Արտերկրյա այցեր
Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցը Իսպանիայի Թագավորություն
Իսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովի պաշտոնական բացման արարողությանը։
Համաժողովի ընթացքում նախագահ Խաչատուրյանը հանդես կգա ելույթով։
***
Իսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովում։
«Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Իսպանիայի կառավարությանը այս կարևոր միջազգային միջոցառումն անցկացնելու և ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար։
Մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում, երբ աշխարհը բախվում է աննախադեպ դժվարությունների, առավել քան երբևէ անհրաժեշտ է համախմբել մեր ջանքերը, դրսևորել համերաշխություն և ամուր քաղաքական կամք՝ Կայուն զարգացման 2030 օրակարգի իրագործման ուղղությամբ:
Տասը տարի առաջ, հիմնվելով Մոնտերեյում և Դոհայում ձեռք բերված հանձնառությունների վրա, մենք ընդունեցինք հավակնոտ և համապարփակ փաստաթղթի` Ադիս-Աբեբայի Գործողությունների օրակարգը, որը ձևավորում էր գլոբալ ֆինանսական համակարգի վերափոխման ուղենիշերն ու գործիքները՝ «ոչ ոքի չմոռանալու» սկզբունքով։ Սակայն, նշանակալի ձեռքբերումներին զուգահեռ, այսօր էլ դեռևս ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ։
Վերջին տարիներին ի հայտ եկած գլոբալ մարտահրավերները, ինչպիսիք են՝ COVID-19 համավարակը, կլիմայի փոփոխության աճող ազդեցությունը, աշխարհաքաղաքական լարվածության սրումը, հակամարտությունների ավելացումը, լուրջ բացեր բացահայտեցին Ադիս-Աբեբայի Գործողությունների օրակարգում՝ պահանջելով անհապաղ քայլեր՝ միջազգային ֆինանսական համակարգի շարունակական բարեփոխման և նոր իրողություններին հարմարվելու ուղղությամբ։ Զարգացմանն ուղղված պաշտոնական աջակցության նվազումը կործանարար հետևանքներ է ունեցել զարգացող երկրների համար՝ վտանգելով նրանց ձեռք բերած առաջընթացը։
Գլոբալ զարգացման օրակարգում ի հայտ եկած մտահոգիչ միտումները հատկապես ուժեղ հարված են հասցնում հատուկ կարգավիճակ ունեցող երկրներին՝ ամենաքիչ զարգացած երկրներին, դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներին և զարգացող փոքր կղզի-պետություններին, որոնց համակարգային խոցելիությունները խոչընդոտում են Կայուն զարգացման նպատակների իրագործմանը։
Դժվարություններ են ունենում նաև միջին եկամուտ ունեցող երկրները, որոնք հաճախ հայտնվում են այդպես կոչված «միջին եկամտի թակարդում»՝ գործող միջազգային ֆինանսական համակարգի թերությունների հետևանքով։
Թույլ տվեք օրինակ բերել իմ երկիրը՝ Հայաստանը։ Հայաստանը դասվում է բարձր միջին եկամուտ ունեցող երկրների շարքին։ Միևնույն ժամանակ, այն դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր է, որն առերեսվում է բազմաշերտ մարտահրավերների. Լեռնային Ղարաբաղից հարկադրաբար տեղահանված 115,000 փախստականների հոսք, որը կազմում է երկրի ընդհանուր բնակչության 4 տոկոսը, կլիմայի փոփոխության հետևանքով կրկնվող աղետներ, համաշխարհային շուկաներին և արժեքային շղթաներին միանալու դժվարություններ։ Սակայն Հայաստանը հարկադրված է սահմանափակ ռեսուրսներն ուղղել իր ավելի քան 13 միլիարդ դոլար կազմող պետական պարտքի սպասարկմանը՝ ի հաշիվ հումանիտար, կլիմայի փոփոխությունների մեղմացման և կայուն զարգացման կարիքների ֆինանսավորման։
Այս համատեքստում մենք համոզված ենք, որ անհրաժեշտ են նպատակային և գործուն քայլեր՝ հաղթահարելու գոյություն ունեցող անհավասարությունները և միջազգային ֆինանսական համակարգի բացերը։ Հայաստանը վճռականորեն պաշտպանում է ՀՆԱ-ից դուրս լրացուցիչ չափորոշիչների ներմուծումը, նշանային ֆինանսավորումից կախվածության նվազեցումը և ՄԱԿ-ի Զարգացման համակարգի կարողությունների հզորացումը՝ խոցելի իրավիճակում գտնվող երկրների և մարդկանց կարիքներին ժամանակին ու արդյունավետ արձագանքելու համար։
Միջազգային հանրության աջակցությունը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, լավ կառավարման խթանմանը, թափանցիկության ապահովմանը և օրենքի գերակայության պահպանմանը, կարևոր է հատուկ կարգավիճակ ունեցող և միջին եկամուտ ունեցող երկրներին կայուն զարգացման ուղի վերադարձնելու համար։ Անհրաժեշտ է ապահովել հավասար և արդար մուտք դեպի նոր տեխնոլոգիաներ, հաղթահարել թվային մեկուսացումը և մոբիլիզացնել անհրաժեշտ ռեսուրսներ՝ կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և անապատացման խնդիրները լուծելու համար։ Որպես Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) հաջորդ տարվա նախագահող` Հայաստանը պատրաստ է սերտորեն համագործակցել բոլոր գործընկերների հետ՝ կենսաբազմազանության ֆինանսավորման բացերը լրացնելու համար։
Հայաստանը ողջունում է Եզրափակիչ փաստաթղթի շուրջ ձեւավորված կոնսենսուսը, որը վկայում է բոլոր կողմերի պատրաստակամությունը՝ համագործակցելու, խոստումները և հանձնառությունները իրական գործողությունների վերածելու և իրական փոփոխություններ ապահովելու համար։
Մենք հուսով ենք, որ «Սևիլյայի համաձայնագիրը» (Compromiso de Sevilla) իր հեռանկարային հանձնառություններով նոր թափ կհաղորդի միջազգային հանրության ջանքերին՝ բարեփոխելու միջազգային ֆինանսական համակարգը, բարձրացնելու դրա դիմակայունությունն ու արդյունավետությունը և ֆինանսական ռեսուրսներն առավել մատչելի ու հասանելի դարձնելու առավել խոցելի խմբերի համար։
Մաղթում եմ բոլոր մասնակիցներին արդյունավետ քննարկումներ»:
***
Իսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Անգոլայի նախագահ Ժոաո Լորենսոյի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման ուղիներն ու հնարավորությունները։ Կողմերն անդրադարձել են տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության, ադամանդագործության և հարակից ոլորտներում առկա փոխգործակցության ներուժի բացահայտման և իրագործման հարցերին։
Անգոլայի նախագահն իր խոսքում պատրաստակամություն է հայտնել մասնավորապես ադամանդագործության ոլորտում փոխգործակցության խթանմանը, նկատի ունենալով նաև այն, որ Հայաստանն այս բնագավառում ունի ձևավորված ավանդույթներ, որոնք զարգացման մեծ ներուժ ունեն։
Առանձնահատուկ ընդգծվել է նաև Անգոլայում Թումո կենտրոն հիմնելու նախաձեռնության կարևորությունը՝ դիտարկելով այն որպես արդյունավետ քայլ ոլորտային համագործակցության խորացման ուղղությամբ։
Կողմերը նաև շեշտել են միջգերատեսչական խորհրդակցությունների խթանման անհրաժեշտությունը՝ որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու ծրագրային համագործակցության համակարգման արդյունավետ մեխանիզմ։
***
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Քենիայի Հանրապետության նախագահ դոկտոր Ուիլյամ Ռուտոյին ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների հարաբերությունների զարգացմանն ուղղված հեռանկարներին։ Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիները՝ տնտեսական, բնապահպանական և միջազգային կազմակերպությունների հարթակներում համագործակցության առումներով։ Կարևորվել է երկխոսության շարունակականությունը և միջազգային ու տարածաշրջանային խնդիրների շուրջ կարծիքների փոխանակումը։
Հատուկ ուշադրություն է դարձվել նաև 2026 թվականին Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)։ Նախագահներն ընդգծել են նման համաժողովների նշանակությունը համաշխարհային բնապահպանական օրակարգում։
Հանրապետության նախագահը նաև նշել է, որ ուրախ կլինի համաժողովի շրջանակում Երևանում հյուրընկալել Քենիայի իր գործընկերոջը։ Իր հերթին Քենիայի նախագահը հրավիրել է Հանրապետության նախագահին պատեհ պահի այցելել իրենց երկիր, ինչպես նաև առաջարկել է համագործակցության հետագա խթանման համատեքստում նկատի ունենալ դեսպանություն հիմնելու հնարավորությունը։
***
ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։
***
Աշխատանքային այցով Իսպանիայի թագավորությունում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Կենսաբազմազանության ֆինանսավորում․ ոչ տնտեսական կորստի և վնասի արձագանքման բացակայող կապը» խորագրով հարակից ծրագրին և հանդես է եկել բացման խոսքով։
«Հարգելի հյուրեր,
Ուրախ եմ հանդես գալ Զարգացմանն ուղղված ֆինանսավորման 4-րդ համաժողովի շրջանակում անցկացվող այս բարձր մակարդակի քննարկմանը: Ցանկանում եմ ողջունել Հայաստանի, Նեպալի, Կոլումբիայի ներկայացուցիչներին, Կենսաբազմազանության կոնվենցիայի, Կանաչ կլիմայի հիմնադրամի և Բնության պահպանության միջազգային միության քարտուղարություններին՝ այս քննարկմանը մասնակցելու համար, և շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին՝ այս կարևոր թեմայով հետաքրքրված լինելու համար։
Ինչպես նշում է «Կենդանի մոլորակ» 2024թ․ զեկույցը, 1970-ից 2020 թվականներին վայրի բնության կենդանական աշխարհի թվաքանակը նվազել է 73 տոկոսով։ Սա կենսաբազմազանության հսկայական և անդառնալի կորուստ է, որը, եթե չկասեցվի, կդնի մեր աշխարհը վտանգավոր շրջադարձային կետի առաջ՝ աղետալի հետևանքներով թե՛ բնության, թե՛ մարդկանց և նրանց կենսապահովման համար։ Հետևաբար, մեր սերնդի պարտքն ու պատասխանատվությունն է անել ամեն ինչ՝ այս վտանգավոր միտումները շրջելու, կենսաբազմազանության կորուստը, բնապահպանական դեգրադացիան և կլիմայի փոփոխությունը կանխելու համար։
Ինչպես ձեզ հայտնի է, Հայաստանը ստանձնել է կարևոր առաքելություն՝ հյուրընկալելու Կենսաբազմազանության վերաբերյալ ԿՈՊ17 համաժողովը գալիք տարի և առաջնորդելու միջազգային հանրության ջանքերը՝ կենսաբազմազանության պահպանման և բնական ռեսուրսների կայուն օգտագործման ուղղությամբ։
Մենք պատրաստ ենք կառուցել Կալի քաղաքում կայացած ԿՈՊ16-ի՝ Կոլումբիայի նախագահության ներքո արձանագրված հաջողության վրա և շարունակել առաջ մղել միջազգային համագործակցությունը կենսաբազմազանության պահպանման ոլորտում, որի առանցքային բաղադրիչը կայուն ֆինանսավորումն է։
Հենց այդ պատճառով այս բարձր մակարդակի քննարկումը՝ կենսաբազմազանության ֆինանսավորման վերաբերյալ գաղափարների ու տեսակետների բաց փոխանակմամբ, կդառնա այդ ուղու մեկնարկային կետերից մեկը և կծառայի որպես ներդրում ԿՈՊ17-ի նախագահության նախաձեռնությունների և գործողությունների օրակարգի ձևավորման գործում։
Սպասում եմ լսել քննարկման մեր հարգարժան մասնակիցների տեսակետներն ու առաջարկությունները այն հնարավոր ուղիների վերաբերյալ, որոնց միջոցով կարող ենք խթանել հասարակությունների մասնակցությունը կենսաբանական բազմազանության պահպանության գործում, ինչպես նաև՝ քննարկել այն հնարավոր լուծումներն ու մոտեցումները, որոնք կապահովեն կենսաբազմազանության պահպանության ոլորտում բավարար և կանխատեսելի ֆինանսավորում՝ մեր առջև ծառացած մարտահրավերների լուծման համար։
Ցանկանում եմ բոլորիս արդյունավետ քննարկում և ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում մեզ հետ լինելու համար»։
***
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման համաժողովի շրջանակներում հանդիպել է Առևտրի Միջազգային Պալատի (ICC) Գլխավոր քարտուղար Ջոն Դենթոնի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Միջազգային առևտրի պալատի հայաստանյան ազգային կոմիտեի Գործադիր խորհրդի անդամ, Առևտրի և ներդրումային հանձնաժողովի նախագահ Հայկ Մարգարյանը:
Միջազգային Առևտրի Պալատը (ICC) աշխարհի խոշորագույն բիզնես կազմակերպությունն է, որը ներկայացնում է ավելի քան 45 միլիոն ընկերություն՝ 170-ից ավելի երկրներում։ 1919 թվականից ի վեր ICC-ն խթանում է միջազգային առևտուրը, պատասխանատու բիզնես վարքագիծը և գլոբալ կարգավորումները՝ ռազմավարական շահերի պաշտպանությամբ, կանոնների ձևավորմամբ և վեճերի լուծմամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի բիզնես միջավայրին վերաբերող հարցեր։ Հանրապետության նախագահը մասնավորապես անդրադարձել է Հայաստանում ներդրումների ներգրավման, առևտրի զարգացման և ստանդարտացման հարցերին, ինչպես նաև ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։
Զրույցի ընթացքում Ջոն Դենթոնը շեշտել է իր պատրաստակամությունը Հայաստանում կայանալիք COP 17 ՄԱԿ Կենսաբազմազանության համաժողովի կազմակերպման և անցկացման գործընթացում հնարավոր աջակցության ցուցաբերման հարցում։
***
Իսպանիայի Սևիլյա քաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում նախագահը ներկայացրել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները, անդրադարձել է հանրապետությունում առկա հասարակական-քաղաքական իրադրությանը, վերջին տարիներին տարբեր ոլորտներում իրականացված բարեփոխումներին, ինչպես նաև առկա հիմնախնդիրներին ու դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։
Նախագահ Խաչատուրյանը պատասխանել է ներկաների բարձրացված հարցերին՝ ստեղծված անմիջական մթնոլորտում քննարկելով նաև համայնքային կյանքի կազմակերպման մի շարք կարևոր հարցեր։ Նա ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները բարձր են գնահատում Սփյուռքի ներուժն ու նրա դերակատարումը հայրենիքի զարգացման գործում և պատրաստակամություն է հայտնել հնարավորության սահմաններում աջակցել համայնքի կրթամշակութային կյանքի կազմակերպման և առկա խոչընդոտների հաղթահարմանն ուղղված նախաձեռնություններին։
***
Հանդիպման ընթացքում «Airbus» օդանավաշինական ընկերության մենեջեր Միգուել Պուլե Տորրեսը ներկայացրել է ընկերության գործունեության հիմնական ուղղություններն ու ոլորտները: Անդրադարձ է կատարվել խոշոր օդանավաշինական կազմակերպության և Հայաստանի համար համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության հնարավորություններին և առկա ներուժի իրականացմանը:
Հանդիպման ավարտին նախագահը Միգուել Պուլե Տորրեսի և «Airbus» օդանավաշինական ընկերության նախագահի ռազմական հարցերով ավագ խորհրդական Գեներալ-լեյտենանտ Սեսար Սիմոնի ուղեկցությամբ շրջայց է կատարել գործարանում, ծանոթացել ընկերության ձեռքբերումներին և ամենաթարմ նախաձեռնություններին: