտային համագործակցությունը և ձևավորել նոր նախաձեռնությունների իրականացման գործնական հիմքեր։

Զրուցակիցները քննարկել են նաև 2026 թվականին Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP-17 համաժողովի կազմակերպչական և բովանդակային հարցերը՝ կարևորվել է գլոբալ հիմնախնդիրների լուծման հարցում նման միջոցառումների անցկացումը։

***

 

Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՄԱԿ-ի Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի շրջանակում կազմակերպված «Լեռներից մինչև օվկիանոսներ. կենսաբազմազանության պահպանումը շրջակա միջավայրի սահմաններից այն կողմ՝ հանուն կայուն ապագայի» խորագրով պանելային քննարկմանը։

Բարձր մակարդակի քննարկման բացման խոսքով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

***

 

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նիցցայի Սուրբ Աստվածածին եկեղեցի:

Եկեղեցու հոգևոր առաջնորդ Տեր Խաչատուրին ողջունելուց հետո նախագահը ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ, շրջայց կատարել եկեղեցում, ապա այցելել Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ գործող Պարսամյան կրթահամալիր:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շրջել է դպրոցում, շփվել երեխաների հետ, ապա դիտել դպրոցի սաների կազմակերպած մշակութային միջոցառումը:

Միջոցառման ավարտից հետո կրթահամալիրի դահլիճում նախագահը հանդիպում է ունեցել Նիցցայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման մեկնարկին Հանրապետության նախագահը համառոտ ներկայացրել է ներհայաստանյան և տարածաշրջանային զարգացումներն ընդհանուր գծերով: Անդրադարձել վերջին տարիներին տարբեր ոլորտներում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին և նախաձեռնություններին, ինչպես նաև անմիջական մթնոլորտում պատասխանել ներկաներին հուզող հարցերին:

***

 

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նիցցայի մոտակայքում գտնվող «Sophia Antipolis» տեխնոպարկ, որը համարվում է Եվրոպայի առաջատար տեխնոլոգիական կենտրոններից մեկը։

Նախագահին հյուրընկալել են կենտրոնի նախագահ Ջան Փիերին և տեխնոպարկի գլխավոր տնօրեն Ֆիլիպ Սերվետը, որոնք ներկայացրել են տեխնոպարկի գործունեության հիմնական ուղղությունները, ինովացիոն հնարավորություններն ու զարգացման հեռանկարները։

Այցի ընթացքում Հանրապետության նախագահը շրջել է կենտրոնում, ծանոթացել գործունեություն իրականացնող ընկերությունների աշխատանքին։

Ներկայում «Sophia Antipolis»-ը միավորում է շուրջ 2500 հեղինակավոր ընկերություններ, դառնալով Եվրոպայում տեխնոլոգիական և գիտական համագործակցության խոշորագույն հարթակներից մեկը։

← Վերադառնալ