Արտերկրյա այցեր
Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Աշխատանքային այցով ԱՄՆ Նյու Յորք քաղաքում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 21-ին մասնակցել է Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունում կազմակերպված ընդունելությանը։
Հանրապետության նախագահը շնորհավորել է ներկայացուցչության աշխատակազմին և հայկական պատվիրակությանն օրվա կապակցությամբ, մաղթել արդյունավետ աշխատանք ու հաջողություններ հանուն Հայաստանի զարգացման, բարեկեցության ու խաղաղության:
«Անկախության օրը պետության ամենակարևոր տոնն է, իսկ խաղաղության հաստատումը դիվանագիտության հաղթանակը, այս տոնական օրը մաղթում եմ առաջին հերթին մեր դիվանագետներին, ապա մեզ բոլորիս այդպիսի հաղթանակներ, մեր ժողովրդին խաղաղություն ու զարգացում»,- նշել է նախագահը։
Նախագահը նաև շրջել է ներկայացուցչության շենքում, ծանոթացել ընդհանուր պայմաններին։
***
Աշխատանքային այցով ԱՄՆ Նյու Յորք քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Կոնկորդիա համաժողովի բացման արարողությանը:
***
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակներում ելույթ է ունեցել Եվրոպական Կորպորատիվ Խորհրդի՝ Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի վերաբերյալ 7-րդ նիստում:
Նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթը.
«Տիկնայք և պարոնայք,
Շնորհակալություն եմ հայտնում նախագահ Ղրիբիին Եվրոպական Կորպորատիվ Խորհրդի 7-րդ նիստին մասնակցելու հնարավորության համար:
Հայաստանը մեծապես կարևորում է Աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների խորացումը և ձգտում է զարգացնել համագործակցությունը տարածաշրջանի հետ տնտեսական, առևտրային, մշակութային և կրթական ոլորտներում։ Չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ մեզ միավորում են կայուն զարգացման, խաղաղ և ներառական հասարակությունների ձևավորման, արդարադատության հասանելիության ապահովման և մի շարք այլ ընդհանուր նպատակներ։
Թեպետ յուրաքանչյուր ոլորտ՝ լինի կրթություն, բնապահպանություն, առողջապահություն, տնտեսություն, էներգետիկա կամ գյուղատնտեսություն, առանցքային նշանակություն ունի կայուն զարգացման համար, պետք է ընդունել, որ խաղաղության բացակայության պայմաններում չենք կարող խոսել առաջընթացի և բարեկեցության մասին։
Խաղաղությունը հիմքն է, որի վրա խարսխվում է զարգացումը և ծաղկում հասարակությունը։
Տասնամյակներ տևած հակամարտությունից հետո Հայաստանը վերաձևավորեց իր մոտեցումները՝ հիմնվելով խաղաղության հաստատման հրամայականի վրա։ Միայն այդպիսի տեսլականն է, որ խթանում է աճը, զարգացումը, դուրս բերում մարդկանց աղքատության ճիրաններից: Այն ապահովում է ժողովրդավարության ամրապնդումը և քաղաքացուն ընձեռում ընտրության իրավունք։ Այն հզորացնում է ազատությունը, արդարությունը, հավասարությունն ու անվտանգությունը։
Շուրջ մեկ ամիս առաջ Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարները Վաշինգտոնում նախաստորագրեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը և ընդունեցին խաղաղ գործընթացի վերաբերյալ եռակողմ հռչակագիր։ Այս կարևոր ձեռքբերումը հնարավոր դարձավ նախագահ Թրամփի անձնական ներգրավվածության և նրա վարչակազմի հետևողական ջանքերի շնորհիվ` վերջ տալով 3 տասնամյակ տևած հակամարտությանը: Ինչպես ասել է Աֆրիկայի մեծ զավակ Նելսոն Մանդելան․ «Ամեն բան անհնար է թվում մինչև իրագործումը»։
Խաղաղության հաստատմանը նպաստող պայմանների ստեղծումից հետո Հայաստանի ղեկավարության առաջնահերթությունն է կառուցել ժամանակակից, մրցունակ, տնտեսապես զարգացած և քաղաքականապես կայուն պետություն։ Մեր ամենամեծ հարստությունը կրթված, աշխատասեր և օրենքին հնազանդ հասարակությունն է։
«Կրթված լինելը» դնում եմ առաջին տեղում, քանի որ համոզված եմ՝ կրթությունն է աղքատությունը հաղթահարելու, առաջընթացն ու բարեկեցությունը ապահովելու հիմնական բանալին։ Նելսոն Մանդելայի խոսքերը՝ «Կրթությունն ամենահզոր զենքն է, որով կարող եք փոխել աշխարհը», լավագույնս են արտահայտում կրթության արժեքն ու ուժը։
Սիրելի գործընկերներ,
Հայաստանը ընտրվել է հյուրընկալելու Կենսաբազմազանության հարցերով 17-րդ համաժողովը (COP17), որը կկայանա Երևանում 2026թ. հոկտեմբերին։ Անհամբեր սպասում եմ ձեզ և ձեր երկրների պատվավոր պատվիրակություններին Հայաստանում։
Հայաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը Աֆրիկայի գործընկերների հետ՝ հաշվի առնելով մեր փոխադարձ շահերն ու կենսաբազմազանության ոլորտում առկա ընդհանուր մարտահրավերները։
Մենք ակնկալում ենք նաև համագործակցել մեր միջազգային գործընկերների հետ՝ գլոբալ բնապահպանական գործընթացները ճիշտ հունի վրա վերադարձնելու համար։
Նաև ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը` բարձրացնելու խոցելի տարածաշրջանների խնդիրները, խթանելու ներառական համագործակցությունը և մոբիլիզացնելու միջազգային ֆինանսական ռեսուրսները COP17-ի նախագահության շրջանակում։
Թույլ տվեք ընդգծել նաև, որ Հայաստանը հանդես է գալիս և աջակցում է ուժեղ միջազգային մեխանիզմների ստեղծմանը՝ ուղղված մարդկության դեմ հանցագործությունների կանխմանը և վերացմանը։ Մենք խորապես հավատում ենք, որ մարդու իրավունքների խախտումները պետք է հավասար ու համարժեք արձագանք ստանան բոլոր հակամարտություններում։
Այսօր ականատես ենք լինում ժողովրդավարական արժեքներից համատարած նահանջի միտումներին, որոնք ուղեկցվում են ժողովրդավարական հաստատությունների հիմքերի նկատմամբ անողոք հարձակումներով։ Անհրաժեշտ է համատեղել ջանքերը՝ դիմագրավելու նման ճնշումներին և սպառնալիքներին և անշեղորեն պահպանելու այն կանոնները, որոնցով ցանկանում ենք առաջնորդվել։
Սիրելի ընկերներ,
Իմ խոսքը սկսեցի իմ տարածաշրջանում խաղաղության կարևորությամբ և ցանկանում եմ ավարտել նույն ուղերձով։ Մաղթում եմ մեծ Աֆրիկյան մայրցամաքին՝ տաղանդավոր, նպատակասլաց և հավակնոտ կանանց ու տղամարդկանց հայրենիքին, կայուն և տևական խաղաղություն՝ որպես անվտանգության, ինչպես նաև առաջընթացի և բարեկեցության հիմնական նախապայման»։
***
Նյու Յորք կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրաք երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։ Երկուստեք ընդգծվել է հայ-իրաքյան հարաբերությունների դինամիկ զարգացման և փոխադարձ շահագրգռվածության հիման վրա կառուցվող քաղաքական երկխոսության ու գործնական համագործակցության խորացման անհրաժեշտությունը։
Կողմերը կարևորել են երկկողմ տնտեսական փոխգործակցության ընդլայնումը՝ հատկապես առևտրի, ներդրումների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Այս համատեքստում ընդգծվել է Երևան-Բաղդադ ուղիղ թռիչքների ներդրման անհրաժեշտությունը՝ որպես քաղաքական, տնտեսական և զբոսաշրջային կապերի խթանման կարևոր գործիք։
Զրուցակիցները երկուստեք դրական են գնահատել վերջերս կայացած հայ-իրաքյան գործարար համաժողովի անցկացումը և շեշտել նման նախաձեռնությունների շարունակական խթանման կարևորությունը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումների և ընդհանուր իրադրության վերաբերյալ: Մասնավորապես առանձնահատուկ շեշտվել է սույն թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո ստեղծված իրադրության պայմաններում տևական ու կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ տարվող աշխատանքների, այս համատեքստում «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրականացման հեռանկարների ու տարածաշրջանային փոխշահավետության առկա ներուժի կյանքի կոչման կարևորությունը:
Զրույցի ընթացքում նախագահները կարևորել են նաև կրթության ոլորտում երկու երկրների հետագա գործակցության զարգացումը, ինչի կապակցությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանում՝ Գյումրիում Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցի (Ecole hôtelière de Lausanne) մասնաճյուղի բացումը կարող է լավ հնարավորություն դառնալ նաև իրաքցի ուսանողների համար, ինչը կխթանի ուսանողների փոխանակման ծրագրերի ակտիվացումը:
***
Նյու Յորք կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է «ServiceNow» ընկերության փոխնախագահ Նիկ Տցիցոնին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և միջազգային տեխնոլոգիական ընկերությունների միջև համագործակցության հնարավորությունները, մասնավորապես արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիական և թվային ոլորտներում:
«ServiceNow» ընկերությունը ամերիկյան տեխնոլոգիական ընկերություն է, որը հիմնականում զբաղվում է մեկ ինտեգրված պլատֆորմի միջոցով բիզնես պրոցեսների ավտոմատացմամբ։ Ընկերությունը մշակում է Cloud (մոլեկուլային) լուծումներ, որոնք օգնում են կազմակերպություններին արդյունավետ կառավարել իրենց աշխատանքային հոսքերը՝ IT ծառայություններից մինչև մարդկային ռեսուրսներ, անվտանգության խնդիրներ և հաճախորդների սպասարկում:
Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել արդեն իսկ ձևավորված արդյունավետ համագործակցությունը «Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջ»-ի (ACT) և «ServiceNow»-ի միջև: Այս համագործակցությունը հնարավորություն է տալիս ուսանողներին զարգացնել ժամանակակից տեխնոլոգիական հմտություններ և ներգրավվել միջազգային առաջատար նախագծերում:
Հանդիպման քննարկվել են նաև համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ ներառյալ կրթական և հետազոտական ծրագրերը, տեխնոլոգիական նորարարության և թվայնացման ուղղությունները: Նախագահը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը նոր միջազգային գործընկերությունների ստեղծման և տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն աջակցելու հարցում:
Զրույցի ընթացքում շեշտվել է, որ նման հանդիպումները կարևոր քայլ են՝ ամրապնդելու Հայաստանի ներկայությունը միջազգային տեխնոլոգիական հարթակներում և խթանելու առաջատար ընկերությունների մասնակցությունը երկրի կրթական և բարձր տեխնոլոգիական ծրագրերին:
Հանդիպմանը քննարկվել են նաև 2026 թվականին Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP-17 համաժողովի կազմակերպչական և բովանդակային հարցեր ինչի կապակցությամբ «ServiceNow» ընկերության փոխնախագահը պատրաստակամություն է հայտնել հնարավոր աջակցությունը ցուցաբերել համաժողովի անցկացմանը:
***
Նյու Յորք կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պանելային ելույթ-զրույց է ունեցել Կոնկորդիա համաժողովի շրջանակներում։
Պանելային ձևաչափով Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի, մեր տարածաշրջանի և ընդհանուր իրադրության ու մարտահրավերների մասին։
Նախագահ Խաչատուրյանը մասնավորապես անդրադարձել է օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված փաստաթղթի կարևորությանը՝ այն համարելով տարածաշրջանային կայունության և երկարաժամկետ խաղաղության հաստատման ուղղությամբ արվող նշանակալի քայլ։ Նա ընդգծել է, որ գործընթացը կարևոր է նաև միջազգային գործընկերների ներգրավվածության ու աջակցության համատեքստում։
Հանրապետության նախագահը խոսել է նաև հայ-ամերիկյան համագործակցության հուշագրերի մասին, որոնք վերաբերում են արհեստական բանականության ոլորտին, ենթակառուցվածքային ներդրումներին և երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը։ Նախագահը շեշտել է, որ այս նախաձեռնությունները նոր հեռանկարներ են բացում ոչ միայն Հայաստանի տնտեսության համար, այլև ամրապնդում են հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության հիմքերը։ Հանրապետության նախագահը նաև մանրամասներ է ներկայացրել Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մասին, որը միտված է տարածաշրջանում երկարատև կայունության և գործընկերության ամրապնդմանն ու տնտեսական զարգացմանը:
Անդրադառնալով տեխնոլոգիական ոլորտին՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը նպատակ ունի զարգացնել նորարարական էկոհամակարգը, խթանել ստարտափների աճը և ընդլայնել համագործակցությունը միջազգային առաջատար տեխնոլոգիական կենտրոնների հետ։ Նա ընդգծել է, որ նոր տեխնոլոգիաների և արհեստական բանականության կիրառումը ոչ միայն կնպաստի երկրի տնտեսության մրցունակության բարձրացմանը, այլև կդարձնի Հայաստանն ավելի գրավիչ հարթակ միջազգային ներդրողների և գործընկերների համար։
Նախագահ Խաչատուրյանն անդրադարձել է նաև 2026 թվականին Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի և ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին COP-17 համաժողովի անցկացման կարևորությանը՝ ընդգծելով, որ այդ միջոցառումները կարևոր հնարավորություն են Հայաստանի համար՝ ամրապնդելու միջազգային համագործակցությունը և ներկայացնելու մեր երկրի ներդրումը գլոբալ գործընթացներում։
***
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Մերիդիան միջազգային կենտրոնում անցկացված միջոցառմանը, որը նվիրված էր արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ուղղություններին։
Միջոցառման շրջանակում նախագահ Խաչատուրյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի և մեր տարածաշրջանի առանձնահատկությունները։ Նա ընդգծել է օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրման պատմական նշանակությունը՝ այն համարելով մեր երկրի անվտանգության, կայունության և տնտեսական զարգացման համար կարևոր քայլ։
Նախագահը հատուկ ուշադրություն է հրավիրել նաև նույն օրը ստորագրված Հայաստան-ԱՄՆ համագործակցության հուշագրերի վրա՝ ընդգծելով, որ դրանք նոր դարաշրջան են բացում երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում համագործակցության համար։
Ելույթում Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ Հայաստանը հետևողականորեն շարժվում է բարձր տեխնոլոգիական և թվային զարգացման ուղիով՝ ձևավորելով մրցունակ միջավայր ներդրումների համար։ Նա ներկայացրել է մեր երկրի տնտեսական զարգացման առանձնահատկությունները և նորարարական նախագծերում ներդրումների լայն հնարավորությունները։
Նախագահի խոսքով՝ Հայաստանի նպատակն է դառնալ տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն, որտեղ արհեստական բանականության և թվային լուծումների կիրառումը կնպաստի ոչ միայն տնտեսական աճին, այլև հասարակության կյանքի որակի բարելավմանը։
***
Նյու Յորքում անցկացվող Կոնկորդիա համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Libra Group-ի գործադիր նախագահ Ջորջ Լոգոթեթիսի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի և մասնավորապես՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտներում։ Նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական և ներդրումային քաղաքականության առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ երկիրը որդեգրել է կայուն զարգացման օրակարգ, որտեղ կարևոր դեր են ստանձնում նորարարական լուծումներն ու կանաչ էներգետիկան։
Քննարկվել են նաև ներդրումային ծրագրերի իրականացման և էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացման հարցեր։ Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել արևային էներգետիկ համակարգերի զարգացմանը և դրանց ներդրման հեռանկարներին Հայաստանի էներգետիկ անկախությունն ու արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։
Ջորջ Լոգոթեթիսը բարձր է գնահատել Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները՝ շեշտելով իր ջերմ վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ։ Նա վերահաստատել է Libra Group-ի պատրաստակամությունը՝ դիտարկել և զարգացնել համագործակցության ծրագրեր, որոնք կարող են նպաստել Հայաստանի տնտեսության և տեխնոլոգիական միջավայրի զարգացմանը։
Զրույցի ընթացքում կողմերը կարևորել են փոխշահավետ և երկարաժամկետ գործընկերության ձևավորումը, ինչը կնպաստի ինչպես Հայաստանի տնտեսության, այնպես էլ միջազգային գործընկերության ամրապնդմանը։
***
Նյու Յորք կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՝ Amazon Web Services-ի (AWS) Եվրոպական Միության և ամբողջ Միջերկրածովյան Եվրոպայի հանրային քաղաքականության տնօրեն Ֆրանկո Սպիչարիելլոյի և Amazon-ի միջազգային հանրային քաղաքականության տնօրեն Դեյվիդ Ռոթի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների զարգացման և դրանց կիրառման հեռանկարները Հայաստանի համար՝ ընդգծելով այս ոլորտի նշանակությունը տնտեսական աճի, նորարարական միջավայրի ձևավորման և մրցունակության բարձրացման գործում։ Նախագահը կարևորել է վերականգնվող էներգիայի ներուժի արդյունավետ օգտագործումը՝ նշելով, որ այն ոչ միայն կարևոր է էներգետիկ անվտանգության ամրապնդման և կայուն զարգացման համար, այլև կարող է դառնալ հուսալի ռեսուրս արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար։
Քննարկվել են նաև կիբերանվտանգության ուղղությամբ համագործակցության հնարավորությունները՝ որպես տեղեկատվական հասարակության կայունության և պետական կառավարման արդյունավետության առանցքային բաղադրիչ։ Կողմերը շեշտել են փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի և նորագույն գործիքների ներդրման անհրաժեշտությունը՝ կիբերանվտանգության բարձր մակարդակ ապահովելու նպատակով։
Նախագահ Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել AWS-ի շարունակական աջակցությունը Արհեստական բանականության (ԱԲ) վիրտուալ ինստիտուտի գործունեությանը։ Քննարկվել է նաև հանրային քաղաքականությունների մշակման գործընթացում ԱԲ-ի կիրառման համատեղ ծրագրի մշակման հեռանկարները, ինչը հնարավորություն կտա նոր մակարդակի բարձրացնել պետական կառավարման արդյունավետությունը և հիմնել նորարարական քաղաքական մշակույթ Հայաստանում։
***
Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Նորին Սրբություն Կոստանդնուպոլսի Արքեպիսկոպոս և Էկումենիկ Պատրիարք Բարդուղիմեոս Առաջինի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանության գործում համագործակցության հնարավորությունները։ Կողմերը կարևորել են համամարդկային նշանակության մշակութային արժեքների պաշտպանության հարցը՝ ընդգծելով դրա համընդհանուր կարևորությունն ու արդիականությունը։
Անդրադարձ է կատարվել նաև մարդասիրական գործունեությանը և հումանիտար խնդիրներում գործակցությանը։ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Նորին Սրբության հումանիտար գործունեությունը և այդ ուղղությամբ ցուցաբերած պատրաստակամությունը։
***
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Նոբելյան խաղաղության մրցանակակիր Քայլաշ Սատյարթիի հիմնած «Սատյարթի համաշխարհային կարեկցանքի շարժման» միջոցառմանը։
Հանրապետության նախագահը հանդես է եկել ելույթով՝ շեշտադրելով հումանիստական գործության կարևոր նշանակությունը։ Նախագահ Խաչատուրյանը հատուկ ընդգծել է հումանիզմը որպես համամարդկային հարաբերությունների, միջազգային համագործակցության և խաղաղ համակեցության հիմնարար սկզբունք ամրագրելու անհրաժեշտությունը։
***
Նյու Յորք կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նյու Յորքի Սուրբ Վարդան հայկական եկեղեցի։
Նախագահը ծանոթացել է եկեղեցու հիմնադրման և գործունեության պատմությանը, ապա զրուցել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։
***
Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Քուինս շրջանի հրեական սինագոգ այնուհետև հանդիպում է ունեցել Նյու Յորքի հրեական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության նոր հնարավորությունների բացահայտման հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև փոխշահավետ ներուժ ունեցող ոլորտներում ներդրումային համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարներին՝ Հայաստանի գործարար շրջանակների մասնակցությամբ։
Հանրապետության նախագահի աշխատանքային այցն ավարտվել է։
































































